понедельник, 24 июля 2017 г.

«Միլան». Չինական հեղափոխություն օրիգինալ ձևով

Իտալական «Միլանը» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, կարելի է ասել, հիմնովին թարմացրեց կազմը: Եթե հավատանք ակումբի ղեկավարության խոսքերին, ապա «ռոսոներիները» նոր համալրումներ են սպասվում: «Միլանն» արդեն իսկ երկու հանդիպում անցկացրել է նախամրցաշրջանային փուլում՝ 3:1 հաշվով պարտությունից  Դորտմունդի «Բորուսիայից» և ֆանտաստիկ հաղթանակ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ՝ 4:0 հաշվով: Sport Times-ը վերլուծել է ակումբի շուրջ տիրող իրավիճակը՝ գլխավոր մարզչի գործոնը, մուտքային և ելքային տրանսֆերը, ցուցադրած խաղը և փորձել է կանխատեսել թե ինչպիսին կլինի նոր՝ «չինական» «Միլանը», որը մատուցվում է օրիգինալի տեսքով:

Ելքային տրանսֆերներ

«Միլանից» արդեն իսկ հեռացել են տարբեր ակումբներից վարձակալած հետևյալ ֆուտբոլիստները՝ Ժերար Դելոֆեուն, Մատիաս Ֆերնանդեսը, Մարիո Պաշալիչը և Լուկաս Օկամպոսը: Ազատ գործակալի կարգավիճակով թիմը լքել են՝ Անդրեա Պոլին և Կեյսուկե Հոնդան: Իսկ Մատիա Դե Շիլյոյի, Դիեգո Լոպեսի և Յուրայ Կուցկայի վաճառքից ակումբն ընդհանուր առմամբ վաստակել է 18 մլն եվրո: Բացի դրանից, «Միլանը» վարձակալական հիմունքներով «Ջենովային» է հանձնել Ջանլուկա Լապադուլային և Անդրեա Բերտոլաչիին: Վերջերս էլ Վինչենցո Մոնտելան հաստատեց, որ Կառլոս Բակկան ևս հեռանալու է թիմից:

Մուտքային տրանսֆերներ

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» ձեռք է բերել՝ Լեոնարդո Բոնուչիին, Անդրեա Կոնտիին, Մատեո Մուսակիոյին, Ռիկարդո Ռոդրիգեսին, Ֆրանկ Կեսյեին, Լուկաս Բիլյային, Հական Չալհանօղլուին, Անդրե Սիլվային, Ֆաբիո Բորինիին և Անտոնիո Դոնարումային: Դե իսկ «Միլանը» կատարած տրանսֆերային ամենանշանակալի քայլը Ջանլուիջի Դոնարումայի պայմանագրի երկարաձգումն է: Ակտիվ շշուկներ են պտտվում, որ ևս երկու ֆուտբոլիստ շուտով կհամալրեն իտալական ակումբի կազմը: Ըստ լուրերի՝ «Միլանը» ցանկանում է ձեռք բերել Անդրեա Բելոտիի/Պյեր-Էմերիկ Օբամեյանգ զույգից որևէ մեկին: Ինչպես նաև, ակտիվացել են խոսակցություներն այն մասին, որ Մյունխենի «Բավարիայի» երիտասարդ կիսապաշտպան Ռենատու Սանչեշը ևս, կարող է կարիերան շարունակել «Միլանում»:

Մարզչի գործոնը

Ակումբի նոր սեփականատերերը որոշեցին վստահել նոր «Միլանի» ղեկը հենց Մոնտելային: Վերջինս ունի բավարար որակներ, որպեսզի կարողանա այսպիսի կազմով փորձել վերադարձնել «Միլանի» երբեմնի փառքն ու իշխանությունը ոչ միայն իտալական, այլ նաև եվրոպական ֆուտբոլում: Նախորս տարվա սկզբին Մոնտելայի թիմը հիանալի մեկնարկեց առաջնությունը, բայց հետո անկայուն ելույթները թույլ չտվեցին պայքարել ՉԼ-ի ուղեգիր նվաճելու համար: Փոխարենը, թիմը հանդես է գալու Եվրոպա Լիգայում և պայքարը սկսելու է որակավորման 3-րդ փուլից՝ մրցելով Ռումինական «Ունիվերսիտատյա» ակումբի հետ:

Խաղային սխեման

Արդեն իսկ կայացած երկու ընկերական խաղերում Մոնտելան բավական շատ փոփոխություններ և փորձարկումներ կատարեց: Դեռ վաղ է խոսել հստակ որոշված խաղային սխեմայի մասին, այնուամենայնիվ, ներկայացնեմ երեք տարբերակ, որոնք, կարծում եմ, դիտարկում է Վինչենցո Մոնտելան՝ հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներին:

4-3-3

Վերջին տարիներին «Միլանը» հանդես է գալիս հենց այս սխեմայով:



Այստեղ տեղ չեն գտել հավանական նոր թեկնածուները: Իսկ որոշակի դիրքերում հնարավոր են փոփոխություններ: Օրինակ՝ Աջ պաշտպանի դիրքում կարող է խաղալ փորձառու Աբատեն կամ կենտրոնական կիսապաշտպաներից որևէ մեկը կարող է տեղը զիջել Ռիկարդո Մոնտոլիվոյին:

4-3-1-2

Եվս մի տարբերակ, որը ևս մեկ կենտրոնական հարձակվող ձեռք բերելու դեպքում կդառնա իդեալական «Միլանի» համար:



Հենց այս սխեմայով էլ 2000-ականներին Անչելոտիի «Միլանը» գերիշխում էր համաշխարհային ֆուտբոլում: Եթե «ռոսոներինը» որոշեն նոր հարձակվող գնել, չեմ կարծում, որ Մոնտելան խաղա մեկ կենտրոնական հարձակվող ներառող սխեմայով: Կամ պետք է ընտրվի այս տարբերակը, կամ էլ՝ 4-4-2-ը: Վերջինիս դեպքում խնդիրներ կառաջանան նախ կենտրոնական կիսապաշտպաններին ընտրելու, իսկ հետո՝ Հական Չալհանօղլուի խաղային դիրքի հարցում: Թուրք ֆուտբոլիստը հիանալի է հանդես գալիս հենց խաղարկողի՝ 10 համարի դիրքում, չնայած որ կարող է փայլել նաև եզրերում:

Կա ևս մի տարբերակ՝ 3 պաշտպանով խաղային սխեման,  բայց դա քիչ հավանական է:
Ավելի ճիշտ կախված է նրանից թե կենտրոնական պաշտպաններից ով կլքի ակումբը, և ով լավ մարզավիճակում կլինի:

Բելոտի թե Օբամեյանգ

Անդրեա Բելոտին դասական կենտրոնական հարձակվող է: Միշտ հերթապահում է տուգանային հրապարակի մատույցներում և իդեալական կերպով կարողանում է եզրափակել գրոհները: Իսկ Օբամեյանգն իր արագության շնորհիվ՝ բացի կենտրոնական հարձակվողի դիրքից, կարող է շատ լավ հանդես գալ եզրերում: Նրա շնորհիվ Մոնտելան կարող է մի քանի տակտիկական սխեմաներ փորձարկել և դրանք անխափան կիրառել, ինչև չես ասի Բելոտիին ունենալու դեպքում, քանի որ իտալացին լավ է խաղում միայն կենտրոնում: Եթե Մադրիդի «Ռեալը» չգնի Օբամեյանգին, կարծում եմ, հենց գաբոնցին կտեղափոխվի «Միլան»:

Նպատակներն առաջիկա մրցաշրջանի համար

Անկասկած պետք է պայքարել Ա Սերիայի լավագույն եռյակում հայտնվելու համար: Իսկ Եվրոպա Լիգայի խաղարկությունում պետք է ձգտել առավելուգույնի: Կախված մրցաշրջանի ընթացքից, հնարավոր է, որ Մոնտելան զոհաբերի մի մրցաշարը, հանուն մյուսի: Ինչևէ, նոր մրցաշրջանում «Միլանը» ունի բոլոր հնարավորությունները վերադառնալու եվրոպական ֆուտբոլի էլիտա:












четверг, 25 мая 2017 г.

Ժոզե Մոուրինյու. ֆուտբոլի պրագմատիկ ընդիմադիրը


https://metrouk2.files.wordpress.com/2017/05/pri_41094743.jpg?quality=80&strip=all

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում՝ եզրափակիչ խաղում 2:0 հաշվով պարտության մատնելով հոլանդական «Այաքսին»: Այս խաղը մեծ նշանակություն ուներ թե՛ «Մանչեսթեր Յունայթեդի», թե՛ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար: Խաղից հետո եղան բազմաթիվ նյութեր, հոդվածներ նվիրված «ՄՅՈՒ»-ին, մի շարք ֆուտբոլիստներին՝ հատկապես Հենրիխ Մխիթարյանին: Բայց, կարծում եմ, անարդարացիորեն ինչպես հարկն է չփառաբանեցին Մոուրինյուին՝ այն մասնագետին, ով կարողացավ վերջ դնել Սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող քաոսին: Այդ իսկ պատճառով, այս հոդվածս նվիրվում է անձամբ Ժոզե Մոուրինյուին՝ ժամանակակից ֆուտբոլի «Գորշ կարդինալին»:



Նախ մի փոքր «Մանչեսթեր Յունայթեդում» Մոուրինյուի անցկացրած առաջին մրցաշրջանի մասին թվերով

Պրեմիեր լիգա - 38 խաղ՝ 18 հաղթանակ, 15 ոչ-ոքի, 5 պարտություն՝ 6-րդ տեղ

Անգլիայի գավաթ - 4 խաղ՝ 3 հաղթանակ, 1 պարտություն՝ «Չելսիից» 1/4 եզրափակչում

Անգլիայի լիգայի գավաթ - 6 խաղ՝ 5 հաղթանակ, 1 պարտություն՝ գավաթակիր

Եվրոպա լիգա - 15 խաղ՝ 10 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն՝ գավաթակիր

Անգլիայի Սուպերգավաթ - գավաթակիր

Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլի ուղեգիր

Անկասկած՝ մրցաշրջանը հաջողված էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Երեք տիտղոս և ՉԼ-ի ուղեգիր՝ յուրատեսակ պոկեր «Կարմիր սատանաների» կատարմամբ:

Ժոզե Մոուրինյուն դարձավ առաջին մարզիչը, ով երկուական անգամ երկու տարբեր թիմերի հետ հաղթում է Եվրոպա լիգան և Չեմպիոնների լիգան:  

Մոուրինյուի կատարած առանցքային աշխատանքները

Տրանսֆերները. Երբ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին տրանսֆերը կատարեց՝ գնելով երիտասարդ Էրիկ Բայիին, շատերը սկսեցին քննադատել պորտուգալացուն, պնդելով որ նա վերջնականապես ցնորվել է: Բայց, արի ու տես, որ Բային դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանության հենասյունը: 
 Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելն ու սեփական մեթոդներով մոտիվացնելը հայ կիսապաշտպանին դուրս բերեց նոր մակարդակի վրա: Եվրոպա լիգայում նրա փայլուն ելույթները ցնցեցին ողջ աշխարհը: Եզրափակիչ խաղում գոլ խփելով՝ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով խաղացել է եվրագավաթային եզրափակչում և դարձել գոլի հեղինակ: 
Իբրահիմովիչի և Մոուրինյուի վերամիավորումը «Մանչեսթեր Յունայթեդին» վերադարձրեց վերջին տարիներին խարխլված հեղինակությունը: 
Պոգբա, Էրերա, Ֆելաինի եռյակի գերֆանտաստիկ համագործակցությունը Մոուրինյուի գլխավոր գլուխգործոցն է «Մանչեսթեր Յունայթեդում»: 

Եզրափակչի մասին

Պարադոքսալ է, բայց այս խաղից առաջ ներքին մի զգացում կար, որ Մոուրինյուի թիմը չի կարող պարտվել: Մի կողմ դնենք ֆուտբոլային պատճառները՝ գավաթ, ՉԼ-ի ուղեգիր և այլն: Վերջերս «Մանչեսթեր» արենայում տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցել էր ողջ աշխարհը: Զոհվել և վիրավորվել էին երեխաներ: Ողջ Մանչեսթեր քաղաքը շոկի մեջ էր: Հավատացեք, որ նման պայմաններում դժվար էր լիովին կենտրոնանալ ԵԼ-ի եզրափակչի վրա: Բայց այդ օրը «ՄՅՈՒ»-ին աջակցում էր նույնիսկ թշնամին՝ 


https://pbs.twimg.com/media/DAnogTwXoAAgTQK.jpg:large

«Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակված այս լուսանկարը պարզապես արժանի է հարգանքի: Մարդկությունը վեր է ամեն ինչից:
Այս ամենը հաշվի առնելով՝ Մոուրինյուի թիմը դուրս էր եկել խաղադաշտ հաղթելու՝ Մանչեսթեր քաղաքին ուրախություն պարգևելու անսահման ցանկությամբ: 

Վերադառնալով եզրափակիչ խաղին` պետք է նշեմ Մոուրինյուի հիանալի տակտիկական գաղափարները, որոնք էլ կերտեցին այս հաղթանակը: 
 Խաղային սխեման. Մոուրինյուն ընտրել էր 4-3-3 դասավորությունը՝ ցեմենտելով դաշտի կենտրոնը: Պետք էր օգտագործել մրցակցի թույլ կողմը՝ երկրորդ հարկում ճնշում գործադրելով: Մարուան Ֆելաինին երբեմն հայտնվում է անախորժ իրավիճակներում, դառնում ծաղրի առարկա, բայց միևնույնն է գերազանց կերպով կատարում է Մոուրինյուի առաջադրանքները: Այս խաղում նա միայնակ հաղթել է 15 օդային միկրոմենամարում՝ 3-ով ավելի շատ, քան «Այաքսի» մնացած բոլոր ֆուտբոլիստները միասին վերցրած: 
Շատերը տեսած կլինեն այն դրվագը, երբ Մխիթարյանի գոլից առաջ Անդեր Էրերան հայ կիսապաշտպանի հորդորում է գնալ տուգանային հրապարակ: Առաջին հայացքից սովորական դեպք՝ երկու խաղընկերների երկխոսություն: Բայց հարց է առաջանում` ո՞վ է Անդեր Էրերան, ինչո՞ւ է նա հրահանգներ տալիս խաղադաշտում: Պատասխանն ավելի քան պարզ է. Մոուրինյուն ընթացիկ մրցաշրջանում Էրերային դարձրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլադիատորը՝ տալով ազատություն, իրեն նորովի դրսևորելու և թիմի խաղը կոորդինացնելու հնարավորություն: Պատահական չէ, որ եզրափակիչ խաղից հետո ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հարցերով պատասխանատուների խումբն Անդեր Էրերային ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ իր սրության, դրայվի, գնդակով և առանց գնդակի ցուցադրած խաղի, մարտական ոգու և թիմի համար իրեն զոհաբերելու ցանկության համար: 

Մոուրինյու մարդու, այլ ոչ Մոուրինյու մարզչի մասին

Ժոզե Մոուրինյուին կնախանձեր նույնիսկ հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը: Մոուրինյուն օժտված է մարդկային հոգեբանությունը հասկանալու, նրանց հետ շփման եզրեր գտնելու, խորը կապվածություն ստեղծելու, պատասխանատվության մեծ զգացում սերմանելու բնատուր տաղանդով: Նա իր ֆուտբոլիստների հետ առաջին հերթին շփվում է որպես մարդ, հետո նոր որպես մարզիչ: Նրա մարդկային որակները ցնցել է այնպիսի ֆուտբոլային գազանների, ինչպիսիք են Զլատանը Իբրահիմովիչը, ով բազմիցս նշել է, որ պատրաստ է նույնիսկ կյանքը տալ Ժոզեի համար, Մարկո Մատերացին, ով երեխայի պես լաց էր լինում, երբ Մոուրինյուն 2010 թվականին հեռանում էր «Ինտերից»: Եվ, վերջ ի վերջո, Մոուրինյուին հաջողվել է Հենրիխ Մխիթարյանի նման համեստ անձնավորությանը ֆուտբոլային խաղադաշտում դարձնել հրեշ՝ այդ բառի լավագույն իմաստով: 
Մադրիդի «Ռեալի» մի շարք երկրպագուներ անընդհատ փորձում են արժեզրկել պորտուգալացու կատարած աշխատանքն իսպանական ակումբում: Երևում է՝ նրանք մոռացել են, որ 5 տարի առաջ հենց Ժոզեի մեծ ջանքերի շնորհիվ վերջ դրվեց Լա Լիգայում «Բարսելոնայի» հեգեմոնիային: Իսկ այս տեսանյութը թող մեկ անգամ ևս հիշեցնի որոշ մադրիդիստների, որ գրեթե 100 հազար հանդիսականի աչքի առաջ սեփական թիմի դեմ ծնկի եկող մարդը կարիերայի ընթացքում թերևս առաջին և վերջին անգամ իր թիմին վեր դասեց իր անձից, բայց ավաղ չգնահատվեց:  



https://www.youtube.com/watch?v=7LVSBdjT5N8


Ամփոփելով պետք է նշեմ այն էմոցիաները, որը Եվրապա լիգայի եզրափակչից հետո կիսում են հայր և որդի Մոուրինյուները.



https://cdn.tribuna.com/fetch/?url=https%3A%2F%2Fi.giphy.com%2Fl4FGH64ewAzunwupa.gif


Մի՞թե այս մարդը կարող է լինել վատը: 

Հ.Գ. Հուսանք, որ գրեթե մեկ տարի հետո հայ ազգը կունենա հպարտանալու էլ ավելի մեծ առիթ, երբ Մոուրինյուի և Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը»  ոսկե հեթ-տրիկ կձևակերպի: Հրաշքները կատարվում են, երբ դրանց հավատում ենք: 

                                                                                                     Միհրան Ալեքսանյան


четверг, 23 февраля 2017 г.

Պեպ Գվարդիոլա. Ֆուտբոլի էքսցենտրիկ հեղափոխականը


Պեպ Գվարդիոլա. Ֆուտբոլի էքսցենտրիկ հեղափոխականը

http://wemberley.com/wp-content/uploads/2016/06/guardiola-e1467102296118.jpg

Ֆուտբոլային աշխարհին հայտնի է, որ Խոսեպ Գվարդիոլայի ֆուտբոլիստի եւ մարզչական կարիերայի վրա ուղղակիորեն ազդել է լեգենդար Յոհան Կրոյֆը: Սակայն քչերն են պատկերացնում, որ Գվարդիոլայի միտքն ու աշխատասիրությունը սահմաններ չունեն: Նրա մարզչական գաղափարների հիմքում ընկած է արտասովոր մտածելակերպը, ստեղծագործելու եւ նորը փնտրելու յուրահատուկ ջիղը: Mediamax Sport-ը փորձել է այլ տեսանկյունից ներկայացնել պերֆեկցիոնիզմի դասական օրինակ հանդիսացող Պեպ Գվարդիոլայի ֆուտբոլային մտքերը, ինչպես նաև այն նորարարությունները, որոնք կատալոնացին բերել է Մառախլապատ Ալբիոն:



Տակտիկայի դասեր նարկոկարտելի սրտում

Գվարդիոլան 21-րդ դարի սկզբին հեռանալով «Բարսելոնայից», արդեն իսկ որոշել էր հարստացնել իր ֆուտբոլային գիտելիքները: Հայրենիքից հեռանալուց հետո, իտալական ու քաթարական ակումբներում «շրջելով», Գվարդիոլան 2005 թվականին հայտնվեց Մեքսիկայի Կուլյական քաղաքում: Վայր, որը դարձել էր տեղացի նարկոբարոն Խոակին Գուսմանի նարկոկարտելի կենտրոնը: Սակայն, նույնիսկ երկրում տիրող ռազմական վիճակը չկանգնեցրեց Գվարդիոլային: Նրան այնտեղ չէին ճանաչում, այնպես որ, իսպանացին մեծ հաճույքով շրջում էր քաղաքով: Երբեմն այցելում «Միրո» անունը կրող նարնջագույն պատերով եւ նեղ սեղաններով երկհարկանի սրճարանը՝ վայելելու մեկ գավաթ գինի: 
Այնուամենայնիվ, Գվարդիոլայի Մեքսիկա այցի նպատակը ոչ թե հաճույքներն էին՝ այլ իր վաղեմի ընկեր Խուան Մանուել Լիլյոյի թիմում խաղալն ու մարզչական գիտելիքներ ձեռք բերելը: 
Լիլյոյի եւ Գվարդիոլայի ծանոթությունը տեղի է ունեցել 1996 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ «Բարսելոնան» հանդիպել էր Լիլյոյի գլխավորած «Ռեալ Օվյեդոյին»: Չնայած 0:4 հաշվով պարտությանը, Լիլյոն կարողացել էր իր գաղափարներով տպավորել Գվարդիոլային: Խաղից հետո հանդերձարանում տեղի ունեցած խոսակցությունն էլ սկիզբ դրեց նրանց ընկերությանը:
Վերադառնանք 2005 թվական: Լիլյոն նոր էր ստանձնել մեքսիկական «Դորադոս դե Սինաոլայի» ղեկն ու ինչպես արդեն նշեցի, Գվարդիոլային հրավիրել էր իր թիմ որպես խաղացող մարզիչ: Գրեթե 9 ամիս մնալով այնտեղ, Գվարդիոլան մարզչական գիտելիքների ահռելի պաշար կուտակեց: Նա ամեն օր նոթատետրը ձեռքին գնում էր մարզումների՝ երբեմն էլ ինքն էր անցկացնում դրանք: 
«Դորադոս դե Սինաոլան» ֆինանսական առումով գտնվում էր անմխիթար վիճակում: Հասկանալով այդ ամենը, Գվարդիոլան ամեն երկրորդ օրը 3000 պեսո էր հատկացնում ակումբի ամենացածր վարձատրվող աշխատակիցների համար: 
Խուան Մանուել Լիլյոն հայտնի է որպես 4-2-3-1 տակտիկական սխեմայի կատարելագործող: Իսկ Գվարդիոլան հայտնի էր որպես Յոհան Կրոյֆի եւ Մարսելո Բյելսայի գաղափարակիցը: Արդեն կարող եք պատկերացնել թե ինչպիսի անքուն գիշերներ են անցկացրել տակտիկայի այս երկու գիգանտները՝ մրցակիցների խաղերը վերլուծելով: Այս ամենից զատ, Գվարդիոլան վերլուծական հոդվածներ էր գրում «El Pais» -ի համար եւ միաժամանակ պատրաստվում էր կարիերան ավարտելուն:

Գվարդիոլայի տակտիկական խելահեղ մտքերը «Մանչեսթեր Սիթիում»

Գվարդիոլայի մարզչական գաղափարները ձեւավորվել են իր խաղային պրակտիկայի, Յոհան Կրոյֆի, Մարսելո Բյելսայի եւ Խուան Մանուել Լիլյոյի սխեմաների ձուլման շնորհիվ: «Բարսելոնան» գլխավորելու տարիներին նա գրեթե միշտ օգտագործում էր 4-3-3 տակտիկական սխեման: «Բավարիայում» աշխատելու ընթացքում Պեպը պարբերաբար փորձարկումների էր դիմում՝ անցնելով 3 պաշտպանով սխեմայի:
 Իսկ ահա «Մանչեսթեր Սիթիում» իրավիճակը լրիվ այլ է: Այստեղ Գվարդիոլան սկսել է փայլել իր մարզչական անսահման գաղափարների ողջ հմայքով: Երբ մրցաշրջանի մեկնարկային խաղերում «Ման. Սիթիի» եզրային պաշտպանները հանդիպման ընթացքում տեղափոխվում էին դաշտի կենտրոն, բրիտանացի լրագրողների եւ վերլուծաբանների մոտ հիացմունքի աստիճանը հասնում էր գագաթնակետին: Նրանց կարծիքով՝ դա Պեպի անհատական հանձնարարությունն էր: Սակայն, դա միայն նրանց կարծիքով:
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» կիրառել է հնարավոր բոլոր տակտիկական սխեմաները՝ 4-2-3-1, 4-3-3, 4-4-2, 3-5-2 եւ այլն: Բայց վերջին երկու ամսվա խաղերը վերլուծելով կնկատենք, որ Պեպը սկսել է օգտագործել 20-րդ դարի ֆուտբոլը բնորոշող խաղային սխեմա: Ընդորում, այն համատեղել է մեկ այլ դասավորության հետ: Ավելի կոնկրետ՝ 4-1-4-1-ից խաղի ընթացքում անցում դեպի 3-2-2-3-ի: Վերջինս անվանում են «Դուբլ W»:

Այսպիսի տեսք ունի Գվարդիոլայի կիրառած 4-1-4-1 սխեման «Մանչեսթեր Սիթիում»:

https://cdn.tribuna.com/fetch/?url=https%3A%2F%2Fpp.vk.me%2Fc639119%2Fv639119480%2F21cf%2FaxxI-6GdHGE.jpg



Ուշադրություն դարձրեք եզրերում առաջացած երկու եռանկյունիներին: Յուրաքանչյուր եռանկյունի բաղկացած է պաշտպանից, կիսապաշտպանից եւ հարձակվողից: Երկու 10 համարների՝ Դե Բրույնեի եւ Սիլվայի առկայությունը թույլ է տալիս կառավարել խաղը դաշտի կենտրոնում ու գնդակներ մատակարարել արագաշարժ եզրերին:  Այս դասավորությունը թույլ է տալիս կիրառել մի հնարք, որը Գվարդիոլան օգտագործում էր «Բարսելոնայում». եզրերից մեկում կարճ փոխանցումներ կատարելով հիպնոսացնել մրցակցին եւ հանկարծակի փոխել գրոհի եզրը:
Վերջերս կայացած «Մոնակոյի» դեմ խաղում Գվարդիոլայի մեկնարկային կազմն ուներ հետեւյալ տեսքը.



Առաջին հայացքից թվում է, որ ամեն ինչ պարզ է՝ 4-1-4-1, սակայն հանդիպման մեկնարկից հետո նոմինալ ձախ պաշտպան Ֆերնանդինյոն տեղ զբաղեցրեց հենակետային կիսապաշտպանի գոտում՝ այդպիսով վերափոխելով թիմի սխեման 3-2-2-3-ի, կամ որ նույնն է «Դուբլ W-ի»:



 Սխեմա, որը ստեղծել է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Հերբերտ Չեպմենը, երբ 1925-1934 թթ. գլխավորելով լոնդոնյան ակումբը 5 անգամ զինագործների հետ դարձել է երկրի չեմպիոն: 

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» հրաժարվել է ակտիվ պրեսինգից՝ ավելի շատ կենտրոնանալով դիրքային պաշտպանության վրա: Պաշտպանությունից դեպի հարձակում դուրս գալը կատարվում է կենտրոնական պաշտպանի եւ կիսապաշտպանի միջոցով (տվյալ դեպքում՝ Սթոունզն ու Ֆերնանդինյոն): Կարճ ու արագ փոխանցումներ կատարելով գնդակը հասնում է մրցակցի կիսադաշտի միջնամաս, որտեղից էլ երկու փլեյմեյքերները՝ Դե Բրույնեն եւ Սիլվան կազմակերպում են գրոհի հետագա ընթացքն ու հարվածային դիրք դուրս բերում հարձակման եռյակից որեւէ մեկին:


Թերևս, սա ֆուտբոլի էքսցենտրիկ հեղափոխականի խելահեղ մտքերի ամենաչնչին մասն էր: Հուսանք, որ Խոսեպ Գվարդիոլան դեռ երկար տարիներ կզարմացնի ֆուտբոլասերներին իր յուրահատուկ եւ արտասովոր մարզչական գաղափարներով:

                                                                                       Միհրան Ալեքսանյան

воскресенье, 17 июля 2016 г.

ԵՎՐՈ 2016. Դիդյե Դեշամ` վատ սցենարիստը



Ֆրանսիայի ազգային հավաքականը տնային Եվրո 2016-ի եզրափակչում պարտվեց Պորտուգալիայի համեստ հավաքականին, ընդ որում պորտուգալացիները խաղի մեծ մասն անցկացրին առանց իրենց ընդգծված առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի: Ինչ խոսք, այս պարտությունը պետք է դաս լինի Դիդյե Դեշամի համար: Որքան էլ որ զարմանալի է, բայց շատ քիչ կարծիքներ հնչեցին Ֆրանսիայի ազգային հավաքականի դժգույն խաղի վերաբերյալ: Այդ պատճառով էլ, հիմա կվերլուծենք Դիդյե Դեշամի ընտրած տակտիկան և կընդգծենք մի քանի առանցքային կետեր, որոնք ուղղակիորեն ազդեցին ֆրանսիացիների խաղի վրա:

Մեկնարկային կազմը

 Դեշամը ընտրել էր 4-4-2 տակտիկական սխեման. Լյորիս - Սանյա, Կոսյելնի, Ումտիտի, Էվրա - Սիսոկո, Մատյուիդի, Պոգբա, Պայետ - Ժիրու, Գրիզման: Առաջին հայացքից մարտունակ կազմ, սակայն... Ավելի խորը ուսումնասիրելով կնկատենք, որ կան մի շարք թերություններ: Հաշվի առնելով, որ Պայետը նախորդ խաղում այդքան էլ լավ հանդիպում չանցկացրեց, կարելի էր սպասել, որ այս խաղում նա կլիներ պահեստայինների նստարանին: Առավել ևս, որ կային Դիմիտրիին փոխարինելու նվզագույնը երկու թեկնածուներ՝ Անտոնի Մարսիալն ու Կինգսլի Կոմանը: Ինչևէ, Պայետը խաղը սկսեց մեկնարկային րոպեներից և բացի Ռոնալդուի հետ կոշտ պայքար մղելուց, ոչնչով աչքի չընկավ:

Հենակետային կիսապաշտպանի բացակայությունը

 Ֆրանսիայի հավաքականը 1/4, 1/2 և եզրափակիչ փուլերի հանդիպումները անցկացրեց նույն մեկնարկային կազմով, և որ ամենակարևորն է՝ առանց մաքուր հենակետային կիսապաշտպանի: Այդ բոլոր խաղերում հենակետայինի դիրքում էին Պոլ Պոգբան և Բլեզ Մատյուիդին: Ու ընդամենը մեկ մաքուր հենակետային կիսապաշտպանի բացակայությամբ տուժեց Ֆրանսիայի հավաքականի խաղը և՛ պաշտպանական, և՛ հարձակողական գործողությունների ժամանակ: Պոգբան Պորտուգալիայի հետ խաղի ընթացքում ավելի շատ շարժումներ կատարեց ձեռքերով, քան ոտքերով: Ամբողջ խաղի ընթացքում Պոգբան խաղընկերներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես պետք է կազմակերպել խաղն առջևի գծում: Նա խաղում էր հենակետայինի դիրքում, որտեղից շատ դժվար է դրական կերպով ազդել թիմի հարձակողական գործողությունների վրա: Նույնը վերաբերում է նաև Բլեզ Մատյուիդիին: Նա նույնպես չգիտեր կենտրոնանալ հարձակմա՞ն, թե՞ պաշտպանության վրա:
 Հետևություն. Դեշամը սահմանափակել էր դաշտի կենտրոնում իր կիսապաշտպանների գործողությունները: 

Բաց թողած գոլը` հենակետային գոտու անպաշտպանության արդյունք Պորտուգալիայի հավաքականի գոլը ծնվեց Բակարի Սանյայի անգրագրետ եզրային նետումից: Հասկանալի է, որ մարզիչները նման դեպքերում հրահանգում են, որ եզրային նետումները կատարվեն ուղղահայաց դեպի առաջ, բայց գնդակն ուղարկել այն հատված, որտեղ խաղընկերդ շրջափակված է մրցակցի մի քանի ֆուտբոլիստներով` առնվազն անմտություն է, առավել ևս, որ Սանյան իր դիմաց ուներ երկու ազատ խաղընկեր: Եզրային նետումից հետո Գրիզմանը կորցնում է գնդակն ու այստեղից սկվում է ամենազավեշտալին. Մուսա Սիսոկոն տեղում կանգնած հրահանգներ է տալիս խաղընկերներին`պրեսսինգի դիմելու փոխարեն: Այնուհետև, Մոուտինյոն գնդակը փոխանցում է Էդերին և Ֆրանսիայի հավաքականի հենակետային գոտու «պահապանները» ոչ միայն չեն դիմավորում մրցակցի հարձակվողին, այլև հետևում են, թե վերջինս ինչպես է ազատվում Լորան Կոսյելնիի հետապնդումից և, դուրս գալով հարվածային դիրք, գրավում է Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը: Բաց թողած գոլի համար ֆուտբոլիստներից բացի մեծ մեղավորություն ունի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը: Նա պետք է նկատեր, որ ավելացված ժամանակի հենց առաջին խաղակեսից, պորտուգալացիները սկսել են ճնշում գործադրել և պետք է արձագանքեր փոփոխությամբ, կամ խաղադաշտում ինչ-որ տեղափոխություններ կատարեր: Փոփոխությունների առումով Դեշամը ընդհանրապես ձախողվեց: Իհարկե, եթե փոխարինման դուրս եկած Ժինյակը հանդիպման վերջնամասում դառնար գոլի հեղինակ, այդժամ այս խոսակցությունները չէին լինի, բայց չդարձավ... Սկսած հանդիպման 80-րդ րոպեից՝ Մուսա Սիսոկոն արդեն լիովին ուժասպառ էր եղել: Չէր կարողանում օգնել ո՛չ պաշտպաններին, ո՛չ էլ կիսապաշտպաններին: Այս դեպքում անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ Դեշամն իր վերջին փոփոխությունը կատարեց ոչ թե 80-ից 110-րդ րոպեների միջակայքում, այլ գոլ բաց թողնելուց անմիջապես հետո: Մի՞թե Անտոնի Մարսիալը այդպիսի ճնշման տակ կարողանալու էր ինչ-որ բան փոխել: Հետևություն. Դեշամը բացի տակտիկական սխալներից, ձախողեց նաև վերջին փոփոխությունը:

 Ամենից շատ զարմացնում է այն փաստը, որ, թիմում ունենալով Նգոլո Կանտեի նման ունիկալ հենակետային կիսապաշտպան, Դիդյե Դեշամը չօգտվեց նրա ծառայություններից այսպիսի պատասխանատու խաղում: Կանտեն այն ֆուտբոլիստների թվին է պատկանում, որոնց չի հուզում ո՛չ ճնշումը, ո՛չ մրցակիցը: Նա դուրս է գալիս խաղադաշտ հստակ առաքելությամբ` մրցակցից խլել գնդակը: Իսկ դա, հավատացե՛ք, նրա մոտ հիանալի է ստացվում: Բացի այդ, նա շատ արագ է և ճկուն: Իսկ «Լեսթերում» նրա խաղերին հետևելու ընթացքում համոզվել ենք, որ գրոհներ սկսելու գործում ևս Կանտեն դժվարություններ չի ունենում:
Հետևություն. Նգոլո Կանտեի բացակայությունը ուղղակիորեն ազդեց Ֆրանսիայի հավաքականի խաղի վրա: 

Ամեն դեպքում, արդեն պաշտոնապես հաստատվել է, որ Դեշամը կմնա Ֆրանսիայի հավաքականում և թիմին կպատրաստի 2018 թ. Աշխարհի առաջնությանը: Տեսնենք, թե ինչ հետևություններ կանի ֆրանսիացի մասնագետն այս ձախողումից:


                                                                                           Միհրան Ալեքսանյան




Մոուրինյոյի և Մխիթարյանի նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդում»



Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն»  արդեն սկսել է պատրաստվել գալիք մրցաշրջանին: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  առաջին իսկ ընկերական խաղում  մեկնարկային կազմում տեղ հատկացրեց մանկունիացիների նորեկներ Էրիկ Բայիին և Հենրիխ Մխիթարյանին:
 Ժոզե Մոուրինյոն այս խաղի համար ընտրել էր 4-2-3-1 տակտիկական սխեման: Էրիկ Բային` Դեյլի Բլինդի հետ, խաղում էր պաշտպանության կենտրոնում, իսկ Հենրիխ Մխիթարյանը` 10 համարի դիրքում:
Հայազգի ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրեց ամբողջ առաջին խաղակեսը: Մխիթարյանի նորամուտը կարելի է ստացված համարել: Նա 45 րոպեների ընթացքում աչքի ընկավ մի քանի սուր փոխանցումներով: Երեք անգամ մրցակցից գնդակ խլեց և, երկու անգամ էլ դրիբլինգի դիմելով, շրջանցեց մրցակցի երեք ֆուտբոլիստների: Ընդհանուր առմամբ, ակտիվ էր և անընդհատ տեղաշարժվում էր:
 Ընդմիջման ժամանակ Մոուրինյոն միանգամից 7 փոփոխություն կատարեց: Փոխարինվողների թվում էր նաև Մխիթարյանը, ով խաղադաշտում իր տեղը զիջեց Խուան Մատային: Վերջինս նույնպես լավ հանդիպում անցկացրեց` աչքի ընկնելով գոլային փոխանցումով:
 Փաստացի Մխիթարյանն ու Մատան համարվում են մրցակիցներ` մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար: Բայց դա այն դեպքում, երբ իսպանացի ֆուտբոլիստը մնա թիմում:
 Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները կարողացան երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Ուիլ Քինն ու Անդրեաս Պերեյրան: Վերջինիս խաղը իրոք տպավորիչ էր, քանզի լինելով եզրային կիսապաշտպան, նա այս խաղն անցկացրեց կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Նմանատիպ ևս մեկ փորձարկում Ժոզեն կատարեց հանդիպման վերջնամասում, երբ եզրային պաշտպան Գիլյերմե Վարելային դուրս բերեց խաղադաշտ` որպես հենակետային:
Հիանալի  հանդիպում անցկացրեց նաև թիմի մյուս նորեկ` կենտրոնական պաշտպան Էրիկ Բային: Շատ հանգիստ, վստահ, սառնասիրտ: Նա խաղաց 70 րոպե, որի ընթացքում պաշտպանության կենտրոնում զույգ կազմեց նախ Դեյլի Բլինդի, իսկ հետո Ֆիլ Ջոնսի հետ:
Ընդհանուր առմամբ, լավ խաղ ստացվեց: Երևում էր, որ Մոուրինյոն փորձարկումներ է կատարում ֆուտբոլիստների դիրքերի հետ կապված: Ժոզեի դավանած փիլիսոփայության վերաբերյալ առավել հստակ պատկերացում կկազմենք միայն այն ժամանակ, երբ պորտուգալացի մասնագետի տրամադրության տակ լինեն թիմի բոլոր ֆուտբոլիստները: Քանզի, Անտոնի Մարսիալը, Ուեյն Ռունին, Մարկուս Ռեշֆորդը, Զլատան Իբրահիմովիչն ու Քրիս Սմոլինգը մեծ դերակատարություն են ունենալու  «Յուրահատուկի» թիմում:

Կարևորն այն է, որ Հենրիխը սովոր է մրցակցության: Նա միշտ պատրաստ է մարզչին ապացուցել իր բարձր կարգն ու պատրաստակամությունը: Իսկ Ժոզեի մոտ դրանք մեծ նշանակություն ունեն:
 Սպասենք և հուսանք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ Մխիթարյանը դուրս կգա ավելի բարձր մակարդակի, և որ ամենակարևորն է, տիտղոսներ կնվաճի:

Առաջ, Հենո ջան:



                                                                                    Միհրան Ալեքսանյան

среда, 29 июня 2016 г.

ԵԼ. «Բանանց» - «Օմոնիա»: Մարզիչների նախախաղային ասուլիսները

Եվրոպա Լիգայի 2016-2017թթ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի «Բանանց» - «Օմոնիա» խաղին ընդառաջ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ  նախախաղյա մամուլի ասուլիս, որի ընթացքում երկու թիմերի գլխավոր մարզիչներ` Տիտո Ռամալյոն և Ջոն Քարվերը պատասխանեցին լրագրողների հարցերին.

Նախ Տիտո Ռամալյոն շփվեց լրագրողների հետ: 



-Ի՞նչ ակնկալիքներ ունեք սպասվող խաղից և վստա՞հ եք, որ ի վիճակի եք հաղթահարել «Օմոնիայի» արգելքը: 

-Իհարկե ես հավատում եմ, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլ: «Օմոնիան» բավականին ուժեղ թիմ է,  բայց մենք կանենք հնարավոր ամեն ինչ դրական արդյունքի հասնելու համար:

-Արդյո՞ք Լաերսիո Գոմես Կոստայի հեռանալով կտուժի թիմի մարտունակությունը: 
-Բնականաբար չեմ ստի, Լաերսիոն մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ էր, սակայն ես նախընտրում եմ խոսել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր հիմա իմ տրամադրության տակ են գտնվում:

- Ի՞նչ վիճակում են մոտենում այս խաղին թիմի ֆուտբոլիստները: Կա՞ն վնասվածքներ թե ոչ: 

- Բոլոր ֆուտբոլիստներն առողջ են, իսկ ֆիզ. պատրաստվածության առումով կարող եմ նշել, որ տարվա այս հատվածի համար ֆուտբոլիստները պատրաստ են ելույթներին:


- Ինչպե՞ս եք պատրաստվում չեզոքացնել «Օմոնիայի» լավագույն հարձակվողներից մեկին` Կիլլիան Շերիդանին, ով Կիպրոսի առաջնության ավարտված մրցաշրջանում դարձել է 15 գոլի հեղինակ: 

-Կփորձենք հասնել նրան, որ Շերիդանը որքան հնարավոր է հեռու մնա մեր դարպասներից  ( ծիծաղում է - խմբ. ): Ինչքան հնարավոր է ավելի վերևում կպաշտպանվենք: Քանի որ  «Օմոնիայում» որոշ տեխնիկական փոփոխություններ կան, կարծում եմ նրանք ավելի ուղիղ կխաղան: «Օմոնիայում» հավաքված են մի շարք բարձրահասակ ֆուտբոլիստներ, ինչն էլ մեզ թույլ կտա ավելի ետևից խաղալ:

- Գո՞հ եք թիմի անցկացրած նախապատրաստական փուլից: 

-Այո գոհ եմ և տեսնենք թե որքանով կհաջողվի այն ցուցադրել խաղադաշտում: 




«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի մամուլի ասուլիսից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաև «Օմոնիայի» գլխավոր մարզիչ Ջոն Քարվերը:
Քարվերը մամուլի ասուլիսը սկսելուց առաջ խնդրեց լրագրողներին, որպեսզի չհնչեն հարցեր կապված անգլիական ֆուտբոլի և այնտեղ իր կատարած աշխատանքի մասին: Ջոն Քարվերը 2015 թվականի սկզբից մարզել է անգլիական «Նյուքասլ» ակումբը և մեղմ ասած անմխիթար արդյունքներից հետո, այնուամենայնիվ մրցաշրջանի վերջին տուրում թիմը հաղթանակ տոնելով կարողացել է պահպանել տեղը Անգլիայի Պրեմիեր Լիգայում:


-Ի՞նչ խնդիր է դրված Ձեր առջև և մինչև ու՞ր եք մտադիր հասնել Եվրոպա Լիգայի այս խաղարկությունում:

- Նախ ասեմ, որ ես  ընդամենը երեք շաբաթ է ինչ գլխավորում եմ «Օմոնիան» և թիմը նախորդ մրցաշրջանի համեմատ բավականին փոփոխություններ է կրել: Թիմից հեռացել են 12 ֆուտբոլիստներ, իսկ թիմ են հրավիրվել 7 նոր ֆուտբոլիստներ: Մենք ունենք մարտունակ թիմ և բոլորն էլ գտնվում են լավ մարզավիճակում:

-Ի՞նչ գիտեք «Բանանցի» մասին: 

-Դիտել ենք գավաթի եզրափակիչը և մեկ նախապատրաստական խաղ: Գիտենք որ «Բանանց» ունի նոր գլխավոր մարզիչ Իսպանիայից: Տեղյակ ենք, որ թիմը կորցրել է իր լավագույն ֆուտբոլիստներից մեկին` Լաերսիոյին: Գիտենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը և կարծում եմ որ մեզ դժվար հանդիպում է սպասվում: 

-Արդյո՞ք Անդրե Սկեմբրիի  հեռանալը կարելի է կորուստ համարել Ձեր թիմի համար, թե Կիլլիան Շերիդանը կարող է փոխարինել նրան:

- Շատ խաղացողներ են հեռացել թիմից  նախորդ մրցաշրջանի համեմատ: Մենք նոր թիմ ենք կառուցում նոր ֆուտբոլիստներով և կարծում ենք, որ իրենք կարդարացնեն մեր սպասելիքները: Ամեն դեպքում տեսնելով իմ ֆուտբոլիստներին մարզումների ժամանակ վստահ եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: 

-Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ լավ մարզիչը նա է, ով կարողանում է դրական արդյունքի հասնել թիմում եղած ֆուտբոլիստների հետ, այլ ոչ թե սպասում է նոր տրանսֆերների:

-Այո ես համաձայն եմ: Մեզ համար կարևոր է զարգացնել ոչ միայն «Օմոնիայի» առաջին թիմն, այլ նաև մանկապատանեկան դպրոցը: Մարզչի համար շատ հաճելի է, երբ ակումբի սանը կարողանում է տեղ վաստակել թիմի հիմնական կազմում:
Վառ օրինակ է անգլիացի Էնդի Քերրոլը: Ես նրան հնարավորություն տվեցի ինչից էլ նա օգտվեց ու մեծ գումարների դիմաց տեղափոխվեց «Լիվերպուլ»:

-Եվ վերջում ի՞նչ կասեք Անգլիայի հավաքականի ԵՎՐՈ 2016-ում գրանցած արդյունքների վերաբերյալ:

- Շատ հիասթափված եմ: Ողջ ազգը սպասում էր, որ կնվաճեինք ԵՎՐՈ 2016-ի հաղթողի կոչումը: Իսկ հիմա պետք է նոր մարզիչ գտնել, բայց ասեմ, որ ես արդեն  աշխատանք ունեմ (ծիծաղում է -խմբ.): 



Հիշեցնենք, որ «Բանանց» - «Օմոնիա» հանդիպումը կկայանա հունիսի 30-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում` 20:00-ին:


                                                                                                Միհրան Ալեքսանյան 



















ԵԼ. «Բանանց» - «Օմոնիա»: Մարզիչների նախախաղային ասուլիսները

Եվրոպա Լիգայի 2016-2017թթ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի «Բանանց» - «Օմոնիա» խաղին ընդառաջ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ  նախախաղյա մամուլի ասուլիս, որի ընթացքում երկու թիմերի գլխավոր մարզիչներ` Տիտո Ռամալյոն և Ջոն Քարվերը պատասխանեցին լրագրողների հարցերին.

Նախ Տիտո Ռամալյոն շփվեց լրագրողների հետ: 



-Ի՞նչ ակնկալիքներ ունեք սպասվող խաղից և վստա՞հ եք, որ ի վիճակի եք հաղթահարել «Օմոնիայի» արգելքը: 

-Իհարկե ես հավատում եմ, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլ: «Օմոնիան» բավականին ուժեղ թիմ է,  բայց մենք կանենք հնարավոր ամեն ինչ դրական արդյունքի հասնելու համար:

-Արդյո՞ք Լաերսիո Գոմես Կոստայի հեռանալով կտուժի թիմի մարտունակությունը: 
-Բնականաբար չեմ ստի, Լաերսիոն մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ էր, սակայն ես նախընտրում եմ խոսել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր հիմա իմ տրամադրության տակ են գտնվում:

- Ի՞նչ վիճակում են մոտենում այս խաղին թիմի ֆուտբոլիստները: Կա՞ն վնասվածքներ թե ոչ: 

- Բոլոր ֆուտբոլիստներն առողջ են, իսկ ֆիզ. պատրաստվածության առումով կարող եմ նշել, որ տարվա այս հատվածի համար ֆուտբոլիստները պատրաստ են ելույթներին:


- Ինչպե՞ս եք պատրաստվում չեզոքացնել «Օմոնիայի» լավագույն հարձակվողներից մեկին` Կիլլիան Շերիդանին, ով Կիպրոսի առաջնության ավարտված մրցաշրջանում դարձել է 15 գոլի հեղինակ: 

-Կփորձենք հասնել նրան, որ Շերիդանը որքան հնարավոր է հեռու մնա մեր դարպասներից  ( ծիծաղում է - խմբ. ): Ինչքան հնարավոր է ավելի վերևում կպաշտպանվենք: Քանի որ  «Օմոնիայում» որոշ տեխնիկական փոփոխություններ կան, կարծում եմ նրանք ավելի ուղիղ կխաղան: «Օմոնիայում» հավաքված են մի շարք բարձրահասակ ֆուտբոլիստներ, ինչն էլ մեզ թույլ կտա ավելի ետևից խաղալ:

- Գո՞հ եք թիմի անցկացրած նախապատրաստական փուլից: 

-Այո գոհ եմ և տեսնենք թե որքանով կհաջողվի այն ցուցադրել խաղադաշտում: 




«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի մամուլի ասուլիսից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաև «Օմոնիայի» գլխավոր մարզիչ Ջոն Քարվերը:
Քարվերը մամուլի ասուլիսը սկսելուց առաջ խնդրեց լրագրողներին, որպեսզի չհնչեն հարցեր կապված անգլիական ֆուտբոլի և այնտեղ իր կատարած աշխատանքի մասին: Ջոն Քարվերը 2015 թվականի սկզբից մարզել է անգլիական «Նյուքասլ» ակումբը և մեղմ ասած անմխիթար արդյունքներից հետո, այնուամենայնիվ մրցաշրջանի վերջին տուրում թիմը հաղթանակ տոնելով կարողացել է պահպանել տեղը Անգլիայի Պրեմիեր Լիգայում:


-Ի՞նչ խնդիր է դրված Ձեր առջև և մինչև ու՞ր եք մտադիր հասնել Եվրոպա Լիգայի այս խաղարկությունում:

- Նախ ասեմ, որ ես  ընդամենը երեք շաբաթ է ինչ գլխավորում եմ «Օմոնիան» և թիմը նախորդ մրցաշրջանի համեմատ բավականին փոփոխություններ է կրել: Թիմից հեռացել են 12 ֆուտբոլիստներ, իսկ թիմ են հրավիրվել 7 նոր ֆուտբոլիստներ: Մենք ունենք մարտունակ թիմ և բոլորն էլ գտնվում են լավ մարզավիճակում:

-Ի՞նչ գիտեք «Բանանցի» մասին: 

-Դիտել ենք գավաթի եզրափակիչը և մեկ նախապատրաստական խաղ: Գիտենք որ «Բանանց» ունի նոր գլխավոր մարզիչ Իսպանիայից: Տեղյակ ենք, որ թիմը կորցրել է իր լավագույն ֆուտբոլիստներից մեկին` Լաերսիոյին: Գիտենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը և կարծում եմ որ մեզ դժվար հանդիպում է սպասվում: 

-Արդյո՞ք Անդրե Սկեմբրիի  հեռանալը կարելի է կորուստ համարել Ձեր թիմի համար, թե Կիլլիան Շերիդանը կարող է փոխարինել նրան:

- Շատ խաղացողներ են հեռացել թիմից  նախորդ մրցաշրջանի համեմատ: Մենք նոր թիմ ենք կառուցում նոր ֆուտբոլիստներով և կարծում ենք, որ իրենք կարդարացնեն մեր սպասելիքները: Ամեն դեպքում տեսնելով իմ ֆուտբոլիստներին մարզումների ժամանակ վստահ եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: 

-Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ լավ մարզիչը նա է, ով կարողանում է դրական արդյունքի հասնել թիմում եղած ֆուտբոլիստների հետ, այլ ոչ թե սպասում է նոր տրանսֆերների:

-Այո ես համաձայն եմ: Մեզ համար կարևոր է զարգացնել ոչ միայն «Օմոնիայի» առաջին թիմն, այլ նաև մանկապատանեկան դպրոցը: Մարզչի համար շատ հաճելի է, երբ ակումբի սանը կարողանում է տեղ վաստակել թիմի հիմնական կազմում:
Վառ օրինակ է անգլիացի Էնդի Քերրոլը: Ես նրան հնարավորություն տվեցի ինչից էլ նա օգտվեց ու մեծ գումարների դիմաց տեղափոխվեց «Լիվերպուլ»:

-Եվ վերջում ի՞նչ կասեք Անգլիայի հավաքականի ԵՎՐՈ 2016-ում գրանցած արդյունքների վերաբերյալ:

- Շատ հիասթափված եմ: Ողջ ազգը սպասում էր, որ կնվաճեինք ԵՎՐՈ 2016-ի հաղթողի կոչումը: Իսկ հիմա պետք է նոր մարզիչ գտնել, բայց ասեմ, որ ես արդեն  աշխատանք ունեմ (ծիծաղում է -խմբ.): 



Հիշեցնենք, որ «Բանանց» - «Օմոնիա» հանդիպումը կկայանա հունիսի 30-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում` 20:00-ին:


                                                                                                Միհրան Ալեքսանյան 



















вторник, 21 июня 2016 г.

Մխիթարյան: «Արսենալ» թե՞ «Մանչեսթեր Յունայթեդ»




Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական երկու գրանդ ակումբներ` «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:  Փորձենք հասկանալ ո՞ր տարբերակը  Մխիթարյանի համար ավելի  հարմար կլինի:
 Ընդհանրապես, ֆուտբոլիստները նոր ակումբ տեղափոխվելու ժամանակ կարևորում են ապագա գլխավոր մարզչի գործոնը: Այս դեպքում Ժոզե Մոուրինյոն առավելություն ունի Արսեն Վենգերի նկատմամբ: Նախ այն, որ Արսեն Վենգերի ապագան այդքան էլ պարզ չէ: Վերջերս շատ են խոսակցություններն այն մասին, որ  «պրոֆեսորը» կարող է հեռանալ իր պաշտոնից: Իսկ Ժոզեն եկել է մի թիմ, որը վերջին երեք տարիները պարզապես ձախողել է և վստահաբար կարելի է ասել, որ Մոուրինյոն ամենաքիչը երկու տարի կունենա իրեն դրսևորելու և  «Մանչեսթեր Յունայթեդը» հին փառքին վերադարձնելու համար: Հիմա ավելի մանրամասն այս երկու հավանական տարբերակների մասին:

    2013 թվականին Արսեն Վենգերը ասել էր.
 «Ճիշտ է  «Բորուսիան» հասավ մինչև ՉԼ-ի եզրափակիչ, սակայն ակումբի ամենաթանկ տրանսֆերը` Հենխրիխ Մխիթարյանը, ինձ չտպավորեց»:
 Այս խոսքերից հետո Հենրիխը  «Արսենալի» դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ և կարծում եմ ստիպեց ֆրանսիացի մասնագետին փոխել իր կարծիքը:
Իսկ եթե ուշադրություն դարձնենք զուտ խաղային պայմաններին, ապա շատ բան է կախված նրանից, թե երկու ակումբներից որ ֆուտբոլիստները կհեռանան:
 Արսենալի կիսապաշտպանության գիծը կազմում են Ռեմզին, Սանչեսը, Ուիլշերը, Օզիլը, Ուոլքոտը, Կասորլան և թիմի նորեկ Գրանիտ Ջական: Չեմ նշում հենակետայինների անունները, քանզի Մխիթարյանն այդ դիրքում հաստատ չի խաղա: Եթե հաշվի առնենք, որ Օզիլն ու Սանչեսը կմնան  թիմում, ապա Մխիթարյանի համար մնում է որպես խաղային դիրք  կիսապաշտպանության աջ եզրը: Ինչքան էլ մենք սիրենք մեր Հենոյին, միևնույնն է պետք է հասկանանք, որ այս երկու ֆուտբոլիստներն արդեն իսկ  «գրավել» են իրենց դիրքերը  «Արսենալում»:

Աջ կիսապաշտպանի դիրքը Մխիթարյանին հարմար չէ` համենայն դեպս Վենգերի թիմում:  «Բորուսիայում» էլ Հենոն  խաղում է կամ  ձախ կիսապաշտպանի կամ ենթահարձակվողի դիրքում: Վերջինս ավելի նպատակահարմար է, քանզի Մխիթարյանն ունի փլեյմեյքերին անհրաժեշտ որակները և բազմիցս ապացուցել է, որ այդ դիրքում նա կարող է գերազանց հանդես գալ:
Կարծում եմ   «Արսենալ» տեղափոխվելու միակ դրական կողմն այն է, որ ակումբը մասնակցում է ՉԼ-ի գալիք մրցաշրջանին` ի տարբերություն  «Մանչեսթեր Յունայթեդի»:

Քանի որ, ինքս էլ շատ եմ ցանկանում, որպեսզի Մխիթարյանը տեղափոխվի  «Մանչեսթեր Յունայթեդ», փորձեմ ներկայացնել մի քանի ծանրակշիռ փաստարկ, որը մատնացույց կանի այս տարբերակի դրական կողմերը:

 «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի  կառուցած ֆուտբոլը շատերին դուր չի գալիս, սակայն պորտուգալացի մասնագետը կարողանում է քաղել առավելագույնը իր ֆուտբոլիստներից: Մոուրինյոն  վերջին 7-8 տարիներին գրեթե միշտ խաղում է նույն 4-2-3-1 տակտիկական սխեմայով:  Այս սխեմայում առանձնահատուկ տեղ ունի փլեյմեյքերը: Ժոզեն մեծ նշանակություն է տալիս իր  «10 համարին»:  «Ինտերում» այդպիսին եղել է Ուեսլի Սնեյդերը,  «Ռեալում»` Մեսութ Օզիլը,  «Չելսիում»` Օսկարն ու Ֆաբրեգասը: Կարծում եմ  «Մանչեսթեր Յունայթեդում» էլ այդ ֆուտբոլիստը կլինի հենց Հենրիխ Մխիթարյանը, քանզի այդ դիրքում մրցակցություն գրեթե չկա: Խուան Մատայի հետ կարծում եմ ամեն ինչ պարզ է, իսկ Ուեյն Ռունիի հարցը դեռևս անհասկանալի է: Եթե պետք լինի ընտրել թե այս ֆուտբոլիստներից ո՞վ պետք է խաղա ենթահարձակվողի դիրքում, ապա Մոուրինյոյի ընտրությունը կկանգնի  Մխիթարյանի վրա, իսկ Ռունին կգործի  աջից, կամ ավելի ետ քաշված: Բայց կա նաև հակառակ տարբերակը:
 «Մանչեսթեր Յունայթեդում» արդեն կարելի է քննարկել Հենոյի աջ եզրում խաղալու հնարավորությունը: Մոուրինյոն ի տարբերություն Վենգերի, կկարողանա այդ դիրքում լավագույնս օգտագործել  Մխիթարյանին: Բավական է հիշել միայն այն, որ  «Չելսիում» փլեյմեյքեր հանդիսացող Վիլլիանը հաջողությամբ հանդես էր գալիս կիսապաշտպանության աջ եզրում` որը Ժոզեի մտահղացումն էր:

Այս օրերին առկա տեղեկությունների համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» պոտենցիալ նորեկների ցանկում չկա այնպիսի խաղացող, ով կարող է  «գրավել» Հենոյի հավանական դիրքը  «Մանչեսթեր Յունայթեդում»: Նշվում է միայն Պոգբայի անունը, սակայն Պոգբա, Մխիթարյան և ցանկացած հենակաետային,  եռյակը կարող է հիանալի համագործակցել խաղադաշտում:

Ինչևէ, մեզ մնում է միայն սպասել և հուսալ, որ Հենրիխ Մխիթարյանը կկատարի ճիշտ որոշում` ընտրելով իր համար ավելի հեռանկարային տարբերակ:


Հ.Գ.