суббота, 11 июля 2015 г.

Կառլես Պույոլի հարցազրույցը «La Vanguardia»-ին:

Կառլես Պույոլի աչքերը դեռևս վառվում են ֆուտբոլ խաղալու ցանկությունից: Միանգամայն  հասկանալի է, որ ֆուտբոլից հեռանալը բոլորովին էլ նրա ցանկությունը չէր: Այդպես ստիպեցին հանգամանքները: Ավելի կոնկրետ ծնկի վնասվածքը:
 Ձեզ եմ  ներկայացնում  Կառլես Պույոլի հարցազրույցը իսպանական «La Vanguardia» պարբերականին:


-Կառլես, անցել է արդեն մեկ տարի այն օրվանից, երբ դու մեխից  կախեցիր խաղակոշիկներդ : Ինչպե՞ս ես հաղթահարում դա:

-Ես շատ եմ կարոտում ֆուտբոլը և ինձ համար դժվար էր կայացնել այդ որոշումը: Եթե գոնե մի փոքր հնարավորություն ունենայի ֆուտբոլ խաղալու, ապա այդքան ծանր չէի տանի: Բայց ֆուտբոլը իմ կյանքից ամբողջովին վերացավ: Անցած ամռանը ես նույնիսկ աստիճաններով իջնելուց դժվարություններ էի ունենում:

-Քո ծնկի հետ ամեն ինչ այդքա՞ն վատ է:

-Արդեն ոչ: Ես շատ գոհ եմ այն հետազոտությունների արդյունքներից, որոնք ինձ մի քանի օր առաջ հայտնեց բժիշկս:

-Ի՞նչ ես ի վիճակի անելու և ի՞նչ ոչ:

-Հիմա ես  կարողանում եմ վարժություններ կատարել, բայց առանց ծանրաբեռնվածության: Ո՛չ սպորտ, ո՛չ  ֆուտբոլ: Ես չեմ կարողանում երկար ժամանակ վազել: Բայց հիմա արդեն  վերադարձել եմ մարզումների և հույս ունեմ, որ դա դրական արդյունք կտա:

-Քո վերադարձը որպես ֆուտբոլիստ`  դա ուտոպիա՞ է:

-Կստեմ, եթե ասեմ, որ երբեք չեմ մտածել դրա մասին: Եվ եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա միայն մի պայմանով`դա չպետք է դառնա ինձ համար տանջանք: Անհնարին ոչինչ չկա, բայց միևնույնն է ես փորձում եմ կենտրոնանալ ներկայի վրա:

-Դու արդեն  37 տարեկան ես:

-Միտքս ու ֆիզիկական վիճակս կարգին է , ուղղակի այսպես ասած «ակս է ծակվել»:

-Ուզում ես ասել, ո՞ր դու «թոշակի» ես անցել:

-Այդպես էլ կա: Հիմա իմ գլխավոր նպատակն է` բուժել ծունկս, իսկ հետոն` ժամանակը ցույց կտա:

-Դու զղջու՞մ ես, որ միշտ խաղացել ես անմնացորդ նվիրումով:

- Միակ բանը, որի համար զղջում եմ դա այն է, որ ավելի շուտ չդիմեցի վիրահատության: Եթե դա տեղի ունենար, ապա շատ հնարավոր է, որ ես մինչև հիմա ֆուտբոլ կխաղայի:

-Իսկ դա ու՞մ սխալն էր:

-Իմ: Դա իմ որոշումն էր: Ես մտածում էի թիմի շահերի մասին, իսկ երբ հասկացա, որ այլևս չեմ կարողանում խաղալ, այդժամ նոր դիմեցի վիրահատության: Որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ ես դիտավորյալ դիմեցի այդ քայլին, քանի որ ինձ կարևոր խաղերում խաղադաշտ դուրս չէին բերում: Ժամանակը ցույց տվեց, թե ով էր ճիշտ, բայց միևնույն է ես այդպես էլ չլսեցի նրանց ներողությունը:

-Ո՞ր պահին դու որոշեցիր «հանձնվել»:

-Դա ինչ-որ կոնկրետ օր չի եղել: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր հեշտ հանձնվում են: Բայց վերջին վիրահատությունից հետո, ծնկիս մեջ սկսեց ջուր հավաքվել և այդ պահին ես հասկացա, որ չեմ կարող ո՛չ խաղալ, ո՛չ էլ մարզվել: Ես դարձա անհուսալի: Մարտինոն ուզում էր, որ ես խաղայի, բայց ես ասեցի նրան. «Թող խաղան մյուսները, նրանք ինձնից լավն են»:

-Ի՞նչ զգացիր այդ բառերը ասելու պահին:

- Թեթևություն: Ես ցանկանում էի խաղալ մինչև 40 տարեկան: Նույնիսկ մտածում էի խաղալ առանց աշխատավարձի, բայց  ի վիճակի չէի:

-Դու արդեն որոշել ես, թե ինչո՞վ ես զբաղվելու ապագայում:


- 20 տարի շարունակ, ես ամեն առավոտ  արթնացել եմ այն ուրախությամբ ու մտքով, որ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով. ֆուտբոլ եմ խաղում. մարզվում եմ: Իսկ հիմա այդ զգացողությունը լքել է ինձ: Ի երջանկություն ինձ, ես ունեմ ընտանիք, որն ինձ շատ է օգնում: Կա նաև աշխատանքի առաջարկ, բայց դա անչափ պատասխանատու որոշում է, որը կայացնելու համար ժամանակ է անհրաժեշտ:

- Ի՞նչ պաշտոնի մասին է խոսքը. մարզական տնօրեն, մարզիչ, դեսպան:

-Այդ բոլորը իհարկե հետաքրքիր է, բայց հիմա ժամանակն է ինքնակատարելագործվելու: Ես անցել եմ մարզական տնօրենի համար նախատեսված կուրսերը, իսկ հիմա փորձում եմ անցել մարզչական դասընթացների:

-Դու՞ մարզիչ:

-Ինչու ո՛չ: Միգուցե ես կկարողանամ ինձ գտնել այդ բնագավառում, չգիտեմ:

-Արդյո՞ք Սուբիսարրետայի օգնականը դառնալու որոշումը հապշտապ էիր  կայացրել:

-Այո, բայց ես չեմ զղջում դրա համար: Ես շատ բան սովորեցի այդ գործում, բայց կարծում եմ, որ դրա համար այնքան էլ հարմար պահ չէր: Խնդիրը իմ մեջ էր, այլ ոչ թե ակումբի:

-Ե՞րբ հասկացար, որ այդ աշխատանքը քեզ չի համապատասխանում:

-Գրասենյակում անցկացրած հենց առաջին օրվանից  ինձ մոտ տարօրինակ զգացողություններ առաջացան: Ես  տեղս չէի գտնում: Եվ նոյեմբերին  ակումբի նախագահին հայտնեցի իմ հեռանալու ցանկության մասին: Դեկտեմբերին զրուցեցի Սուբիսարրետայի հետ, իսկ հետո եղավ այն` ինչ եղավ:


- Փաստորեն քո և Սուբիսարրետայի հեռանալը միմյանց հետ կապ չունե՞ր:

- Ոչ, ես այդ որոշումը կայացրել էի ավելի շուտ:

-Իսկ ինչպե՞ս կբացատրես այն, որ երկուսդ էլ նույն օրը լքեցիք ակումբը:

-Դա ակումբի մեղավորությունն էր: Ամեն ինչ արդեն պատրաստ էր հունվարի 2-ին: Այդ հեռանալու մասին որոշման օրն`  արդեն իսկ մի քանի անգամ հետաձգվել էր: Ես պատրաստ էի մարդկանց բացատրելու. իմ հեռանալու որոշման պատճառը, բայց ակումբում ինձ ասացին, որ նոր տարում այդ լուրը չպետք է առաջինը լինի: Ես հարցրեցի, թե  արդյո՞ք հեռացնելու են Սուբիին, ինձ պատասխանեցին` ոչ:

-Բայց նրան հեռացրեցին:

-Դա ինձ դուր չեկավ, հատկապես այն, թե ինչպես դա արվեց: Վերջ ի վերջո դա նրանց որոշումն էր, բայց ինձ համար ցավալի էր տեսնել, թե ինչեր են գրում թերթերը` Անդոնիի հեռացման վերաբերյալ:

-Դու խոսե՞լ ես Բարտոմեուի հետ:

-Այո, ու նա գիտի, թե ինչ եմ ես մտածում այդ առումով:

-Մոտենում է «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը, ու քեզ և Լապորտային շատ բան է կապում:

-Մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Մենք ընդհանուր ընկերներ ունենք և նույնիսկ մի քանի անգամ հանդիպել ենք ընթրիքի սեղանի շուրջ: Նա զանգահարել էր ինձ իմանալու համար, թե ինչո՞վ եմ զբաղված: Ես նրան ներկայացրեցի իրավիճակը և նա ինձ հասկացավ:

-Ինչպե՞ս ես նայում այն հարցին, որ Աբիդալը կարող է ստանձնել մարզական տնօրենի պաշտոնը` չնայած այդ ոլորտում փորձ չունի:

-Այն, որ ես ձգտում եմ ինքնակատարելագործման, չի նշանակում որ Աբիդալը որակավորված չէ: Ես ամենայն բարիք եմ մաղթում նրան այդ պաշտոնում:

-Դու նորմա՞լ ես համարում այն հանգամանքը, որ նախագահի թեկնածուների թիվը այդքան շատ է, հաշվի առնելով այն, որ ակումբը այս տարի «ոսկե հետ-տրիկ» ձևակերպեց:

-Եթե նրանք մասնակցում են ընտրություններին, դա նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրը մտածում է թիմը ավելի ուժեղ դարձնելու մասին:

-Դու դեռ թեկնածուներից և ոչ մեկին չես տվել քո հավանությունը:

-Ես զգում եմ, որ համարվում եմ «Բարսայի» մի մասնիկը, ու ես ծառայում եմ ակումբին:

-Եվ այսպես ո՞վ է Կառլես Պույոլը: Կրոյֆի, Լապորտայի, թե՞ Ռոսելի կողմնակիցը:

-Առաջին հերթին ես «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» կողմնակիցն եմ:

-Ինչու՞ է ակումբի շուրջ անընդհատ այդքան «աղմկոտ»:

-Հենց այդ խմբավորումների պատճառով (կամ Կրոյֆի կողմնակիցներ, կամ Լապորտայի, և այլն): Դա այն է ինչ մենք ունենք, որն էլ շատ դժվար է փոխել: Չնայած վերջին 10 տարիներին մենք բազմաթիվ տիտղոսներ ենք շահել` անտեսելով այդ «աղմուկը»:

-Ի՞նչ մտքեր էին պտտվում քո գլխում, երբ «Բարսան» այս մրցաշրջանի միջնամասում «Անոետա» մարզադաշտում պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»: Ապագան մշուշո՞տ էր:

-Ոչ, ես այդ պահին չէի մտածում, որ թիմը կկարողանա երեք տիտղոս նվաճել տարվա վերջում` քանի որ դա չափազանց բարդ է: Բայց «Բարսելոնան»  կարողացավ հավաքվել: Եվ ես վստահ եմ նրանք մյուս տարում ևս կլինեն մարտունակ:

-Ինչպե՞ս կհիշվի այս «Բարսելոնան»: Մեսսիի՞ «Բարսան»:

-Մեսսին լավն է բոլորից` ում ես տեսել եմ: Նա «այլմոլորակային»  է: Նա հիմա ավելի լավն է` քան չորս տարի առաջ: Նա սկսել է ավելի լավ կարդալ խաղը: Լեոն ուղղակի անկասելի է:

- Դուք արդեն նշե՞լ եք «trebl»-ը  Լուիս Էնրիկեի հետ:

- Դեռ ոչ, բայց մենք  մոտ ընկերներ ենք: Ես շատ ուրախ եմ նրա համար և մեծ սիրով կաշխատեի նրա հետ:

-Արդյո՞ք Լուիս Էնրիկեն  ի օգուտ թիմի լիդերների գնաց փոխզիջումների:

- Ես չգիտեմ, թե ի՞նչ է տեղի ունեցել հանդերձարանում, բայց «Լուչոն»  լավ տղա է: Մարդիկ կարող են այլ կարծիք ունենալ, բայց ինձ բախտ է վիճակվել մոտիկից ճանաչել նրան, և ես կարող եմ վստահեցնել, որ Լուիս Էնրիկեն լավ մարդ ու լավ ընկեր է, որը երբեք ձեզ չի դավաճանի, այլ միշտ կպաշտպանի: Բացի դրանից նա ասում է . «Ֆուտբոլիստը առաջին հերթին սպասում է, որ մարզիչը իրեն կասի ճշմարտությունը»:







Комментариев нет:

Отправить комментарий