среда, 29 июля 2015 г.

«Չելսի»-«Բարսելոնա»: ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

  «INTERNATIONAL CHAMPIONS CUP»-ի շրջանակներում`  կայացավ   «Չելսի»-«Բարսելոնա» հանդիպումը: Այս խաղը մեծ հետաքրքրություն էր առաջացրել   «FedExField» մարզադաշտում հավաքված 78.914 երկրպագուների մոտ:

Թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ մեկնարկային կազմերով:

«Չելսի»- Կուրտուա, Իվանովիչ, Զումա, Կեհիլ, Ասպիլիկուետա, Մատիչ, Ֆաբրեգաս, Օսկար, Ազար, Կենեդի, Դիեգո Կոստա:

«Բարսելոնա»-Տեր Շտեգեն, Դուգլաս, Մատյե, Բարտրա, Ադրիանո, Բուսկետս,Ռակիտիչ, Գումբաու, Սանդրո, Սուարես, Մունիր:
Երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին խաղը: Լավ հնարավորություն ուներ Լուիս Սուարեսը, երբ գնդակն անցկացրեց Կեհիլի ոտքերի արանքով և դուրս եկավ հարվածային դիրք, բայց ավելին անել չկարողացավ: 10-րդ րոպեին Էդեն Ազարը գեղեցիկ կերպով շրջանցեց «Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստների և գրավեց Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը:

Լուիս Էնրիկեն բաց թողած գոլից հետո փոփոխություն կատարեց: Պաշտպանության աջ եզրում Դուգլասի փոխարեն, խաղադաշտ մտավ Սերժիո Ռոբերտոն: Այս քայլն իրոք անհասկանալի էր: Նախ, կարծես Դուգլասը վնասվածք չուներ, և հետո Ռոբերտոն կենտրոնական կիսապաշտպան է , այլ ոչ թե աջ պաշտպան: Չնայած որ, Լուիս Էնրիկեն այս մրցաշարի հանդիպումներից մեկում նրան արդեն փորձել էր այդ դիրքում: Լուիս Սուարեսը առաջին խաղակեսում ունեցավ ևս մի քանի  լավ հնարավորություն, բայց նրա հարվածներից հետո անդրդվելի էր «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան:

Առաջին խաղակեսի միջնամասում, Իվան Ռակիտիչը չկարողացավ գնդակն ուղարկել գրեթե անպաշտպան դարպասը: Նույն իրավիճակում հայտվեց նաև «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան` երբ մեն-մենակ դուրս եկավ Տեր Շտեգենի դեմ:

Շատ լավ տպավորություն թողեց «Չելսիի» բրազիլացի նորեկ` Կենեդին: Խաղալով կիսապաշտպանության աջ եզրում, 19-ամյա երիտասարդը հասցնում էր բացի հարձակվելուց, նաև պաշտպանվել: Նա հաճախ նահանջում էր և օգնում  Իվանովիչին:

Երկրորդ խաղակեսում փոփոխություն եղավ «Չելսիի» կազմում: Ռամիրեսն ու Վիլլիանը խաղադաշտ դուրս եկան Կենեդիի և Օսկարի փոխարեն: Իսկ Լուիս Էնրիկեն երկրորդ խաղակեսի սկզբում փոփոխություն չկատարեց : Հանդիպման 52-րդ րոպեին Լուիս Սուարեսը կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը: Արդեն 59-րդ րոպեին երկու թիմերի կազմերում էլ տեղի ունեցան մեծ թվով փոփոխություններ: Նշեմ այն ֆուտբոլիստներին, ովքեր դուրս եկան խաղադաշտ: Մասիպը, Պիկեն, Վերմալենը, Ալբան, Պեդրոն, Ինիեստան, Ռաֆինյան, Սամպերը  «Բարսելոնայի» կազմում, իսկ Միկելը, Թերրին, Ռեմին և Մոզեսը «Չելսիի» կազմում:
Հանդիպման 65-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստ Սանդրո Ռամիրեսը` 2:1 : Բաց թողած գոլին արձանգանքեց «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, և խաղադաշտ դուրս բերեց Ռադամել Ֆալկաոյին: Այդպիսով լոնդոնյան թիմը 4-2-3-1 տակտիկական դասավորությունից անցավ 4-4-2 ի: Ֆալկաոն լավ մտավ խաղի մեջ, ակտիվ էր, անընդհատ փորձում էր ազատ գոտիներ փնտրել: Տպավորիչ  էր նրա շրջադարձ հարվածը, որը սակայն  շեղ ստացվեց:
Դե իսկ հանդիպման 86-րդ րոպեին «Չելսին» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Վտանգելով առողջությունը, գոլի հեղինակ դարձավ Կեհիլը: Այդ դրվագում սխալվեց «Բարսելոնայի» դարպասապահ Մասիպը, և դարպասից դուրս գալուց գնդակի փոխարեն հարվածեց Կեհիլի դեմքին:


Վերջին 5 րոպեները անցան «Բարսելոնայի» առավելությամբ: Բայց գոլ խփել Լուիս Էնրիկեի սաներին չհաջողվեց:
«INTERNATIONAL CHAMPIONS CUP»-ի  կանոնակարգով, եթե հանդիպման հիմնական ժամանակն ավարտվում է ոչ-ոքի, ապա թիմերը հաղթողին որոշում են հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
11 մետրանոց հարվածաշար` 4:2 օգուտ «Չելսիի» (Ֆալկաո, Մոզես, Ռամիրես, Ռեմի): «Բարսելոնայի» կազմում 11 մետրանոցները հստակ իրացրեցին  Ինիեստան և Սանդրոն: Հալիլովիչի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, իսկ Պիկեի հարվածը որսաց Կուրտուան:
Ընդհանուր առմամբ երկու թիմերն էլ ցուցադրեցին արագ և գեղեցիկ ֆուտբոլ:


Комментариев нет:

Отправить комментарий