суббота, 12 декабря 2015 г.

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջխաղացումը Լուի վան Գալի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը համառորեն պնդում է, որ իր թիմը ընթանում է ճիշտ ճանապարհով: Այս մտքի հետ միանշանակ համաձայն չեն «կարմիր սատանաների» երկրպագուները` հաշվի առնելով թիմի ցուցադրած խաղն ու Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը: Ինչևէ, փորձենք հասկանալ, առաջադիմում է արդյո՞ք  «Մանչեսթեր Յունայթեդը» հոլանդացի մասնագետի հետ, թե՞ ոչ:



ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ

Տեսնելով թիմի զբաղեցրած դիրքը մրցաշարային աղյուսակում` կարելի է համաձայնվել Լուի վան Գալի հետ: «Մանչեսթեր Յունայթեդը» ընթանում է 4-րդ հորիզոնականում և ընդամենը 3 միավորով է զիջում առաջատար «Լեսթերին»: Նախորդ տարվա համեմատ թիմը 15 խաղից հետո 1 միավոր ավելի է վաստակել:Իսկ եթե համեմատենք Դևիդ Մոյեսի ժամանակաշրջանի հետ` առաջխաղացումն ակնհայտ է:  Շոտլանդացի մասնագետի ղեկավարության ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» անցկացրած 15 խաղից հետո զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը` 13 միավորով զիջելով առաջատարին:
Միանշանակ կարելի է ասել, որ այս մրցաշրջանում ի տարբերություն Դևիդ Մոյեսի ժամանակահատվածի «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում է չեմպիոնության համար:
Միակ բացասական երևույթը Լուի վան Գալի խաղային փիլիսոփայությունն է, որը մեղմ ասած  չի գոհացնում թիմի երկրպագուներին: «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում արդեն 4 խաղ ավարտել է 0:0 հաշվով, և թոփ-7 թիմերի մեջ ամենաքիչ գոլերն է խփել: Բայց եթե մրցաշրջանի վերջում Լուի վան Գալի այս փիլիսոփայությունը տա իր արդյունքը և թիմը դառնա չեմպիոն, ապա վստահաբար կարող ենք ասել, որ երկրպագուները գոհ կլինեն հոլանդացու կատարած աշխատանքից:


ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ

Երբ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ գրավել 4-րդ հորիզոնականը և իրավունք ստացավ մասնակցելու Չեմպիոնների Լիգայի այս տարվա խաղարկությանը, շատերը նշում էին, որ Լուի վան Գալը հիանալի է կատարում իր աշխատանքը:


Անցումային խաղերում «Բրյուգեի» արգելքը հաղթահարելուց հետո, երբ կայացավ ՉԼ-ի խմբային փուլի վիճակահանությունը, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելն իր թվիթերի էջում գրառում էր կատարել, նշելով, որ այս վիճակահանությունը կարելի է նշել գարեջրով: Դա բացատրվում էր նրանով, որ «Յունայթեդը» հայտնվելով մեկ խմբում այնպիսի ակումբների հետ ինչպիսիք են` «Վոլֆսբուրգը», «ՊՍՎ»-ն և «ԲԿՄԱ»-ն, պարտավոր է խմբից դուրս գալ: Սակայն թիմը ձախողեց այս մրցաշարը: Հատկանշական է, որ Դևիդ Մոյեսի գլխավորությամբ թիմն ընդհակառակը ավելի լավ հանդես եկավ հենց Չեմպիոնների Լիգայում` հասնելով մինչև 1/4 եզրափակիչ: Բավական է հիշել միայն Ռոբին վան Պերսիի ֆանտաստիկ հետ-տրիկն «Օլիմպիակոսի» դեմ պատասխան խաղում:




Այս նկարը ցույց է տալիս Դևիդ Մոյեսի և Լուի վան Գալի թիմերի գրանցած արդյունքները Չեմպիոնների Լիգայում: Ինչպես տեսնում եք  Մոյեսի թիմի գրանցած արդյունքներն ավելի տպավորիչ են:


ԽԱՂԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ

Լուի վան Գալի խաղային փիլիսոփայությունը միգուցե և արդյունք է տալիս, սակայն թիմի ցուցադրած խաղը խորթ է «կարմիր սատանաների» երկրպագուներին: Հոլանդացի մասնագետը թիմի խաղային մոդելի առանցքային մաս է համարում գնդակին տիրելը: Այս առումով թիմն իր աշխատանքը լավ է կատարում, սակայն երբ հարձակման գծում հերթը հասնում է վճռական գործողություններին` «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հապաղում են:



«Մանչեսթեր Յունայթեդի» խաղային գլխավոր խնդիրն այն է, որ ֆուտբոլիստներն ավելի քիչ են ներխուժում մրցակցի տուգանային հրապարակ: Թիմը գնդակին տիրելու առումով առաջինն է Պրեմիեր Լիգայի 20 թիմերի մեջ, իսկ ահա մրցակցի դարպասին կատարված հարվածների թվով ընդամենը` 15-րդը: Բացի այդ, հարվածների թիվը վերջին 4 տարիներին շարունակաբար նվազում է: Ալեքս Ֆերգյուսոնի վերջին մրցաշրջանում անցկացրած 15 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կատարել էր 90 հարված: Դևիդ Մոյեսի ժամանակահատվածում` 72 հարված, իսկ Լուի վան Գալի երկու մրցաշրջաններում համապատասխանաբար` 66 և 54:




ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ

«Վոլֆսբուրգի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 20 րոպեներն անցկացրեց խաղադաշտում ունենալով  ակումբի ակադեմիայի 4 սաների` Ջեսի Լինգարդ, Նիկ Պաուել, Քեմերոն Բորտվիկ-Ջեքսոն ու Գիլյերմո Վարելա: Բացի նրանցից պահեստայինների նստարանին էր նաև Պադի Մակնեյրը: Եվ սա բնավ մեծ թվով վնասվածքների հետևանք չէ: Սա հենց Լուի վան Գալի ամենակարևոր և գլխավոր հատկություններից մեկն է: Հոլանդացին կարողանում է լավ լեզու գտնել երիտասարդների հետ: Եվ եթե նույնիսկ Լուի վան Գալը չկարողանա իր առաքելությունը հաջողությամբ ավարտել, միևնույնն է նրա թեթև կամ միգուցե նաև ծանր ձեռքի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» կունենա հեռանկարային երիտասարդների մի խումբ` ովքեր հետագայում դեռևս կհասցնեն իրենց խոսքն ասել համաշխարհային ֆուտբոլում:


Комментариев нет:

Отправить комментарий