четверг, 25 мая 2017 г.

Ժոզե Մոուրինյու. ֆուտբոլի պրագմատիկ ընդիմադիրը


https://metrouk2.files.wordpress.com/2017/05/pri_41094743.jpg?quality=80&strip=all

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում՝ եզրափակիչ խաղում 2:0 հաշվով պարտության մատնելով հոլանդական «Այաքսին»: Այս խաղը մեծ նշանակություն ուներ թե՛ «Մանչեսթեր Յունայթեդի», թե՛ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար: Խաղից հետո եղան բազմաթիվ նյութեր, հոդվածներ նվիրված «ՄՅՈՒ»-ին, մի շարք ֆուտբոլիստներին՝ հատկապես Հենրիխ Մխիթարյանին: Բայց, կարծում եմ, անարդարացիորեն ինչպես հարկն է չփառաբանեցին Մոուրինյուին՝ այն մասնագետին, ով կարողացավ վերջ դնել Սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող քաոսին: Այդ իսկ պատճառով, այս հոդվածս նվիրվում է անձամբ Ժոզե Մոուրինյուին՝ ժամանակակից ֆուտբոլի «Գորշ կարդինալին»:



Նախ մի փոքր «Մանչեսթեր Յունայթեդում» Մոուրինյուի անցկացրած առաջին մրցաշրջանի մասին թվերով

Պրեմիեր լիգա - 38 խաղ՝ 18 հաղթանակ, 15 ոչ-ոքի, 5 պարտություն՝ 6-րդ տեղ

Անգլիայի գավաթ - 4 խաղ՝ 3 հաղթանակ, 1 պարտություն՝ «Չելսիից» 1/4 եզրափակչում

Անգլիայի լիգայի գավաթ - 6 խաղ՝ 5 հաղթանակ, 1 պարտություն՝ գավաթակիր

Եվրոպա լիգա - 15 խաղ՝ 10 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն՝ գավաթակիր

Անգլիայի Սուպերգավաթ - գավաթակիր

Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլի ուղեգիր

Անկասկած՝ մրցաշրջանը հաջողված էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Երեք տիտղոս և ՉԼ-ի ուղեգիր՝ յուրատեսակ պոկեր «Կարմիր սատանաների» կատարմամբ:

Ժոզե Մոուրինյուն դարձավ առաջին մարզիչը, ով երկուական անգամ երկու տարբեր թիմերի հետ հաղթում է Եվրոպա լիգան և Չեմպիոնների լիգան:  

Մոուրինյուի կատարած առանցքային աշխատանքները

Տրանսֆերները. Երբ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին տրանսֆերը կատարեց՝ գնելով երիտասարդ Էրիկ Բայիին, շատերը սկսեցին քննադատել պորտուգալացուն, պնդելով որ նա վերջնականապես ցնորվել է: Բայց, արի ու տես, որ Բային դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանության հենասյունը: 
 Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելն ու սեփական մեթոդներով մոտիվացնելը հայ կիսապաշտպանին դուրս բերեց նոր մակարդակի վրա: Եվրոպա լիգայում նրա փայլուն ելույթները ցնցեցին ողջ աշխարհը: Եզրափակիչ խաղում գոլ խփելով՝ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով խաղացել է եվրագավաթային եզրափակչում և դարձել գոլի հեղինակ: 
Իբրահիմովիչի և Մոուրինյուի վերամիավորումը «Մանչեսթեր Յունայթեդին» վերադարձրեց վերջին տարիներին խարխլված հեղինակությունը: 
Պոգբա, Էրերա, Ֆելաինի եռյակի գերֆանտաստիկ համագործակցությունը Մոուրինյուի գլխավոր գլուխգործոցն է «Մանչեսթեր Յունայթեդում»: 

Եզրափակչի մասին

Պարադոքսալ է, բայց այս խաղից առաջ ներքին մի զգացում կար, որ Մոուրինյուի թիմը չի կարող պարտվել: Մի կողմ դնենք ֆուտբոլային պատճառները՝ գավաթ, ՉԼ-ի ուղեգիր և այլն: Վերջերս «Մանչեսթեր» արենայում տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցել էր ողջ աշխարհը: Զոհվել և վիրավորվել էին երեխաներ: Ողջ Մանչեսթեր քաղաքը շոկի մեջ էր: Հավատացեք, որ նման պայմաններում դժվար էր լիովին կենտրոնանալ ԵԼ-ի եզրափակչի վրա: Բայց այդ օրը «ՄՅՈՒ»-ին աջակցում էր նույնիսկ թշնամին՝ 


https://pbs.twimg.com/media/DAnogTwXoAAgTQK.jpg:large

«Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակված այս լուսանկարը պարզապես արժանի է հարգանքի: Մարդկությունը վեր է ամեն ինչից:
Այս ամենը հաշվի առնելով՝ Մոուրինյուի թիմը դուրս էր եկել խաղադաշտ հաղթելու՝ Մանչեսթեր քաղաքին ուրախություն պարգևելու անսահման ցանկությամբ: 

Վերադառնալով եզրափակիչ խաղին` պետք է նշեմ Մոուրինյուի հիանալի տակտիկական գաղափարները, որոնք էլ կերտեցին այս հաղթանակը: 
 Խաղային սխեման. Մոուրինյուն ընտրել էր 4-3-3 դասավորությունը՝ ցեմենտելով դաշտի կենտրոնը: Պետք էր օգտագործել մրցակցի թույլ կողմը՝ երկրորդ հարկում ճնշում գործադրելով: Մարուան Ֆելաինին երբեմն հայտնվում է անախորժ իրավիճակներում, դառնում ծաղրի առարկա, բայց միևնույնն է գերազանց կերպով կատարում է Մոուրինյուի առաջադրանքները: Այս խաղում նա միայնակ հաղթել է 15 օդային միկրոմենամարում՝ 3-ով ավելի շատ, քան «Այաքսի» մնացած բոլոր ֆուտբոլիստները միասին վերցրած: 
Շատերը տեսած կլինեն այն դրվագը, երբ Մխիթարյանի գոլից առաջ Անդեր Էրերան հայ կիսապաշտպանի հորդորում է գնալ տուգանային հրապարակ: Առաջին հայացքից սովորական դեպք՝ երկու խաղընկերների երկխոսություն: Բայց հարց է առաջանում` ո՞վ է Անդեր Էրերան, ինչո՞ւ է նա հրահանգներ տալիս խաղադաշտում: Պատասխանն ավելի քան պարզ է. Մոուրինյուն ընթացիկ մրցաշրջանում Էրերային դարձրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլադիատորը՝ տալով ազատություն, իրեն նորովի դրսևորելու և թիմի խաղը կոորդինացնելու հնարավորություն: Պատահական չէ, որ եզրափակիչ խաղից հետո ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հարցերով պատասխանատուների խումբն Անդեր Էրերային ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ իր սրության, դրայվի, գնդակով և առանց գնդակի ցուցադրած խաղի, մարտական ոգու և թիմի համար իրեն զոհաբերելու ցանկության համար: 

Մոուրինյու մարդու, այլ ոչ Մոուրինյու մարզչի մասին

Ժոզե Մոուրինյուին կնախանձեր նույնիսկ հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը: Մոուրինյուն օժտված է մարդկային հոգեբանությունը հասկանալու, նրանց հետ շփման եզրեր գտնելու, խորը կապվածություն ստեղծելու, պատասխանատվության մեծ զգացում սերմանելու բնատուր տաղանդով: Նա իր ֆուտբոլիստների հետ առաջին հերթին շփվում է որպես մարդ, հետո նոր որպես մարզիչ: Նրա մարդկային որակները ցնցել է այնպիսի ֆուտբոլային գազանների, ինչպիսիք են Զլատանը Իբրահիմովիչը, ով բազմիցս նշել է, որ պատրաստ է նույնիսկ կյանքը տալ Ժոզեի համար, Մարկո Մատերացին, ով երեխայի պես լաց էր լինում, երբ Մոուրինյուն 2010 թվականին հեռանում էր «Ինտերից»: Եվ, վերջ ի վերջո, Մոուրինյուին հաջողվել է Հենրիխ Մխիթարյանի նման համեստ անձնավորությանը ֆուտբոլային խաղադաշտում դարձնել հրեշ՝ այդ բառի լավագույն իմաստով: 
Մադրիդի «Ռեալի» մի շարք երկրպագուներ անընդհատ փորձում են արժեզրկել պորտուգալացու կատարած աշխատանքն իսպանական ակումբում: Երևում է՝ նրանք մոռացել են, որ 5 տարի առաջ հենց Ժոզեի մեծ ջանքերի շնորհիվ վերջ դրվեց Լա Լիգայում «Բարսելոնայի» հեգեմոնիային: Իսկ այս տեսանյութը թող մեկ անգամ ևս հիշեցնի որոշ մադրիդիստների, որ գրեթե 100 հազար հանդիսականի աչքի առաջ սեփական թիմի դեմ ծնկի եկող մարդը կարիերայի ընթացքում թերևս առաջին և վերջին անգամ իր թիմին վեր դասեց իր անձից, բայց ավաղ չգնահատվեց:  



https://www.youtube.com/watch?v=7LVSBdjT5N8


Ամփոփելով պետք է նշեմ այն էմոցիաները, որը Եվրապա լիգայի եզրափակչից հետո կիսում են հայր և որդի Մոուրինյուները.



https://cdn.tribuna.com/fetch/?url=https%3A%2F%2Fi.giphy.com%2Fl4FGH64ewAzunwupa.gif


Մի՞թե այս մարդը կարող է լինել վատը: 

Հ.Գ. Հուսանք, որ գրեթե մեկ տարի հետո հայ ազգը կունենա հպարտանալու էլ ավելի մեծ առիթ, երբ Մոուրինյուի և Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը»  ոսկե հեթ-տրիկ կձևակերպի: Հրաշքները կատարվում են, երբ դրանց հավատում ենք: 

                                                                                                     Միհրան Ալեքսանյան