среда, 29 июля 2015 г.

«Չելսի»-«Բարսելոնա»: ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

  «INTERNATIONAL CHAMPIONS CUP»-ի շրջանակներում`  կայացավ   «Չելսի»-«Բարսելոնա» հանդիպումը: Այս խաղը մեծ հետաքրքրություն էր առաջացրել   «FedExField» մարզադաշտում հավաքված 78.914 երկրպագուների մոտ:

Թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ մեկնարկային կազմերով:

«Չելսի»- Կուրտուա, Իվանովիչ, Զումա, Կեհիլ, Ասպիլիկուետա, Մատիչ, Ֆաբրեգաս, Օսկար, Ազար, Կենեդի, Դիեգո Կոստա:

«Բարսելոնա»-Տեր Շտեգեն, Դուգլաս, Մատյե, Բարտրա, Ադրիանո, Բուսկետս,Ռակիտիչ, Գումբաու, Սանդրո, Սուարես, Մունիր:
Երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին խաղը: Լավ հնարավորություն ուներ Լուիս Սուարեսը, երբ գնդակն անցկացրեց Կեհիլի ոտքերի արանքով և դուրս եկավ հարվածային դիրք, բայց ավելին անել չկարողացավ: 10-րդ րոպեին Էդեն Ազարը գեղեցիկ կերպով շրջանցեց «Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստների և գրավեց Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը:

Լուիս Էնրիկեն բաց թողած գոլից հետո փոփոխություն կատարեց: Պաշտպանության աջ եզրում Դուգլասի փոխարեն, խաղադաշտ մտավ Սերժիո Ռոբերտոն: Այս քայլն իրոք անհասկանալի էր: Նախ, կարծես Դուգլասը վնասվածք չուներ, և հետո Ռոբերտոն կենտրոնական կիսապաշտպան է , այլ ոչ թե աջ պաշտպան: Չնայած որ, Լուիս Էնրիկեն այս մրցաշարի հանդիպումներից մեկում նրան արդեն փորձել էր այդ դիրքում: Լուիս Սուարեսը առաջին խաղակեսում ունեցավ ևս մի քանի  լավ հնարավորություն, բայց նրա հարվածներից հետո անդրդվելի էր «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան:

Առաջին խաղակեսի միջնամասում, Իվան Ռակիտիչը չկարողացավ գնդակն ուղարկել գրեթե անպաշտպան դարպասը: Նույն իրավիճակում հայտվեց նաև «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան` երբ մեն-մենակ դուրս եկավ Տեր Շտեգենի դեմ:

Շատ լավ տպավորություն թողեց «Չելսիի» բրազիլացի նորեկ` Կենեդին: Խաղալով կիսապաշտպանության աջ եզրում, 19-ամյա երիտասարդը հասցնում էր բացի հարձակվելուց, նաև պաշտպանվել: Նա հաճախ նահանջում էր և օգնում  Իվանովիչին:

Երկրորդ խաղակեսում փոփոխություն եղավ «Չելսիի» կազմում: Ռամիրեսն ու Վիլլիանը խաղադաշտ դուրս եկան Կենեդիի և Օսկարի փոխարեն: Իսկ Լուիս Էնրիկեն երկրորդ խաղակեսի սկզբում փոփոխություն չկատարեց : Հանդիպման 52-րդ րոպեին Լուիս Սուարեսը կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը: Արդեն 59-րդ րոպեին երկու թիմերի կազմերում էլ տեղի ունեցան մեծ թվով փոփոխություններ: Նշեմ այն ֆուտբոլիստներին, ովքեր դուրս եկան խաղադաշտ: Մասիպը, Պիկեն, Վերմալենը, Ալբան, Պեդրոն, Ինիեստան, Ռաֆինյան, Սամպերը  «Բարսելոնայի» կազմում, իսկ Միկելը, Թերրին, Ռեմին և Մոզեսը «Չելսիի» կազմում:
Հանդիպման 65-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստ Սանդրո Ռամիրեսը` 2:1 : Բաց թողած գոլին արձանգանքեց «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, և խաղադաշտ դուրս բերեց Ռադամել Ֆալկաոյին: Այդպիսով լոնդոնյան թիմը 4-2-3-1 տակտիկական դասավորությունից անցավ 4-4-2 ի: Ֆալկաոն լավ մտավ խաղի մեջ, ակտիվ էր, անընդհատ փորձում էր ազատ գոտիներ փնտրել: Տպավորիչ  էր նրա շրջադարձ հարվածը, որը սակայն  շեղ ստացվեց:
Դե իսկ հանդիպման 86-րդ րոպեին «Չելսին» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Վտանգելով առողջությունը, գոլի հեղինակ դարձավ Կեհիլը: Այդ դրվագում սխալվեց «Բարսելոնայի» դարպասապահ Մասիպը, և դարպասից դուրս գալուց գնդակի փոխարեն հարվածեց Կեհիլի դեմքին:


Վերջին 5 րոպեները անցան «Բարսելոնայի» առավելությամբ: Բայց գոլ խփել Լուիս Էնրիկեի սաներին չհաջողվեց:
«INTERNATIONAL CHAMPIONS CUP»-ի  կանոնակարգով, եթե հանդիպման հիմնական ժամանակն ավարտվում է ոչ-ոքի, ապա թիմերը հաղթողին որոշում են հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
11 մետրանոց հարվածաշար` 4:2 օգուտ «Չելսիի» (Ֆալկաո, Մոզես, Ռամիրես, Ռեմի): «Բարսելոնայի» կազմում 11 մետրանոցները հստակ իրացրեցին  Ինիեստան և Սանդրոն: Հալիլովիչի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, իսկ Պիկեի հարվածը որսաց Կուրտուան:
Ընդհանուր առմամբ երկու թիմերն էլ ցուցադրեցին արագ և գեղեցիկ ֆուտբոլ:


понедельник, 27 июля 2015 г.

«Ռեալ Մադրիդ»-«Ինտեր»: ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ



«International Champions Cup»-ի շրջանակներում Չինաստանի Գուանչժու քաղաքի
«Tianhe Stadium»-ում, տեղի ունեցավ «Ռեալ Մադրիդ»-«Ինտեր» հանդիպումը: Երկու թիմերն էլ արդեն մի քանի հանդիպում անցկացրել էին այս նախամրցաշրջանային փուլում, և դա էր պատճառը, որ կազմերը կարելի է ասել մոտ էին լավագույնին:




Թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ մեկնարկային կազմերով`
«ԻՆՏԵՐ»-Հանդանովիչ, Մոնտոյա, Ռանոկիա, Մուրիլո, Խեսուս, Բրոժովիչ, Կովաչիչ, Կոնդոգբիա, Էռնանես, Պալասիո, Իկարդի:
«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»-Նավաս, Պեպե, Ռամոս, Ռոնալդու, Կրոս, Բեյլ, Մարսելո, Կազեմիրո, Խեսե, Իսկո, Դանիլո:
«Ինտերը» ինչպես միշտ խաղում էր 4-3-1-2 տակտիկական դասավորությամբ: Բայց առաջին խաղակեսի ընթացքում Ռոբերտո Մանչինիի սաները ավելի շատ պաշտպանվում էին` քան գրոհում: Կարելի է հիշել Իկարդիի հարվածը խաղակեսի միջնամասում, որը մի փոքր շեղությամբ ընթացավ ուղղահայաց դարպասաձողի կողքով, և խաղակեսի վերջնամասում բրազիլացի Էրնանեսի իրացրած տուգանային հարվածը որից հետո էլ մադրիդցիներին` անձնուրաց ցատկով, վերահաս գոլից փրկեց Կեյլոր Նավասը: Իսկ ահա Մադիդի «Ռեալը» ավելի ակտիվ էր, նույնիսկ նկատվում էր, որ թիմը խաղի ընթացքում փորձում է օգտագործել երկու տակտիկական սխեմա` 4-2-3-1 և 4-3-3: Լուկա Մոդրիչի բացակայությամբ դաշտի կենտրոնում «Ռեալի» խաղը կազմակերպում էր Իսկոն:  Առաջին խաղակեսում Մարսելոյի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո, Խեսեն մրցակցի տուգանային հրապարակում ընդունեց գնդակը, խորամանկ շարժումով շրջանցեց Մուրիլոյին և գնդակն ուղարկեց Հանդանովիչի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը` 1:0 : Հենց այս հաշվով էլ թիմերը գնացին ընդմիջման: 
  Երկրորդ խաղակեսում «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կատարեց հինգ փոփոխություն: Խաղադաշտ դուրս եկան` Նաչոն,  Վարանը, Վասկեսը, Չերիշևը և Կասիլյան: Վերջինս իր դեբյուտն էր նշում մադրիդցիների կազմում:  Եվ արդեն 10 րոպե անց Բենիտեսի կատարած փոփոխություները դրական արդյունք տվեցին: Անկյունայինի խաղարկումից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները չկարողացան ճիշտ դուրս գալ պաշտպանությունից դեպի հարձակման, այդպիսով ստեղծելով ազատ տարածություններ «Ռեալի» ֆուտբոլիստների համար: Լուկաս Վասկեսի աջ եզրից կատարած փոխանցումից հետո Ռաֆայել Վարանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:  
 Մինչև հանդիպման 65-րդ րոպեն Մանչինին կատարել էր ընդամենը մեկ փոփոխություն` Բրոժովիչին փոխարինել էր Նյուկուրին: Բրոժովիչը այդքան էլ լավ հանդիպում չանցկացրեց: Առաջին խաղակեսում մի քանի անգամ պարզ իրադրություններում սխալվեց:  Երկրորդ խաղակեսի միջնամասում Մանչինին խաղաժամանակ հատկացրեց` Գուարինին, Սանտոնին, Անդրեոլլիին և Լոնգոյին: Իսկ Ռեալի կազմում դաշտ դուրս եկան Արբելոան, Լ. Սիլվան, Կարվախալը: 
 Բաց թողած երկրորդ գոլից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել: Եվ դա էր պատճառը, որ դաշտի կենտրոնում  հաճախ առաջանում էին ազատ գոտիներ:  Հանդիպման վերջին տաս րոպեներին երկու թիմերի մարզիչներն էլ կատարեցին ևս մի քանի փոփոխություն: «Ինտերի» կազմում խաղադաշտ դուրս եկան ` Նագատոմոն, ԴԱմբրոզիոն, Տաիդերը: Իսկ «Ռեալի» կազմում` Լլորենտեն և Խամեսը: Վերջինս տուգանայինից կատարած հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ և հաշիվը դարձրեց 3:0 : 

 Չնայած նրան, որ Ռոբերտոն Մանչինին ամբողջ խաղի ընթացքում չփոխարինեց իր հարձակվողներին, միևնույնն է «Ինտերին» այս խաղում գոլ խփել չհաջողվեց: 
 Վերջ ի վերջո պետք է խոստովանել, որ Մադրիդի «Ռեալը» չնայած ոչ օպտիմալ կազմին. զգալիորեն ավելի ուժեղ է քան «Ինտերը»: 



суббота, 25 июля 2015 г.

«Ինտեր», «Միլան»: ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿՆԵՐ


«INTERNATIONAL CHAMPIONS CUP»-ի շրջանակներում Shenzhen. «Shenzhen Universiade Sports Centre Stadium» -ում տեղի ունեցավ «Ինտեր»-«Միլան» հանդիպումը: Այն ավարտվեց «Միլանի» հաղթանակով` 1:0 հաշվով: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Ֆիլիպ Մեքսեսը: Այս խմբում բացի երկու իտալական ակումբներից, կա նաև ևս մեկը` «Ռեալ Մադրիդը»: Իսպանական ակումբն արդեն իսկ, անցկացրել է երկու հանդիպում: 
Հիմա ծանոթանանք երկու թիմերի հայտացուցակներին:

«ԻՆՏԵՐ»
Կարրիսո, Սանտոն, Անդրեոլլի, Պոպա, Նագատոմո, Գյուկուրի, Տաիդեր, Բալդինի, Դելգադո, Դի Մարկո, Լոնգո:  Այսպիսին էր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի մեկնարկային կազմը այս խաղի համար: Բացի այս ֆուտբոլիստներից, թիմի հայտացուցակում էին ` Դամբրոզիոն, Բրոզովիչը, Էրնանեսը, Իկարդին, Կոնդոգբիան, Գուարինը, Ռանոկկիան, Կովաչիչը, Պալասիոն, Ժուանը, Բերնի:  Խաղաժամանակ չստացան Մոնտոյան և Հանդանովիչը:


«ՄԻԼԱՆ»
Լոպես, Կալաբրիա, Ալեքս, Էլե, Դե Շիլիո, Դե Յոնգ, Պոլի, Բերտոլաչի, Հոնդա, Մատրի, Նիանգ: «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սինիշա Միախայիլովիչը  այս խաղացողներին էր դուրս բերել խաղադաշտ` մեկնարկային րոպեներից: Բացի նրանցից, թիմի հայտացուցակում էին` Նոչերինոն, Աբյատին, Մեքսեսը, Սապատան, Մոնտոլիվոն, Բոնավենտուրան, Մաուրին, Անտոնելլին, Բակկան, Լ. Ադրիանոն, Պալետտան: Խաղաժամանակ չստացան` Սուսոն, Չերչին  և Գորին: 


Այս երկու ակումբները դեռևս  մեկական հանդիպում ունեն անցկացնելու: 

вторник, 21 июля 2015 г.

«Արսենալը». «Barclays Asia Trophy-2015-ի հաղթող


«Barclays Asia Trophy-2015-ի հաղթող ճանաչվեց  Լոնդոնի «Արսենալը»: Անցկացրած երկու հանդիպումներում էլ թիմը հաղթանակ տոնեց: Առաջին
խաղում «Արսենալը» հաղթեց  «ՍինգապուրXI»-ին 4:0 հաշվով: Իսկ երկրորդ` եզրափակիչ խաղում, Արսեն Վենգերի սաները 3:1 հաշվով  հաղթեցին «Էվերթոն»-ին:
«Արսենալի» հայտացուցակում հայտնվել էին հետևյալ ֆուտբոլիստները`Շչենսնի,  Մարտինես, Մերտեզակեր, Պաուլիստա, Դեբյուշի, Մոնրեալ, Ուիլշեր, Ֆլամինի, Կոկլեն, Օքսլեիդ-Չեմբերլեն, Իվոբի, Ակպոմ, Կրոուլի, Տորալ, Զելալեմ, Ոիլլոկ, Բելլերին: Այս բոլոր ֆուտբոլիստները խաղացել են  «ՍինգապուրXI»-ի հետ:

 Այս խաղի գլխավոր հերոսը  «Արսենալի» սան ` Չուբա Ակպոմն էր: Երիտասարդը հետ-տրիկ ձևակերպեց այս խաղում և ակնհայտորեն ամենալավն էր խաղադաշտում: Խաղից հետո Արսեն Վենգերը գովեստի խոսքեր հղեց Ակպոմի հասցեին, ավելացնելով, որ մտադիր է վերջինիս պահել թիմում: Մինչ այդ կային խոսակցություններ, ըստ որի Ակպոմը կարող է վարձավճարով հանդես գալ մեկ այլ ակումբում, բայց ինչպես երևում է Արսեն Վենգերն այլ պլաններ ունի այս տաղանդավոր ֆուտբոլիստի հետ:
Երկրորդ խաղին հայտացուցակում ավելացան` Չեխը, Կոսյելնին, Չեմբերսը, Գիբբսը, Ռեմսին, Կասորլան, Ուոլքոտտը, Օզիլը, Ժիրուն, Արտետան: «Էվերթոնի» հետ խաղում մեկական գոլի հեղինակ դարձան` Օզիլը, Ուոլքոտտը, Կասորլան: Իսկ Չեխին չհաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը:
Եվ այսպես «Արսենալը» այս երկու հանդիպումների ընթացքում բավականին լավ տեսք ուներ: Արսեն Վենգերի փիլիսոփայությանը համապատասխան, թիմը մեծ մասամբ գնդակը պահում էր ներքևում և անընդհատ կարճ փոխանցումներով փորձում էր մոտենալ մրցակցի դարպասին:
Հիշեցնեմ, որ «Արսենալի» համար 2015-2016 թթ մրցաշրջանը սկսվելու է ավելի շուտ, քանի որ «զինագործները» Օգոստոսի երկուսին Անգլիայի Սուպեր գավաթի խաղում կմրցեն «Չելսիի» հետ: 

«Ռոմա»-«Մանչեսթեր Սիթի»: ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«International Champions Cup»-ի շրջանակներում` Ավստրալիայի Մելբուրն քաղաքի «Melbourne Cricket Ground» մարզադաշտում, տեղի  ունեցավ «Ռոմա»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, որի հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները:
Ի տարբերություն «Ռոմայի», սա «Մանչեսթեր Սիթիի» առաջին հանդիպումն էր այս մրցաշարում:
Քաղաքայինների գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին իր տրամադրության տակ ուներ հետևյալ ֆուտբոլիստներին` Կաբալյերո, Հարտ, Ռաիթ, Կոմպանի, Մանգալա, Կլիշի, Կոլարով, Սանյա, Դենայեր, Հորսֆիլդ, Համփրեյս, Բարկեր, Գլենդոն, Էվանս, Ֆոֆանա Ս. , Տուրե, Նավաս, Նասրի, Լոպեշ, Ունալ, Պոսո, Ջեկո, Յովետիչ, Ստեռլինգ, Սիլվա, Սուկուլինի, Իխենաչո, Ֆեռնանդո, Գարսիա:

Այս ֆուտբոլիստներից,  խաղը մեկնարկային րոպեներից սկսեցին` Կաբալյերոն, Կոմպանին, Կլիշին, Մանգալան, Սանյան, Ֆեռնանդոն, Սուկուլինին, Սիլվան, Ստեռլինգը, Գարսիան, Իխենաչոն:
Իսկ «Ռոմայի» կազմում ` Դե Սանկտիսը, Տորոսիդիսը. Ռոմանյոլին, Մանոլասը, Ֆլորենցին, Պյանիչը, Դե Ռոսսին, Ուչանը, Ժերվինյոն, Իտուրբեն, Տոտտին:
  Առաջին խաղակեսի երրորդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ռահիմ Ստեռլինգը` իր նորամուտի խաղում,  երիտասարդ Իխենաչոյի փոխանցումից  հետո, մեն-մենակ դուրս եկավ Դե Սանկտիսի դեմ, և գնդակն ուղարկեց վերջինիս պաշտպանած դարպասը: «Ռոման»  մեկնարկային րոպեներին ավելի ետ քաշված էր խաղում: Հանդիպման ութերորդ րոպեին կարողանալով որսալ հակագրոհի պահը ` «Ռոմայի» Ֆուտբոլիստները կարողացան եռաքայլ կոմբինացիայով հասնել մրցակցի դարպասի մոտ, իսկ Միրալեմ Պյանիչն էլ օգտվելով շահավետ դիրքից  գրավեց «Մանչեսթեր Սիթիի»  դարպասը: Խաղակեսի մնացած հատվածն անցավ  Մանուել Պելլեգրինիի սաների բացահայտ առավելությամբ. նրանք ավելի շատ էին գրոհում, ավելի շատ էին պահում գնդակը , բայց «Ռոման» մի քանի վտանգավոր հակագրոհներ կարողացավ անցկացնել, ճիշտ է դրանցից ոչ-մի օգուտ քաղել չհաջողվեց:
 Երկրորդ խաղակեսի ընթացքում, երկու թիմերի կազմերը լիովին փոխվեցին: Ռուդի Գարսիան և Մանուել Պելլեգրինին խաղալու  հնարավորություն տվեցին մնացած ֆուտբոլիստներին: Բայց վերջինս դաշտ դուրս չբերեց Էդին Ջեկոյին և Ստեֆան Յովետիչին:


Վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ այս երկու ֆուտբոլիստները կարող են լքել «Մանչեսթեր Սիթին». Էդին Ջեկոյի անունը կապում են հենց «Ռոմայի» հետ:
   Եվ մինչև փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները կհարմարվեին խաղին` «Ռոմայի» պաշտպան Էշլի Քոուլի հետ կատարած սխալ փոխանցումից հետո, քաղաքայինների երիտասարդ նիգերիացի կիսապաշտպան Իխենաչոն խլեց գնդակն ու այն առանց մեծ դժվարության ուղարկեց Դե Սանկտիսի դարպասը:  Բաց թողած գոլից հետո «Ռոմայի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի շատ գրոհել` փորձելով հավասարեցնել հանդիպման հաշիվը: Ընդհանուր առմամբ Պելլեգրինիի սաները լավ էին պաշտպանվում, չնայած  նրան, որ հանդիպման վերջին հատվածում երիտասարդ ֆուտբոլիստների թիվը ավելի էր շատացել: Եվ 87-րդ րոպեին  «Ռոման» վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացավ, ինչն էլ անվրեպ իրացրեց Ադեմ Լյայիչը:



воскресенье, 19 июля 2015 г.

«Barclays Asia Trophy-2015: «Սթոկ Սիթի»

Ավարտվեց «Barclays Asia Trophy-2015»-ը : Այս մրցաշարում մասնակցում էին  չորս թիմեր` երեք անգլիական և մեկ ասիական: Այս թիմերն էին` «Էվերթոնը», «Սթոկ Սիթին», «Արսենալը» և «Սինգապուր XI»:
«Barclays Asia Trophy»-ին ընկերական բնույթի մրցաշար է: Անգլիական ակումբները ևս սկսել են իրենց նախամրցաշրջանային հավաքները: Բացի դրանից, այս մրցաշարի նպատակն է զարգացնել ֆուտբոլը ասիական երկրներում, ո՛չ միայն խաղով, այլ նաև դասախոսություններով: Ինչն էլ արեց «Սթոկի»  գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը: Եվ այսպես փորձենք ամփոփել ոչ թե առանձին խաղերը, այլ ակումբները: Ու քանի որ, նշեցի Մարկ Հյուզին, հենց իր գլխավորած ակումբից` «Սթոկ Սիթիից» էլ սկսենք:

«Սթոկ Սիթի»
«Սթոկ Սիթիի» կատարած տրանսֆերները իրոք տպավորիչ են: Արդեն իսկ, ակումբը ձեռք է բերել`  Շեյ Գիվենին, Գլեն Ջոնսոնին և վարձակալել է Մարկո վան Գինկելին: Միգուցե այս անունները այնքան էլ ծանոթ չեն ձեզ, բայց հավատացնում եմ, որ այս ֆուտբոլիստները դեռևս իրենց խոսքը կասեն նոր ակումբում: Շեյ Գիվենը  39-ամյա փորձառու դարպասապահ է, ով Ասմիր Բեգովիչի հեռանալուց հետո գլխավոր թեկնածուն է հիմնական դարպասապահի դերում: Բայց... չմոռանանք ևս մեկ դարպասապահի ձեռք բերում «Սթոկ Սիթիի» կողմից`  Յակոբ Հաուգոոր: Դանիացին անկասկած մրցակցություն կցուցաբերի Շեյ Գիվենին:
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Գլեն Ջոնսոնին առանձնապես ներկայացնելու կարիք չկա: 30-ամյա անգլիացին  ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Սթոկ Սիթի» : Մարկո վան Գինկելի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին», բայց այս գալիք մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Սթոկ Սիթիում»: Հոլանդացին  կենտրոնական կիսապաշտպան է, տեխնիկապես լավ զարգացած, որն  անշուշտ  կուժեղացնի  «Սթոկ Սիթին»: Մարկ Հյուզը  այս մրցաշարում  խաղալու հնարավորություն տվեց հետևյալ ֆուտբոլիստներին`Հաուգոոր, Բարդսլի, Կեմերոն, Մունիեսա, Տեյշերիա, Սիդուելլ, Շենտոն, Օդեմվինգե, Աիրլենդ, Արնաուտովիչ, Խոսելու, Գիվեն, Ջոնսոն, Ուիլսոն, վան Գինկել, Ադամ, Դիուֆ, Ուոլտերս, Կրաուչ, Մոհա, Ուելան, Բատլենդ, Վոլշաիդ:Շոուկրոսսը բացակայում էր վնասվածքի պատճառով:
«Սթոկ Սիթին» այս մրցաշարում անցկացրեց երկու խաղ` «Էվերթոնի» և «Սինգապուր XI» -ի հետ: Առաջին հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում` պարտվեց 5:4 հաշվով: Թիմի նորեկ վան Գինկելը չկարողացավ հստակ իրացնել իր հարվածը: Երկրորդ խաղում «Սթոկը» հաղթեց 2:0 հաշվով: Գոլերը խփեցին Սիդվելն ու Արնաուտովիչը:
Մարկ Հյուզը փորձում է «Սթոկ Սիթիին» դուրս բերել նոր մակարդակի վրա: Իսկ այս թվերը ցույց են տալիս, որ նրա մոտ դա շատ լավ էլ ստացվում է:
Նախորդ մրցաշրջանում թիմը զբաղեցրեց իններորդ հորիզոնականը ԱՊԼ-ում, իսկ այս տարի կփորձի հասնել եվրագավաթային հորիզոնականների: 

суббота, 18 июля 2015 г.

«Ռեալ Մադրիդ» -«Ռոմա»: ԽԱՂԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի «Melbourne Cricket Ground» մարզադաշտում կայացած «Ռեալ Մադրիդ» -«Ռոմա» խաղն< ավարտվեց հռոմեական ակումբի հաղթանակով: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում` ավելի ուժեղ գտնվեցին «Ռոմայի» ֆուտբոլիստները 7:6 : Խաղին ներկա էին 80746 հանդիսականներ:

 Խաղի մասին: ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
Ռաֆայել Բենիտեսն առաջին հանդիպումն անցկացրեց, որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ:
 Եվ առաջին խաղակեսում դաշտ դուրս բերեց հետևյալ ֆուտբոլիստներին` Նավաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Մարսելո, Մոդրիչ, Իլյարրամենդի, Ռոնալդու, Էդեգոր, Բեյլ, Խեսե: Բնականաբար արքայական ակումբի խաղը ցույց տվեց, որ թիմում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել: Բենիտեսը այս խաղի համար ընտրել էր      4-4-2 տակտիկական դասավորությունը` հարձակման գծում փորձելով Բեյլին և Խեսեին: 
Ինչպես միշտ  դաշտի կենտրոնում անկրկնելի էր Լուկա Մոդրիչը: Խորվաթ ֆուտբոլիստի խաղից շատ բան է կախված, այդպես էր Կառլո Անչելոտիի օրոք, այդպես կլինի նաև Բենիտեսի օրոք:  Բեյլը լավ հանդիպում անցկացրեց, անընդհատ ազատ տարածություններ էր փնտրում իր համար, քանի որ նրա գլխավոր ուժն արագությունն է: 
Երկրորդ խաղակեսի ընթացքում Բենիտեսը բացի դարպադապահից, փոխարինեց մնացած ֆուտբոլիստներին: Խաղաժամանակ ստացան` Պեպեն, Նաչոն, Արբելոան, Դանիլոն, Իսկոն, Բենզեման, Կրոսը, Չերիշևը, Լ. Սիլվան, Լ. Վասկեսը: Ընդհանուր առմամբ երիտասարդները ևս լավ տպավորություն թողեցին: 

ՌՈՄԱ

Ռուդի Գարսիան խաղադաշտ էր դուր բերել հետևյալ ֆուտբոլիստներին` Դե Սանկտիս, Մ. Յ. Մբիվա, Կաստան, Մայկոն, Քոուլ, Նաինգգոլան, Դե Ռոսսի, Ուչան, Տոտտի, Ժերվինյո, Յ. Ֆալկե:

Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին հռոմեական ակումբի ֆուտբոլիստները: Նրանք ունեին մի քանի շատ լավ գոլային պահեր, բայց չկարողացան դրանք վերածել գոլի: Ժերվինյոն անընդհատ լարվածության մեջ էր պահում Կարվախալին, և իր արագության հաշվին մեկ անգամ չէ, որ շրջանցեց երիտասարդ իսպանացուն: Վստահ խաղացին նաև երիտասարդ Ուչանն ու Յագո Ֆալկեն:
Ռուդի Գարսիան նույնպես մեծ թվով փոփոխություններ կատարեց: Խաղաժամանակ ստացան` Դումբիան, Լյաիչը, Ֆլորենցին, Իտուրբեն, Պյանիչը, Տորոսիդիսը, Կեյտան, Պարեդեսը, Մանոլասը, Կապրադոսսին և Դեստրոն: 

Նախամրցաշրջանային փուլի առաջին հանդիպման համար երկու թիմերն էլ արժանի խաղ ցուցադրեցին: Մեկ-երկու խաղ ևս , և կարծում եմ ավելի արտահայտիչ կլինեն մարզիչների պլանները` կախված հաջորդ մրցաշրջանի հետ: 

«Ռեալ Մադրիդը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի  հուլիսի 24-ին Երևանի ժամանկով 14:00 -ին, որում կխաղա անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ:

«Ռոմայի» հաջորդ խաղը կկայանա հուլիսի 21-ին Երևանի ժամանակով 14:00 -ին , որում ևս կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ:

пятница, 17 июля 2015 г.

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ամերիկա» ԽԱՂԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն»,  առաջին հանդիպումն անցկացրեց այս նախամրցաշրջանային փուլում: «International Champions Cup»-ի շրջանակներում կայացած` մեքսիկական «Ամերիկայի» հետ խաղն, ավարտվեց մանկունիացիների հաղթանակով:
46.857 հանդիսական հետևել է խաղին`«CenturyLink Field» մարզադաշտում:

 Իր դեբյուտային խաղում, հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի Մորգան Շնայդերլինը: Բացի նրանից, այս խաղում իրենց նորամուտը նշեցին` Մատտեո Դարմիանը, Մեմֆիս Դեպայը և Բաստիան Շվայնշտայգերը:
 «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ  Լուի վան Գաալը, հետևյալ կազմն էր դուրս բերել խաղադաշտ` առաջին խաղակեսում:

Նախախաղյա մամուլիս ասուլիսի ժամանակ, հոլանդացի մասնագետը հայտնեց, որ այս խաղին չեն մասնակցի Դավիդ Դե Խեան և Անոտոնիո Վալենսիան` թեթև վնասվածքների պատճառով:

 «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին խաղակեսում խաղում էր 4-4-2 տակտիկական դասավորությամբ: Պաշտպանությունում` ձախից աջ. Լյուկ Շոու, Դեյլի Բլինդ, Ֆիլ Ջոնս և Մատտեո Դարմիան: Կիսապաշտպանության կենտրոնում` Մայքլ Կարրիկ և Մորգան Շնայդերլին, իսկ եզրերում` Էշլի Յանգ և Խուան Մատա, համապատասխանաբար ձախից և աջից: Առջևում` Ուեյն Ռունի և Մեմֆիս Դեպայը, որը գործում էր Ռունի թիկունքում:
 Խաղն  ակտիվ սկսեցին մանկունիացիները և արդեն հանդիպման հինգերորդ րոպեին` Խուան Մատայի եզրից կատարած փոխանցումից հետո, Մորգան Շնայդերլինը գլխի գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը:

 Մեքսիկական ակումբի ֆուտբոլիստները  փորձում էին ճնշում գործադրել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասին: Դարվին Կինտերոն  ազատ գոտիներ էր փնտրում փորձելով ճեղքել «Յունայթեդի» պաշտպանությունը, բայց անընդհատ հայտնվում էր խաղից դուրս իրավիճակում:
 Շատ լավ տպավորություն թողեց Մատտեո Դարմիանը: Իտալացի պաշտպանը, գործում էր հաշվենկատ, հասցնում էր ոչ միայն պաշտպանվել, այլ նաև  հարձակվել: Իսկ նրա խաղընկերը` Լյուկ Շոուն, ով խաղում էր ձախ եզրում, այնքան էլ հաջող հանդիպում չանցկացրեց: Խաղի ընթացքում մի քանի անգամ թույլ տվեց շատ պարզագույն սխալներ, որոնցից կարող էին օգտվել «Ամերիկայի» ֆուտբոլիստները: Պաշտպանության կենտրոնում վստահ խաղաց անկրկնելի Դեյլի Բլինդը: Ուղղակի ունիկալ ֆուտբոլիստ, որը կարող է հանդես գալ և պաշտպանությունում և կիսապաշտպանությունում: Ու բոլորովին նշանակություն չունի կխաղա նա եզրերում, թե կենտրոնում, միևնույն է հոլանդացիn իր գործը կանի բարձր մակարդակով: Բլինդը իսկական «Ջոկեր» է Լուի վան Գաալի համար: Ամեն դեպքում արդարության համար նշեմ,որ այս խաղի ընթացքում եղավ մի դրվագ, երբ նա կոպիտ սխալ թույլ տվեց սեփական տուգանային հրապարակում` ակնհայտ հարվածելով մրցակցի ոտքին: Բարեբախտաբար «Յունայթեդի» համար, այդ դրվագը չնկատեց հանդիպման գլխավոր մրցավարը:  Իսկ ընդհանուր խաղից, կարծես դուրս էր մնում Մեմֆիս Դեպայը: Նա իր նախկին թիմում`«ՊՍՎ»-ում, խաղում էր կիսապաշտպանության ձախ եզրում, հաճախակի ստեղծելով ազատ տարածություններ` իր արագության և տեղնիկայի հաշվին կարողանում էր դուրս գալ հարվածային դիրք: Իսկ այս խաղին նրա գործողությունները կարծես սահմանափակված լինեին:
 Երկրորդ խաղակեսում Լուի վան Գաալը ամբողջությամբ փոխեց թիմի կազմը, խաղադաշտ դուրս բերելով հետևյալ ֆուտբոլիստներին`
 Լինդեգոր, Մակնեիր, Սմոլլինգ, Էվանս, Բլեկեթ, Լինգարդ, Շվայնշտայգեր, Էրերրա, Պերեյրա, Յանուզայ, Ուիլսոն:
 Այս մեծ թվով երիտասարդների մեջ` Շվայնշտայգերը խաղը վերցրեց իր վրա:  Գերմանացին իր երկար փոխանցումներով, գրոհներին էր միացնում եզրային ֆուտբոլիստներին` Լինգարդին և Պերեյրային: Այս երկու երիտասարդները լավ հանդիպում անցկացրեցին: Ինչպես վերջին երկու տարիներին, այդպես էլ հիմա. «Յունայթեդի» պաշտպանության գծում կան թույլ կողմեր: Սմոլլինգն ու Էվանսը, մեկական անգամ կոպիտ սխալ թույլ տվեցին, բայց նորից մեքսիկական ակումբի ֆուտբոլիստները չկարողացան պատժել մրցակցին` անփութության համար:
 Ինչև,  հանդիպումն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով` 1:0 հաշվով:

 Մանկունիացիների  հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին, Երևանի ժամանակով 07:00-ին: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի` Սան Խոսե քաղաքում տեղակայված «Avaya Stadium»-ում, «Յունայթեդը» կհյուրընկալվի տեղի  «Սան Խոսե» ակումբին:

«Ռեալ Մադրիդ» -«Ռոմա»: ԱՆՈՆՍ

«International Champions Cup»-ի շրջանակներում ` Հուլիսի 18-ին Երևանի ժամանակով 13:00 կմեկնարկի «Ռեալ Մադրիդ» -«Ռոմա» հանդիպումը, որը կկայանա Ավստրալիայի Մելբուրն քաղաքի «Melbourne Cricket Ground» մարզադաշտում: Այն տեղավորում է 100024 հանդիսական:


ԹԻՄԵՐԻ ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ


«Ռեալ Մադրիդը» Ավստրալիա է մեկնել հետևյալ կազմով`  Կ.Նավաս, Պաչեկո, Յանես, Ռ. Վարան, Ս. Ռամոս, Պեպե, Նաչո, Մարսելո, Դ. Կարվախալ, Ա. Արբելոա, Դանիլո, Տ. Կրոս, Գ. Բեյլ, Լ. Սիլվա, Լուկաս, Լ. Մոդրիչ, Դ. Չերիշև, Իսկո, Ա. Իլյարրամենդի, Մ. Էդեգոր, Մ. Լորենտե, Լասո, Կ. Բենզեմա, Խեսե, Կ. Ռոնալդու, Խ. Ռոդրիգես, Կազեմիրո:


   «Ռոմայի» հայտացուցակը  «International Champions Cup»-ի համար, ունի հետևյալ տեսքը`Բոգդան Լոբոնտ, Մապու Յանգա Մբիվա, Էշլի Քուլ, Ռադջա Նաինգգոլան, Լեանդրո Կաստան, Կևին Ստրոոտման, Խուան Մանուել Իտուրբե, Ադեմ Լյաիչ, Ֆրանչեսկո Տոտտի, Մայկոն, Յագո Ֆալկե, Միրալեմ Պյանիչ, Դանիելե Դե Ռոսսի, Վիկտոր Իբարբո, Սեյդու Կեյտա, Մատտիա Դեստրո, Ալեսսանդրո Ֆլորենցի, Մորգան Դե Սանկտիս, Ժերվինյո. Լեանդրո Պարեդես, Վասիլիս Տորոսիդիս, Կոնստանտինոս Մանոլաս, Ալեսիո Ռոմանիոլի, Սալի Ուջան. Սիլվիո Անոչիչ, Լորենցո Դի Լիվիո. Տոմաշ Սվեդկասկաս, Խոսե Մաչին Դիկոմբո, Ալին իոնուտ Պոպ, Սեյդու Դումբիա, Էլիո Կապրադոսսի, Անտոնիո Սանաբրիա:

Ի տարբերություն Ռաֆայել Բենիտեսի ` «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան ավելի մեծ թվով երիտասարդների է ներառել այս մրցաշարի հայտացուցակում:

Շարունակեք հետևել իմ բլոգի գրառումներին և տեղեկացված եղեք «International Champions Cup»-ի իրադարձություններից:
   

среда, 15 июля 2015 г.

«INTERNATIONAL CHAMPIONS CUP» «Մանչեսթեր Յունայթեդ». ԱՆՈՆՍ



«INTERNATIONAL CHAMPIONS CUP»-ի  հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի «CenturyLink Field» մարզադաշտում, որը տեղավորում է 67.000 հանդիսական: Այս խաղում իրար հետ կմրցեն մեքսիկական «Ամերիկան» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին, Երևանի ժամանակով առավոտյան 07:00-ին:
 «Մանչեսթեր Յունայթեդը»  զարմացրեց բոլորին իր տրանսֆերներով: Արդեն  թիմի կազմը համալրել են Մեմֆիս Դեպայը, Մատտեո Դարմիանը, Բաստիան Շվայնշտայգերն ու Մորգան Շնայդերլինը: Եվ այս նորեկները արդեն իսկ միացել են թիմին և մեկնել ԱՄՆ` անցկացնելու նախամրցաշրջանային հավաքը: 
«Կարմիր սատանաների» ամբողջական հայտացուցակը «INTERNATIONAL CHAMPIONS CUP»-ի համար առայժմ ունի հետևյալ տեսքը` Թայլեր Բլեկետ, Դայլի Բլինդ, Մայքլ Կերրիկ, Մատտեո Դարմիան, Դավիդ Դե Խեա, Մեմֆիս Դեպայ, Ջոնի Էվանս, Մարուան Ֆելլաինի, Անդեր Էրրերա, Ադնան Յանուզայ, Ֆիլ Ջոնս, Խուան Մատա, Պատրիկ Մակնեիր, Ուեյն Ռունի, Մորգան Շնայդերլին, Բաստիան Շվայնշտայգեր, Լյուկ Շուի, Քրիս Սմոլլինգ, Անտոնիո Վալենսիա, Ջեյմս Վիլսոն, Էշլի Յանգ, Անդերս Լինդեգաարդ, Ջեսի Լինգարդ, Ադրեաս Պերեյրա,  Սեմ Ջոնսթոն և Շոն Գոսս:

Տարբեր պատճառներով այս ցուցակից դուրս են մնացել  Վիկտոր Վալդեսը, Ռաֆայելը, Մարկոս Ռոխոն և Անխել Դի Մարիան:
Մանկունիացիների գլխավոր մարզիչ Լուի վան Գաալը հարցազրույցներից մեկում նշել էր, որ այս մրցաշարի ընթացքում` առաջին երկու խաղերին, թիմի կազմը ամեն խաղակեսից հետո կփոխվի: Դրանով հոլանդացի մասնագետը կփորձի շանս տալ ակադեմիայի երիտասարդներին:
  Դե ինչ, սա շատ լավ հնարավորություն է հետևելու թիմի նորեկներին և ոչ միայն: Հետևեք իմ բլոգի գրառումներին և տեղեկացված եղեք «INTERNATIONAL CHAMPIONS CUP»-ի հետագա զարգացումներից: 

понедельник, 13 июля 2015 г.

Իսպանական ակումբները ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐՈՒՄ



Չեմպիոնների լիգայի գալիք մրցաշրջանում կարող է բացառիկ ռեկորդ գրանցվել` խմբային փուլում կարող են հայտնվել նույն երկիրը ներակայացնող հինգ թիմեր: Այսպիսի դեպք կարող էր տեղի ունենալ դեռևս 2005-2006թթ  մրցաշրջանի ընթացքում` երբ անգլիական հինգ թիմեր իրավունք էին ստացել մասնակցել ՉԼ-ի տվյալ խաղարկությանը: Այդ թիմերն էին` «Լիվերպուլը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Էվերթոնը»: Բայց վերջինս չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը: 
  Այս տարի այդ ռեկորդը կարող են գրանցել իսպանական ակումբները, և շատ բան կախված է «Վալենսիայից», որն էլ մասնակցելու է որակավորման փուլին: Դե իսկ բացի «Վալենսիայից» մնացած չորս ակումբներն արդեն իսկ, իրենց տեղն ապահովել են խմբային փուլում: Դրանք են «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկոն» և «Սևիլիան»: Չնայած նրան , որ «Սևիլիան» Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը, բայց հաղթել է Եվրոպա լիգան, հետևաբար  կխաղա ՉԼ-ի գալիք խաղարկության խմբային փուլում:
  Այս տարի «Վալենսիայի» ցուցադրած խաղը  Լա Լիգայում անկասկած  հույս է ներշնչում, որ իսպանական ակումբը պատրաստ է խաղալու ՉԼ-ում: Բայց Նունու Էշպիրիտու Սանտուի սաների հաջողություններին այս մրցաշրջանում օգնեց այն հանգամանքը, որ թիմը չէր մասնակցում եվրագավաթների` այսինքն «կռվում» էր մի ճակատով: Վառ օրինակ է այս մրցաշրջանում իսպանական մեկ այլ թիմի` Բիլբաոյի «Ատլետիկի» ցուցադրած արդյունքները: Կարողանալով հաղթահարել ՉԼ-ի այս տարվա որակավորման փուլի արգելքը, «բասկերը» իրավունք ստացան մասնակցելու խմբային փուլին: Ու չնայած նրան, որ ունեին լավ հնարավորություններ խմբից դուրս գալու միևնույնն է. տապալվեցին և՛ Լա Լիգայում, և՛ ՉԼ-ում, քանի որ պատրաստ չէի պայքար մղել երկու մրցաշարում:
 «Վալենսիան» կարծես ավելի լուրջ է մոտենում այս հարցին: Նրանց  սեփականատեր` սինգապուրցի Պիտեր Լիմը կարծես պատրաստ է մեծ ներդրումներ կատարելու:  Բացի նոր ձեռքբերումներից թիմն ունի շատ լավ կազմ: Վերջերս էլ «Վալենսիայի» գլխավոր մարզչի օգնական է նշանակվել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլլը: Որն անկասկած իր փորձով կնպաստի թիմի հետագա հաջողություններին:
 Իսկ վիճակահանության առումով ցանկացած տարբերակ բացի «Մանչեսթեր Յունայթեդից», ձեռնտու կլինի «Վալենսիային»:

  

суббота, 11 июля 2015 г.

«INTERNATIONAL CHAMPIONS CUP». Սթիվեն Ջերարդի նորամուտը

«INTERNATIONAL CHAMPIONS CUP»-ի շրջանակներում`  ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի,Կարսոն քաղաքի «StubHub Center» մարզադաշտում տեղի ունեցավ «ԼԱ Գելաքսի»-«Ամերիկա» հանդիպումը: Այն չափազանց մեծ հետաքրքրություն էր առաջացրել երկրպագուների մոտ, քանի որ «ԼԱ Գելաքսիի» կազմում իր նորամուտն էր նշում` անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերրարդը:
 
  «INTERNATIONAL CHAMPIONS CUP»-ում  մեզ ավելի շատ հետաքրքրում է եվրոպական այն գրանդ ակումբների խաղը, որոնք մասնակցում են այս մրցաշարին: Բայց ամերիկյան թիմերի խաղերն էլ անտեսել  չի կարելի, առավել ևս, որ իմ նախորդ գրառման մեջ նշել եմ, որ ձեզ կներկայացնեմ խաղերի վերլուծությունները: Եվ այսպես, մի քանի խոսք «ԼԱ Գելաքսի»-«Ամերիկա» խաղի մասին:

«StubHub Center» մարզադաշտում հավաքված երկրպագուները շատ ջերմ դիմավորեցին թիմի աստղային նորեկ Սթիվեն Ջերրարդին: Արդեն հայտնի էր, որ վերջինս մասնակցելու էր այս հանդիպման միայն առաջին խաղակեսին:
  Երկու թիմերն ել շատ ակտիվ սկսեցին խաղը:Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեքսիկական «Ամերիկա» թիմի հարձակվող Դարվին Կինտերոյի վրա: Նա առաջին 5 րոպեներին չափազանց ակտիվ էր, անընդհատ շարժման մեջ էր, մի քանի անգամ հայտնվեց խաղից դուրս իրավիճակում, իսկ ահա հանդիպման 7-րդ րոպեին, կարողացավ հաշվի մեջ առաջ մղել իր թիմին` 0:1 :
  Ուշադրությունը դեպի Սթիվեն Ջերրարդը և թիմի մյուս հայտնի ֆուտբոլիստ` Ռոյ Քինը ավելի մեծացավ: Չնայած դրան մինչև առաջին խաղակեսի միջնամասը, ավելի աշխույժ էին մեքսիկական ակումբի ֆուտբոլիստները: Այս ընթացքում Ջերրարդը բավական ակտիվ էր, անընդհատ փորձում էր սրել խաղը` իր երկար փոխանցումներով, որոնք հիմնականում ուղղված էին դեպի Ռոյ Քինը: Վերջինս, ևս անընդհատ շարժման մեջ էր և դիմում էր պրեսսինգի: Այդ պրեսսինգը արդյունք էր տալիս, և Քինը  ուներ լավ հնարավորություն աչքի ընկնելու, բայց նրա հարվածից հետո գնդակը դուրս եկավ դեպի անկյունային: Այնուհետև հետևեց հարված Սթիվեն Ջերրարդի կողմից, որը նույնպես «Ամերիկայի» դարպասապահի համար դժվարություն չառաջացրեց: Առաջին խաղակեսի վերջնամասում լավ հնրավորություն ուներ Կինտերոն` իր թիմի առավելությունը կրկնապատկելու, բայց ներխուժելով մրցակցի տուգանային հրապարակ, իրենից շատ հեռու բաց թողեց գնդակը, ինչի արդյունքում էլ կորցրեց այն:
Խաղակեսի ամենավերջում, իր խոսքն ասաց «ԼԱ Գելաքսիի» ավագ Ռոյ Քինը: Հետևեց երկար փոխանցում դեպի Քինը, թվում էր, թե այն իր մեջ վտանգավոր ոչինչ չի պարունակում: Բայց մեքսիկական թիմի դարպասապահը ուղղակի մնաց զարմացած, երբ այդ փոխանցումից հետո Քինը միանգամից ընդունեց գնդակը, գեղեցիկ կերպով շրջվեց և այն ուղարկեց «Ամերիկայի» արդեն անպաշտպան դարպասը: 1:1, ը հենց այս հաշվով էլ թիմերը գնացին ընդմիջման:


Երկրորդ խաղակեսում մեծ թվով փոփոխություններ տեղի ունեցան` երկու թիմերի կազմերում էլ: Ինչպես և նախատեսված էր Սթիվեն Ջերրարդը խաղաց մեկ խաղակես: Ընդհանուր առմամբ լավ տպավորություն թողեց: Կար որոշակի կաշկանդվածություն, բայց դա նորմալ է հաշվի առնելով, որ նա առաջին հանդիպումն էր անցկացնում իր նոր թիմի կազմում: Իսկ հանդիպումն ավարտվեց «ԼԱ Գելաքսիի» հաղթանակով 2:1 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Ալան Գորդոնը:


Կառլես Պույոլի հարցազրույցը «La Vanguardia»-ին:

Կառլես Պույոլի աչքերը դեռևս վառվում են ֆուտբոլ խաղալու ցանկությունից: Միանգամայն  հասկանալի է, որ ֆուտբոլից հեռանալը բոլորովին էլ նրա ցանկությունը չէր: Այդպես ստիպեցին հանգամանքները: Ավելի կոնկրետ ծնկի վնասվածքը:
 Ձեզ եմ  ներկայացնում  Կառլես Պույոլի հարցազրույցը իսպանական «La Vanguardia» պարբերականին:


-Կառլես, անցել է արդեն մեկ տարի այն օրվանից, երբ դու մեխից  կախեցիր խաղակոշիկներդ : Ինչպե՞ս ես հաղթահարում դա:

-Ես շատ եմ կարոտում ֆուտբոլը և ինձ համար դժվար էր կայացնել այդ որոշումը: Եթե գոնե մի փոքր հնարավորություն ունենայի ֆուտբոլ խաղալու, ապա այդքան ծանր չէի տանի: Բայց ֆուտբոլը իմ կյանքից ամբողջովին վերացավ: Անցած ամռանը ես նույնիսկ աստիճաններով իջնելուց դժվարություններ էի ունենում:

-Քո ծնկի հետ ամեն ինչ այդքա՞ն վատ է:

-Արդեն ոչ: Ես շատ գոհ եմ այն հետազոտությունների արդյունքներից, որոնք ինձ մի քանի օր առաջ հայտնեց բժիշկս:

-Ի՞նչ ես ի վիճակի անելու և ի՞նչ ոչ:

-Հիմա ես  կարողանում եմ վարժություններ կատարել, բայց առանց ծանրաբեռնվածության: Ո՛չ սպորտ, ո՛չ  ֆուտբոլ: Ես չեմ կարողանում երկար ժամանակ վազել: Բայց հիմա արդեն  վերադարձել եմ մարզումների և հույս ունեմ, որ դա դրական արդյունք կտա:

-Քո վերադարձը որպես ֆուտբոլիստ`  դա ուտոպիա՞ է:

-Կստեմ, եթե ասեմ, որ երբեք չեմ մտածել դրա մասին: Եվ եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա միայն մի պայմանով`դա չպետք է դառնա ինձ համար տանջանք: Անհնարին ոչինչ չկա, բայց միևնույնն է ես փորձում եմ կենտրոնանալ ներկայի վրա:

-Դու արդեն  37 տարեկան ես:

-Միտքս ու ֆիզիկական վիճակս կարգին է , ուղղակի այսպես ասած «ակս է ծակվել»:

-Ուզում ես ասել, ո՞ր դու «թոշակի» ես անցել:

-Այդպես էլ կա: Հիմա իմ գլխավոր նպատակն է` բուժել ծունկս, իսկ հետոն` ժամանակը ցույց կտա:

-Դու զղջու՞մ ես, որ միշտ խաղացել ես անմնացորդ նվիրումով:

- Միակ բանը, որի համար զղջում եմ դա այն է, որ ավելի շուտ չդիմեցի վիրահատության: Եթե դա տեղի ունենար, ապա շատ հնարավոր է, որ ես մինչև հիմա ֆուտբոլ կխաղայի:

-Իսկ դա ու՞մ սխալն էր:

-Իմ: Դա իմ որոշումն էր: Ես մտածում էի թիմի շահերի մասին, իսկ երբ հասկացա, որ այլևս չեմ կարողանում խաղալ, այդժամ նոր դիմեցի վիրահատության: Որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ ես դիտավորյալ դիմեցի այդ քայլին, քանի որ ինձ կարևոր խաղերում խաղադաշտ դուրս չէին բերում: Ժամանակը ցույց տվեց, թե ով էր ճիշտ, բայց միևնույն է ես այդպես էլ չլսեցի նրանց ներողությունը:

-Ո՞ր պահին դու որոշեցիր «հանձնվել»:

-Դա ինչ-որ կոնկրետ օր չի եղել: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր հեշտ հանձնվում են: Բայց վերջին վիրահատությունից հետո, ծնկիս մեջ սկսեց ջուր հավաքվել և այդ պահին ես հասկացա, որ չեմ կարող ո՛չ խաղալ, ո՛չ էլ մարզվել: Ես դարձա անհուսալի: Մարտինոն ուզում էր, որ ես խաղայի, բայց ես ասեցի նրան. «Թող խաղան մյուսները, նրանք ինձնից լավն են»:

-Ի՞նչ զգացիր այդ բառերը ասելու պահին:

- Թեթևություն: Ես ցանկանում էի խաղալ մինչև 40 տարեկան: Նույնիսկ մտածում էի խաղալ առանց աշխատավարձի, բայց  ի վիճակի չէի:

-Դու արդեն որոշել ես, թե ինչո՞վ ես զբաղվելու ապագայում:


- 20 տարի շարունակ, ես ամեն առավոտ  արթնացել եմ այն ուրախությամբ ու մտքով, որ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով. ֆուտբոլ եմ խաղում. մարզվում եմ: Իսկ հիմա այդ զգացողությունը լքել է ինձ: Ի երջանկություն ինձ, ես ունեմ ընտանիք, որն ինձ շատ է օգնում: Կա նաև աշխատանքի առաջարկ, բայց դա անչափ պատասխանատու որոշում է, որը կայացնելու համար ժամանակ է անհրաժեշտ:

- Ի՞նչ պաշտոնի մասին է խոսքը. մարզական տնօրեն, մարզիչ, դեսպան:

-Այդ բոլորը իհարկե հետաքրքիր է, բայց հիմա ժամանակն է ինքնակատարելագործվելու: Ես անցել եմ մարզական տնօրենի համար նախատեսված կուրսերը, իսկ հիմա փորձում եմ անցել մարզչական դասընթացների:

-Դու՞ մարզիչ:

-Ինչու ո՛չ: Միգուցե ես կկարողանամ ինձ գտնել այդ բնագավառում, չգիտեմ:

-Արդյո՞ք Սուբիսարրետայի օգնականը դառնալու որոշումը հապշտապ էիր  կայացրել:

-Այո, բայց ես չեմ զղջում դրա համար: Ես շատ բան սովորեցի այդ գործում, բայց կարծում եմ, որ դրա համար այնքան էլ հարմար պահ չէր: Խնդիրը իմ մեջ էր, այլ ոչ թե ակումբի:

-Ե՞րբ հասկացար, որ այդ աշխատանքը քեզ չի համապատասխանում:

-Գրասենյակում անցկացրած հենց առաջին օրվանից  ինձ մոտ տարօրինակ զգացողություններ առաջացան: Ես  տեղս չէի գտնում: Եվ նոյեմբերին  ակումբի նախագահին հայտնեցի իմ հեռանալու ցանկության մասին: Դեկտեմբերին զրուցեցի Սուբիսարրետայի հետ, իսկ հետո եղավ այն` ինչ եղավ:


- Փաստորեն քո և Սուբիսարրետայի հեռանալը միմյանց հետ կապ չունե՞ր:

- Ոչ, ես այդ որոշումը կայացրել էի ավելի շուտ:

-Իսկ ինչպե՞ս կբացատրես այն, որ երկուսդ էլ նույն օրը լքեցիք ակումբը:

-Դա ակումբի մեղավորությունն էր: Ամեն ինչ արդեն պատրաստ էր հունվարի 2-ին: Այդ հեռանալու մասին որոշման օրն`  արդեն իսկ մի քանի անգամ հետաձգվել էր: Ես պատրաստ էի մարդկանց բացատրելու. իմ հեռանալու որոշման պատճառը, բայց ակումբում ինձ ասացին, որ նոր տարում այդ լուրը չպետք է առաջինը լինի: Ես հարցրեցի, թե  արդյո՞ք հեռացնելու են Սուբիին, ինձ պատասխանեցին` ոչ:

-Բայց նրան հեռացրեցին:

-Դա ինձ դուր չեկավ, հատկապես այն, թե ինչպես դա արվեց: Վերջ ի վերջո դա նրանց որոշումն էր, բայց ինձ համար ցավալի էր տեսնել, թե ինչեր են գրում թերթերը` Անդոնիի հեռացման վերաբերյալ:

-Դու խոսե՞լ ես Բարտոմեուի հետ:

-Այո, ու նա գիտի, թե ինչ եմ ես մտածում այդ առումով:

-Մոտենում է «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը, ու քեզ և Լապորտային շատ բան է կապում:

-Մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Մենք ընդհանուր ընկերներ ունենք և նույնիսկ մի քանի անգամ հանդիպել ենք ընթրիքի սեղանի շուրջ: Նա զանգահարել էր ինձ իմանալու համար, թե ինչո՞վ եմ զբաղված: Ես նրան ներկայացրեցի իրավիճակը և նա ինձ հասկացավ:

-Ինչպե՞ս ես նայում այն հարցին, որ Աբիդալը կարող է ստանձնել մարզական տնօրենի պաշտոնը` չնայած այդ ոլորտում փորձ չունի:

-Այն, որ ես ձգտում եմ ինքնակատարելագործման, չի նշանակում որ Աբիդալը որակավորված չէ: Ես ամենայն բարիք եմ մաղթում նրան այդ պաշտոնում:

-Դու նորմա՞լ ես համարում այն հանգամանքը, որ նախագահի թեկնածուների թիվը այդքան շատ է, հաշվի առնելով այն, որ ակումբը այս տարի «ոսկե հետ-տրիկ» ձևակերպեց:

-Եթե նրանք մասնակցում են ընտրություններին, դա նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրը մտածում է թիմը ավելի ուժեղ դարձնելու մասին:

-Դու դեռ թեկնածուներից և ոչ մեկին չես տվել քո հավանությունը:

-Ես զգում եմ, որ համարվում եմ «Բարսայի» մի մասնիկը, ու ես ծառայում եմ ակումբին:

-Եվ այսպես ո՞վ է Կառլես Պույոլը: Կրոյֆի, Լապորտայի, թե՞ Ռոսելի կողմնակիցը:

-Առաջին հերթին ես «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» կողմնակիցն եմ:

-Ինչու՞ է ակումբի շուրջ անընդհատ այդքան «աղմկոտ»:

-Հենց այդ խմբավորումների պատճառով (կամ Կրոյֆի կողմնակիցներ, կամ Լապորտայի, և այլն): Դա այն է ինչ մենք ունենք, որն էլ շատ դժվար է փոխել: Չնայած վերջին 10 տարիներին մենք բազմաթիվ տիտղոսներ ենք շահել` անտեսելով այդ «աղմուկը»:

-Ի՞նչ մտքեր էին պտտվում քո գլխում, երբ «Բարսան» այս մրցաշրջանի միջնամասում «Անոետա» մարզադաշտում պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»: Ապագան մշուշո՞տ էր:

-Ոչ, ես այդ պահին չէի մտածում, որ թիմը կկարողանա երեք տիտղոս նվաճել տարվա վերջում` քանի որ դա չափազանց բարդ է: Բայց «Բարսելոնան»  կարողացավ հավաքվել: Եվ ես վստահ եմ նրանք մյուս տարում ևս կլինեն մարտունակ:

-Ինչպե՞ս կհիշվի այս «Բարսելոնան»: Մեսսիի՞ «Բարսան»:

-Մեսսին լավն է բոլորից` ում ես տեսել եմ: Նա «այլմոլորակային»  է: Նա հիմա ավելի լավն է` քան չորս տարի առաջ: Նա սկսել է ավելի լավ կարդալ խաղը: Լեոն ուղղակի անկասելի է:

- Դուք արդեն նշե՞լ եք «trebl»-ը  Լուիս Էնրիկեի հետ:

- Դեռ ոչ, բայց մենք  մոտ ընկերներ ենք: Ես շատ ուրախ եմ նրա համար և մեծ սիրով կաշխատեի նրա հետ:

-Արդյո՞ք Լուիս Էնրիկեն  ի օգուտ թիմի լիդերների գնաց փոխզիջումների:

- Ես չգիտեմ, թե ի՞նչ է տեղի ունեցել հանդերձարանում, բայց «Լուչոն»  լավ տղա է: Մարդիկ կարող են այլ կարծիք ունենալ, բայց ինձ բախտ է վիճակվել մոտիկից ճանաչել նրան, և ես կարող եմ վստահեցնել, որ Լուիս Էնրիկեն լավ մարդ ու լավ ընկեր է, որը երբեք ձեզ չի դավաճանի, այլ միշտ կպաշտպանի: Բացի դրանից նա ասում է . «Ֆուտբոլիստը առաջին հերթին սպասում է, որ մարզիչը իրեն կասի ճշմարտությունը»:







пятница, 10 июля 2015 г.

Ուշադրություն ֆուտբոլասերներին

Ես Միհրան Ալեքսանյանն եմ: Գրեթե մեկ ամիս է, ինչ իմ բլոգի գրառումները տեղադրվում են hzham.am կայքում: Նյութերը ամբողջովին նվիրված են ֆուտբոլին: Եվ քանի որ, այս ընթացքում եվրոպական ֆուտբոլում դադար էր, գրառումները հիմնականում իրենցից ներկայացնում էին ամփոփումներ` այս կամ այն ակումբի, ֆուտբոլիստի անցկացրած մրցաշրջանից: Հիմա արդեն եվրոպական ֆուտբոլային թիմերը վերադարձել են արձակուրդից և սկսում են պատրաստվել մինչմրցաշրջանային հավաքների: Այս պատճառով այսօրվանից սկսած իմ  գրառումների շեշտը կդրվի գալիք 2015-2016 մրցաշրջանի վրա:
Հուլիսի 12 ից մինչև օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում կանցկացվի
 «INTERNATIONAL CHAMPIONS CUP»-ը:

  Ի՞նչ է այն իրենից ներկայացնում


Սա ընկերական բնույթի  միջազգային ֆուտբոլային մրցաշար է, որը անցկացվում է ակումբային մակարդակով: Միավորների բաշխումը մի փոքր այլ է. հաղթանակի համար` 3 միավոր, եթե խաղը ավարտվում է ոչ-ոքի, ապա 11 մետրանոց հարվածաշար, հաղթողին` 2 միավոր, իսկ պարտվողին` 1:
 Արդյունքում մրցաշարում հաղթում է այն թիմը, որն ավելի շատ միավոր է վաստակել:
 Թիմերը բաժանված են երեք  այսպես ասած «խմբերի»: Խաղերը տեղի են ունենալու ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Չինաստանում և եվրոպական մի քանի քաղաքներում:

 Ավստրալիա
Այստեղ խաղալու են  «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին» և «Ռոման»:
 Չինաստան
Այստեղ նույնպես խաղալու է «Ռեալ Մադրիդը», բայց այս անգամ մադրիդյան ակումբի մրցակիցները կլինեն  «Միլանը» և «Ինտերը»:
ԱՄՆ
Այստեղ համեմատած նախորդ երկուսի, թիմերը զգալիորեն շատ են:  «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ», «ՊՍԺ», «Ֆիորենտինա», «Բարսելոնա», «Պորտու», 
«Ամերիկա», «Լոս-Անջելես Գելեքսի», «Նյու-Յորք Ռեդ Բուլլս», «Սան-Խոսե»:

Հանդիպումները կցուցադրվեն  ռուսական «Спорт 1» հեռուստաալիքի ուղիղ եթերում:



Եվ այսպես այս մրցաշարը շատ լավ հնարավորություն է տալիս երկրպագուներին հետևելու իրենց սիրելի թիմերի մինչմրցաշրջանային հավաքներին: Բացի հանրահայտ եվրոպական թիմերից, այս մրցաշարին մասնակցում են նաև ամերիկյան թիմեր: 
 Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին Երևանի ժամանակով առավոտյան 07:20 -ին: Միմյանց միջև կմրցեն «ԼԱ Գելաքսին» և «Ամերիկան»: Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս  «ԼԱ Գելաքսիին» է միացել անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը:

Հետևեք  իմ բլոգին և տեղեկացեք «INTERNATIONAL CHAMPIONS CUP»-ի հետագա զարգացումներին:






среда, 8 июля 2015 г.

«Rio Meets». Հարցազրույց ԴՐՈԳԲԱՅԻ ՀԵՏ

Ավարտելով ֆուտբոլիստի կարիերան «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը անցել է աշխատանքի բրիտանական հեռուստաընկերությունում: Եվ նույնիսկ ունի իր հեղինակային հաղորդումը` «Rio Meets», որի ընթացքում նա հարցազրույց է վերցնում իր նախկին կոլեգաներից: Այս անգամ Ռիոյի հյուրն է «Չելսիի» արդեն նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան:


Ֆերդինանդ- Դիդյե, շնորհավորանքներս չեմպիոնության կապակցությամբ, ի՞նչպես են գործերը:

Դրոգբա- Հոյակապ, ուղղակի հոյակապ: Անհավանական զգացողություն է վերադառնալ ակումբ և միանգամից դառնալ երկրի չեմպիոն:

Ֆերդինանդ- Հիշելով ավարտված մրցաշրջանը, կարո՞ղ ես նշել այն կարևոր պահերը, որոնք կապված են քո անձի հետ. այս ֆուտբոլային տարում:

Դրոգբա- (մի քանի վարկյան մտածելուց հետո). Դե կարծում եմ այդ պահերից մեկը անկասկած իմ առաջին խաղն է «Ստեմֆորդ Բրիդջում», «Չելսի» վերադառնալուց հետո: Այդ պահին երկրպագուների աջակցությունը ուղղակի ֆանտաստիկ էր: Նաև մի քանի կարևոր խաղեր ընդհանուր թիմի համար: Օրինակ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը «Օլդ Տրաֆֆորդում»: Այդ օրը ես մրցաշրջանում առաջին անգամ խաղը սկսեցի մեկնարկային րոպեներից և  գոլի հեղինակ դարձա, որը առաջինն էր «Չելսիի» կազմում,   երբ 2012-ին ես հեռացա ակումբից:

Ընդհանուր առմամբ այդ խաղը մեզ համար շատ կարևոր էր: Դրանից առաջ մենք խաղացել էինք «Մանչեսթեր Սիթիի» հետ և ցանկանում էինք փորձել, արդյո՞ք կկարողանանք այդպիսի պայքար մղել նաև «Յունայթեդի» հետ: Փաստորեն կարողացանք և դա արեցինք բարձր մակարդակով:

Ֆերդինանդ- Առհասարակ, երբ թիմը իր առջև կոնկրետ նպատակներ է դնում` տիտղոսներ հաղթելու առումով, և գտնվում է պրոցեսսի մեջ, մրցաշրջանի ընթացքում գալիս է մի պահ, երբ ֆուտբոլիստները մտածում են. «հմմմ... բայց չէ որ,  մենք իրոք կարող ենք հաղթել այս մրցաշարում »: Քեզ մոտ, ե՞րբ առաջացավ այդ զգացողոթյունը:

Դրոգբա- Այո, դա ինձ ծանոթ է: Կարծում եմ այդ զգացումը առաջացավ «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո: Հիշում եմ տղաների ռեակցիան այդ պահին: Մրցաշրջանի տվյալ հատվածում, եթե լինենք անկեղծ` մենք իրոք հոգնել էինք: Դժվար է ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցուցադրել բարձր մակարդակի ֆուտբոլ: Այդ ընթացքում մենք միգուցե չէինք ցուցադրում այն խաղը, որը մեր ուժերի սահմաններում էր: Այնուամենայնիվ մենք կարողացանք արդյունք ապահովել և քայլ առ քայլ մոտեցանք մեր նպատակին: Կարծում եմ այդ պահին էլ հասկացանք, որ չնայած դժվարություններին. կարող ենք հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգան:

Ֆերդինանդ- Դու աշխատել ես Ժոզե Մոուրինյոյի հետ երկու տարբեր ժամանակահատվածներում: Կարող ես համեմատել  նրա նախկին և ներկա
«Չելսի»-ները: Կա արդյոք տարբերություն և ո՞րն է ավելի լավը:

Դրոգբա- Կարծում եմ նախկին «Չելսին» ավելի լավն էր և հզոր: Այնտեղ իմ վրա ավելի շատ շեշտը դրված էր որպես ֆուտբոլիստի: Եվ հետո ինձ թվում է կա տարբերություն:  Քանզի հին «Չելսին» ավելի փորձառու էր: Երբ ես միացա ակումբին, ֆուտբոլիստների միջին տարիքը` 25 էր: Բացի դրանից այն թիմն ուներ` Ֆրենկ Լեմպարդ, Կլոդ Մակելելե, Վիլլյամ Գալլաս: Իսկ այսօրվա «Չելսին» դեռևս «երիտասարդ» է, ու ես վստահ եմ, որ ֆուտբոլիստները կսկսեն  աճել և զարգանալ, որպեսզի հասնեն նորանոր հաջողությունների:

Ֆերդինանդ- Այդուհանդերձ, այդ երկու թիմերից ո՞րն է ավելի ուժեղ:
Դրոգբա- Դե... Կարծում եմ ինձ հետ կհամաձայնես, որ ավելի ուժեղ էր Մոուրնյոյի առաջին «Չելսին»: Ամեն դեպքում մենք այն ժամանակ  հասել ենք ավելիին` քան այսօրվա թիմը: Ավելի շատ տիտղոսներ ենք նվաճել և տրամաբանական է ասել, որ նախկին «Չելսին» ավելի հզոր էր: Միևնույն դեպքում լեզուս չի պտտվի ասել , որ այսօրվա «Չելսին» լավը չէ: Այս ամբողջ մրցաշրջանի ընթացքում թիմը եղել է մրցաշարային աղյուսակի բարձունքում և արժանիորեն հռչակվել է չեմպիոն: Կարծում եմ դեռ վաղ է այսօրվա թիմին գնահատական տալ:

Ֆերդինանդ- Ո՞րն է քո ապրած  ամենալավ պահը «Չելսիում»:

Դրոգբա- Դե իհարկե հաղթանակը Չեմպիոնների լիգայում: Այդ պատմությունն ուղղակի նման է հեքիաթի. հատկապես այն, որ մենք պարտվեցինք այն եզրափակչում երբ...

Ֆերդինանդ-(ընդհատում է) Ես հենց այդ եզրափակչի մասին էի ուզում հարցնել: Այդ խաղում դու կարմիր քարտ ստացար, որն իմ կարծիքով միանգամայն արդարացի էր: Եվ այս ամենն օգնե՞ց քեզ վերականգնվելու 2012թ -ի այդ խաղին` դառնալով ավելի ուժեղ ու պայքարող ֆուտբոլիստ:

Դրոգբա- Այո, ես նույնպես դա նկատի ունեի: Ես շատ լավ հիշում եմ, որ այդ խաղին ասեցի մարզչին. «Պետք է  փոխել տակտիկական սխեման և խաղալ երկու հարձակվողով` Ես և Նիկոլա Անելկան » : Բայց մենք այդպես էլ շարունակեցինք խաղալ 4-3-3 տակտիկական դասավորությամբ...

Ֆերդինանդ-(ընդհատում է) Դու նույնիսկ դա էլ ես հիշու՞մ:

Դրոգբա- Դե ինչպես տեսնում ես հիշում եմ (ծիծաղում է): Ձեզ համար հեշտ էր պաշտպանվել մեր ընտրած 4-3-3 -ի դեմ: Իսկ ես կարծում էի, որ ունենալով առջևում երկու հարձակվող` մենք ավելի շատ շանսեր կունենանք մեն-մենակ մնալու պաշտպանների հետ: Դա մեզ հնարավորություն կտար  ավելի շատ գոլային պահեր  ստեղծելու:

Ինչ վերաբերում կարմիր քարտին, ապա այդ պահին ես հասկանում էի, որ իրավունք չունեմ լքելու ակումբը` չնայած ընձեռնված հնարավորություններին: Ես չէի արդարացրել երկրպագուների հույսերը և պետք է վերականգնեի նրանց վստահությունն իմ հանդեպ:

Ֆերդինանդ-Այսինքն, դու պատասխանատվության զգացում ունեի՞ր քո ուսերին: Դու քե՞զ էիր մեղադրում այդ պարտության համար:

Դրոգբա- Այո, և՛ պարտության, և՛ բաց թողած պահերի համար: Չէ որ, մենք այդ խաղում իրոք կարող էինք հաղթել, բայց չկարողացանք` մեծ մասամբ իմ մեղքով:

Ֆերդինանդ- Այդ ժամանակ հաղթեցինք մենք:

Դրոգբա-Այո, այո: Իհարկե, մենք հնարավորություն ունեինք հաղթելու, բայց հետո 2012 թվականին ես հասկացա, որ իսկական շանսը բաց թողնել հնարավոր չէ: Եթե ճակատագրով նախանշված է, որ դու պետք է հաղթես, ապա այդպես էլ կլինի, անգամ եթե  երկու խաղի ընթացքում ձեր դարպասին նշանակվի երկու 11 մետրանոց հարված: Եվ այդ հարվածները չեն հասնի իրենց նպատակին` եթե ճակատագրով  այդպես է նշված:

Ֆերդինանդ- Այսինքն, ըստ քեզ ամեն ինչ որոշվու՞մ է երկնքում, ու քեզ ուղեկցում է հաջողությունը: Այդպես եղավ նաև ե՞րբ դուք դուրս եկաք եզրափակիչ:

Դրոգբա- Այո, այդպես էլ կա:

Ֆերդինանդ- Եվ այսպես, 2012 թվական, Մյունխեն, հիմնական ժամանակ, գոլ, հեղինակ`Դիդյե Դրոգբա: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, վճռական գոլ, հեղինակ` Դիդյե Դրոգբա: Դրանից առաջ, Անգլիայի գավաթի եզրափակիչ, գոլ, հեղինակ` Դիդյե Դրոգբա:  Դիդյե Դրոգբայի ոսկե մեդալները: Ինչպիսի՞ն էր արձագանքդ այս ամենին, գիտակցելով այդ  խաղերի կարևորությունը:

Դրոգբա- Գիտես, մանկության տարիներին ես միշտ երազում և հավատում էի, որ մի օր անպայման, որևէ եզրափակչում ես կդառնամ հաղթական գոլի հեղինակ: Այդ տարիներին,  երբ մենք ընկերներով փողոցում ֆուտբոլ էինք խաղում, մեզանից յուրաքանչյուրը երազում էր այդպիսի պահերի մասին: Մենք պլաստմասե շշի մեջ կոնֆետներ էինք լցնում և հենց դա էլ դառնում էր մեր գավաթը:

Ֆերդինանդ-(ծիծաղում է ):

Դրոգբա- Այո իրոք զվարճալի էր, ու ամեն մեկս փորձում էր դառնալ իր թիմի հաղթական գոլի հեղինակը:
Առհասարակ կարծում եմ ֆուտբոլը դա մրցակցային ժանրի է, որը միաժամանակ միլիոնավոր մարդկանց հաճույք է պատճառում: Ինձ համար հաճելի է կարևոր խաղերում դառնալ գոլի հեղինակ և դրանով ուրախացնել երկրպագուներին, չէ որ նրանց ուզածն էլ հենց դա է: Երբ ես այցելում եմ մարզադաշտ` ցանկանում եմ տեսնել գեղեցիկ ֆուտբոլ: Այդ պատճառով երբ ես խաղում եմ , փորձում եմ ուժերիս ներածին չափով դրական պահեր պարգևել ֆուտբոլասերներին:


Ֆերդինանդ- Դու երկար տարիներ խաղացել ես համաշխարհային ֆուտբոլում և անցկացրել հարյուրավոր խաղեր, որոնցում շատ անգամներ դուրս ես եկել մեն-մենակ պաշտպանների դեմ և փորձել ես շրջանցել նրանց: Այդուամենայնիվ կարո՞ղ ես նշել այն պաշտպաններին, որոնց դեմ խաղալը քեզ համար դժվարություններ է առաջացրել:

Դրոգբա- Անկասկած առաջին տեղում դու և  Վիդիչն եք: Ձեր դեմ խաղալը բավականին բարդ էր; Դա է պատճառը, որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը: Բայց երբ դառնում էի գոլի հեղինակ, ապա իմ ուրախությունը կրկնապատկվում էր, որովհետև հասկանում էի` ինձ հաջողվել է գերազանցել թոփ մակարդակի պաշտպանների:


Ֆերդինանդ-(ծիծաղում է):

Դրոգբա- Եվ իհարկե ցանկանում եմ նշել նաև Կառլես Պույոլի անունը: Բացի նրանից, որ նա հիանալի պաշտպան է, նա նաև ջենթլմեն է :


Ֆերդինանդ- Բոլորս էլ գիտենք, որ դու «մեծ» տղա ես` ֆիզիկապես լավ պատրաստված: Արդյո՞ք քեզ դուր է գալիս ունենալ  այդպիսի խաղընկերներ:

Դրոգբա- Դե, սկսենք նրանից, որ ես այդպիսին դարձա Անգլիայում: Ֆրանսիայում իմ խաղաոճը այլ էր: Այնտեղ ես գործում էի այսպես ասած «խաղից դուրս» գծի վրա: Այնտեղ իմ ֆունկցիաները բոլորովին այլ էին: Այնպես որ, երբ եկա «Չելսի», ինձ ադապտացվելու համար ժամանակ պետք եղավ:

«Չելսիում» սկսեցի գործել բոլորովին այլ կերպ: Քանի որ, թիմում կային այնպիսի ֆուտբոլիստներ` ինչպիսիք են Ֆրենկ Լեմպարդն ու Արյեն Ռոբբենը: Նրանք կարող էին ոչ միայն գոլային փոխանցումներ կատարել, այլ նաև գոլեր խփել: Սկզբում ես մտածում էի. «Այստեղ ես կլինեմ թագավոր, բոլորից շատ գոլեր կխփեմ», (ծիծաղում է): Բայց իրականում պետք է կիսվեի խաղընկերներիս հետ:

Ֆերդինանդ- Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, որի հետ դու երբևէ խաղացել ես:

Դրոգբա- (մտածում է): Անձամբ ես հարգում եմ Ֆրենկ Լեմպարդին և ամենաուժեղը համարում եմ նրան: Նա շատ աշխատասեր է: Բացի դրանից նա շատ է սիրում մտորել հենց խաղի ընթացում և կարողանում է ճիշտ ժամանակին հասկանալ, թե ինչ է պետք անել տվյալ դրվագում: Իմ կարծիքով, ֆուտբոլիստը չպետք է միայն կենտրոնացած լինի մրցակցի դարպասին, նա պետք է կարողանա վերլուծել խաղի ընթացքում:

Ֆերդինանդ- Երբ ինձ ասում են, որ Լեմպարդը բարձրակարգ խաղացող է, ես իհարկե համաձայնվում եմ ասելով, որ նա ավելի պրակտիկ ֆուտբոլիստ է: Բայց նաև նկատում եմ, որ նրա խաղը այդքան էլ մեծ բավականություն չի պատճառում. կապված օրինակ` դրիբլինգի դիմելու նրա սակավ իմացությամբ:

Դրոգբա:Այո, բայց նա շատ աշխատասեր է: Հիշում եմ ամեն անգամ մենք մարզումներից հետո մնում էինք դաշտում  կատարելագործելու վերջնական հարվածները: Մենք անընդհատ աշխատում էինք մեր վրա: Եվ վերջապես նա իր մասնակցությունն ունեցել իմ խփած բազմաթիվ գոլերում:

Ֆերդինանդ- Իսկ հիշու՞մ ես քո առաջին խաղը «Ուեմբլի» մարզադաշտում: Այդ ժամանակ դու փչացրեցիր իմ ամբողջ ամառը: Ես աչքաթող արեցի քեզ, իսկ դու օգտվելով առիթից գոլ խփեցիր: Այդ պահին իրոք մենք բոլորս էլ հոգնած էինք. ծանր մրցաշրջանի վերջնամասն էր:

Դրոգբա- Այո, հիշում եմ: Ես մինչ այդ ասեցի Մոուրինյոյին. «Ես հոգնել եմ, ես կարծես մեռած լինեմ»: Բայց նա պատասխանեց,  որ հերթապահեմ  ձեր տուգանային հրապարակի մատույցներում, ու այդժամ անպայման կստանամ իմ շանսը: Դե իսկ երբ այդպիսի մարդիկ քեզ խորհուրդ են տալիս...

Ֆերդինանդ- Ի դեպ, ցանկացած ֆուտբոլիստ անընդհատ մոտիվացիայի կարիք ունի: Ինչպիսի՞ն է այդ գործում Մոուրինյոն:

Դրոգբա- Անկասկած լավագույններից է:Նա հաճախ էր մեզ ասում, որ բավական է նույնիսկ մեկ դրվագը: Երբ հասկանում ես որ այդպիսի մարզիչը հավատում և վստահում է քեզ, այդ պահին պատասխանատվություն ես զգում և փորձում ես ամեն գնով արդարացնել նրա սպասելիքները:

Ֆերդինանդ- Եվ այսպես ի՞նչ սպասենք քո հետագա կարիերայում: Դու այնքան մրցանակներ ես շահել այս տարիների ընթացքում: Ինչի՞ ես ցանկանում հասնել հիմա:

Դրոգբա- Կարծում եմ, ես իմ փորձով կարող եմ օգնել այնպիսի երիտասարդ ֆուտբոլիստների` ինչպիսիք են Էդեն Ազարը, Վիլլիանը, Օսկարը: Որպես ֆուտբոլիստ, ես արդեն իսկ մեծ հաջողությունների եմ հասել, նույնիսկ ավելի շատ, քան ես ակնկալում էի` երբ որոշեցի ֆուտբոլը դարձնել իմ մասնագիտությունը: Իսկ որպես մարդ, ես ցանկանում եմ կենտրոնանալ իմ բարեգործական ֆոնդի վրա: Եվ դա ընդունում եմ որպես մարտահրավեր:

Ֆերդինանդ-Արդյո՞ք այդ ցանկությունը կապված է քո անցկացրած մանկության հետ:

Դրոգբա- Կարծում եմ այո: Իմ մանկության տարիներին մենք բազմամարդ ընտանիքով ապրում էինք բավականին փոքր տան մեջ: Հայրս բացի մեզանից օգնում էր նաև իր քույրերին և եղբայրներին: Ամեն ինչում պետք էր կիսվել մնացածի հետ: Արդյունքում դա դարձավ իմ կյանքի սկզբունքներից մեկը: Եվ հիմա ես շարունակում եմ կիսվել այն ամենով` ինչ ունեմ: Իմ ֆոնդի շնորհիվ կիսվում եմ երեխաների հետ:

Ֆերդինանդ-Դիդյե, շնորհակալություն հարցազրույցի համար: Հաջողություն:

Դրոգբա- Հաջողություն:



Ցանկության դեպքում կարող եք դիտել նաև տեսանյութը:



понедельник, 6 июля 2015 г.

«Ռեալ Մադրիդ». Կորցնելով ավագներին

Անկասկած «Ռեալ Մադրիդը» աշխարհի ամենահզոր ակումբներից մեկն է համարվում: Իր պատմությամբ և ավանդույթներով մադրիդյան  ակումբը միշտ ձգտել է լինել եվրոպական ֆուտբոլի էլիտայի բարձունքում: Բայց վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով կարծես այդ ավանդույթները խախտվում են: Խոսքը վերաբերում է թիմի աստղերին, կենդանի լեգենդներին, այնպիսի ֆուտբոլիստների ինչպիսիք են Ռաուլը, Իկեր Կասիլիասն ու Սերխիո Ռամոսը: Ռաուլի պարագայում վիճակը մի փոքր այլ էր, այն ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ: Ակումբը երկար ժամանակ չէր կարողանում անցնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը,  Իսպաիայի առաջնությունում էլ վիճակը լավ չէր: Այդ ժամանակ թիմին փոփոխություն էր պետք: Նոր ու երիտասարդ ֆուտբոլիստներ, նոր մարզիչ: Եվ այդ պարագայում 33-ամյա Ռաուլը, ակամայից երկրորդ պլան մղվեց: Նա ցանկանում էր շատ խաղաժամանակ ստանալ այդ պատճառով էլ որոշեց հեռանալ. գնաց գլուխը բարձր` քանի որ, այն ինչ նա էր տվել ակումբին իրոք անփոխարինելի է:
 Իսկ այսօր իրավիճակը բոլորովին այլ է: «Ռեալ Մադրիդը» հիմա ունի լավ մարտունակ կազմ և չնայած այս մրցաշրջանի անհաջողություններին` միանշանակ ի զօրու է հաջորդ մրցաշրջանում պայքարել նորանոր հաջողությունների համար: Բայց արի ու տես, որ հնարավոր է հենց ակումբը դառնա իր դժբախտությունների պատճառը: Ես չլինելով «Ռեալ Մադրիդի» երկրպագու, միևնույն է ցավով եմ մոտենում այն հարցին, որ հնարավոր է ակումբը այս մրցաշրջանում հրաժեշտ տա Իկեր Կասիլիասին կամ Սերխիո Ռամոսին: Թե այս երկուսն  ինչ նշանակություն ունեն ակումբի համար  դա պարզ է բոլորին: Բայց այսօր կա ռեալ վտանգ, որ այս խաղացողները կարող են լքել թիմը: Իսկ ամենացավալին այն է, որ ըստ լուրերի Ռամոսի պայմանագիրը  չեն ուզում բարելավել, իսկ Կասիլիասին այլևս չեն վստահում: Մրցաշրջանի վերջին հատվածում այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ երկրպագուների (եթե կարելի է նրանց երկրպագու անվանել) մի մաս կար, որոնք ատամները սրած սպասում էին, թե երբ  Իկերը մի սխալ կանի` որպեսզի «հոշոտեն» նրան:

Սերխիո Ռամոսի պարագայում ` ըստ մամուլում տարածված լուրերի պատճառը աշխատավարձն է: Նա այս պահի  դրությամբ ստանում է գրեթե 5 մլն եվրո, բայց ցանկանում է նոր պայմանագրով վաստակել  կրկնակին: Անշուշտ հասկանալի ցանկություն Ռամոսի կողմից: Հաշվի առնելով, թե ինչեր է նա արել ակումբի համար այսքան տարիների ընթացքում, կարծում եմ, որ նրա պահանջը արդարացված է, առավել ևս  այժմյան ֆուտբոլում, այդպիսի հոնորար հատկացնել ֆուտբոլիստին բոլորովին էլ  դժվար չէ:

 Ես իրոք չէի ցանկանա պատկերացնել մադրիդյան ակումբի երկրպագուների ռեակցիան, երբ մի օր նրանք կիմանան, որ այս երկու կենդանի  լեգենդները լքում են թիմը: Ինչևէ եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա  ամբողջ պատասխանատվությունը կընկնի ակումբի նախագահ` Ֆլորենտինո Պերեսի ուսերին, իսկ թե ինչպես նա կմեկնաբանի այդ ամենը հնարավոր չէ պատկերացնել:
 Սերխիո Ռամոսի և Իկեր Կասիլիասի հեռանալուց հետո (թող ներեն ինձ «Ռեալ Մադրիդի» երկրպագուները) ակումբը կկորցնի իր դեմքը:

воскресенье, 5 июля 2015 г.

«COPA AMERICA» 2015. Ամփոփում

Ավարտվեց Ամերկայի գավաթի 44-րդ խաղարկությունը: Եզրափակիչ խաղում`  Չիլիի հավաքականը հաղթեց Արգենտինայի հավաքականին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում 4:1 հաշվով: 


Ամփոփենք մրցաշարը:

  1. Լավագույն ռմբարկուներ ճանաչվեցին չիլիացի Էդուարդո Վարգասը և պերուացի Պաուլո Գերրերոն 4-ական խփած գնդակներով: 
  2. Ամենաշատ գոլային փոխանցումներ կատարեցին արգենտինացի Լեո Մեսսին և չիլիացի Խորխե Վալդիվիան: Նրանց ակտիվում կա 3-ական գոլային փոխանցում: 
  3. Կիսաեզրափակիչ փուլ հասած 4 հավաքականների գլխավոր մարզիչները արգենտինացիներ են: Չիլի`Խորխե Սամպաոլի, Պերու` Ռիկարդո Գարեկա, Պարագվայ` Ռամոն Դիաս, Արգենտինա` Խերարդո Մարտինո:
  4. Եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Չիլիի հավաքականի առաջատար` Արտուրո Վիդալը: 
  5. Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Չիլիի հավաքականի ավագ Կլաուդիո Բռավոն: 
  6. Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց Կոլումբիայի հավաքականի              22-ամյա պաշտպան Ջեյսոն Մուրիլյոն: 
  7. «Fair Play» մրցանակին արժանացավ  մրցաշարում 3-րդ տեղը զբաղեցրած Պերուի հավաքականը: 
  8. Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով պարտվեց Ամերիկայի գավաթի խաղարկության երեք եզրափակիչներում: 

пятница, 3 июля 2015 г.

Ամերիկայի Գավաթ. Եզրաակչին ընդառաջ ՄԱՍ 2-րդ

Շարունակելով անդրադառնալ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչին, այս անգամ փորձենք վերլուծել Արգենտինայի հավաքականի խաղը:

Այս նյութի 1-ին մասին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:


 ՄԱՍ 2-րդ   Արգենտինայի հավաքական

Արգենտինայի հավաքականը Ամերիկայի գավաթի այս խաղարկությունում անցկացրել է 5 հանդիպում, գրանցելով 3 հաղթանակ և 2 ոչ-ոքի:Այդ խաղերում խփել է 11, իսկ բաց թողել 3 գնդակ: Ի տարբերություն Խորխե Սամպաոլիի,Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն կազմի առումով խնդիրներ չունի: Չկան վնասվածք ստացած կամ որակազրկված ֆուտբոլիստներ: Վերջին խաղում բացակայում էր թիմի հիմնական պաշտպան Էզիեկել Գարայը, ստամոքսի հետ խնդիրներ ունենալու պատճառով: Այդ խաղում նրան հաջողությամբ փոխարինեց փորձառու Մարտին Դեմիչելիսը: Բայց ամենայն հավանականությամբ Գարայը կհասցնի վերականգնվել մինչև եզրափակիչ խաղը:

22 տարի առանց տիտղոսի

Այսքան երկար ժամանակ տիտղոսի բացակայությունը բնականաբար ճնշում է գործադրում թիմի վրա, բայց միևնույն ժամանակ այն լրացուցիչ մոտիվացիա է հանդիսանում: Վերջին անգամ Արգենտինայի հավաքականը տիտղոս է նվաճել հեռավոր 1993 թվականին, երբ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում լեգենդար Գաբրիել Բատիստուտայի դուբլի շնորհիվ հաղթեց Մեքսիկայի ընտրանուն:

 Խաղային մոդելը

Տատա Մարտինոն օգտագործում է 4-3-3 տակտիկական դասավորությունը: Պաշտպանությունում Ռոխո, Գարայ, Օտամենդի, Սաբալետա, կիսապաշտպանությունում` Բիգլիա, Մասկերանո, Պաստորե, դե իսկ հարձակման գծում` Դի Մարիա, Ագուերո, Մեսսի: Ինչպես նշել է Մարտինոն այս կազմը իր համար ամենաօպտիմալն է: Եվ եթե սկսենք վերլուծել  Արգենտինայի հավաքականի ցուցադրած խաղը այս մրցաշարի ընթացքում, կհասկանանք, որ դա իրոք այդպես է: Խմբային փուլի առաջին խաղում, որտեղ արգենտինացիները մրցում էին Պարագվայի ընտրանու հետ, առաջին խաղակեսից հետո արդեն հաշվի մեջ առաջ էին 2 գնդակով: Բայց ժամանակից շուտ թուլացնելով զգոնությունը, Մարտինոյի սաները 2-րդ խաղակեսում բաց թողեցին 2 գնդակ`  կորցնելով  հաղթանակը: Այդ խաղում Մարտինոյի «օպտիմալ» կազմում կային փոփոխություններ, կապված թեթև վնասվածքների հետ: Մասնավորապես պաշտպանության աջ եզրում Սաբալետայի փոխարեն խաղում էր Ռոնկալյան, իսկ կիսապաշտպանությունում Բիգլիայի փոխարեն Բանեգան: Խմբային փուլի մյուս երկու խաղերում Յամայկայի և Ուրուգվայի հետ, Արգենտինայի հավաքականը հաղթեց միևնույն 1:0 հաշվով: Երկու դեպքում էլ մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս եկան Մարտինոյի «օպտիմալ» կազմի ֆուտբոլիստները:
Դե իսկ կիսաեզրափակիչ փուլի նույն Պարագվայի հետ խաղում, Արգենտինայի հավաքականը գոլային հրավառություն կազմակերպեց: Հանդիպումն ավարտվեց 6:1 հաշվով: Իսկ ամենակարևորն այն է, որ Մարտինոյի սաները կարողացել էին ճիշտ հետևություններ անել առաջին հանդիպումից: Այս խաղում ևս Արգենտինան առաջին խաղակեսում հաշվի մեջ առաջ էր երկու գնդակի տարբերությամբ, բայց այս անգամ երբ պարագվայցի Լուկաս Բարիոսը հենց առաջին խաղակեսի վերջնամասում կրճատեց հաշվի տարբերությունը, արգենտինացիներն արդեն  խուճապի չմատնվեցին: Կարողանալով  պահել այդ հաշիվը` գնացին ընդմիջման, իսկ արդեն երկրորդ խաղակեսում 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:

Ֆանտաստաիկ հարձակման գիծը 

Խուան Ռամոն Ռիկելմեից հետո Արգենտինայի հավաքականը չուներ այսպես կոչված փլեյմեյքեր: Շատ ժամանակ այդ պարտականությունները իր վրա էր վերցնում Լեո Մեսսին: Բայց դա ուղղակի նրա խաղի ոճն է. նահանջել, զարգացնել գրոհը դաշտի կենտրոնում, այնուհետև այն հասցնել իր տրամաբանական ավարտին: Բայց Ամերիկայի գավաթի այս խաղարկությունում, Մեսսիի մոտ չի ստացվում եզրափակել գրոհները: 5 խաղում նա խփել է ընդամենը 1 գոլ, այն էլ 11 մետրանոցից: Փոխարենը Պարագվայի հետ վերոհիշյալ  խաղում, գրանցեց յուրատեսակ ռեկորդ` դառնալով առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվում է Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում կատարել 3 գոլային փոխանցում:
  Իսկ կոնկրետ փլեյմեյքերի բացը այսօրվա Արգենտինայի հավաքականում լրացրեց «ՊՍԺ»-ի երիտասարդ, չափազանց տաղանդավոր Խավիեր Պաստորեն: Իր հոյակապ տեխնիկայի,  դաշտը լավ «տեսնելու», և վերջին փոխանցում կատարելու ունակություններով, նա լիովին հարմարվեց իր նոր դերին: Այս երկուսին ձախ եզրից իր ճեղքումներով, անընդհատ օգնում է Անխել Դի Մարիան, որոնք էլ միասին փորձում են գնդակը հասցնել Սերխիո Ագուերոյին:

Ամերիկայի գավաթ.Եզրափակչին ընդառաջ ՄԱՍ 1-ին

Հուլիսի 4 -ին Երևանի  ժամանակով  23:55-ին Չիլիի «Ազգային» ստադիոնում տեղի կունենա Ամերիկայի գավաթի  եզրափակիչ հանդիպումը, որում կմրցեն Չիլիի և Արգենտինայի հավաքականները: Երևի  ֆուտբոլասերներից շատերը հենց այսպիսի եզրափակիչ էին ցանկանում տեսնել, քանի որ, այս մրցաշարում հենց այս երկու հավաքականներն էին, որ գեղեցիկ և արդյունավետ ֆուտբոլ ցուցադրեցին:
 Իսկ հիմա վերլուծելով Արգենտինայի և Չիլիի հավաքականների խաղը. փորձենք հասկանալ թե ինչպիսի եզրափակիչ է մեզ սպասվում:


ՄԱՍ 1-ին Չիլիի հավաքական 

Չիլին այս մրցաշարում անցկացրել է 5 հանդիպում` տանելով 4 հաղթանակ և 1 խաղ էլ ավարտել ոչ-ոքի: Խփել 13, իսկ բաց թողել 4 գնդակ: Հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սանպաոլին կարողացել է հավաքել մի թիմ, որը կարող է մտնել պատմության մեջ` եթե  հաղթի այս մրցաշարում: Բանն այն է, որ սա Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությունն է , իսկ Չիլիի հավաքականը երբևէ չի հռչակվել այս մրցաշարի հաղթող: Իսկ հիմա կան ռեալ շանսեր այդ բացը լրացնելու, չէ որ Ամերիկայի գավաթի այս խաղարկությունն ընթանում է հենց Չիլիում: Միանշանակ դա շատ մեծ առավելություն է տալիս Խորխե Սանպաոլիի սաներին, բայց միևնույն ժամանակ երկրպագուները մեծ ճնշում են գործադրում` «պարտադրելով»   հաղթել տնային խաղարկությունում: Ու քանի որ, Ամերիկայի գավաթի այս խաղարկությունը ինչպես նշվեց անցկացվում է Չիլիիում` մեծ խոսակցությունների առիթ տվեց կապված մրցավարական որոշումների հետ: Ասեկոսեները  շատ են,  որ մրցավարները այսպես ասած «աջակցում» են չիլիացիներին: Եկեք վերհիշենք երկու դրվագ, որոնք տեղի ունեցան Չիլի-Ուրուգվայ և Չիլի-Պերու խաղերի ժամանակ:
Էդինսոն Կավանիի հեռացումը
Ուրուգվայցիների հետ հանդիպման ժամանակ   Չիլիի հավաքականի պաշտպան Գոնսալո Խարան իրեն ոչ սպորտային ձևով պահեց, բայց դրա շնորհիվ «վաստակեց» կարմիր քարտ` Էդինսոն Կավանիի համար:
Զարմանալին այն է, որ ոչ միայն այս դրվագում, այլև այս ամբողջ խաղի ընթացքում Գոնսալո Խարան նույնիսկ դեղին քարտ չստացավ, չնայած նրան, որ հանդիպման ամբողջ ընթացքում աչքի էր ընկնում իր «կեղտոտ» խաղով: Բայց ամեն դեպքում «ԿՈՄՆԵԲՈԼ»-ը որակազրկեց նրան սկզբից երեք խաղով, իսկ հետո այդ որակազրկումը կրճատվեց երկուսի: Միևնույնն է այս մրցաշարը Գոնսալո Խարայի համար ավարտված է:
 Կառլոս Սամբրանոյի հեռացումը
Չիլի-Պերու խաղի ժամանակ մրցավարը այս անգամ ևս սխալվեց` ի օգուտ Չիլիի հավաքականի: Տեսանյութում պարզ երևում է, որ պերուացի Կառլոս Սամբրանոն սկզբում խաղաց գնդակին, իսկ հետո ուղղակի հնարավորություն չուներ խուսափել այդ կոնտակտից:



Եթե այս ամենին էլ ավելացնենք Չիլի-Էկվադոր խաղի ժամանակ Էկվադորի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը, ապա պատկերը ավելի ամբողջական կլինի:
Չիլիի հավաքականի խաղը
    Բացի բացասական դրվագներից կա նաև դրականը: Դա այն խաղն է, որը ցուցադրում է Խորխե Սամպաոլիի թիմը: Ունենալով Արտուրո Վիդալ, Ալեքսիս Սանչես, Վալդիվիա և Էդուարդո Վարգաս` Չիլիի հավաքականը իրենց լուրջ ուժ է ներկայացնում: Իսկ Խորխե Սամպաոլին կարողացել է շատ լավ ընդգրկել խաղի մեջ այս չորս ֆուտբոլիստներին: Հետևելով չիլիացիների խաղին երևում է` Արտուրո Վիդալը խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, կարողանալով հավասարաչափ գրոհել և պաշտպանվել: Վալդիվիան գործում է ենթահարձակվողի դիրքում, և օգտագործելով իրեն հատուկ խաղարկողի որակները, փորձում է հարվածային դիրք դուրս բերել առջևում հանդես եկող Ալեքսիս Սանչեսին և Էդուարդո Վարգասին: Եվ երբ մրցակցի խաղացողները Ալեքսիսին փակում են` թույլ չտալով նրան գնդակ ընդունել, նա շեղում է պաշտպանների ուշադրությունը. այդ կերպ ազատ գոտիներ ստեղծելով Էդուարդո Վարգասի համար: Վերջինս  Ամերիկայի գավաթի այս խաղարկության գլխավոր ռմբարկուն է` խփած 4 գոլերով: 
 Շարունակելի...

среда, 1 июля 2015 г.

Լուի վան Գաալի մտորումները

 Մորգան Շնայդերլին, թե՞ Բաստիան Շվայնշտայգեր, իսկ միգուցե՞ երկուսն էլ:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանի  ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գաալը հայտարարեց, որ ակումբի գլխավոր նպատակն է հենակետային կիսապաշտպան ձեռք բերելը, չնայած այն հանգամանքին, որ  Մայքլ Կարրիկը բոլորովին վերջերս երկարաձգել էր իր պայմանագրի ժամկետը: Այդ ընթացքում շատ ֆուտբոլիստների անուններ էին շրջանառվում: Վերջերս բրիտանական մամուլում լուրեր տարածվեցին, որ մանկունիացիները լրջորեն հետաքրքրված են  Մորգան Շնայդերլինի և Բաստիան Շվայնշտայգերի ծառայություններով: Փորձենք հասկանալ. թե այս երկու խաղացողներից ո՞վ ավելի հարմար կլինի Լուի վան Գաալի համար:
   Բաստիան Շվայնշտայգեր

Գերմանացի 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է մոտավորապես 7.5 մլն եվրո: Չնայած իր տարիքին, Բաստիանը համարվում է աշխարհի ամենաուժեղ կենտրոնական կիսապաշտպաններից մեկը:Նա արդեն հասցրել է խաղալ Լուի վան Գաալի գլխավորությամբ` երբ վերջինս մարզում էր Մյունխենի «Բավարիան» 2009-2011 թվականների ընթացքում: Խոսվում է այն մասին, որ հենց այս հանգամանքն էլ կարող է ազդել Բաստիանի տեղափոխության վրա: Անկասկած Շվայնշտայգերը իր որակներով այս պահի դրությամբ մեծ օգուտ կբերի «Մանչեսթեր Յունայթեդին»: Բայց, չէ որ «կարմիր սատանաներին» հիմա անհրաժեշտ է հենց հենակետային կիսապաշտպան, ով  ավելի շատ սևագործ աշխատանք կկատարի խաղադաշտում: Իսկ Շվայնշտայգերը այդպիսին չէ: «Բավարիայում» միշտ եղել է մի ֆուտբոլիստ, ով խաղադաշտում խաղալով Բաստիանի հետ, իր վրա է վերցրել մրցակցի գրոհները կանխելու գործը: Այդ ֆուտբոլիստներից են եղել Վան Բոմելը, Լուիս Գուստավոն և Խավի Մարտինեսը:
Նկատի ունենալով  «Մանչեսթեր Յունայթեդում» Անդեր Էրերայի, Մարուան Ֆելլաինիի առկայությունը , ովքեր ավելի շատ միտված են դեպի մրցակցի դարպասը, պարզ է դառնում, որ անպայման դաշտի կենտրոնում պետք է լինի մեկը` որպեսզի կանխի մրցակցի գրոհները: Այս առումով Բաստիան Շվայնշտայգերը այնքան էլ հարմար թեկնածու չէ այդ դիրքի համար: Բայց հաշվի առնելով նրա բարձր կարգն ու ցածր տրանսֆերային արժեքը, հնարավոր է, որ այս տրանսֆերը կայանա:
  Մորգան Շնայդերլին

   «Սաութհեմպտոնի» 25-ամյա ֆուտբոլիստը արդեն իսկ  դարձել է տրանսֆերային «թիրախ»` մի շարք գրանդ ակումբների համար: Ըստ Մարկ Օգդենի, ով ներկայացնում է բրիտանական «The Telegraph» պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ֆրանսիացու համար վճարել 24մլն ֆունտ ստեռլինգ: Ի տարբերություն Շվայնշտայգերի, Շնայդերլինը ավելի է համապատասխանում այն դիրքին, որը ցանկանում է ուժեղացնել Լուի վան Գաալը: Մորգան Շնայդերլինը խաղում է հենց հենակետային կիսապաշտպանի դիրքում, ապահովելով իր թիմի պաշտպանությունը կիսապաշտպանության խորքից: Այս մրցաշրջանում «Սաութհեմպտոնը» այն թիմն է , որը ամենաքիչ քանակությամբ գոլեր է բաց թողել ԱՊԼ-ում: Անկասկած, այս գործում իր անմիջական մասնակցությունն է ունեցել Շնայդերլինը: Նա  հանդիսանում է այն ֆուտբոլիստը, ով 2012-2015 թվականների ընթացքում  Անգլիայի Պրեմիեր լիգայում ընդհանուր առմամբ 626 անգամ  մրցակցից գնդակ է խլել (դա լավագույն ցուցանիշն է հանդիսանում):
 Այս նկարում ցույց է տրված Շնայդերլինի վիճակագրությունը վերջին 3 մրցաշրջաններում, որը իրոք տպավորիչ է:
  Հ.Գ. Իմ կարծիքով կարելի է  երկու ֆուտբոլիստների տրանսֆերներն էլ ձեռք բերել: