воскресенье, 14 июня 2015 г.

Լավագույններից լավագույնը: Ջոն Թերրի


Ջոն Թերրին արդեն 34 տարեկան է: Նրա դեբյուտը <<Չելսիի>> կազմում տեղի ունեցավ 1998 թվականի հոկտեմբերի 28-ին Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկությունում` <<Ասթոն Վիլլայի>>  հետ խաղում:Անցել է մոտավորապես 17 տարի այդ օրվանից,և այս ընթացքում Թերրի կարիերայում եղել են և՛ հաջողություններ ,և՛ հիասթափություններ: Այս ժամանակահատվածում նա <<Չելսիի>> հետ շահել է գրեթե բոլոր տիտղոսները: Բնականաբար նայելով նրա տարիքին շատերը մտածում էին, որ Ջոնը արդեն հիմնական կազմի խաղացող չէ, իսկ <<Չելսիի>> նախկին մարզիչներից մեկը նույնիսկ  ասել էր, որ նա ի վիճակի չէ շաբաթվա ընթացքում 2 խաղ անցկացնել:Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այդ  անձնավորությունը Ռաֆայել Բենիտեսն է: Վերջինս լոնդոնյան ակումբը ղեկավարել է 2012-2013 մրցաշրջանի ընթացքում:Դրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ Թերրին տվյալ մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 14 հանդիպում Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
                       
    Ամեն ինչ փոխվեց 2014 ամռանը, երբ պարզ դարձավ, որ Ժոզե Մոուրինյոն արդեն իր կարիերայում երկրորդ անգամ ստանձնում է << Չելսիի>>  ղեկը: Հենց այստեղից էլ սկսվեց Ջոն  Թերրիի երկրորդ երիտասարդությունը:  Կարծում եմ հասկացաք, որ այս ամենի <<մեղավորը>>  հենց Մոուրինյոն է: Յուրահատուկի գալուց ի վեր  Թերրին զգաց այն մեծ վստահությունը, որը կար 2004-2007 թվականների ընթացքում, երբ նա ավագի կարգավիճակով ապահովում էր իր թիմի պաշտպանական գծի կայունությունը:
   2013-2014 մրցաշրջանի ընթացքում << Չելսին>>  կազմի հետ լուրջ խնդիրներ ունենալով չկարողացավ տիտղոս նվաճել. չնայած այն հանգամանքի, որ գրեթե մինչև վերջ պայքարեց << Մանչեսթեր Սիթիի>> հետ Անգլիայի Պրեմիեր Լիգայում, իսկ Չեմպիոնների Լիգայում հասավ մինչև կիսաեզրափակիչ: Ջոն Թերրին մասնակցեց ընդհանուր առմամբ 45 հանդիպման, 34-ը` ԱՊԼ-ում, 11-ը` ՉԼ-ում: Նրա գլխավորությամբ <<Չելսին>> այդ մրցաշրջանում ԱՊԼ-ում բաց թողեց ընդամենը 27 գնդակ` ֆենոմալ ցուցանիշ, որով շատ քիչ ակումբներ կարող են հպարտանալ: Մրցաշրջանի ավարտից հետո շատերը սկսեցին եզրակացություններ անել, որ Թերրին հաջորդ մրցաշրջանում այլևս մեկնարկային կազմի խաղացող չի լինի: Բայց այստեղ ևս միջամտեց Ժոզե Մոուրինյոն:Կրկնապատկելով կամ նույնիսկ եռապատկելով իր վստահությունը Թերրիի հանդեպ, վերջինիս մոտիվացրեց դեպի  հետագա հաղթանակները:
   
 2015 թվական Մայիսի 3: Լոնդոնի << Ստեմֆորդ  Բրիդջ>> մարզադաշտը լեփ-լեցուն է հանդիսականներով: Պատճառը հնարավոր չեմպիոնությունն էր: <<Չելսին>>  Անգլիայի Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում մրցում էր << Կրիստալ Փելասի>> հետ: Հաղթանակը այդ խաղում արիստոկրատներին թույլ կտար առաջնության ավարտից 3 տուր շուտ չեմպիոն դառնալու: Ինչն էլ բնականբար տեղի ունեցավ: Ջոն Թերրին չորրորդ անգամ հռչակվեց Անգլիայի չեմպիոն: Բայց նրա առաքելությունը դեռ ավարտված չէր:

   2015 թվականի Մայիսի 10-ը   առանձնահատուկ օր դարձավ Թերրիի կյանքում: Այդ օրը <<Չելսին>>  խաղալու էր <<Լիվերպուլի>> դեմ : Մոուրինյոն խաղից առաջ նշել էր, որ Ջոնը ցանկություն է հայտնել խաղալու մրցաշրջանի մնացած բոլոր երեք խաղերում:
Հանդիպման 5-րդ րոպեին արիստոկրատները վաստակեցին անկյունային հարվածի իրավունք: Ֆաբրեգասի կատարած փոխանցումից հետո Ջոն Թերրին գլխի հարվածով գնդակն ուղարկեց << Լիվերպուլի>> դարպասը և այդպիսով դարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների ամենաարդյունավետ պաշտպանը` 39 գոլով:Բայց սա էլ դեռ ամենը չէր:

    2015 թվական Մայիսի 24: <<Չելսին>> անցկացնում է առաջնության վերջին հանդիպումը <<Սանդերլենդի>> հետ << Ստեդիում օֆ Լայթ>> մարզադաշտում: Թերրին խաղադաշտում անցկացնելով հանդիպման բոլոր 90 րոպեները թարմացնում է ևս մեկ ռեկորդ:Նա դառնում է ԱՊԼ-ի պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, ով չեմպիոնական մրցաշրջանում անցկացնում է առաջնության բոլոր 38 հանդիպումները առանց փոխարինման: Նրանից առաջ նման հաջողության հասել էր << Մանչեսթեր Յունայթեդի>>   ֆուտբոլիստ Գարի Պալիստերը 1992-1993 մրցաշրջանում:




Комментариев нет:

Отправить комментарий