понедельник, 28 декабря 2015 г.

«Մանչեսթեր Յունայթեդ»: Հիվանդը կարծես վերակենդանանում է

Գրեթե ամբողջ Մեծ Բրիտանիայի ֆուտբոլային հասարակությունը վստահ էր, որ «Չելսիի» դեմ հանդիպումը վերջինը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի համար` նույնիսկ անկախ հանդիպման ելքից: Սակայն դեռևս հոլանդացի մասնագետը պահպանում է իր պաշտոնը և անգամ «Չելսիի» դեմ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանզի այս պահի դրությամբ նման քայլի դիմելու անհրաժեշտություն չկա: Եվ իրոք, «Մանչեսթեր Յունայթեդը» այս պահին նման է վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդի, որը գրեթե  մեկ ամիս կոմայի մեջ լինելուց հետո փորձում է բացել աչքերը: Հենց այսպիսի տպավորություն ստացա «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումից և այս նյութում կփորձեմ կիսվել ձեզ հետ իմ մտքերով:




Կարծում եմ  սա Լուի վան Գալի վերջին շանսն է ապացուցելու «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներին, որ նա ի զորու է շտկել դրությունը թիմում: 
Քննարկենք մի քանի առանցքային դրվագներ, որոնք ըստ իս, բեկումնային կարող են լինել Լուի վան Գալի թիմի համար: 

0:0 ՀԱՇԻՎ, ՈՐԸ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԴԱՇՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ

Ովքեր դիտել են «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը կհամաձայնվեն ինձ հետ. «Մանկունիացիները»  մի գլուխ բարձր էին մրցակցից: Գրեթե բոլոր վիճակագրական տվյալներով Լուի վան Գալի թիմը գերազանցել է մրցակցին: Բայց միևնույնն է, երբ չկան խփած գոլեր, այս ամենը հիասթափեցնող է: Մյուս կողմից, «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին մի քանի հանդիպումներում առաջին անգամն է, որ դիտարժան խաղ ցուցադրեց:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս խաղի համար Լուի վան Գալի ընտրած մեկնարկային կազմը կարելի է ասել հիանալի գործեց: Կրկնում եմ, խփած գոլերի բացակայությունը հիասթափեցնող է, սակայն չնշել, որ այս խաղում թիմը լավ հանդիպում անցկացրեց` սխալ կլինի: Պաշտանությունում կարծում եմ նույնիսկ Լուի վան Գալն է արդեն խճճվել: Գրեթե միշտ` տարբեր պատճառներից ելնելով, թիմի պաշտպանական գիծը ռոտացիայի է ենթարկվում: Այս խաղում շարք էր վերադարձել Մատեո Դարմիանը և զբաղեցրել էր ոչ թե ձախ, այլ աջ եզրը: Այս որոշումը մի փոքր զարմանալի էր, քանի որ «Նորվիչի» և «Սթոկ Սիթիի» դեմ խաղերում աջ եզրային պաշտպանի պարտականությունները կատարող Էշլի Յանգը մեղմ ասած ահավոր խաղ ցուցադրեց` բազմաթիվ սխալներով: Եվ թվում էր, որ Դարմիանի վերադառնալուց հետո, հենց իտալացին կխաղա աջ եզրում, սակայն... 
Վերջինս տեղափոխվեց ձախ եզր, իսկ նախորդ երկու խաղերը տապալած Յանգը, բավականին լավ խաղաց «Չելսիի» դեմ: 
«Չելսիի դեմ խաղում Լուի վան Գալը հնարավորինս ռացիոնալ օգտագործեց իր ենթակայության տակ գտնվող ֆուտբոլիստների որակները, և կարծում եմ ընտրեց լավագույն մեկնարկային կազմը»



ԿԻՍԱՊԱՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ




Ուշադրություն դարձրեք «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանության ու հարձակման գծերին: Նախ, Բաստիան Շվայնշտայգերի շարք վերադառնալը, օգնեց ամրապնդելու դաշտի կենտրոնական հատվածը, իսկ Մորգան Շնեյդերլինի ներկայությունը մեկնարկային կազմում` Լուի վան Գալի արձագանքն է իր կողմից թույլ տրված սխալին, երբ նախորդ հանդիպմանը խաղում էր Մարուան Ֆելաինին, ով անկեղծ ասած տանջում էր և՛ իրեն, և՛ իր թիմի երկրպագուներին:

Հարձակման քառյակի հիանալի օգտագործում Լուի վան Գալի կողմից:  Կարծում եմ ոչ ոք չի կասկածում, որ «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին եղել է համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը: Բանն այն է, որ նախորդ շաբաթ Անրին, ով այժմ հանդես է գալի վերլուծաբանի դերում, ասել էր, որ Անտոնի Մարսիալը տիպիկ կենտրոնական հարձակվող է, և պարտադիր պետք է խաղա հարձակման գծում, ավելացնելով, որ եզրում Մարսիալի ներկայությունը սխալ քայլ է Լուի վան Գալի կողմից:



 Ովքեր դիտել են «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը, կարծում եմ չեն համաձայնի լեգենդար ֆրանսիացու հետ, քանզի իր հայրենակից Անտոնի Մարսիալը խաղալով հարձակման ձախ եզրում պարզապես տանջեց «Չելսիի» աջ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին: Այն, թե ինչպիսի հեշտությամբ էր Մարսիալը շրջանցում Իվանովիչին, ուղղակիորեն արդարացնում է Լուի վան Գալի ընդունած որոշումը:
 Բայց մասամբ Անրին իրավացի է: Վերջին մի քանի խաղերում Մարսիալը  պարբերաբար հայտնվում էր հարձակման  աջ եզրում և զարմանալիորեն երկար ժամանակով: Ընդորում, երևում էր, որ նա դիտմամբ չի ներխուժում մրցակցի տուգանային հրապարակ: Երևի թե դա մարզչի կողմից էր հրահանգված: Մի խոսքով, Լուի վան Գալը հասկանալով իր սխալները կարողացավ դրանք այս խաղում հասցնել նվազագույնի:



Ամենակարևորը, որ այս խաղում ևս իր հնարավորությունը ստացավ երիտասարդ Անդեր Էրերան, ով նույնպես լավ հանդիպում անցկացրեց: «Սթոկ Սիթիի» դեմ խաղում Էրերան այնքան էլ ակտիվ չէր, քանզի խաղում էր ավելի ետ քաշված: Բասկ ֆուտբոլիստն ավելի արդյունավետ է, երբ հանդես է գալիս ենթահարձակվողի դիրքում: «Չելսիի» դեմ խաղում Էրերան խաղաց հենց այդ դիրքում և կարողացավ զգալի ճնշում գործադրել մրցակցի պաշտպանական գծի վրա:
 Այսպիսի դասավորության ժամանակ շատ հարմարավետ դիրքում հայտնվեց նաև Խուան Մատան: Ձախլիկ ֆուտբոլիստ, խաղալով աջ եզրում ստանում է գնդակը և փոքր ինչ տեղափոխվելով կենտրոն կատարում է հարված կամ փոխանցում, որը ռեալ վտանգ է ստեղծում մրցակցի համար:




 Մի գուցե այստեղ ամենաշատը տուժում է Ուեյն Ռունին, սակայն երևում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը միշտ խաղում է մեծ նվիրվածությամբ և բացառություն չէր նաև այս խաղը: Պարզապես Ռունիի մոտ անհաջող շրջան է: Իր որակներով նա կարող է հաջողությամբ հանդես գալ նաև կենտրոնական հարձակվողի դիրքում:

Այս ամենից կարելի է միայն մեկ հետևություն անել. և՛ ֆուտբոլիստները, և՛ մարզիչը չեն հանձնվել: «Չելսիի» դեմ խաղն ապացուցեց, որ Լուի վան Գալը փորձում է ելք գտնել այս անորոշ թվացող իրավիճակից:

Հ.Գ. Եթե Լուի վան Գալը պահպանի իր պաշտոնը, ապա դա կլինի  «Չելսիի» դեմ ցույց տված լավ խաղի շնորհիվ: 





Комментариев нет:

Отправить комментарий