понедельник, 30 ноября 2015 г.

«Արսենալ»: Վենգերի համառության հետևանքները

Տեսնելով, թե ինչ իրավիճակում է գտնվում Լոնդոնի «Արսենալը», չեմ նախանձում «զինագործների» երկրպագուներին: Այն ինչ կատարվում է թիմում այս մրցաշրջանի սկզբից մինչև հիմա, միանշանակ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մեղավորությունն է:
Պարզաբանեմ թե ինչու՞:




ՊԱՀԱՆՋՎՈՂ, ԲԱՅՑ ՉԿԱՅԱՑԱԾ ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ

«Արսենալը» եվրոպական Թոփ-5 առաջնությունների միակ ակումբն է, որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել է ընդամենը մեկ ֆուտբոլիստի տրանսֆեր` Պետր Չեխ: Եվ դա այն դեպքում, որ նույնիսկ հասարակ ֆուտբոլասերը տեսնելով «Արսենալի» հիմնական կազմի խաղացողներին հասկանում է, որ թիմն առնվազն 3 նոր ֆուտբոլիստի կարիք ունի` յուրաքանչյուր գոտում մեկական: Գրեթե ամբողջ ֆուտբոլային աշխարհը` փորձագետները, լրագրողները, նախկին «արսենալցիները», կոչ էին անում ֆրանսիացի մասնագետին թիմի կազմն ուժեղացնելու, սակայն վերջինս մնաց իր մտքին:


ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ

Մինչև կիրակնօրյա «Նորվիչի» դեմ արտագնա հանդիպումը` «Արսենալի» կազմում վնասվածքներ ունեին`  Ֆրանսիս Կոկլեն, Ջեք Ուիլշերը, Թոմաշ Ռոսիցկին, Թեո Ուոլքոտը, Դանի Ուելբեքը, Միկել Արտետան: Վերոհիշյալ խաղից հետո վնասվածք ստացած ֆուտբոլիստների թիվն ավելացավ ևս երեքով` Ալեքսիս Սանչես, Սանտի Կասորլա, Լորան Կոսյելնի:



Իսկ հիմա մի հետաքրքիր փաստ. 2015 թվականի ընթացքում Լոնդոնի  «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստները` բացառությամբ Ջոել Քեմբելի, վնասվածք են ստացել: Հատկանշական է այն, որ այդ  վնասվածքների կեսից ավելին մկանային են: Իսկ դա նշանակում է, որ կամ ֆուտբոլիստներին շատ են ծանրաբեռնում, կամ ակումբի բժիշկները լավ չեն կատարում վերականգնողական պրոցեսները: Անձամբ ես ավելի հակված եմ առաջին տարբերակին:
Գրեթե մեկ շաբաթ առաջ Արսեն Վենգերը հայտարարեց, որ Սանչեսը բավականին հոգնած տեսք ունի խաղադաշտում և շատ հնարավոր է նրան հանգստի հնարավորություն տրվի: Սակայն չիլիացի կիսապաշտպանը ո՛չ միայն հանգստի հնարավորություն չստացավ, այլ գրեթե 3 հանդիպում անցկացրեց առանց փոխարինման: Իսկ «Նորվիչի» դեմ խաղում արդեն հանդիպման 60-րդ րոպեին վնասվածք ստացավ: Նախնական ախտորոշմամբ Սանչեսը ձգել է ազդրի հետևի մկանը:  Այս առիթով իր դժգոհությունն է հայտնել նաև «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, այժմ բրիտանական «Sky Sports»-ի փորձագետ` Թիերի Անրին: Հատկապես նա նշել է, որ ՉԼ-ի խաղարկության Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղում, երբ  թիմն արդեն 69-րդ րոպեի դրությամբ հաշվի մեջ առաջ էր 3 գնդակի տարբերությամբ` Արսեն Վենգերը կարող էր խաղի ավարտից 20 րոպե առաջ փոխարինել Ալեքսիս Սանչեսին:




Իսկ հիմա Արսեն Վենգերը փորձում է արդարանալ ասելով. թե ոչ մի բժիշկ և ոչ մի բժշկական հետազոտություն չի կարող գուշակել թե ֆուտբոլիստն երբ վնասվածք կստանա: Կարծում եմ Արսեն Վենգերի այս խոսքերն ոչ այլ ինչ են քան, խուճապահար մարզչի արդարացումներ:




Ամեն դեպքում այսքան բացասական իրադարձություններից բացի, կա նաև դրական լուր «զինագործների» երկրպագուների համար: Աարոն Ռեմսին և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը լիովին ապաքինվել են վնասվածքներից և պատրաստ են լրացնել «Արսենալի» կիսապաշտպանությունում տիրող բացը:




Եվս մեկ միջադեպ, որը կապված է «Արսենալի», իսկ ավելի կոնկրետ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մեղմ ասած  տարօրինակ որոշման հետ:
Բանն այն է, որ նույն «Նորվիչի» դեմ հանդիպմանը «Արսենալը» մեկնել է օդանավով: Լոնդոնից մինչև Նորվիչ ընկած հեռավորությունը կազմում է 150 կմ: Բնականաբար այդ տարածությունը ցամաքային տրանսպորտով անցնելու համար կպահանջվի ոչ ավեի քան երկու ժամ:  Չնայած այդ հանգամանքին, թիմը Նորվիչ  հասել է օդային ճանապարհով, իսկ թռիչքի տևողությունը կազմել է ընդամենը 14 րոպե: Վենգերի այս որոշումը անկասկած դժգոհություն է առաջացրել նախ բնապահպանների, հետո էլ երկրպագուների մոտ:


ՀԱՎԱՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ

Հասկանալի է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բավականին դժվար է ձեռք բերել աստղային ֆուտբոլիստի: Բայց կան հավանական տարբերակներ, որոնք կարող են ուժեղացնել «Արսենալի» կազմը և բարձրացնել թիմում մրցակցության մակարդակը: Վերջին շրջանում «Արսենալի» հետ են կապում այնպիսի ֆուտբոլիստների անուններ, ինչպիսիք են` Ջոն Սթոունսը, Լարս Բենդերը և Ալեքսանդր Կոկորինը: Ինչպես հասկացաք` պաշտպան, կիսապաշտպան և հարձակվող (սա այն է ինչ «Արսենալին» անհրաժեշտ է, համենայնդեպս հիմա):

Հ.Գ.  Կարծում եմ վերջին մի քանի տարիների ընթացքում երևի թե առաջին անգամ «Արսենալը» կարող է լրջորեն պայքարել չեմպիոնության համար: Այդ իսկ պատճառով էլ Արսեն Վենգերը պետք է փորձի առավելագույնս կառչել այս հնարավորությունից շուտափույթ կերպով շտկել իրավիճակը:







Комментариев нет:

Отправить комментарий