понедельник, 6 июля 2015 г.

«Ռեալ Մադրիդ». Կորցնելով ավագներին

Անկասկած «Ռեալ Մադրիդը» աշխարհի ամենահզոր ակումբներից մեկն է համարվում: Իր պատմությամբ և ավանդույթներով մադրիդյան  ակումբը միշտ ձգտել է լինել եվրոպական ֆուտբոլի էլիտայի բարձունքում: Բայց վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով կարծես այդ ավանդույթները խախտվում են: Խոսքը վերաբերում է թիմի աստղերին, կենդանի լեգենդներին, այնպիսի ֆուտբոլիստների ինչպիսիք են Ռաուլը, Իկեր Կասիլիասն ու Սերխիո Ռամոսը: Ռաուլի պարագայում վիճակը մի փոքր այլ էր, այն ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ: Ակումբը երկար ժամանակ չէր կարողանում անցնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը,  Իսպաիայի առաջնությունում էլ վիճակը լավ չէր: Այդ ժամանակ թիմին փոփոխություն էր պետք: Նոր ու երիտասարդ ֆուտբոլիստներ, նոր մարզիչ: Եվ այդ պարագայում 33-ամյա Ռաուլը, ակամայից երկրորդ պլան մղվեց: Նա ցանկանում էր շատ խաղաժամանակ ստանալ այդ պատճառով էլ որոշեց հեռանալ. գնաց գլուխը բարձր` քանի որ, այն ինչ նա էր տվել ակումբին իրոք անփոխարինելի է:
 Իսկ այսօր իրավիճակը բոլորովին այլ է: «Ռեալ Մադրիդը» հիմա ունի լավ մարտունակ կազմ և չնայած այս մրցաշրջանի անհաջողություններին` միանշանակ ի զօրու է հաջորդ մրցաշրջանում պայքարել նորանոր հաջողությունների համար: Բայց արի ու տես, որ հնարավոր է հենց ակումբը դառնա իր դժբախտությունների պատճառը: Ես չլինելով «Ռեալ Մադրիդի» երկրպագու, միևնույն է ցավով եմ մոտենում այն հարցին, որ հնարավոր է ակումբը այս մրցաշրջանում հրաժեշտ տա Իկեր Կասիլիասին կամ Սերխիո Ռամոսին: Թե այս երկուսն  ինչ նշանակություն ունեն ակումբի համար  դա պարզ է բոլորին: Բայց այսօր կա ռեալ վտանգ, որ այս խաղացողները կարող են լքել թիմը: Իսկ ամենացավալին այն է, որ ըստ լուրերի Ռամոսի պայմանագիրը  չեն ուզում բարելավել, իսկ Կասիլիասին այլևս չեն վստահում: Մրցաշրջանի վերջին հատվածում այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ երկրպագուների (եթե կարելի է նրանց երկրպագու անվանել) մի մաս կար, որոնք ատամները սրած սպասում էին, թե երբ  Իկերը մի սխալ կանի` որպեսզի «հոշոտեն» նրան:

Սերխիո Ռամոսի պարագայում ` ըստ մամուլում տարածված լուրերի պատճառը աշխատավարձն է: Նա այս պահի  դրությամբ ստանում է գրեթե 5 մլն եվրո, բայց ցանկանում է նոր պայմանագրով վաստակել  կրկնակին: Անշուշտ հասկանալի ցանկություն Ռամոսի կողմից: Հաշվի առնելով, թե ինչեր է նա արել ակումբի համար այսքան տարիների ընթացքում, կարծում եմ, որ նրա պահանջը արդարացված է, առավել ևս  այժմյան ֆուտբոլում, այդպիսի հոնորար հատկացնել ֆուտբոլիստին բոլորովին էլ  դժվար չէ:

 Ես իրոք չէի ցանկանա պատկերացնել մադրիդյան ակումբի երկրպագուների ռեակցիան, երբ մի օր նրանք կիմանան, որ այս երկու կենդանի  լեգենդները լքում են թիմը: Ինչևէ եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա  ամբողջ պատասխանատվությունը կընկնի ակումբի նախագահ` Ֆլորենտինո Պերեսի ուսերին, իսկ թե ինչպես նա կմեկնաբանի այդ ամենը հնարավոր չէ պատկերացնել:
 Սերխիո Ռամոսի և Իկեր Կասիլիասի հեռանալուց հետո (թող ներեն ինձ «Ռեալ Մադրիդի» երկրպագուները) ակումբը կկորցնի իր դեմքը:

Комментариев нет:

Отправить комментарий