воскресенье, 17 июля 2016 г.

ԵՎՐՈ 2016. Դիդյե Դեշամ` վատ սցենարիստը



Ֆրանսիայի ազգային հավաքականը տնային Եվրո 2016-ի եզրափակչում պարտվեց Պորտուգալիայի համեստ հավաքականին, ընդ որում պորտուգալացիները խաղի մեծ մասն անցկացրին առանց իրենց ընդգծված առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի: Ինչ խոսք, այս պարտությունը պետք է դաս լինի Դիդյե Դեշամի համար: Որքան էլ որ զարմանալի է, բայց շատ քիչ կարծիքներ հնչեցին Ֆրանսիայի ազգային հավաքականի դժգույն խաղի վերաբերյալ: Այդ պատճառով էլ, հիմա կվերլուծենք Դիդյե Դեշամի ընտրած տակտիկան և կընդգծենք մի քանի առանցքային կետեր, որոնք ուղղակիորեն ազդեցին ֆրանսիացիների խաղի վրա:

Մեկնարկային կազմը

 Դեշամը ընտրել էր 4-4-2 տակտիկական սխեման. Լյորիս - Սանյա, Կոսյելնի, Ումտիտի, Էվրա - Սիսոկո, Մատյուիդի, Պոգբա, Պայետ - Ժիրու, Գրիզման: Առաջին հայացքից մարտունակ կազմ, սակայն... Ավելի խորը ուսումնասիրելով կնկատենք, որ կան մի շարք թերություններ: Հաշվի առնելով, որ Պայետը նախորդ խաղում այդքան էլ լավ հանդիպում չանցկացրեց, կարելի էր սպասել, որ այս խաղում նա կլիներ պահեստայինների նստարանին: Առավել ևս, որ կային Դիմիտրիին փոխարինելու նվզագույնը երկու թեկնածուներ՝ Անտոնի Մարսիալն ու Կինգսլի Կոմանը: Ինչևէ, Պայետը խաղը սկսեց մեկնարկային րոպեներից և բացի Ռոնալդուի հետ կոշտ պայքար մղելուց, ոչնչով աչքի չընկավ:

Հենակետային կիսապաշտպանի բացակայությունը

 Ֆրանսիայի հավաքականը 1/4, 1/2 և եզրափակիչ փուլերի հանդիպումները անցկացրեց նույն մեկնարկային կազմով, և որ ամենակարևորն է՝ առանց մաքուր հենակետային կիսապաշտպանի: Այդ բոլոր խաղերում հենակետայինի դիրքում էին Պոլ Պոգբան և Բլեզ Մատյուիդին: Ու ընդամենը մեկ մաքուր հենակետային կիսապաշտպանի բացակայությամբ տուժեց Ֆրանսիայի հավաքականի խաղը և՛ պաշտպանական, և՛ հարձակողական գործողությունների ժամանակ: Պոգբան Պորտուգալիայի հետ խաղի ընթացքում ավելի շատ շարժումներ կատարեց ձեռքերով, քան ոտքերով: Ամբողջ խաղի ընթացքում Պոգբան խաղընկերներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես պետք է կազմակերպել խաղն առջևի գծում: Նա խաղում էր հենակետայինի դիրքում, որտեղից շատ դժվար է դրական կերպով ազդել թիմի հարձակողական գործողությունների վրա: Նույնը վերաբերում է նաև Բլեզ Մատյուիդիին: Նա նույնպես չգիտեր կենտրոնանալ հարձակմա՞ն, թե՞ պաշտպանության վրա:
 Հետևություն. Դեշամը սահմանափակել էր դաշտի կենտրոնում իր կիսապաշտպանների գործողությունները: 

Բաց թողած գոլը` հենակետային գոտու անպաշտպանության արդյունք Պորտուգալիայի հավաքականի գոլը ծնվեց Բակարի Սանյայի անգրագրետ եզրային նետումից: Հասկանալի է, որ մարզիչները նման դեպքերում հրահանգում են, որ եզրային նետումները կատարվեն ուղղահայաց դեպի առաջ, բայց գնդակն ուղարկել այն հատված, որտեղ խաղընկերդ շրջափակված է մրցակցի մի քանի ֆուտբոլիստներով` առնվազն անմտություն է, առավել ևս, որ Սանյան իր դիմաց ուներ երկու ազատ խաղընկեր: Եզրային նետումից հետո Գրիզմանը կորցնում է գնդակն ու այստեղից սկվում է ամենազավեշտալին. Մուսա Սիսոկոն տեղում կանգնած հրահանգներ է տալիս խաղընկերներին`պրեսսինգի դիմելու փոխարեն: Այնուհետև, Մոուտինյոն գնդակը փոխանցում է Էդերին և Ֆրանսիայի հավաքականի հենակետային գոտու «պահապանները» ոչ միայն չեն դիմավորում մրցակցի հարձակվողին, այլև հետևում են, թե վերջինս ինչպես է ազատվում Լորան Կոսյելնիի հետապնդումից և, դուրս գալով հարվածային դիրք, գրավում է Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը: Բաց թողած գոլի համար ֆուտբոլիստներից բացի մեծ մեղավորություն ունի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը: Նա պետք է նկատեր, որ ավելացված ժամանակի հենց առաջին խաղակեսից, պորտուգալացիները սկսել են ճնշում գործադրել և պետք է արձագանքեր փոփոխությամբ, կամ խաղադաշտում ինչ-որ տեղափոխություններ կատարեր: Փոփոխությունների առումով Դեշամը ընդհանրապես ձախողվեց: Իհարկե, եթե փոխարինման դուրս եկած Ժինյակը հանդիպման վերջնամասում դառնար գոլի հեղինակ, այդժամ այս խոսակցությունները չէին լինի, բայց չդարձավ... Սկսած հանդիպման 80-րդ րոպեից՝ Մուսա Սիսոկոն արդեն լիովին ուժասպառ էր եղել: Չէր կարողանում օգնել ո՛չ պաշտպաններին, ո՛չ էլ կիսապաշտպաններին: Այս դեպքում անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ Դեշամն իր վերջին փոփոխությունը կատարեց ոչ թե 80-ից 110-րդ րոպեների միջակայքում, այլ գոլ բաց թողնելուց անմիջապես հետո: Մի՞թե Անտոնի Մարսիալը այդպիսի ճնշման տակ կարողանալու էր ինչ-որ բան փոխել: Հետևություն. Դեշամը բացի տակտիկական սխալներից, ձախողեց նաև վերջին փոփոխությունը:

 Ամենից շատ զարմացնում է այն փաստը, որ, թիմում ունենալով Նգոլո Կանտեի նման ունիկալ հենակետային կիսապաշտպան, Դիդյե Դեշամը չօգտվեց նրա ծառայություններից այսպիսի պատասխանատու խաղում: Կանտեն այն ֆուտբոլիստների թվին է պատկանում, որոնց չի հուզում ո՛չ ճնշումը, ո՛չ մրցակիցը: Նա դուրս է գալիս խաղադաշտ հստակ առաքելությամբ` մրցակցից խլել գնդակը: Իսկ դա, հավատացե՛ք, նրա մոտ հիանալի է ստացվում: Բացի այդ, նա շատ արագ է և ճկուն: Իսկ «Լեսթերում» նրա խաղերին հետևելու ընթացքում համոզվել ենք, որ գրոհներ սկսելու գործում ևս Կանտեն դժվարություններ չի ունենում:
Հետևություն. Նգոլո Կանտեի բացակայությունը ուղղակիորեն ազդեց Ֆրանսիայի հավաքականի խաղի վրա: 

Ամեն դեպքում, արդեն պաշտոնապես հաստատվել է, որ Դեշամը կմնա Ֆրանսիայի հավաքականում և թիմին կպատրաստի 2018 թ. Աշխարհի առաջնությանը: Տեսնենք, թե ինչ հետևություններ կանի ֆրանսիացի մասնագետն այս ձախողումից:


                                                                                           Միհրան Ալեքսանյան




Комментариев нет:

Отправить комментарий