понедельник, 28 декабря 2015 г.

«Մանչեսթեր Յունայթեդ»: Հիվանդը կարծես վերակենդանանում է

Գրեթե ամբողջ Մեծ Բրիտանիայի ֆուտբոլային հասարակությունը վստահ էր, որ «Չելսիի» դեմ հանդիպումը վերջինը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի համար` նույնիսկ անկախ հանդիպման ելքից: Սակայն դեռևս հոլանդացի մասնագետը պահպանում է իր պաշտոնը և անգամ «Չելսիի» դեմ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանզի այս պահի դրությամբ նման քայլի դիմելու անհրաժեշտություն չկա: Եվ իրոք, «Մանչեսթեր Յունայթեդը» այս պահին նման է վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդի, որը գրեթե  մեկ ամիս կոմայի մեջ լինելուց հետո փորձում է բացել աչքերը: Հենց այսպիսի տպավորություն ստացա «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումից և այս նյութում կփորձեմ կիսվել ձեզ հետ իմ մտքերով:




Կարծում եմ  սա Լուի վան Գալի վերջին շանսն է ապացուցելու «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներին, որ նա ի զորու է շտկել դրությունը թիմում: 
Քննարկենք մի քանի առանցքային դրվագներ, որոնք ըստ իս, բեկումնային կարող են լինել Լուի վան Գալի թիմի համար: 

0:0 ՀԱՇԻՎ, ՈՐԸ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԴԱՇՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ

Ովքեր դիտել են «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը կհամաձայնվեն ինձ հետ. «Մանկունիացիները»  մի գլուխ բարձր էին մրցակցից: Գրեթե բոլոր վիճակագրական տվյալներով Լուի վան Գալի թիմը գերազանցել է մրցակցին: Բայց միևնույնն է, երբ չկան խփած գոլեր, այս ամենը հիասթափեցնող է: Մյուս կողմից, «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին մի քանի հանդիպումներում առաջին անգամն է, որ դիտարժան խաղ ցուցադրեց:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս խաղի համար Լուի վան Գալի ընտրած մեկնարկային կազմը կարելի է ասել հիանալի գործեց: Կրկնում եմ, խփած գոլերի բացակայությունը հիասթափեցնող է, սակայն չնշել, որ այս խաղում թիմը լավ հանդիպում անցկացրեց` սխալ կլինի: Պաշտանությունում կարծում եմ նույնիսկ Լուի վան Գալն է արդեն խճճվել: Գրեթե միշտ` տարբեր պատճառներից ելնելով, թիմի պաշտպանական գիծը ռոտացիայի է ենթարկվում: Այս խաղում շարք էր վերադարձել Մատեո Դարմիանը և զբաղեցրել էր ոչ թե ձախ, այլ աջ եզրը: Այս որոշումը մի փոքր զարմանալի էր, քանի որ «Նորվիչի» և «Սթոկ Սիթիի» դեմ խաղերում աջ եզրային պաշտպանի պարտականությունները կատարող Էշլի Յանգը մեղմ ասած ահավոր խաղ ցուցադրեց` բազմաթիվ սխալներով: Եվ թվում էր, որ Դարմիանի վերադառնալուց հետո, հենց իտալացին կխաղա աջ եզրում, սակայն... 
Վերջինս տեղափոխվեց ձախ եզր, իսկ նախորդ երկու խաղերը տապալած Յանգը, բավականին լավ խաղաց «Չելսիի» դեմ: 
«Չելսիի դեմ խաղում Լուի վան Գալը հնարավորինս ռացիոնալ օգտագործեց իր ենթակայության տակ գտնվող ֆուտբոլիստների որակները, և կարծում եմ ընտրեց լավագույն մեկնարկային կազմը»



ԿԻՍԱՊԱՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ




Ուշադրություն դարձրեք «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանության ու հարձակման գծերին: Նախ, Բաստիան Շվայնշտայգերի շարք վերադառնալը, օգնեց ամրապնդելու դաշտի կենտրոնական հատվածը, իսկ Մորգան Շնեյդերլինի ներկայությունը մեկնարկային կազմում` Լուի վան Գալի արձագանքն է իր կողմից թույլ տրված սխալին, երբ նախորդ հանդիպմանը խաղում էր Մարուան Ֆելաինին, ով անկեղծ ասած տանջում էր և՛ իրեն, և՛ իր թիմի երկրպագուներին:

Հարձակման քառյակի հիանալի օգտագործում Լուի վան Գալի կողմից:  Կարծում եմ ոչ ոք չի կասկածում, որ «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին եղել է համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը: Բանն այն է, որ նախորդ շաբաթ Անրին, ով այժմ հանդես է գալի վերլուծաբանի դերում, ասել էր, որ Անտոնի Մարսիալը տիպիկ կենտրոնական հարձակվող է, և պարտադիր պետք է խաղա հարձակման գծում, ավելացնելով, որ եզրում Մարսիալի ներկայությունը սխալ քայլ է Լուի վան Գալի կողմից:



 Ովքեր դիտել են «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը, կարծում եմ չեն համաձայնի լեգենդար ֆրանսիացու հետ, քանզի իր հայրենակից Անտոնի Մարսիալը խաղալով հարձակման ձախ եզրում պարզապես տանջեց «Չելսիի» աջ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին: Այն, թե ինչպիսի հեշտությամբ էր Մարսիալը շրջանցում Իվանովիչին, ուղղակիորեն արդարացնում է Լուի վան Գալի ընդունած որոշումը:
 Բայց մասամբ Անրին իրավացի է: Վերջին մի քանի խաղերում Մարսիալը  պարբերաբար հայտնվում էր հարձակման  աջ եզրում և զարմանալիորեն երկար ժամանակով: Ընդորում, երևում էր, որ նա դիտմամբ չի ներխուժում մրցակցի տուգանային հրապարակ: Երևի թե դա մարզչի կողմից էր հրահանգված: Մի խոսքով, Լուի վան Գալը հասկանալով իր սխալները կարողացավ դրանք այս խաղում հասցնել նվազագույնի:



Ամենակարևորը, որ այս խաղում ևս իր հնարավորությունը ստացավ երիտասարդ Անդեր Էրերան, ով նույնպես լավ հանդիպում անցկացրեց: «Սթոկ Սիթիի» դեմ խաղում Էրերան այնքան էլ ակտիվ չէր, քանզի խաղում էր ավելի ետ քաշված: Բասկ ֆուտբոլիստն ավելի արդյունավետ է, երբ հանդես է գալիս ենթահարձակվողի դիրքում: «Չելսիի» դեմ խաղում Էրերան խաղաց հենց այդ դիրքում և կարողացավ զգալի ճնշում գործադրել մրցակցի պաշտպանական գծի վրա:
 Այսպիսի դասավորության ժամանակ շատ հարմարավետ դիրքում հայտնվեց նաև Խուան Մատան: Ձախլիկ ֆուտբոլիստ, խաղալով աջ եզրում ստանում է գնդակը և փոքր ինչ տեղափոխվելով կենտրոն կատարում է հարված կամ փոխանցում, որը ռեալ վտանգ է ստեղծում մրցակցի համար:




 Մի գուցե այստեղ ամենաշատը տուժում է Ուեյն Ռունին, սակայն երևում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը միշտ խաղում է մեծ նվիրվածությամբ և բացառություն չէր նաև այս խաղը: Պարզապես Ռունիի մոտ անհաջող շրջան է: Իր որակներով նա կարող է հաջողությամբ հանդես գալ նաև կենտրոնական հարձակվողի դիրքում:

Այս ամենից կարելի է միայն մեկ հետևություն անել. և՛ ֆուտբոլիստները, և՛ մարզիչը չեն հանձնվել: «Չելսիի» դեմ խաղն ապացուցեց, որ Լուի վան Գալը փորձում է ելք գտնել այս անորոշ թվացող իրավիճակից:

Հ.Գ. Եթե Լուի վան Գալը պահպանի իր պաշտոնը, ապա դա կլինի  «Չելսիի» դեմ ցույց տված լավ խաղի շնորհիվ: 





суббота, 26 декабря 2015 г.

«Մանչեսթեր Յունայթեդի» խայտառակությունը թվերով



«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն 4-րդ խաղն անընդմեջ պարտություն է կրում, դրանով ավելի ու ավելի զայրացնելով իր երկրպագուներին:

Մի քանի վիճակագրական փաստեր, որոնք կապացուցեն ձեզ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջնականապես թաղվել է խնդիրների մեջ:

0 - «Մանչեսթեր Յունայթեդի» գործերն այնքան վատ են ընթանում, որ թիմը Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին անգամ չկարողացավ գոլ խփել «Սթոկ Սիթիին»:

0 - Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին անգամ գոլ չխփեց Boxing Day-ի օրը: Իսկ խփած գնդակների միջին թիվը` որը կազմում է 1.3 գոլ մեկ խաղում, ամենավատ արդյունքն է վերջին 25 տարիների ընթացքում:

Վերջին 13 տարիների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին անգամ պարտվեց  Boxing Day-ի օրը: Վերջին անգամ նման դեպք գրանցվել էր 2002 թվականին` «Միդլսբրոյի» դեմ խաղում (1:3) :

Դևիդ Մոյեսի անցկացրած`  մեղմ ասած անհաջող  մրցարջանից հետո, թվում էր, թե ավելի վատ լինել չի կարող, սակայն...

Լուի վան Գալի «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի վատն է, քան Դևիդ Մոյեսինը: Այս պահի դրությամբ թիմը 18 խաղից հետո ունի 29 միավոր, իսկ 2013-2014 թթ մրցաշրջանում Դևիդ Մոյեսի ղեկավարած «Մանչեսթեր Յունայթեդը» նույն դեկտեմբերի 26-ի դրությամբ հավաքել էր 31 միավոր:

Ի դեպ, 18 տուրերից հետո վաստակած 29 միավորն ամենավատ ցուցանիշն է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ` Պրեմիեր Լիգայում:




«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվում է արդեն 4 խաղ անընդմեջ: Այսպիսի դեպք մինչ այս գրանցվել էր 54 տարի առաջ:  

 Արդեն 7 խաղ անընդմեջ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ չի տոնել: Սա ամենավատ արդյունքն է 1990 թվականից հետո:



Այսքանից հետո ծերուկ Լուին իրեն չի կորցնում նշելով, որ ինքը դեռևս պահպանում է ակումբի սեափականատերերի վստահությունն իր հանդեպ:
 Ամեն դեպքում, կարծում եմ Լուի վան Գալը մինչև տարվա վերջ կլքի իր զբաղեցրած պաշտոնը:  Իսկ թե ի՞նչ կտա այդ որոշումը «Մանչեսթեր Յունայթեդին» դեռևս պարզ չէ:

понедельник, 21 декабря 2015 г.

ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման հաշվետվության հիմնական արդյունքները

Բրիտանական Sky Sports-ը առանձնացրել է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման հաշվետվության հիմնական արդյունքները, որը վերլուծում է եվրոպական ակումբների ֆինանսական զարգացումները:



Հաշվետվության հիմքում ընկած է 2014 թվականի ընթացքում եվրոպական ֆուտբոլային ակումբների կատարած ֆինանսական ծախսերը, ՖՖՓ-ի (Ֆինանսական Ֆեյր-Փլեյ)
ազդեցությունը, եկամուտները, տոմսերի վաճառքից գոյացած գումարներն ու վճարված աշխատավարձերը:

Ընդհանուր հաշվետվությունը բաղկացած է 117 էջից: Ձեզ ենք ներկայացնում հաշվետվության առանցքային կետերը:

ՖՖՓ-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

ՈՒԵՖԱ-ի հաշվետվությունների համաձայն ՖՖՓ-ի ներդրումից հետո, 2011 թ  վնասները զգալիորեն կրճատվել են: 


Առանձնանում է  այն, որ ՖՖՓ-ի ներդրումից հետո ակումբների կորուստները կրճատվել են   գրեթե 2/3-ով:
2011 թվականին կորուստների  ընդհանուր գումարը կազմում էր 1,670 մլն եվրո: Այս թիվը 2014 թվականի վերջին զգալիորեն կրճատվել է` հասնելով 486 մլն եվրոյի. 3 տարվա ընթացքում 1.184 մլն եվրոյի տարբերություն:
 2011 թվականին 35 ակումբներ աշխատում էին գրեթե 30 մլն եվրոյի հասնող վնասներով: Հիմա այդ ակումբների քանակը հասել է 14-ի:


ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ



Անգլիան վճարվող  աշխատավարձերի քանակով առաջար է: ՈՒԵՖԱ-ի հաշվետվության համաձայն անգլիական ակումբները գրեթե երկու անգամ ավելի շատ են վճարում, քան գերմանական ակումբները: 



Չնայած նրան, որ  «Ռեալն» ու «Բարսելոնան» մտնում են թոփ-3 ակումբների մեջ` վճարված աշխատավարձերի քանակով, Պրեմիեր Լիգան այդ ցուցանիշով բավականին առաջ է մյուս եվրոպական երկրների առաջնություններից:

2014 թվականին Պրեմիեր լիգայում վճարված աշխատավարձերի միջին թիվը կազմում է 113,9 մլն եվրո: Սա գրեթե 80 %-ով  գերազանցում է Բունդեսլիգայի ցուցանիշը:

Իսպանական Լա Լիգայի ակումբների վճարած աշխատավարձերի միջին չափը կազմում է 55,7 մլն  եվրո, իսկ ֆրանսիական Լիգա 1-ինը` 47,9 մլն եվրո:
Վերջին 5 տարում  տոկոսային հարաբերությամբ գրանցված աճի քանակով  առաջատար է Թուրքիան` 104 %, որին հաջորդում են Ուկրաինան` 94 %, և Ռուսաստանը` 73 %:

Աշխատավարձերի վրա ամենաշատ գումարներ ծախսող ակումբներն են.  Մադրիդի «Ռեալը»` 270 մլն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդը»` 263 մլն եվրո, «Բարսելոնան»` 248 մլն եվրո, «Մանչեսթեր Սիթին»` 245 մլն եվրո, «ՊՍԺ»-ն` 235 մլն եվրո, «Չելսին»` 231 մլն եվրո, «Բավարիան»` 218 մլն եվրո, «Արսենալը»` 199 մլն եվրո, «Յուվենտուսը»` 194 մլն եվրո, «Լիվերպուլը»` 172 մլն եվրո:

Չնայած աշխատավարձերի աճի միտմանը, 2014 թվականին գրանցվել է աճի տեմպի նվազում: 2012 թվականին 6.9 %-ից նվազելով մինչև 3 %` 2014 թվականի դրությամբ:



2014 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» վճարված աշխատավարձերի չափով զիջում է միայն Մադրիդի «Ռեալին»



ԵԿԱՄՏԱԲԵՐ ՀԱՏՎԱԾ «ՅՈՒՆԱՅԹԵԴԻ» ՀԱՄԱՐ

Ռեկորդային գործառնական շահույթ ստանալուց հետո, 2014 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» ստացած եկամուտի քանակով իրեն հավասարը չուներ:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի ևս 12 ակումբների հետ ստացավ  դրական ֆինանսական իմպուլս հեռուստատեսային նոր պայմանագրի առաջին տարվա համար:

«Չելսին» և «Քրիստալ Փելասը» լքեցին առաջին հարյուրյակը (2013 թվականի տվյալներով), զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 11-րդ հորիզոնականները: Իսկ ահա «Վեստ Հեմը», «Նորվիչը», «Սուոնսին» և «Սաութհեմփթոնը» ևս տեղ են գտել թոփ 20-ի մեջ:

Փաստերի համաձայն` «Քրիստալ Փելասը» Թոփ 20-ի մեջ ունի գործառնական շահույթի ամենաբարձր գործակիցը` 47 %, գերազանցելով «Մոնակոյին»` 30 %, «Մանչեսթեր Յունայթեդին», «Վեստ Հեմին» և «Նորվիչին» (բոլորի մոտ` 27 %):

ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՏՈՄՍԵՐ «ԶԻՆԱԳՈՐԾՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

Մինչ Պրեմիեր Լիգայի 7 ակումբներ ընդգրկված են Թոփ 20-ի մեջ`  տոմսերի վաճառքից ստացված հասույթի քանակով, «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի մեծ   դրամական հոսքեր են առաջացնում, քան իրենց մրցակիցները:

Այս ցուցանիշով առաջատարներ են «Ռեալը»` 121 մլն եվրո, «Արսենալը»` 120 մլն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդը»` 119 մլն եվրո: Համեմատության համար` վեցերորդ տեղում ընթացող «Չելսիի» տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմում է 79 մլն եվրո:

Զգալիորեն ավելի քիչ եկամուտ են ստանում «Լիվերպուլը»` 60 մլն եվրո, «Մանչեսթեր Սիթին»` 57 մլն եվրո, «Տոտենհեմը»` 37 մլն եվրո:



      «Արսենալի» «Էմիրեյթս» մարզադաշտի միջին հաճախելիությունը կազմում է 60 000 հանդիսական: 





ՀԱՃԱԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է

Մինչ տոմսերի վաճառքից ստացված հասույթն աճում է, մարզադաշտերի հաճախելիությունը բավականին նվազում է` հասնելով վերջին տասնամյակում ամենացածր մակարդակի:

ՈՒԵՖԱ-ի կազմած հաշվետվության համաձայն` «Եվրոպայում տնտեսական վիճակը շարունակում է անկայուն մնալ, և յուրաքանչյուր երեք լիգաներից երկուսը զեկուցում են հաճախելիության նվազման մասին»:

2013 թվականի համեմատ հաճախելիության 3.5 %-ի  անկում է նկատվում, որը պայմանավորված է Թուրքիայում` 1.2 մլն և Իտալիայում` 500 հզր հանդիսականների թվի կրճատմամբ:

ՄԵԾ ԾԱԽՍԵՐ ԱՊԼ-ՈՒՄ ԵՎ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Ըստ ՈՒԵՖԱ-ի`  Պրեմիեր լիգայի ակումբի միջին արժեքը 65.2 մլն եվրոյով գերազանցում է Սերիա Ա-ի համապատասխան ցուցանիշը:



Այս երկու առաջնությունների տրանսֆերային ծախսերը կազմում են Եվրոպական Թոփ 15 առաջար լիգաների ընդհանուր ծախսերի 49 %-ը: Ընդորում, Պրեմիեր Լիգան այս ցուցանիշով առաջատար է` ընդհանուր 3,438 մլն եվրո արդյունքով, միջինը մեկ ակումբին` 172 մլն եվրո:

Իտալիան զգալիորեն հետ է մնում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը` 2,134 մլն եվրո: Առջևում Իսպանիան է` 1,473 մլն եվրո,  Գերմանիան` 1.028 մլն եվրո և Ֆրանսիան 1.035 մլն եվրո:

Շոտլանդիան այս տեսանկյունից ավելի տնտեսող է` յուրաքանչյուր ակումբին 34 մլն եվրո:


Արսենալը ձեռք բերեց Մեսութ Օզիլին 2013 թվականի ամռանը:



ԹԱՆԿԱՐԺԵՔ  ԿԱԶՄԵՐ

Գարեթ Բեյլի և Քրիստիանո Ռոնալդուի հետ, զարմանալի չէ, որ «Ռեալն» ունի ամենաթանկ կազմը` 316 մլն եվրո:

Մոտական հետապնդողներն են «ՊՍԺ»-ն` 276 մլն եվրո, «Չելսին»` 271 մլն եվրո, «Մանչեսթեր Սիթին»` 247 մլն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդը»` 245 մլն եվրո:

«Տոտենհեմը»` 147 մլն եվրո, «Արսենալը»` 137 մլն եվրո, «Լիվերպուլը»` 136 մլն եվրո, զբաղեցնում են համապատասխանաբար 9-րդ, 10-րդ և 11-րդ հորիզոնականները:



«ՊՍԺ»-ն մտնում է ամենաշատ ծախսեր կատարող ակումբների մեջ

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻՆ» ՎՃԱՐՈՒՄ Է

Չվաճառելով և ոչ մի խաղացողի «Մանչեսթեր Սիթին» ստիպված էր «կուլ տալ» 2014 թվականին  կատարված ամենամեծ տրանսֆերային ծախսը` 91 մլն եվրո, որը կազմում է ընդհանուր եկամուտի 22 %-ը:

«Քաղաքայինների» ամենամեծ ծախսը Ֆեռնանդինյոյի տրանսֆերն էր` որը ըստ տարբեր տվյալների կազմում է 30 մլն ֆունտ: Բացի դրանից ձեռք են բերել նաև Ալվարո Նեգրեդոյին, Ստեֆան Յովետիչին և Խեսուս Նավասին:

«Ինտերը»` 62 մլն եվրո,  «ՊՍԺ»-ն` 61 մլն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդ»` 58 մլն եվրո, «Բավարիա»` 51 մլն եվրո, նույնպես մտնում են Թոփ 5-ի մեջ:

«Ֆուլհեմը» և «Քարդիֆը» գտնվում են Թոփ 15 -ի մեջ` տրանսֆերաների վրա ծախսելով համապատասխանաբար` 38 և 31 մլն եվրո:


«ՌԵԱԼՆ» ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԱԿՈՒՄԲՆ Է

Մադրիդի «Ռեալը» շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ ակումբը`գերազանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», «Բավարիային», «Բարսելոնային» և «ՊՍԺ»-ին:





ԳՈԼԵՐ, ԳՈԼԵՐ,ԳՈԼԵՐ

Վերջացնելով նյութը, ևս մեկ հետաքրքիր փաստ ձեզ համար: Եթե դուք շատ գոլեր եք փնտրում, ապա 2014 թվականին այդ ցուցանիշով առաջար են եղել Իսպանիան և Էստոնիան:

2014-2015թթ մրցաշրջանում խփած գոլերի լավագույն ցուցանիշը պատկանում է «Ռեալին»` 118 գոլ, միջինը 3.1 գոլ յուրաքանչյուր խաղում:

Էստոնիան ներկայացնող «Լեվադան»` 112 գոլ, և «Սիլլամյաեն»` 108 գոլ, զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 4-րդ հորիզոնականները: Իսկ «Բարսելոնան»` 110 գոլ, այս ցուցանիշով երկրորդն է:

                                                                                Ըստ` Sky Sports-ի
                                                                                Պատրաստեց` Միհրան Ալեքսանյանը



четверг, 17 декабря 2015 г.

Էդեն Ազարի անփառունակ խաղի պատճառները

Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Լոնդոնի  «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը միաձայն ընտրվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մրցաշրջանում բացի ընդհանուր թիմային անհաջողություններից, բավականին տարօրինակ են  նաև բելգիացու անհատական  ցուցանիշները: Ազարն  24 տարեկան է և արդեն ազատվել է երիտասարդ ֆուտբոլիստի պիտակից: Նա պետք է կարողանա փայլ հաղորդել «Չելսիի» խաղին, սակայն այս մրցաշրջանում ամեն ինչ գնալով վատանում է:

Էդեն Ազարի վատ խաղի  մասին վկայում է վիճակագրությունը, ըստ որի բելգիացին այս մրցաշրջանում դեռևս գոլ չի հեղինակել` կատարելով 2 գոլային փոխանցում: Նախորդ չեմպիոնական մրցաշրջանում Ազարը դարձել էր 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Մնացած վիճակագրական տվյալներն ևս չեն տպավորում: Էդենն ընդամենը 21 հարված է կատարել մրցակիցների դարպասին: Համեմատության համար` գրեթե նմանատիպ ցուցանիշ են գրանցել Մարկ Օլբրայտոնն ու Ջոնջո Շելվին: Բացի դրանից, Ազարն իր խաղընկերների համար ստեղծել է 44 հարվածի հնարավորություն: Սա իհարկե ապշեցուցիչ ցուցանիշ է, եթե հաշվի չառնենք այն, որ դրանցից 25-ն  եղել են մրցակցի տուգանային հրապարակից դուրս:


Մի խոսքով. Էդեն Ազարի կողմից ստեղծվող գոլային պահերն իր և իր խաղընկերների համար, անորակ են և անհեռանկարային: 2014-2015 թթ մրցաշրջանում նա իր սուր փոխանցումներով «մոգոնել» էր 9 իրական գոլային պահ, իսկ այս տարի դեռևս ոչ մի:

Ազարի վատ խաղով էլ պայմանավորված է «Չելսիի» անհաջողությունների մի մասը, քանզի թիմը զրկվել է իր սուպերաստղից, ով նախորդ տարի կարծես թիմի շարժիչ ուժը լիներ:

Բացի գոլերից և գոլային փոխանցումներից, Էդեն Ազարը շատ լավ տեղաշարժվում էր գնդակով` կատարելով արագացումներ, որոնք ևս հանգեցնում էին խաղընկերների համար գոլային պահեր ստեղծելուն: Երբ ֆուտբոլիստը գնդակով ակտիվ տեղաշարժեր է կատարում, նա նախ «քանդում» է մրցակցի պաշտպանական պատնեշն, իսկ հետո` ազատ գոտի է դուրս բերում խաղընկերոջը: Ըստ վիճակագրության այս մրցաշրջանում` ի տարբերություն նախորդի, Ազարն այլևս նմանատիպ արագացումներ չի կատարում: Զարմանալի չէ, որ ընթացիկ մրցաշրջանում այս ցուցանիշով  ամենալավը «Լեսթերի» ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզն է:



Նախկինում Ազարը փայլում էր  իր գերազանց դրիբլինգով: Հիմա նրա ներդրումը թիմի խաղում գրեթե աննշան է: Գրեթե բոլոր վիճակագրական տվյալներով Էդենն այս մրցաշրջանն անցկացնում է ցածր արդյունավետությամբ: 

Հաշվի առնելով, որ «Չելսիի» ֆուտբոլիստները խաղային բոլոր դիրքերում խնդիրներ ունեն, կարելի է պնդել, թե Ազարի այսպիսի խաղի պատճառը հենց խաղընկերների պասիվությունն է: Պարզ է, որ բելգիացուն պետք է գնդակներ «մատակարարել» խաղի ժամանակ: Իսկ այդ գործում պատասխանատու է Սեսկ Ֆաբրեգասն, ով իսկապես թերանում է այս մրցաշրջանում: Ամեն դեպքում Էդեն Ազարի անհատական ցուցանիշները ևս տպավորիչ չեն: Համեմատելով այս և նախորդ մրցաշրջաններում Ազարի գործողությունները, պարզ է դառնում, որ նրա արդյունավետությունը զգալիորեն նվազել է: Նա վտանգավոր է, երբ գնդակը ստանալով դաշտի եզրում, տեղաշարժվում է կենտրոն և այնտեղից արդեն հարվածում է կամ կատարում գոլային փոխանցում: 
Նախորդ մրցաշրջանի նույն այս ժամանակահատվածում Ազարը կատարել էր նմանատիպ 23 արագացումներ, որոնցից 7-ն ավարտվել էին դարպասի գրավմամբ: Այս մրցաշրջանում 7 փորձից և ոչ մեկն արդյունավետ չի եղել: 

Ազարն եզրերից կատարված  իր արագացումներով չի կարողանում դրական ազդեցությունն ունենալ «Չելսիի» հարձակման վրա : Նախորդ տարվա 16 տուրերից հետո նա դեպի հարձակման գիծ ստացել էր 190 փոխանցում, այս տարվա 16 տուրերից հետո պատկերը գրեթե նույնն է` 181 փոխանցում: Փաստորեն «Չելսիի» ֆուտբոլիստները չնայած առկա խնդիրներին կարողանում են Ազարին գնդակ հասցնել: Հետևությունն այն է, որ նա չի կարողանում նույն կերպ շրջանցել մրցակիցներին, ինչպես նախորդ մրցաշրջանում: Միգուցե՞ մրցակիցները հիմա արդեն փորձում են ավելի ուշադիր լինել Ազարի նկատմամբ և ստիպում են վերջինիս շուտ ազատվել գնդակից: Կամ նույնիսկ այդպիսի հրահանգ նրան տվել  թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` հաշվի առնելով մրցաշրջանի սկզբում Ազարի խաղի անմխիթար վիճակը: 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Էդեն Ազարն առաջվա նման ամենաշատն է լինում գնդակով: Նա այս ցուցանիշով գերազանցում է իր մոտակա հետապնդողներին` Սանտի Կասորլային և Ալեքսիս Սանչեսին: Փաստացի Ազարը շարունակում է տիրել գնդակին, սակայն այս տարի նրա գործողություններում սրություն չի նկատվում: 




Էդեն Ազարը նախորդ մրցաշրջանում փայլում էր նրանով, որ իր արագության, տեխնիկայի և գնդակով արագացումների շնորհիվ կարողանում էր բազմազանություն հաղորդել «Չելսիի» խաղին: Այս տարի ակնհայտ է, որ նրան չի բավականացնում ֆիզիկական մարզավիճակը: Իսկ դրա գլխավոր պատճառներից մեկը նախամրցաշրջանային փուլում վատ պատրաստվելն է: «Չելսիի» մարզչական շտաբն այս տարվա նախամրցաշրջանային փուլի տևողությունը  կրճատել էր գրեթե երկու շաբաթով` փորձելով հանգստի հնարավորություն տալ այն ֆուտբոլիստներին, ովքեր արդեն երկրոդ տարին անընդմեջ ներքին առաջնություններից և եվրագավաթներից բացի` մասնակցել էին նաև հավաքականների հանդիպումներին: 

2014-2015 մրցաշրջանում «Չելսիի» 10 լավագույնները մասնակցել են Չեմպիոնների Լիգայի և Պրեմիեր Լիգայի խաղերի 80 %-ին: Վերջին 5 տարվա ընթացքում անգլիական և ոչ մի թիմի մոտ այդ տոկոսային հարաբերությունը չի գերազանցել 75-ը: Ակնհայտ է,  որ Ազարի և խաղընկերների վրա ընկած  հսկայական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար էլ թիմը ուշ սկսեց պատրաստվել գալիք մրցաշրջանին:
Բայց այս ամենը հակառակ արդյունքը տվեց: Այնպիսի տպավորություն է կարծես Ազարն ու իր խաղընկերները դեռևս նախամրցաշրջանային փուլում են: Պարզապես անընդհատ Ազարի վրա հույս դնելու փոխարեն, Մոուրինյոն կարող էր ունենալ «պլան Բ», որը կօգներ Ազարին հանգստանալ, իսկ թիմի խաղին բազմազանություն կհաղորդեր: 

Ամեն դեպքում «Չելսիի» երկրպագուներն ուրախանալու առիթ ունեն: Վերը նշված 7 արագացումներից 4-ը Ազարի կողմից կատարվել են վերջին խաղերում: Հուսանք, որ գոնե նոր գլխավոր մարզչի հետ բելգիացին կվերագտնի իր երբեմնի փայլուն մարզավիճակը: 












суббота, 12 декабря 2015 г.

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջխաղացումը Լուի վան Գալի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը համառորեն պնդում է, որ իր թիմը ընթանում է ճիշտ ճանապարհով: Այս մտքի հետ միանշանակ համաձայն չեն «կարմիր սատանաների» երկրպագուները` հաշվի առնելով թիմի ցուցադրած խաղն ու Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը: Ինչևէ, փորձենք հասկանալ, առաջադիմում է արդյո՞ք  «Մանչեսթեր Յունայթեդը» հոլանդացի մասնագետի հետ, թե՞ ոչ:



ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ

Տեսնելով թիմի զբաղեցրած դիրքը մրցաշարային աղյուսակում` կարելի է համաձայնվել Լուի վան Գալի հետ: «Մանչեսթեր Յունայթեդը» ընթանում է 4-րդ հորիզոնականում և ընդամենը 3 միավորով է զիջում առաջատար «Լեսթերին»: Նախորդ տարվա համեմատ թիմը 15 խաղից հետո 1 միավոր ավելի է վաստակել:Իսկ եթե համեմատենք Դևիդ Մոյեսի ժամանակաշրջանի հետ` առաջխաղացումն ակնհայտ է:  Շոտլանդացի մասնագետի ղեկավարության ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» անցկացրած 15 խաղից հետո զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը` 13 միավորով զիջելով առաջատարին:
Միանշանակ կարելի է ասել, որ այս մրցաշրջանում ի տարբերություն Դևիդ Մոյեսի ժամանակահատվածի «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում է չեմպիոնության համար:
Միակ բացասական երևույթը Լուի վան Գալի խաղային փիլիսոփայությունն է, որը մեղմ ասած  չի գոհացնում թիմի երկրպագուներին: «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում արդեն 4 խաղ ավարտել է 0:0 հաշվով, և թոփ-7 թիմերի մեջ ամենաքիչ գոլերն է խփել: Բայց եթե մրցաշրջանի վերջում Լուի վան Գալի այս փիլիսոփայությունը տա իր արդյունքը և թիմը դառնա չեմպիոն, ապա վստահաբար կարող ենք ասել, որ երկրպագուները գոհ կլինեն հոլանդացու կատարած աշխատանքից:


ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ

Երբ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ գրավել 4-րդ հորիզոնականը և իրավունք ստացավ մասնակցելու Չեմպիոնների Լիգայի այս տարվա խաղարկությանը, շատերը նշում էին, որ Լուի վան Գալը հիանալի է կատարում իր աշխատանքը:


Անցումային խաղերում «Բրյուգեի» արգելքը հաղթահարելուց հետո, երբ կայացավ ՉԼ-ի խմբային փուլի վիճակահանությունը, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելն իր թվիթերի էջում գրառում էր կատարել, նշելով, որ այս վիճակահանությունը կարելի է նշել գարեջրով: Դա բացատրվում էր նրանով, որ «Յունայթեդը» հայտնվելով մեկ խմբում այնպիսի ակումբների հետ ինչպիսիք են` «Վոլֆսբուրգը», «ՊՍՎ»-ն և «ԲԿՄԱ»-ն, պարտավոր է խմբից դուրս գալ: Սակայն թիմը ձախողեց այս մրցաշարը: Հատկանշական է, որ Դևիդ Մոյեսի գլխավորությամբ թիմն ընդհակառակը ավելի լավ հանդես եկավ հենց Չեմպիոնների Լիգայում` հասնելով մինչև 1/4 եզրափակիչ: Բավական է հիշել միայն Ռոբին վան Պերսիի ֆանտաստիկ հետ-տրիկն «Օլիմպիակոսի» դեմ պատասխան խաղում:




Այս նկարը ցույց է տալիս Դևիդ Մոյեսի և Լուի վան Գալի թիմերի գրանցած արդյունքները Չեմպիոնների Լիգայում: Ինչպես տեսնում եք  Մոյեսի թիմի գրանցած արդյունքներն ավելի տպավորիչ են:


ԽԱՂԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ

Լուի վան Գալի խաղային փիլիսոփայությունը միգուցե և արդյունք է տալիս, սակայն թիմի ցուցադրած խաղը խորթ է «կարմիր սատանաների» երկրպագուներին: Հոլանդացի մասնագետը թիմի խաղային մոդելի առանցքային մաս է համարում գնդակին տիրելը: Այս առումով թիմն իր աշխատանքը լավ է կատարում, սակայն երբ հարձակման գծում հերթը հասնում է վճռական գործողություններին` «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հապաղում են:



«Մանչեսթեր Յունայթեդի» խաղային գլխավոր խնդիրն այն է, որ ֆուտբոլիստներն ավելի քիչ են ներխուժում մրցակցի տուգանային հրապարակ: Թիմը գնդակին տիրելու առումով առաջինն է Պրեմիեր Լիգայի 20 թիմերի մեջ, իսկ ահա մրցակցի դարպասին կատարված հարվածների թվով ընդամենը` 15-րդը: Բացի այդ, հարվածների թիվը վերջին 4 տարիներին շարունակաբար նվազում է: Ալեքս Ֆերգյուսոնի վերջին մրցաշրջանում անցկացրած 15 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կատարել էր 90 հարված: Դևիդ Մոյեսի ժամանակահատվածում` 72 հարված, իսկ Լուի վան Գալի երկու մրցաշրջաններում համապատասխանաբար` 66 և 54:




ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ

«Վոլֆսբուրգի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 20 րոպեներն անցկացրեց խաղադաշտում ունենալով  ակումբի ակադեմիայի 4 սաների` Ջեսի Լինգարդ, Նիկ Պաուել, Քեմերոն Բորտվիկ-Ջեքսոն ու Գիլյերմո Վարելա: Բացի նրանցից պահեստայինների նստարանին էր նաև Պադի Մակնեյրը: Եվ սա բնավ մեծ թվով վնասվածքների հետևանք չէ: Սա հենց Լուի վան Գալի ամենակարևոր և գլխավոր հատկություններից մեկն է: Հոլանդացին կարողանում է լավ լեզու գտնել երիտասարդների հետ: Եվ եթե նույնիսկ Լուի վան Գալը չկարողանա իր առաքելությունը հաջողությամբ ավարտել, միևնույնն է նրա թեթև կամ միգուցե նաև ծանր ձեռքի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» կունենա հեռանկարային երիտասարդների մի խումբ` ովքեր հետագայում դեռևս կհասցնեն իրենց խոսքն ասել համաշխարհային ֆուտբոլում:


воскресенье, 6 декабря 2015 г.

Կլաուդիո Ռանիերիի

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Սուոնսիի» դեմ արտագնա խաղում հաղթանակ տոնելով, Կլաուդիո Ռանիերիի «Լեսթեր Սիթին» բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: Իսկ սա նշանակում է, որ «աղվեսների» ֆենոմենալ մրցաշրջանը շարունակվում է:



Ինչպես հայտնի է իտալացի մարզիչների մեծամասնությունը նախընտրում է կատենաչոն, որն իրենից ներկայացնում է պաշտպանողական ֆուտբոլ: Կլաուդիո Ռանիերին լինելով իտալացի` ոչ միայն չի դավանում այս փիլիսոփայությանն, այլ ընդհակառակը, նրա «Լեսթերը» խաղում է բաց հարձակողական ֆուտբոլ: Զարմանալի է բայց փաստ. «Լեսթերը» Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի միակ թիմն է, որը գոլ է խփել բոլոր 15 խաղերում:

Կլաուդիո Ռանիերին իր մարզչական կարիերայում կուտակած հարուստ փորձի շնորհիվ կարողացավ ստեղծել այս  «Լեսթերը»:
Առանձնացնեմ Կլաուդիո Ռանիերիի մի քանի առանցքային որոշումներ:


ՎԱՐԴԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՎՈՂԻ ԴԻՐՔՈՒՄ

Ջեյմի Վարդիի հաջողությունները կարելի է ասել բրիտանական ֆուտբոլի ամենակարևոր թեման է դարձել: Հատկապես, երբ Վարդին գերազանցեց Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը` 11 անընդմեջ խաղում գոլ խփելով: Շատերը սկսեցին խոսել, վերհիշել թե որտե՞ղ էր խաղում Վարդին 5 կամ 7 տարի առաջ, սակայն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Վարդիի հաջողությունների սկիզբը հանդիսացավ նախորդ մրցաշրջանի վերջնամասը:



Նախորդ մրցաշրջանի վերջում «Լեսթերը» կարելի է ասել հրաշքով պահպանեց իր տեղը Պրեմիեր Լիգայում:
 Թիմի նախկին գլխավոր մարզիչ Նայջլ Պիրսոնը Վարդիին օգտագործում էր հարձակման եզրում, իսկ նրա առջևում Դևիդ Նյուջենտին և Լեոնարդո Ոլյոային:
Այս մրցաշրջանի հենց սկզբից «Լեսթերի» արդեն նոր գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հասկացավ, որ խաղային մոդելի կարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց արագությունն է, որն էլ պետք է զարգացնել:
Վարդին իր արագության և յուրահատուկ գոլային հոտառության շնորհիվ իրեն հիանալի դրսևորեց կենտրոնական հարձակվողի դիրքում: Կլաուդիո Ռանիերիի այս միտքը տվեց իր դրական արդյունքը:


ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ

Ռիհադ Մահրեզի խաղը նույնպես մեծ հիացմունք ու զարմանք է առաջացնում երկրպագուների մոտ: Ալժիրցի կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ամենաշատն է հաջողված դրիբլինգ իրականացրել: Բացի այդ, ըստ վիճակագրության`  միայն Մեսութ Օզիլն է ավելի շատ ակնհայտ գոլային պահեր ստեղծել, քան Մահրեզը:



Նայջլ Պիրսոնի ղեկավարությամբ Մահրեզը ավելի քիչ խաղաժամանակ էր ստանում, իսկ Կլաուդիո Ռանիերիի թիմում նա անփոխարինելի է դարձել: «Սուոնսիի» դեմ արտագնա խաղում Մահրեզի հեթ-տրիկը օգնեց «Լեսթերին» միանձնյա գլխավորել Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը:
Կլաուդիո Ռանիերին Մահրեզին օգտագործում է կիսապաշտպանության աջ եզրում, իսկ ահա Մարկ Օլբրայտոնի ձախ եզրում հայտնելը մի փոքր զարմանալի որոշում էր, սակայն...



Այս մրցաշրջանի անցկացրած 15 տուրերից հետո Մարկ Օլբրայտոնը ավելի շատ է հայտնվել «Լեսթերի» մեկնարկային կազմում,  քան ամբողջ նախորդ մրցաշրջանում:
Մինչ Կլաուդիո Ռանիերին, Օլբրայտոնը հազվադեպ էր խաղում հարձակողական վինգերի դիրքում: Այս մրցաշրջանում Ռանիերին ընտրել է 4-4-2 տակտիկական սխեման` օգտագործելով  վառ արտահայտված հարձակողական  վինգերներին:

4 ՊԱՇՏՊԱՆՆԵՐ

Շատերը կարծում են, որ «Լեսթերի» այսպիսի հաջողությունների հիմքում ընկած է Նայջլ Պիրսոնի աշխատանքը, բայց դա այդքան էլ մոտ չէ իրականությանը: Անցած մրցաշրջանում Պիրսոնի թիմի հաջողությունները պայմանավորված էին  3 պաշտպանների խաղով: Անցնելով այդ տակտիկական սխեմային նախորդ մրցաշրջանի վերջնամասում «Լեսթերը» կարողացավ 7 հաղթանակ տոնել և պահպանել իր տեղը Պրեմիեր Լիգայում: Նույն կերպ կարող էր վարվել նաև Ռանիերին, սակայն իտալացի մասնագետն այլ ուղի ընտրեց: Նա  որոշեց օգտագործել 4-4-2 տակտիկական սխեման, իսկ կենտրոնական պաշտպանների դիրքում խաղացրեց Ուես Մորգանին և Ռոբերտ Հուտին: Ճիշտ է, այս սխեմայով խաղը շատ երկար սպասեցրեց մինչև առաջին «չոր» հանդիպումը, բայց միևնույնն է այն իրեն արդարացրեց: Իսկ առաջին «չոր» հանդիպումը թիմը նշեց պիցցայով, ինչպես և խոստացել էր Կլաուդիո Ռանիերին:



ԱՌԱՆՑ ԿԱՄԲԻԱՍՈՅԻ

Խոստովանեք, որ ձեզանից քչերն էին, ովքեր տեղյակ էին, որ արգենտինացի հանրահայտ Էստեբան Կամբիասոն նախորդ մրցաշրջանը անցկացրել է «Լեսթերում»: Նայջլ Պիրսոնի թիմում Կամբիասոն մեծ դերակատարություն ուներ: Պիրսոնը նրան օգտագործում էր կիսապաշտպանության կենտրոնում, փորձելով դաշտի միջնամասում թվային առավելություն ստեղծել և իհարկե հնարավորինս լավ օգտվել արգենտինացու խաղային որակներից:  Ռանիերին այստեղ ևս փոփոխություններ կատարեց:



 Դանի Դրինկուոտերը նախորդ մրցաշրջանի խաղերի կեսից ավելին անցկացրել է պահեստայինների նստարանին, իսկ այս տարի նրա տեղը մեկնարկային կազմում կարելի է ասել կասկած չի հարուցում: Դրինկուոտերի այսպիսի առաջնթացը, խոշոր հաշվով Կլաուդիո Ռանիերիի «մեղքով» է: Դրինկուոտերին միշտ էլ համարել են տաղանդավոր ֆուտբոլիստ, սակայն մինչ այս նրան չէր բավականացնում կայունությունը, իսկ Ռանիերիի գալուց ի վեր նա նմանատիպ խնդիրներ չունի:
Դանի Դրինկուոտերը  դաշտի կենտրոնական հատվածում մեծ ծավալի աշխատանք է կատարում: Դա վկայում է նաև վիճակագրությունը, ըստ որի «Լեսթերի» կիսապաշտպանը մտնւմ է այն տասը ֆուտբոլիստների մեջ, ովքեր այս մրցաշրջանում ամենաշատն են վազել:

ԿԱՆՏԵԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Նգոլո Կանտեի ձեռքբերումը կարելի է համարել Կալուդիո Ռանիերիի ամենահաջողված քայլը «Լեսթերում»: Կանտեն ավելի շատ սևագործ աշխատանք է կատարում խաղադաշտում, քան իր կոլեգաները: Դա ապացուցում է նաև վիճակագրությունը:



Կանտեն այս մրցաշրջանում ավելի շատ է գնդակ խլել մրցակիցներից, քան մեկ այլ ֆուտբոլիստ Պրեմիեր Լիգայում: Նա նաև մենապայքարների ժամանակ է իրեն հիանալի դրսևորում:
Եվ այսպես Կլաուդիո Ռանիերին ստեղծագործ Կամբիասոյին փոխարինեց` քանդող հենակետայինով, որի պարտականություններն էլ հաջողությամբ կատարում է Նգոլո Կանտեն` թույլ չտալով մրցակիցներին հանգիստ շունչ քաշել դաշտի կենտրոնում: 
 Դրինկուոտերի և Կանտեի անգերազանցելի խաղի շնորհիվ, Ռիհադ Մահրեզն ավելի շատ ազատվում է պաշտպանական գործողություններից` շեշտը դնելով հարձակման վրա: 

ՌԱՆԻԵՐԻԻ ԳՈՐԾՈՆԸ

Կլաուդիո Ռանիերին չգնեց տասնյակ ֆուտբոլիստների տրանսֆերներ, չնայած որ, լիիրավ իրավունք ուներ այդպիսի պահանջ ներկայացնելու ակումբի ղեկավարությանն, առավել ևս, որ անգլիական թեկուզ միջակ ակումբները ֆինանսների հետ կապված խնդիրներ չունեն: Իտալացի մասնագետը բավարարվեց եղածով և կարողացավ վստահություն հաղորդել այն ֆուտբոլիստներին, ովքեր նախորդ մրցաշրջանում մնացել էին ստվերում: 
Սա մի գեղեցիկ պատմություն է մարդկային հարաբերությունների` վստահության հավատի և պատասխանատվության: Ֆուտբոլիստները նույնպես էլ ավելի մեծ եռանդով են սկսում աշխատել, երբ իրենց գործողությունները ղեկավարում է համաշխարհային մակարդակի մարզիչ: Իսկ  Ռանիերին անկասկած այդպիսին է համարվում: 
 Եվ ընդհանրապես. «արհեստավորը» (Կլաուդիո Ռանիերիի կեղծանունը) 10 տարի առաջ իր յուրահատուկ որոշումներով կարողացավ մեծ համբավ ձեռք բերել: Իսկ հիմա նրա կատարած աշխատանքը այդքան էլ չի գնահատվում ֆուտբոլասերների կողմից, սակայն ակնհայտ է, որ Կլաուդիո Ռանիերին ավելիին է արժանի:




четверг, 3 декабря 2015 г.

Գարի Նևիլ: Մարզիչ հեռուստաեթերից

Իսպանական  «Վալենսիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը: Վերջինիս հետ իսպանական ակումբը կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև այս մրցաշրջանի ավարտը:



Այս նորությունը կարելի է ասել ցնծեց ֆուտբոլային հասարակությունը, քանզի ոչինչ չէր վկայում, որ Գարի Նևիլը կարող է հայտնվել Իսպանիայում: Ավելի հավանական տարբերակ էր Գարիի եղբայր` Ֆիլ Նևիլի նշանակումը «չղջիկների» գլխավոր մարզչի պաշտոնում` քանի որ Ֆիլը վերջին շրջանում հանդիսանում էր արդեն նախկին գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուի օգնականը:

Իսկ հիմա փորձենք հասկանալ թե ինչու՞ «Վալենսիայի» ղեկավարության ընտրությունը կանգ առավ հենց Գարի Նևիլի վրա և վերջինս ի՞նչ կարող է առաջարկել «վալենսիացիներին»:


ԺՈՐԺԵ ՄԵՆԴԵՇԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ



Հանրահայտ ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշն ուղղակի թե անուղղակի կապ ունի «Վալենսիայի» վերջին տարիների գործունեության հետ: Երբ 2013 թվականի վերջին ակումբը կանգնած էր լուրջ ֆինանսական խնդիրների առջև, հենց Մենդեշն էր, որ կարողացավ միավորել  «Վալենսիային» և սինգապուրցի միլիարդատեր Պիտեր Լիմին: Արդյունքում Պիտեր Լիմը 2014 թվականին գնեց «Վալենսիայի» ակցիաների 70 %-ն ու կարողացավ թիմին դուրս բերել ֆինանսական ճգնաժամից` ներդնելով գրեթե 100 մլն եվրո գումար:  Բացի այդ, Ժորժե Մենդեշը  միջնորդեց, որ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվի Նունու Էսպիրիտու Սանտուն: Վերջինիս գլխավորությամբ թիմի միակ նշանակալի հաջողությունն եղավ  ՉԼ-ի խմբային փուլում հայտնվելը: «Վալենսիայում» հայտնված գրեթե բոլոր ֆուտբոլիստների գործակալը հանդիսանում է հենց Մենդեշը:

Սակայն ինչպես պարզվեց հետագայում Պիտեր Լիմին պատկանող «Մերիտոն» հոլդինգի ֆինանսավորումն ու Ժորժե Մենդեշի մեծ ազդեցությունը քիչ էր մնում աղետալի հետևանքներ ունենային:


«Վալենսիայի» նախագահ Լի Չուն Յունը Նունու Էսպիրիտու Սանտուի հեռացումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ թիմին անհրաժեշտ է մարզիչ, ով առաջին հերթին կկարողանա բարձրացնել թիմի մարտական ոգին, կլինի իսկական լիդեր և կփորձի դուրս բերել թիմին նոր մակարդակի վրա: Եվ որ ամենակարևորն է, ակումբի նախագահը նշել էր, որ թիմի ապագա գլխավոր մարզիչը ոչ մի կերպ կապ չի ունենալու Ժորժե Մենդեշի հետ: Ինչպես հասկացաք Գարի Նևիլը հենց այդ անձնավորությունն է: Իմ կարծիքով «Վալենսիայի» ղեկավարությունը փորձում է փոխել թիմի զարգացման ուղղվածությունը:


Ի՞ՆՉՆ Է ՄԻԱՎՈՐՈՒՄ ՊԻՏԵՐ ԼԻՄԻՆ ԵՎ ՆԵՎԻԼ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

Առաջին հայացքից Գարի Նևիլի նշանակումը այս պաշտոնում զարմանալի է թվում: Ինչու՞ Պիտեր Լիմը ընտրեց հենց Գարիին և ոչ թե մեկ այլ հանրահայտ մարզչի, առավել ևս, որ նշվում էին այնպիսի անուններ` ինչպիսիք են Միքաել Լաուդրուդն ու Ֆրանկ Ռայկարդը: Կա մի կարևոր հանգամանք որն էլ հնարավոր է դարձել է այսպիսի որոշման պատճառը: Բանն այն է, որ Նևիլ եղբայրները` Ռայան Գիգզի, Պոլ Սքոուլզի և Նիկի Բաթի հետ հանդիսանում են անգլիական «Սալֆորդ Սիթի» ակումբի 50 % բաժնետոմսերի սեփականատերերը: Իսկ կարող եք կռահել թե ու՞մ է պատկանում անգլիական սիրողական լիգայում հանդես եկող ակումբի մյուս 50 %  բաժնետոմսերը: Դե Իհարկե «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմին: Հենց այս հանգամանքով էլ կարելի է բացատրել Նևիլ եղբայրների կապը իսպանական ակումբի հետ:




Գարի Նևիլը գրեթե 4 տարի աշխատել է բրիտանական «Sky Sports»-ում` որպես վերլուծաբան-փորձագետ: Բացի ֆուտբոլիստի մեծ փորձից նա շատ լավ կարողանում է վերլուծել ֆուտբոլային խաղերը հեռուստաեթերում: Գարի Նևիլը 2014 թվականին ճանաչվել է  տարվա լավագույն փորձագետ: «Sky Sports»-ի ղեկավարությունը շատ էր ցանկանում նրան ետ պահել հեռանալու որոշումից և առաջարկել էր 5 տարվա պայմանագիր` տարեկան 21 մլն եվրո աշխատավարձով: Բայց Գարի Նևիլը մերժել էր այն  հանուն նոր մարտահրավերի:
Նևիլն արդեն իսկ ստացել է ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ կարգի մարզչական արտոնագիր: 2012 թվականից էլ հանդիսանում է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի օգնականը: Հետաքրքիր է նաև այն, որ նա համատեղելու է այս երկու աշխատանքները:




Առաջին հերթին սա շատ լավ մարկետինգային քայլ է: Գարին բավականին մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում և մեծ հարգանք է վայելում: Նա արդեն 40 տարեկան է և այսպիսի գործունեություն ծավալելու համար տարիքը կարելի է ասել համապատասխանում է: Իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Գարին իրեն շատ համարձակ է դրսևորել և հայտարարել է, որ այս առաջիկա 5 ամիսների ընթացքում իր գլխավոր խնդիրն է` անել ամեն ինչ յուրաքանչյուր խաղում հաղթանակ տոնելու համար: Նա արդեն իսկ կողմնորոշվել է իր օգնականների հարցում: Առաջինն անկասկած կլինի իր եղբայր Ֆիլ Նևիլն, իսկ երկորդը` «Վալենսիայի» նախկին ֆուտբոլիստ, ակումբի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Միգել Անխել Անգուլոն: Միակ խնդիրն, որը կարող է դժվարություններ առաջացնել Գարիի համար դա իսպաներենն է: Իր եղբայր Ֆիլն արդեն իսկ բավականին լավ տիրապետում է իսպաներեն լեզվին, իսկ անձամբ Գարին պատրաստակամություն է հայտնել որքան հնարավոր է շուտ սկսել մասնագետի հետ պարապմունքները:



Գարի Նևիլը երբեք էլ չի թաքցրել այն, որ իրեն ավելի հոգեհարազատ է հարձակողական ոճի ֆուտբոլը: Նույնիսկ իրենց պատկանող «Սալֆորդ Սիթի» ակումբի փիլիսոփայության հիմքում հենց Նևիլի խոսքերով ընկած է հարձակողական ֆուտբոլը:



«Վալենսիայի» ղեկին Գարի Նևիլի առաջին տնային հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին` «Լիոնի» դեմ: Իսկ Լա Լիգայում անգլիացի մարզիչն իր նորամուտը կնշի հաջորդ հանգստյան օրերին կայանալիք «Բարսելոնայի» դեմ տնային խաղում: