воскресенье, 6 декабря 2015 г.

Կլաուդիո Ռանիերիի

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Սուոնսիի» դեմ արտագնա խաղում հաղթանակ տոնելով, Կլաուդիո Ռանիերիի «Լեսթեր Սիթին» բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: Իսկ սա նշանակում է, որ «աղվեսների» ֆենոմենալ մրցաշրջանը շարունակվում է:



Ինչպես հայտնի է իտալացի մարզիչների մեծամասնությունը նախընտրում է կատենաչոն, որն իրենից ներկայացնում է պաշտպանողական ֆուտբոլ: Կլաուդիո Ռանիերին լինելով իտալացի` ոչ միայն չի դավանում այս փիլիսոփայությանն, այլ ընդհակառակը, նրա «Լեսթերը» խաղում է բաց հարձակողական ֆուտբոլ: Զարմանալի է բայց փաստ. «Լեսթերը» Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի միակ թիմն է, որը գոլ է խփել բոլոր 15 խաղերում:

Կլաուդիո Ռանիերին իր մարզչական կարիերայում կուտակած հարուստ փորձի շնորհիվ կարողացավ ստեղծել այս  «Լեսթերը»:
Առանձնացնեմ Կլաուդիո Ռանիերիի մի քանի առանցքային որոշումներ:


ՎԱՐԴԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՎՈՂԻ ԴԻՐՔՈՒՄ

Ջեյմի Վարդիի հաջողությունները կարելի է ասել բրիտանական ֆուտբոլի ամենակարևոր թեման է դարձել: Հատկապես, երբ Վարդին գերազանցեց Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը` 11 անընդմեջ խաղում գոլ խփելով: Շատերը սկսեցին խոսել, վերհիշել թե որտե՞ղ էր խաղում Վարդին 5 կամ 7 տարի առաջ, սակայն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Վարդիի հաջողությունների սկիզբը հանդիսացավ նախորդ մրցաշրջանի վերջնամասը:



Նախորդ մրցաշրջանի վերջում «Լեսթերը» կարելի է ասել հրաշքով պահպանեց իր տեղը Պրեմիեր Լիգայում:
 Թիմի նախկին գլխավոր մարզիչ Նայջլ Պիրսոնը Վարդիին օգտագործում էր հարձակման եզրում, իսկ նրա առջևում Դևիդ Նյուջենտին և Լեոնարդո Ոլյոային:
Այս մրցաշրջանի հենց սկզբից «Լեսթերի» արդեն նոր գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հասկացավ, որ խաղային մոդելի կարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց արագությունն է, որն էլ պետք է զարգացնել:
Վարդին իր արագության և յուրահատուկ գոլային հոտառության շնորհիվ իրեն հիանալի դրսևորեց կենտրոնական հարձակվողի դիրքում: Կլաուդիո Ռանիերիի այս միտքը տվեց իր դրական արդյունքը:


ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ

Ռիհադ Մահրեզի խաղը նույնպես մեծ հիացմունք ու զարմանք է առաջացնում երկրպագուների մոտ: Ալժիրցի կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ամենաշատն է հաջողված դրիբլինգ իրականացրել: Բացի այդ, ըստ վիճակագրության`  միայն Մեսութ Օզիլն է ավելի շատ ակնհայտ գոլային պահեր ստեղծել, քան Մահրեզը:



Նայջլ Պիրսոնի ղեկավարությամբ Մահրեզը ավելի քիչ խաղաժամանակ էր ստանում, իսկ Կլաուդիո Ռանիերիի թիմում նա անփոխարինելի է դարձել: «Սուոնսիի» դեմ արտագնա խաղում Մահրեզի հեթ-տրիկը օգնեց «Լեսթերին» միանձնյա գլխավորել Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը:
Կլաուդիո Ռանիերին Մահրեզին օգտագործում է կիսապաշտպանության աջ եզրում, իսկ ահա Մարկ Օլբրայտոնի ձախ եզրում հայտնելը մի փոքր զարմանալի որոշում էր, սակայն...



Այս մրցաշրջանի անցկացրած 15 տուրերից հետո Մարկ Օլբրայտոնը ավելի շատ է հայտնվել «Լեսթերի» մեկնարկային կազմում,  քան ամբողջ նախորդ մրցաշրջանում:
Մինչ Կլաուդիո Ռանիերին, Օլբրայտոնը հազվադեպ էր խաղում հարձակողական վինգերի դիրքում: Այս մրցաշրջանում Ռանիերին ընտրել է 4-4-2 տակտիկական սխեման` օգտագործելով  վառ արտահայտված հարձակողական  վինգերներին:

4 ՊԱՇՏՊԱՆՆԵՐ

Շատերը կարծում են, որ «Լեսթերի» այսպիսի հաջողությունների հիմքում ընկած է Նայջլ Պիրսոնի աշխատանքը, բայց դա այդքան էլ մոտ չէ իրականությանը: Անցած մրցաշրջանում Պիրսոնի թիմի հաջողությունները պայմանավորված էին  3 պաշտպանների խաղով: Անցնելով այդ տակտիկական սխեմային նախորդ մրցաշրջանի վերջնամասում «Լեսթերը» կարողացավ 7 հաղթանակ տոնել և պահպանել իր տեղը Պրեմիեր Լիգայում: Նույն կերպ կարող էր վարվել նաև Ռանիերին, սակայն իտալացի մասնագետն այլ ուղի ընտրեց: Նա  որոշեց օգտագործել 4-4-2 տակտիկական սխեման, իսկ կենտրոնական պաշտպանների դիրքում խաղացրեց Ուես Մորգանին և Ռոբերտ Հուտին: Ճիշտ է, այս սխեմայով խաղը շատ երկար սպասեցրեց մինչև առաջին «չոր» հանդիպումը, բայց միևնույնն է այն իրեն արդարացրեց: Իսկ առաջին «չոր» հանդիպումը թիմը նշեց պիցցայով, ինչպես և խոստացել էր Կլաուդիո Ռանիերին:



ԱՌԱՆՑ ԿԱՄԲԻԱՍՈՅԻ

Խոստովանեք, որ ձեզանից քչերն էին, ովքեր տեղյակ էին, որ արգենտինացի հանրահայտ Էստեբան Կամբիասոն նախորդ մրցաշրջանը անցկացրել է «Լեսթերում»: Նայջլ Պիրսոնի թիմում Կամբիասոն մեծ դերակատարություն ուներ: Պիրսոնը նրան օգտագործում էր կիսապաշտպանության կենտրոնում, փորձելով դաշտի միջնամասում թվային առավելություն ստեղծել և իհարկե հնարավորինս լավ օգտվել արգենտինացու խաղային որակներից:  Ռանիերին այստեղ ևս փոփոխություններ կատարեց:



 Դանի Դրինկուոտերը նախորդ մրցաշրջանի խաղերի կեսից ավելին անցկացրել է պահեստայինների նստարանին, իսկ այս տարի նրա տեղը մեկնարկային կազմում կարելի է ասել կասկած չի հարուցում: Դրինկուոտերի այսպիսի առաջնթացը, խոշոր հաշվով Կլաուդիո Ռանիերիի «մեղքով» է: Դրինկուոտերին միշտ էլ համարել են տաղանդավոր ֆուտբոլիստ, սակայն մինչ այս նրան չէր բավականացնում կայունությունը, իսկ Ռանիերիի գալուց ի վեր նա նմանատիպ խնդիրներ չունի:
Դանի Դրինկուոտերը  դաշտի կենտրոնական հատվածում մեծ ծավալի աշխատանք է կատարում: Դա վկայում է նաև վիճակագրությունը, ըստ որի «Լեսթերի» կիսապաշտպանը մտնւմ է այն տասը ֆուտբոլիստների մեջ, ովքեր այս մրցաշրջանում ամենաշատն են վազել:

ԿԱՆՏԵԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Նգոլո Կանտեի ձեռքբերումը կարելի է համարել Կալուդիո Ռանիերիի ամենահաջողված քայլը «Լեսթերում»: Կանտեն ավելի շատ սևագործ աշխատանք է կատարում խաղադաշտում, քան իր կոլեգաները: Դա ապացուցում է նաև վիճակագրությունը:



Կանտեն այս մրցաշրջանում ավելի շատ է գնդակ խլել մրցակիցներից, քան մեկ այլ ֆուտբոլիստ Պրեմիեր Լիգայում: Նա նաև մենապայքարների ժամանակ է իրեն հիանալի դրսևորում:
Եվ այսպես Կլաուդիո Ռանիերին ստեղծագործ Կամբիասոյին փոխարինեց` քանդող հենակետայինով, որի պարտականություններն էլ հաջողությամբ կատարում է Նգոլո Կանտեն` թույլ չտալով մրցակիցներին հանգիստ շունչ քաշել դաշտի կենտրոնում: 
 Դրինկուոտերի և Կանտեի անգերազանցելի խաղի շնորհիվ, Ռիհադ Մահրեզն ավելի շատ ազատվում է պաշտպանական գործողություններից` շեշտը դնելով հարձակման վրա: 

ՌԱՆԻԵՐԻԻ ԳՈՐԾՈՆԸ

Կլաուդիո Ռանիերին չգնեց տասնյակ ֆուտբոլիստների տրանսֆերներ, չնայած որ, լիիրավ իրավունք ուներ այդպիսի պահանջ ներկայացնելու ակումբի ղեկավարությանն, առավել ևս, որ անգլիական թեկուզ միջակ ակումբները ֆինանսների հետ կապված խնդիրներ չունեն: Իտալացի մասնագետը բավարարվեց եղածով և կարողացավ վստահություն հաղորդել այն ֆուտբոլիստներին, ովքեր նախորդ մրցաշրջանում մնացել էին ստվերում: 
Սա մի գեղեցիկ պատմություն է մարդկային հարաբերությունների` վստահության հավատի և պատասխանատվության: Ֆուտբոլիստները նույնպես էլ ավելի մեծ եռանդով են սկսում աշխատել, երբ իրենց գործողությունները ղեկավարում է համաշխարհային մակարդակի մարզիչ: Իսկ  Ռանիերին անկասկած այդպիսին է համարվում: 
 Եվ ընդհանրապես. «արհեստավորը» (Կլաուդիո Ռանիերիի կեղծանունը) 10 տարի առաջ իր յուրահատուկ որոշումներով կարողացավ մեծ համբավ ձեռք բերել: Իսկ հիմա նրա կատարած աշխատանքը այդքան էլ չի գնահատվում ֆուտբոլասերների կողմից, սակայն ակնհայտ է, որ Կլաուդիո Ռանիերին ավելիին է արժանի:




Комментариев нет:

Отправить комментарий