воскресенье, 22 ноября 2015 г.

Ջեյմի Վարդի: Սիրողական ֆուտբոլից մինչև Պրեմիեր Լիգայի ռեկորդակիր

Ջեյմի Վարդի` հարձակվող, հետաքրքիր և յուրօրինակ  անցյալով: Շատ չեն դեպքերը, երբ սիրողական մակարդակում կարիերան սկսած ֆուտբոլիստը կարողանում է հասնել մեծ հաջողությունների: Սակայն Վարդիի դեպքում հաջողություններ ասվածը մեղմ կլինի, քանզի անգլիացին այս պահի դրությամբ համարվում է Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի  լավագույն ռմբարկուն: Բացի այդ, Վարդին կրկնել է լեգենդար Ռուդ վան Նիստելռոյի արդյունավետության ռեկորդը:
 Իսկ հիմա այս ամենի մասին ավելի մանրամասն:


Անցած հանգստյան օրերին ֆուտբոլային աշխարհն այնքան էր տարվել «Էլ Կլասիկոյով», որ նույնիսկ շատերը չեն նկատել,  որ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական է բարձրացել համեստ, բայց միևնույն ժամանակ հանդուգն  «Լեսթեր Սիթին»: Կլաուդիո Ռանիերիի թիմի ցուցադրած այսպիսի ֆենոմենալ արդյունքների առաջին «մեղավորը» հենց Ջեյմի Վարդին է:


Ջեյմի Վարդին ծնվել է 1987 թվականի հունվարի 11-ին Մեծ Բրիտանիայի  Շեֆիլդ քաղաքում: Ամբողջ մանկությունն   անցկացրել է Շեֆիլդի բանվորական թաղամասերի  բակերում, փողոցներում ֆուտբոլ խաղալով. ունենալով  երազանք` դառնալ մեծ ֆուտբոլիստ: Սակայն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին. առաջին խոչընդոտին բախվեց հարազատ քաղաքի  «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի երիտասարդական թիմում հանդես գալու ժամանակ: Այդ ժամանակ թիմի մարզիչները  16-ամյա Վարդիին համարում էին անհեռանկարային ֆուտբոլիստ, քանի որ նրանց չէր գոհացնում անգլիացու ցածր  հասակը,  ֆիզիկական տվյալները   և կարգապահությունը: Այդ ամենի արդյունքում Վարդիին հեռացրեցին «Շեֆիլդ Ուենսդեյի» ակադեմիայից:

Ջեյմի Վարդին այդ տարիներին շատ էր տարված խրախճանքներով և նույնիսկ մի անգամ ակումբում ծեծկռտուքի պատճառով հայտնվել էր ոստիկանական բաժանմունքում: Դրա արդյունքում գրեթե մեկ տարի ստիպված էր կրել էլեկտրոնային ձեռնաշղթա, որի միջոցով ոստիկանությունը հետևելու էր նրա տեղաշարժին:

Այդ ընթացքում հասկանալով, որ ֆուտբոլիստ դառնալու իր երազանքը հեռանում է իրենից, Վարդին որոշում է հավաքվել և փորձում է ուժերը կենտրոնացնել անգլիական 8-րդ դիվիզիոնը  ներկայացնող  «Ստոկսբրիջ» ակումբում իր ելույթների վրա:  Բայց 4 տարի սիրողական մակարդակի ֆուտբոլն ու շաբաթական 30 ֆունտ աշխատավարձը ստիպեցին Վարդիին տեղափոխվել մեկ այլ ակումբ:
 Նոր ակումբը  «Հալիֆակս Թաունն» էր, որի սկաուտները նկատել էին Վարդիին 22 տարեկան հասակում: Այս ակումբը նույնպես պրոֆեսիոնալ մակարդակի չէր, բայց անկասկած սա քայլ էր դեպի առաջ, քանի որ, «Հալիֆակս Թաունը» հանդես էր գալիս Հյուսիսային Կոնֆերենցիայում` որը հանդիսանում է անգլիական ֆուտբոլի 6-րդ դիվիզիոնը:

Նոր ակումբում Ջեյմի Վարդին իրեն հիանալի դրսևորեց` առաջին իսկ մրցաշրջանում խփելով 27 գոլ: Հաջորդ մրցաշրջանի սկզբում տեղափոխվեց «Ֆլիտվուդ Թաուն», որը հանդես էր գալիս արդեն անգլիական ֆուտբոլի 5-րդ դիվիզիոնում:

«Ֆլիտվուդ Թաունում»  36 խաղում խփելով 31 գնդակ, ճանաչվեց առաջնության  լավագույն ռմբարկու, որի շնորհիվ էլ  թիմը վաստակեց ուղեգիր դեպի անգլիական ֆուտբոլի 4-րդ դիվիզիոն: Այդ ժամանակ «Բլեքպուլի» գլխավոր մարզիչ Յան Հոլովեյը, հիացած լինելով Վարդիի խաղով, որոշեց գնել նրա տրանսֆերը: Սակայն գումարի հարցում ակումբները չկարողացան համաձայնության գալ: Արդյունքում 2012 թվականին Ջեյմի Վարդին սիրողական ֆուտբոլի համար ռեկորդային  1 միլիոն ֆունտ գումարով, տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող «Լեսթեր Սիթի»:


Ջեյմի Վարդիի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհը այս անգամ ևս տհաճ անակնկալ էր պատրաստել նրա համար: «Լեսթեր Սիթիում» առաջին տարում նրա ցուցադրած խաղը պարզապես հիասթափեցրեց թիմի երկրպագուներին: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Վարդին դարձավ ընդամենը 5 գոլի հեղինակ: Նույնիսկ եղավ մի պահ, երբ 25-ամյա Վարդին ցանկանում էր հեռանալ ֆուտբոլից: Այդ հիմար գաղափարից նրան ետ պահեցին «Լեսթերի» գլխավոր մարզիչ Նայջլ Պիրսոնը և նրա օգնական Կրեյգ Շեքսպիրը:

Հետևելով «շեքսպիրյան» խորհուրդներին, Վարդին որոշում է վերջնականապես կենտրոնանալ ֆուտբոլի վրա, փորձելով ապացուցել երկրպագուներին և լրագրողներին, որ  դեռ ասելիք ունի մեծ ֆուտբոլում:
 Հաջորդ տարի «Լեսթեր Սիթին» հայտնվում է Պրեմիեր Լիգայում: Վարդին աստիճանաբար սկսում է վաստակել երկրպագուների սերն ու հարգանքը:
Հատկապես «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հաղթական խաղում, երբ Վարդին մասնակցեց իր թիմի խփած գրեթե բոլոր գոլերին:
 Անկասկած Նայջլ Պիրսոնի խորհուրդներն օգնեցին Վարդիին կատարելագործվելու, բայց այն, ինչ հիմա անում է «Լեսթերի» նոր գլխավոր մարզիչ Կլաուդի Ռանիերին, արժանի է գովասանքի: Իտալացի մասնագետը թիմի խաղը կառուցում է այնպես, որ ամենագլխավոր գործող անձը լինի հենց Ջեյմի Վարդին: Ռանիերին Վարդիին բացարձակ ազատություն է տվել խաղադաշտում, որի շնորհիվ էլ անգլիացի հարձակվողը փայլում է այս մրցաշրջանում:

Ջեյմի Վարդին այս մրցաշրջանում անցկացրած 13 խաղից հետո իր ակտիվում ունի նույնքան խփած գնդակ: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ վերջին 10 խաղում նա անընդմեջ դառնում է գոլի հեղինակ: Այս ցուցանիշով 28-ամյա անգլիացին կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը, որը 2003 թվականին ևս 10 խաղ անընդմեջ դարձել էր գոլի հեղինակ:
Ճակատագրի հեգնանքով, Ջեյմի Վարդին կարող է բացարձակ  ռեկորդ սահմանել  արդեն հաջորդ խաղում որտեղ իր թիմը մրցելու է  «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:


Եվս մեկ հետաքրքիր փաստ Ջեյմի Վարդիի կյանքից: Այսպիսի փայլուն խաղ ցուցադրելով, նա կարողացավ գրավել Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի ուշադրությունը: Վարդին արդեն 4 հանդիպում անցկացրել է «երեք առյուծների» թիմում: Եվ  հասկանալով, որ այս տեմպերով շարունակելու դեպքում նա կարող է հայտնվել  հաջորդ տարի կայանալիք ԵՎՐՈ 2016-ի մասնակիցների թվում Վարդին հետաձգել է իր հարսանիքը, որը նախատեսված էր հենց 2016 թվականի ամռանը:














Комментариев нет:

Отправить комментарий