вторник, 21 июня 2016 г.

Մխիթարյան: «Արսենալ» թե՞ «Մանչեսթեր Յունայթեդ»




Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական երկու գրանդ ակումբներ` «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:  Փորձենք հասկանալ ո՞ր տարբերակը  Մխիթարյանի համար ավելի  հարմար կլինի:
 Ընդհանրապես, ֆուտբոլիստները նոր ակումբ տեղափոխվելու ժամանակ կարևորում են ապագա գլխավոր մարզչի գործոնը: Այս դեպքում Ժոզե Մոուրինյոն առավելություն ունի Արսեն Վենգերի նկատմամբ: Նախ այն, որ Արսեն Վենգերի ապագան այդքան էլ պարզ չէ: Վերջերս շատ են խոսակցություններն այն մասին, որ  «պրոֆեսորը» կարող է հեռանալ իր պաշտոնից: Իսկ Ժոզեն եկել է մի թիմ, որը վերջին երեք տարիները պարզապես ձախողել է և վստահաբար կարելի է ասել, որ Մոուրինյոն ամենաքիչը երկու տարի կունենա իրեն դրսևորելու և  «Մանչեսթեր Յունայթեդը» հին փառքին վերադարձնելու համար: Հիմա ավելի մանրամասն այս երկու հավանական տարբերակների մասին:

    2013 թվականին Արսեն Վենգերը ասել էր.
 «Ճիշտ է  «Բորուսիան» հասավ մինչև ՉԼ-ի եզրափակիչ, սակայն ակումբի ամենաթանկ տրանսֆերը` Հենխրիխ Մխիթարյանը, ինձ չտպավորեց»:
 Այս խոսքերից հետո Հենրիխը  «Արսենալի» դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ և կարծում եմ ստիպեց ֆրանսիացի մասնագետին փոխել իր կարծիքը:
Իսկ եթե ուշադրություն դարձնենք զուտ խաղային պայմաններին, ապա շատ բան է կախված նրանից, թե երկու ակումբներից որ ֆուտբոլիստները կհեռանան:
 Արսենալի կիսապաշտպանության գիծը կազմում են Ռեմզին, Սանչեսը, Ուիլշերը, Օզիլը, Ուոլքոտը, Կասորլան և թիմի նորեկ Գրանիտ Ջական: Չեմ նշում հենակետայինների անունները, քանզի Մխիթարյանն այդ դիրքում հաստատ չի խաղա: Եթե հաշվի առնենք, որ Օզիլն ու Սանչեսը կմնան  թիմում, ապա Մխիթարյանի համար մնում է որպես խաղային դիրք  կիսապաշտպանության աջ եզրը: Ինչքան էլ մենք սիրենք մեր Հենոյին, միևնույնն է պետք է հասկանանք, որ այս երկու ֆուտբոլիստներն արդեն իսկ  «գրավել» են իրենց դիրքերը  «Արսենալում»:

Աջ կիսապաշտպանի դիրքը Մխիթարյանին հարմար չէ` համենայն դեպս Վենգերի թիմում:  «Բորուսիայում» էլ Հենոն  խաղում է կամ  ձախ կիսապաշտպանի կամ ենթահարձակվողի դիրքում: Վերջինս ավելի նպատակահարմար է, քանզի Մխիթարյանն ունի փլեյմեյքերին անհրաժեշտ որակները և բազմիցս ապացուցել է, որ այդ դիրքում նա կարող է գերազանց հանդես գալ:
Կարծում եմ   «Արսենալ» տեղափոխվելու միակ դրական կողմն այն է, որ ակումբը մասնակցում է ՉԼ-ի գալիք մրցաշրջանին` ի տարբերություն  «Մանչեսթեր Յունայթեդի»:

Քանի որ, ինքս էլ շատ եմ ցանկանում, որպեսզի Մխիթարյանը տեղափոխվի  «Մանչեսթեր Յունայթեդ», փորձեմ ներկայացնել մի քանի ծանրակշիռ փաստարկ, որը մատնացույց կանի այս տարբերակի դրական կողմերը:

 «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի  կառուցած ֆուտբոլը շատերին դուր չի գալիս, սակայն պորտուգալացի մասնագետը կարողանում է քաղել առավելագույնը իր ֆուտբոլիստներից: Մոուրինյոն  վերջին 7-8 տարիներին գրեթե միշտ խաղում է նույն 4-2-3-1 տակտիկական սխեմայով:  Այս սխեմայում առանձնահատուկ տեղ ունի փլեյմեյքերը: Ժոզեն մեծ նշանակություն է տալիս իր  «10 համարին»:  «Ինտերում» այդպիսին եղել է Ուեսլի Սնեյդերը,  «Ռեալում»` Մեսութ Օզիլը,  «Չելսիում»` Օսկարն ու Ֆաբրեգասը: Կարծում եմ  «Մանչեսթեր Յունայթեդում» էլ այդ ֆուտբոլիստը կլինի հենց Հենրիխ Մխիթարյանը, քանզի այդ դիրքում մրցակցություն գրեթե չկա: Խուան Մատայի հետ կարծում եմ ամեն ինչ պարզ է, իսկ Ուեյն Ռունիի հարցը դեռևս անհասկանալի է: Եթե պետք լինի ընտրել թե այս ֆուտբոլիստներից ո՞վ պետք է խաղա ենթահարձակվողի դիրքում, ապա Մոուրինյոյի ընտրությունը կկանգնի  Մխիթարյանի վրա, իսկ Ռունին կգործի  աջից, կամ ավելի ետ քաշված: Բայց կա նաև հակառակ տարբերակը:
 «Մանչեսթեր Յունայթեդում» արդեն կարելի է քննարկել Հենոյի աջ եզրում խաղալու հնարավորությունը: Մոուրինյոն ի տարբերություն Վենգերի, կկարողանա այդ դիրքում լավագույնս օգտագործել  Մխիթարյանին: Բավական է հիշել միայն այն, որ  «Չելսիում» փլեյմեյքեր հանդիսացող Վիլլիանը հաջողությամբ հանդես էր գալիս կիսապաշտպանության աջ եզրում` որը Ժոզեի մտահղացումն էր:

Այս օրերին առկա տեղեկությունների համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» պոտենցիալ նորեկների ցանկում չկա այնպիսի խաղացող, ով կարող է  «գրավել» Հենոյի հավանական դիրքը  «Մանչեսթեր Յունայթեդում»: Նշվում է միայն Պոգբայի անունը, սակայն Պոգբա, Մխիթարյան և ցանկացած հենակաետային,  եռյակը կարող է հիանալի համագործակցել խաղադաշտում:

Ինչևէ, մեզ մնում է միայն սպասել և հուսալ, որ Հենրիխ Մխիթարյանը կկատարի ճիշտ որոշում` ընտրելով իր համար ավելի հեռանկարային տարբերակ:


Հ.Գ.



Комментариев нет:

Отправить комментарий