четверг, 17 декабря 2015 г.

Էդեն Ազարի անփառունակ խաղի պատճառները

Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Լոնդոնի  «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը միաձայն ընտրվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մրցաշրջանում բացի ընդհանուր թիմային անհաջողություններից, բավականին տարօրինակ են  նաև բելգիացու անհատական  ցուցանիշները: Ազարն  24 տարեկան է և արդեն ազատվել է երիտասարդ ֆուտբոլիստի պիտակից: Նա պետք է կարողանա փայլ հաղորդել «Չելսիի» խաղին, սակայն այս մրցաշրջանում ամեն ինչ գնալով վատանում է:

Էդեն Ազարի վատ խաղի  մասին վկայում է վիճակագրությունը, ըստ որի բելգիացին այս մրցաշրջանում դեռևս գոլ չի հեղինակել` կատարելով 2 գոլային փոխանցում: Նախորդ չեմպիոնական մրցաշրջանում Ազարը դարձել էր 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Մնացած վիճակագրական տվյալներն ևս չեն տպավորում: Էդենն ընդամենը 21 հարված է կատարել մրցակիցների դարպասին: Համեմատության համար` գրեթե նմանատիպ ցուցանիշ են գրանցել Մարկ Օլբրայտոնն ու Ջոնջո Շելվին: Բացի դրանից, Ազարն իր խաղընկերների համար ստեղծել է 44 հարվածի հնարավորություն: Սա իհարկե ապշեցուցիչ ցուցանիշ է, եթե հաշվի չառնենք այն, որ դրանցից 25-ն  եղել են մրցակցի տուգանային հրապարակից դուրս:


Մի խոսքով. Էդեն Ազարի կողմից ստեղծվող գոլային պահերն իր և իր խաղընկերների համար, անորակ են և անհեռանկարային: 2014-2015 թթ մրցաշրջանում նա իր սուր փոխանցումներով «մոգոնել» էր 9 իրական գոլային պահ, իսկ այս տարի դեռևս ոչ մի:

Ազարի վատ խաղով էլ պայմանավորված է «Չելսիի» անհաջողությունների մի մասը, քանզի թիմը զրկվել է իր սուպերաստղից, ով նախորդ տարի կարծես թիմի շարժիչ ուժը լիներ:

Բացի գոլերից և գոլային փոխանցումներից, Էդեն Ազարը շատ լավ տեղաշարժվում էր գնդակով` կատարելով արագացումներ, որոնք ևս հանգեցնում էին խաղընկերների համար գոլային պահեր ստեղծելուն: Երբ ֆուտբոլիստը գնդակով ակտիվ տեղաշարժեր է կատարում, նա նախ «քանդում» է մրցակցի պաշտպանական պատնեշն, իսկ հետո` ազատ գոտի է դուրս բերում խաղընկերոջը: Ըստ վիճակագրության այս մրցաշրջանում` ի տարբերություն նախորդի, Ազարն այլևս նմանատիպ արագացումներ չի կատարում: Զարմանալի չէ, որ ընթացիկ մրցաշրջանում այս ցուցանիշով  ամենալավը «Լեսթերի» ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզն է:



Նախկինում Ազարը փայլում էր  իր գերազանց դրիբլինգով: Հիմա նրա ներդրումը թիմի խաղում գրեթե աննշան է: Գրեթե բոլոր վիճակագրական տվյալներով Էդենն այս մրցաշրջանն անցկացնում է ցածր արդյունավետությամբ: 

Հաշվի առնելով, որ «Չելսիի» ֆուտբոլիստները խաղային բոլոր դիրքերում խնդիրներ ունեն, կարելի է պնդել, թե Ազարի այսպիսի խաղի պատճառը հենց խաղընկերների պասիվությունն է: Պարզ է, որ բելգիացուն պետք է գնդակներ «մատակարարել» խաղի ժամանակ: Իսկ այդ գործում պատասխանատու է Սեսկ Ֆաբրեգասն, ով իսկապես թերանում է այս մրցաշրջանում: Ամեն դեպքում Էդեն Ազարի անհատական ցուցանիշները ևս տպավորիչ չեն: Համեմատելով այս և նախորդ մրցաշրջաններում Ազարի գործողությունները, պարզ է դառնում, որ նրա արդյունավետությունը զգալիորեն նվազել է: Նա վտանգավոր է, երբ գնդակը ստանալով դաշտի եզրում, տեղաշարժվում է կենտրոն և այնտեղից արդեն հարվածում է կամ կատարում գոլային փոխանցում: 
Նախորդ մրցաշրջանի նույն այս ժամանակահատվածում Ազարը կատարել էր նմանատիպ 23 արագացումներ, որոնցից 7-ն ավարտվել էին դարպասի գրավմամբ: Այս մրցաշրջանում 7 փորձից և ոչ մեկն արդյունավետ չի եղել: 

Ազարն եզրերից կատարված  իր արագացումներով չի կարողանում դրական ազդեցությունն ունենալ «Չելսիի» հարձակման վրա : Նախորդ տարվա 16 տուրերից հետո նա դեպի հարձակման գիծ ստացել էր 190 փոխանցում, այս տարվա 16 տուրերից հետո պատկերը գրեթե նույնն է` 181 փոխանցում: Փաստորեն «Չելսիի» ֆուտբոլիստները չնայած առկա խնդիրներին կարողանում են Ազարին գնդակ հասցնել: Հետևությունն այն է, որ նա չի կարողանում նույն կերպ շրջանցել մրցակիցներին, ինչպես նախորդ մրցաշրջանում: Միգուցե՞ մրցակիցները հիմա արդեն փորձում են ավելի ուշադիր լինել Ազարի նկատմամբ և ստիպում են վերջինիս շուտ ազատվել գնդակից: Կամ նույնիսկ այդպիսի հրահանգ նրան տվել  թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` հաշվի առնելով մրցաշրջանի սկզբում Ազարի խաղի անմխիթար վիճակը: 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Էդեն Ազարն առաջվա նման ամենաշատն է լինում գնդակով: Նա այս ցուցանիշով գերազանցում է իր մոտակա հետապնդողներին` Սանտի Կասորլային և Ալեքսիս Սանչեսին: Փաստացի Ազարը շարունակում է տիրել գնդակին, սակայն այս տարի նրա գործողություններում սրություն չի նկատվում: 




Էդեն Ազարը նախորդ մրցաշրջանում փայլում էր նրանով, որ իր արագության, տեխնիկայի և գնդակով արագացումների շնորհիվ կարողանում էր բազմազանություն հաղորդել «Չելսիի» խաղին: Այս տարի ակնհայտ է, որ նրան չի բավականացնում ֆիզիկական մարզավիճակը: Իսկ դրա գլխավոր պատճառներից մեկը նախամրցաշրջանային փուլում վատ պատրաստվելն է: «Չելսիի» մարզչական շտաբն այս տարվա նախամրցաշրջանային փուլի տևողությունը  կրճատել էր գրեթե երկու շաբաթով` փորձելով հանգստի հնարավորություն տալ այն ֆուտբոլիստներին, ովքեր արդեն երկրոդ տարին անընդմեջ ներքին առաջնություններից և եվրագավաթներից բացի` մասնակցել էին նաև հավաքականների հանդիպումներին: 

2014-2015 մրցաշրջանում «Չելսիի» 10 լավագույնները մասնակցել են Չեմպիոնների Լիգայի և Պրեմիեր Լիգայի խաղերի 80 %-ին: Վերջին 5 տարվա ընթացքում անգլիական և ոչ մի թիմի մոտ այդ տոկոսային հարաբերությունը չի գերազանցել 75-ը: Ակնհայտ է,  որ Ազարի և խաղընկերների վրա ընկած  հսկայական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար էլ թիմը ուշ սկսեց պատրաստվել գալիք մրցաշրջանին:
Բայց այս ամենը հակառակ արդյունքը տվեց: Այնպիսի տպավորություն է կարծես Ազարն ու իր խաղընկերները դեռևս նախամրցաշրջանային փուլում են: Պարզապես անընդհատ Ազարի վրա հույս դնելու փոխարեն, Մոուրինյոն կարող էր ունենալ «պլան Բ», որը կօգներ Ազարին հանգստանալ, իսկ թիմի խաղին բազմազանություն կհաղորդեր: 

Ամեն դեպքում «Չելսիի» երկրպագուներն ուրախանալու առիթ ունեն: Վերը նշված 7 արագացումներից 4-ը Ազարի կողմից կատարվել են վերջին խաղերում: Հուսանք, որ գոնե նոր գլխավոր մարզչի հետ բելգիացին կվերագտնի իր երբեմնի փայլուն մարզավիճակը: 












Комментариев нет:

Отправить комментарий