среда, 29 июня 2016 г.

ԵԼ. «Բանանց» - «Օմոնիա»: Մարզիչների նախախաղային ասուլիսները

Եվրոպա Լիգայի 2016-2017թթ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի «Բանանց» - «Օմոնիա» խաղին ընդառաջ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ  նախախաղյա մամուլի ասուլիս, որի ընթացքում երկու թիմերի գլխավոր մարզիչներ` Տիտո Ռամալյոն և Ջոն Քարվերը պատասխանեցին լրագրողների հարցերին.

Նախ Տիտո Ռամալյոն շփվեց լրագրողների հետ: 



-Ի՞նչ ակնկալիքներ ունեք սպասվող խաղից և վստա՞հ եք, որ ի վիճակի եք հաղթահարել «Օմոնիայի» արգելքը: 

-Իհարկե ես հավատում եմ, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլ: «Օմոնիան» բավականին ուժեղ թիմ է,  բայց մենք կանենք հնարավոր ամեն ինչ դրական արդյունքի հասնելու համար:

-Արդյո՞ք Լաերսիո Գոմես Կոստայի հեռանալով կտուժի թիմի մարտունակությունը: 
-Բնականաբար չեմ ստի, Լաերսիոն մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ էր, սակայն ես նախընտրում եմ խոսել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր հիմա իմ տրամադրության տակ են գտնվում:

- Ի՞նչ վիճակում են մոտենում այս խաղին թիմի ֆուտբոլիստները: Կա՞ն վնասվածքներ թե ոչ: 

- Բոլոր ֆուտբոլիստներն առողջ են, իսկ ֆիզ. պատրաստվածության առումով կարող եմ նշել, որ տարվա այս հատվածի համար ֆուտբոլիստները պատրաստ են ելույթներին:


- Ինչպե՞ս եք պատրաստվում չեզոքացնել «Օմոնիայի» լավագույն հարձակվողներից մեկին` Կիլլիան Շերիդանին, ով Կիպրոսի առաջնության ավարտված մրցաշրջանում դարձել է 15 գոլի հեղինակ: 

-Կփորձենք հասնել նրան, որ Շերիդանը որքան հնարավոր է հեռու մնա մեր դարպասներից  ( ծիծաղում է - խմբ. ): Ինչքան հնարավոր է ավելի վերևում կպաշտպանվենք: Քանի որ  «Օմոնիայում» որոշ տեխնիկական փոփոխություններ կան, կարծում եմ նրանք ավելի ուղիղ կխաղան: «Օմոնիայում» հավաքված են մի շարք բարձրահասակ ֆուտբոլիստներ, ինչն էլ մեզ թույլ կտա ավելի ետևից խաղալ:

- Գո՞հ եք թիմի անցկացրած նախապատրաստական փուլից: 

-Այո գոհ եմ և տեսնենք թե որքանով կհաջողվի այն ցուցադրել խաղադաշտում: 




«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի մամուլի ասուլիսից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաև «Օմոնիայի» գլխավոր մարզիչ Ջոն Քարվերը:
Քարվերը մամուլի ասուլիսը սկսելուց առաջ խնդրեց լրագրողներին, որպեսզի չհնչեն հարցեր կապված անգլիական ֆուտբոլի և այնտեղ իր կատարած աշխատանքի մասին: Ջոն Քարվերը 2015 թվականի սկզբից մարզել է անգլիական «Նյուքասլ» ակումբը և մեղմ ասած անմխիթար արդյունքներից հետո, այնուամենայնիվ մրցաշրջանի վերջին տուրում թիմը հաղթանակ տոնելով կարողացել է պահպանել տեղը Անգլիայի Պրեմիեր Լիգայում:


-Ի՞նչ խնդիր է դրված Ձեր առջև և մինչև ու՞ր եք մտադիր հասնել Եվրոպա Լիգայի այս խաղարկությունում:

- Նախ ասեմ, որ ես  ընդամենը երեք շաբաթ է ինչ գլխավորում եմ «Օմոնիան» և թիմը նախորդ մրցաշրջանի համեմատ բավականին փոփոխություններ է կրել: Թիմից հեռացել են 12 ֆուտբոլիստներ, իսկ թիմ են հրավիրվել 7 նոր ֆուտբոլիստներ: Մենք ունենք մարտունակ թիմ և բոլորն էլ գտնվում են լավ մարզավիճակում:

-Ի՞նչ գիտեք «Բանանցի» մասին: 

-Դիտել ենք գավաթի եզրափակիչը և մեկ նախապատրաստական խաղ: Գիտենք որ «Բանանց» ունի նոր գլխավոր մարզիչ Իսպանիայից: Տեղյակ ենք, որ թիմը կորցրել է իր լավագույն ֆուտբոլիստներից մեկին` Լաերսիոյին: Գիտենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը և կարծում եմ որ մեզ դժվար հանդիպում է սպասվում: 

-Արդյո՞ք Անդրե Սկեմբրիի  հեռանալը կարելի է կորուստ համարել Ձեր թիմի համար, թե Կիլլիան Շերիդանը կարող է փոխարինել նրան:

- Շատ խաղացողներ են հեռացել թիմից  նախորդ մրցաշրջանի համեմատ: Մենք նոր թիմ ենք կառուցում նոր ֆուտբոլիստներով և կարծում ենք, որ իրենք կարդարացնեն մեր սպասելիքները: Ամեն դեպքում տեսնելով իմ ֆուտբոլիստներին մարզումների ժամանակ վստահ եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: 

-Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ լավ մարզիչը նա է, ով կարողանում է դրական արդյունքի հասնել թիմում եղած ֆուտբոլիստների հետ, այլ ոչ թե սպասում է նոր տրանսֆերների:

-Այո ես համաձայն եմ: Մեզ համար կարևոր է զարգացնել ոչ միայն «Օմոնիայի» առաջին թիմն, այլ նաև մանկապատանեկան դպրոցը: Մարզչի համար շատ հաճելի է, երբ ակումբի սանը կարողանում է տեղ վաստակել թիմի հիմնական կազմում:
Վառ օրինակ է անգլիացի Էնդի Քերրոլը: Ես նրան հնարավորություն տվեցի ինչից էլ նա օգտվեց ու մեծ գումարների դիմաց տեղափոխվեց «Լիվերպուլ»:

-Եվ վերջում ի՞նչ կասեք Անգլիայի հավաքականի ԵՎՐՈ 2016-ում գրանցած արդյունքների վերաբերյալ:

- Շատ հիասթափված եմ: Ողջ ազգը սպասում էր, որ կնվաճեինք ԵՎՐՈ 2016-ի հաղթողի կոչումը: Իսկ հիմա պետք է նոր մարզիչ գտնել, բայց ասեմ, որ ես արդեն  աշխատանք ունեմ (ծիծաղում է -խմբ.): 



Հիշեցնենք, որ «Բանանց» - «Օմոնիա» հանդիպումը կկայանա հունիսի 30-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում` 20:00-ին:


                                                                                                Միհրան Ալեքսանյան 



















Комментариев нет:

Отправить комментарий