пятница, 13 ноября 2015 г.

«Մանչեսթեր Յունայթեդ». Անարդյունավետ հարձակումից մինչև գերարդյունավետ պաշտպանություն:

Վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գծի արդյունավետությունը  մեղմ ասած զարմացնում է: Թիմը վերջին 5 խաղից երեքում չի կարողացել գոլ խփել:
Բայց հետաքրքիրն այն է, որ թիմն  արդեն 5 խաղ է գոլ բաց չի թողնում:
 Ծանոթանանք մի քանի վիճակագրական տվյալների հետ և քննարկենք դրանք:




ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

*Անցկացրած 11 խաղերից հետո ( չհաշված  «Վեստ Բրոմի» դեմ հաղթական խաղը)  ոչ մի թիմ չի ստեղծել ավելի քիչ գոլային պահ` քան «Մանչեսթեր Յունայթեդը»:

*Միայն «Սթոկ Սիթին» է ավելի քիչ հարված կատարել դարպասին` քան «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաների» մոտ այդ ցուցանիշը 110 է:

* «Մանչեսթեր Յունայթեդի» հեղինակած  17 գոլերից ընդամենը 1-ն է, որ խփվել է տուգանային հրապարակի մատույցներից դուրս` այն էլ այս վերջին տուրի «Վեստ Բրոմի» դեմ խաղում: Դրանից առաջ տուգանային հրապարակից դուրս կատարված հարվածով գոլի հեղինակ էր դարձել Խուան Մատան (նախորդ տարվա դեկտեմբեր ամսին):

* «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայում արդեն 555 րոպե անառիկ է պահում սեփական դարպասը:

ԼՈՒԻ ՎԱՆ ԳԱԱԼԸ ԵՎ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԸ

Չնայած այն հանգամանքին, որ Լուի վան Գաալը իր մարզչական կարիերայում շահել է գրեթե բոլոր հնարավոր տիտղոսները, միևնույն է վստահաբար կարելի է ասել, որ շատ դեպքերում նրա խաղային ոճը չի համապատասխանել իր  ենթակայության տակ գտնվող ֆուտբոլիստների ոճին:



 Ռիվալդո, Դի Մարիա, Ռոբին Վան Պերսի. նրանք այն   ֆուտբոլիստներն են, ովքեր մեկ անգամ չէ, որ բողոքել են հոլանդացի մասնագետի մեթոդներից` պատճառաբանելով, որ դրանք վատ են անդրադառնում հարձակողական ֆուտբոլիստների վրա:
Լուի վան Գաալը կենտրոնացած է միայն գնդակին տիրելու վրա և հենց դա է պատճառը, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կատարած փոխանցումների քանակով երկրորդն տեղն է զբաղեցնում Պրեմիեր Լիգայում: Սակայն այս հանգամանքը հարձակման գծի արդյունավետության բարելավմանն այդքան էլ չի նպաստում: Իսկ դա բացատրվում է նրանով, որ այդ փոխանցումների մեծ մասը կատարվում է անիմաստ` քանի որ դա չի օգնում թիմին վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: 

Ընդորում ստեղծած պահերի 25.9 % եղել են եզրերում, ինչը զարմանալի չէ հաշվի առնելով, որ վերջին շրջանում նոմինալ հարձակվող Անտոնի Մարսիալը խաղում է ձախ եզրում, իսկ ենթահարձակվող Խուան Մատան աջ եզրում:

Բացի այդ կա ևս մի հետաքրքիր վիճակագրական տվյալ. Լուի վան Գաալի ղեկավարության օրոք Պրեմիեր Լիգայի ոչ մի թիմ չի կատարել ավելի շատ օդային փոխանցումներ դեպի տուգանային հրապարակ` քան «Մանչեսթեր Յունայթեդը»: Իսկ այս մրցաշրջանում խփած 17 գոլից ընդամենը մեկն է եղել գլխի հարվածով: 

«Չելսի» - «Լիվերպուլ» խաղին հետևելով կարելի էր նկատել թե ինչպե՞ս էր Յուրգեն Կլոպը իր բարձրահասակ և ամրակազմ հարձակվող Քրիստիան Բենտեկեին օգտագործում որպես «Target man» (հարձակվող, որի ուղղությամբ հետևում են թիմի բոլոր օդային փոխանցումները): Լուի վան Գաալի համար նույնն իրագործելը գրեթե անհնարին է, քանի որ վերջինս իր տրամադրության տակ չունի այդպիսի տակտիկային համապատասխան հարձակվող:

                                                       

Իսկ ինչպիսի՞ խաղ են ցուցադրում ֆուտբոլիստները հարձակման գծում: Ուեյն Ռունին Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում անցկացրած 11 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: Դա նշանակում է, որ նա իր լավագույն մարզավիճակում չէ:
 Ընդհանրապես Լուի վան Գաալի տրամադրության տակ գտնվող հարձակվողները այնքան էլ համոզիչ խաղ չեն ցուցադրել:

Ուեյն Ռունի - 52 խաղ` 20 գոլ 
Ռոբին վան Պերսի - 29 խաղ` 10 գոլ
Ռադամել Ֆալկաո - 29 խաղ` 4 գոլ
Ջեյմս Ուիլսոն - 19 խաղ` 2 գոլ
Անտոնի Մարսիալ - 11 խաղ` 5 գոլ
Չիչարիտո - 3 խաղ` 0 գոլ 


Արդարության համար պետք է նշել, որ այս ցուցակում տեղ գտած ֆուտբոլիստներից երևի թե միայն Չիչարիտոն բավարար խաղաժամանակ չի ստացել: Իսկ դա նշանակում է, որ ֆուտբոլիստներն իրենց չեն արդարացրել:



ԼՈՒԻ ՎԱՆ ԳԱԱԼԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Ինչպես նշեցի «մանկունիացիների» հարձակման գծի արդյունավետությունը բավականին ցածր է, բայց դրա հետ մեկտեղ թիմը լավ է հանդես գալիս պաշտպանությունում: Կարծում է սա ավելի կարևոր է, քանզի Լուի վան Գաալի ղեկավարության ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանությունը խայտառակ խաղ էր ցուցադրում: Այս մրցաշրջանից սկսած պաշպանական գծի ֆուտբոլիստների խաղն անճանաչելիորեն փոխվել է: Ու եթե նախորդ մրցաշրջանում  թիմի «փրկիչը» հանդիսանում էր Դավիդ Դե Խեան, ապա այս տարի բացի նրանից հիանալի են հանդես գալիս նաև  պաշտպանները:

Լուի վան Գաալը պաշտպանական գծի ցանկացած դիրքում ունի 2 ֆուտբոլիստի թեկնածություն` չհաշված երիտասարդներին:
Երբ Լյուկ Շոուն գերազանց սկսած մրցաշրջանի սկզբնամասից հետո ծանր վնասվածք ստացավ, շատ փորձագետներ կանխատեսեցին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանությունը լուրջ խնդիրներ կունենա, բայց ....

                             

 Վերջին շրջանում Մարկոս Ռոխոյի լավ  խաղը պաշտպանության ձախ եզրում ուղղակի   հիացնում է: «Մանչեսթեր Սիթիի» և «Կրիստալ Փելասի» դեմ խաղերում, «կարմիր սատանաների» պաշտպանության ձախ եզրը  Ռոխոյի շնորհիվ պարզապես անանցանելի էր:

Մարկոս Ռոխոն Պրեմիեր Լիգայում միջինը մեկ խաղում կատարում է 4.3 գնդակի խլում:  «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների մեջ` դա ամենալավ ցուցանիշն է:

ԼՈՒԻ ՎԱՆ ԳԱԱԼԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Հոլանդացի մասնագետի գլխավոր առավելություններից մեկը` դա երիտասարդների հետ աշխատելու ունակությունն է: Իսկ ավելի կոնկրետ, նա կարողանում է տաղանդներ հայտնաբերել: Վառ օրինակ է Թոմաս Մյուլլերը: Երբ Լուի վան Գաալը ղեկավարում էր Մյունխենի  «Բավարիան», Մյուլլերը դեռևս համարվում էր երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստ: Եվ շնորհիվ հոլանդացի մասնագետի համառության և իհարկե Մյուլլերի աշխատասիրության, վերջինս արդեն իսկ համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
 «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու ընթացքում Լուի վան Գաալն իրենց դրսևորելու հնարավորություն է տվել այնպիսի երիատասարդ ֆուտբոլիստների ինչպիսիք են` Թեյլոր Բլեքետը, Պադի Մակնեյրը, Անդրեաս Պերեյրան և իհարկե Ջեսսի Լինգարդը:

ՋԵՍՍԻ ԼԻՆԳԱՐԴ
                                         


Լինգարդը դեռևս պատանեկան տարիքից եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում: Վերջին տարիներին տարբեր ակումբներում վարձավճարով հանդես գալուց հետո վերադարձել է առաջին թիմ և հիմա Լուի վան Գաալի կողմից ստացել է հնարավորություն` իրեն լավագույնս դրսևորելու համար:
 «Մանչեսթեր Յունայթեդի» անցկացրած վերջին 7 խաղերում Լինգարդը խաղաժամանակ է ստացել: Իսկ վերջին երկու խաղերում` «ԲԿՄԱ»-ի և «Վեստ Բրոմի» դեմ դուրս է եկել մեկնարկային կազմում և աչքի է ընկել գոլով և գոլային փոխանցումով: Եթե Լինգարդը շարունակի այս տեմպերով, ապա  անկասկած նրան մեծ ապագա է սպասվում:

ԱՄՓՈՓՈՒՄ

Լուի վան Գաալն իր բոլոր բացասական և դրական կողմերով, փաստացի ապահովում է արդյունք թիմի համար: Եվ ինչքան էլ, որ քննադատեն նրան, միևնույնն է հոլանդացին գտնվում է ճիշտ ճանապարհի վրա, ինչի մասին վկայում են «Մանչեսթեր Յունայթեդի» զբաղեցրած բարձր հորիզոնականները Պրեմիեր Լիգայում և Չեմպիոնների Լիգայում:






Комментариев нет:

Отправить комментарий