воскресенье, 17 июля 2016 г.

Մոուրինյոյի և Մխիթարյանի նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդում»



Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն»  արդեն սկսել է պատրաստվել գալիք մրցաշրջանին: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  առաջին իսկ ընկերական խաղում  մեկնարկային կազմում տեղ հատկացրեց մանկունիացիների նորեկներ Էրիկ Բայիին և Հենրիխ Մխիթարյանին:
 Ժոզե Մոուրինյոն այս խաղի համար ընտրել էր 4-2-3-1 տակտիկական սխեման: Էրիկ Բային` Դեյլի Բլինդի հետ, խաղում էր պաշտպանության կենտրոնում, իսկ Հենրիխ Մխիթարյանը` 10 համարի դիրքում:
Հայազգի ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրեց ամբողջ առաջին խաղակեսը: Մխիթարյանի նորամուտը կարելի է ստացված համարել: Նա 45 րոպեների ընթացքում աչքի ընկավ մի քանի սուր փոխանցումներով: Երեք անգամ մրցակցից գնդակ խլեց և, երկու անգամ էլ դրիբլինգի դիմելով, շրջանցեց մրցակցի երեք ֆուտբոլիստների: Ընդհանուր առմամբ, ակտիվ էր և անընդհատ տեղաշարժվում էր:
 Ընդմիջման ժամանակ Մոուրինյոն միանգամից 7 փոփոխություն կատարեց: Փոխարինվողների թվում էր նաև Մխիթարյանը, ով խաղադաշտում իր տեղը զիջեց Խուան Մատային: Վերջինս նույնպես լավ հանդիպում անցկացրեց` աչքի ընկնելով գոլային փոխանցումով:
 Փաստացի Մխիթարյանն ու Մատան համարվում են մրցակիցներ` մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար: Բայց դա այն դեպքում, երբ իսպանացի ֆուտբոլիստը մնա թիմում:
 Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները կարողացան երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Ուիլ Քինն ու Անդրեաս Պերեյրան: Վերջինիս խաղը իրոք տպավորիչ էր, քանզի լինելով եզրային կիսապաշտպան, նա այս խաղն անցկացրեց կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Նմանատիպ ևս մեկ փորձարկում Ժոզեն կատարեց հանդիպման վերջնամասում, երբ եզրային պաշտպան Գիլյերմե Վարելային դուրս բերեց խաղադաշտ` որպես հենակետային:
Հիանալի  հանդիպում անցկացրեց նաև թիմի մյուս նորեկ` կենտրոնական պաշտպան Էրիկ Բային: Շատ հանգիստ, վստահ, սառնասիրտ: Նա խաղաց 70 րոպե, որի ընթացքում պաշտպանության կենտրոնում զույգ կազմեց նախ Դեյլի Բլինդի, իսկ հետո Ֆիլ Ջոնսի հետ:
Ընդհանուր առմամբ, լավ խաղ ստացվեց: Երևում էր, որ Մոուրինյոն փորձարկումներ է կատարում ֆուտբոլիստների դիրքերի հետ կապված: Ժոզեի դավանած փիլիսոփայության վերաբերյալ առավել հստակ պատկերացում կկազմենք միայն այն ժամանակ, երբ պորտուգալացի մասնագետի տրամադրության տակ լինեն թիմի բոլոր ֆուտբոլիստները: Քանզի, Անտոնի Մարսիալը, Ուեյն Ռունին, Մարկուս Ռեշֆորդը, Զլատան Իբրահիմովիչն ու Քրիս Սմոլինգը մեծ դերակատարություն են ունենալու  «Յուրահատուկի» թիմում:

Կարևորն այն է, որ Հենրիխը սովոր է մրցակցության: Նա միշտ պատրաստ է մարզչին ապացուցել իր բարձր կարգն ու պատրաստակամությունը: Իսկ Ժոզեի մոտ դրանք մեծ նշանակություն ունեն:
 Սպասենք և հուսանք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ Մխիթարյանը դուրս կգա ավելի բարձր մակարդակի, և որ ամենակարևորն է, տիտղոսներ կնվաճի:

Առաջ, Հենո ջան:



                                                                                    Միհրան Ալեքսանյան

Комментариев нет:

Отправить комментарий