понедельник, 4 января 2016 г.

Պարոն Բենիտես, Ձեր ժամանակը սպառվեց




Բոլորն էլ հիշում են թե ինչպես Ռաֆայել Բենիտեսի «Ռեալը» պարտվեց Լուիս Էնրիկեի «Բարսելոնային». միանգամայն արդարացիորեն: Երևի թե հենց այստեղից էլ սկսվեցին մադրիդյան ակումբի ղեկավարների մտահոգությունները: Բացի այդ, Ռաֆայել Բենիտեսի «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածը ուղեկցվեց մի քանի տարօրինակ և միևնույն ժամանակ անփույթ ու անհասկանալի պատմություններով: Նախ, Դավիդ դե Խեայի տրանսֆերի հետ կապված ֆաքսային անսարքությունը, իսկ հետո Դենիս Չերիշևի հետ կապված միջադեպը (որի արդյունքում էլ թիմը հեռացվեց Արքայական Գավաթի խաղարկությունից) ու եթե այս ամենին հավելենք Կարիմ Բենզեմայի «խրախճանքները»` Վալբուենայի գործով, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:



Եթե ավելի խորը փորփրենք, ապա կնկատենք, որ միայն «Բարսելոնան» չէ, որ կարողացավ միավորներ կորզել Ռաֆայել Բենիտեսի թիմից: Այսպես կոչված «մեծ» խաղերից, «Ռեալի» օգտին կարելի է դասել միայն «Սան-Մամեսում» կայացած Բիլբաոյի  «Ատլետիկի» դեմ հաղթական խաղը (2:1): Իսկ մնացած նմանատիպ «մեծ» խաղերում (հաշվի առնելով նաև եվրագավաթային մրցակիցներին) «սերուցքայինները» զգալի հաջողության չհասան:
 Դատեք ինքներդ: Ոչ-ոքի «Վիսենտե Կալդերոնում»` 1:1, ոչ-ոքի «Մեստալյայում»` 2:2, պարտություններ Սևիլիայում` 2:3  և Վիլյառեալում` 0:1:
 Հասկանալի է, որ բոլոր այս խաղերը բացառությամբ Էլ Կլասիկոյի,  անցկացվել են մրցակցի հարկի տակ, սակայն «Ռեալի» հեղինակությունը` որպես անհարմար մրցակից, այս պահին այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Նույն «Ատլետիկոն» հիմա ավելի «կծող» և վտանգավոր է:

Ինչպես գիտենք Չեմպիոնների Լիգայում Մադրիդի  «Ռեալը» առանց դժվարության կարողացավ հաղթահարել խմբային փուլը: Այդուհանդերձ «ՊՍԺ»-ի դեմ երկու հանդիպումներում թիմը բավարարվեց պաշտպան Նաչոյի խփած մեկ գոլով: Իսկ ընդհանուր առմամբ այդ երկխաղյա դիմակայությունը մեղմ ասած «ձանձրալի» էր:


Այդ «մեծ» խաղերում Ռաֆայել Բենիտեսի թիմը վաստակեց հավանական միավորների  ընդամենը 27.7 %-ը: Համեմատության համար նշենք, որ «Ռեալի» նախկին մարզիչներից Կառլո Անչելոտիի մոտ այդ ցուցանիշը 50 % և
47 % է կազմել, իսկ Ժոզե Մոուրինյոյի` 86.1 % և երկու անգամ էլ 80.5 %:

Իսպանական Լա Լիգան այն առաջնությունը չէ, որտեղ կարելի է չեմպիոն հռչակվել հաղթելով միայն «միջակ» և հետնապահ թիմերին: Մրցակցությունն այնքան բարձր չէ, որքան Անգլիայի Պրեմիեր Լիգայում: «Ռեալը» դեռևս 4 միավորով է զիջում առաջնության առաջատար «Ատլետիկոյին» (5 միավոր  «Բարսելոնայից», եթե կատալոնյան ակումբը հաղթանակ տոնի իր հետաձգված խաղում): Իսկ մրցաշրջանի երկորդ հատվածը այսպես անցկացնելու դեպքում թիմին դրական ոչինչ չի սպասվում:


Մի կողմ դնելով Ռաֆայել Բենիտեսի օրոք թիմի ցուցադրած արդյունքները, պետք է նշել որ, վերջին հաշվով Ռեալի համար այս մրցաշրջանում ավարտված է միայն Արքայական Գավաթի խաղարկությունը և  ո՛չ իսպանացի մասնագետի մեղավորությամբ:
Արքայական ակումբի ղեկավարության համար առավել կարևոր է այն, թե ինչպիսի խաղ է ցուցադրում թիմը: Ֆաբիո Կապելոն երկու անգամ իր առաջին մրցաշրջանում «Ռեալին» դարձրեց Իսպանիայի չեմպիոն, բայց միևնույնն է, երկու անգամ էլ հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից: Իսկ դրա պատճառն այն էր, որ թիմը ավելի շատ կենտրոնացված չէր հարձակմանը և որ թիմի խաղը գրավչությունից զուրկ էր:



Ռաֆայել Բենիտեսի մոտ հարձակման առումով ամեն ինչ հիանալի էր` բայց միայն թվերի առումով: Լա Լիգայի այս մրցաշրջանում  47 խփած գոլերը լավագույն ցուցանիշն է համարվում: Իսկ Չեմպիոնների Լիգայում` 19 գնդակները, լավագույն ցուցանիշի կրկնություն: Բայց արդյո՞ք ճիշտ կլինի ասել, որ Ռաֆայել Բենիտեսին հաջողվեց կյանք վերադարձնել Գարեթ Բեյլին, կամ արդյո՞ք Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք բերեց իր երկար սպասված երջանկությունը, կամ արդյո՞ք ավելի կայունացավ Իսկոյի խաղը: Ի՞նչ է իրենից ներկայացնում թիմի խաղը հարձակման գծում, ինչպե՞ս է այն կառուցված:  Հարցեր, որոնց պատասխանները հնարավոր է, որ կստանայինք մրցաշրջանի ավարտից հետո, բայց հարգարժան Ֆլորենտինո Պերեսն այս հարցերի պատասխանները ցանկանում էր ստանալ այստեղ և հենց հիմա: Այդ իսկ պատճառով էլ Ռաֆայել Բենիտեսը հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից: Բայց  ամենադաժանն այն է, որ Բենիտեսը հեռանում է անփառունակ կերպով: Նույնիսկ թիմի պատմության և ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլի ամենասկանդալային մարզիչներից մեկը` Ժոզե Մոուրինյոն հեռացավ արքայական ակումբից ունենալով մեծ թվով  երկրպագուների և նույնիսկ ակումբի նախագահի աջակցությունը:



                                                                                                       Միհրան Ալեքսանյան















Комментариев нет:

Отправить комментарий