среда, 29 июня 2016 г.

ԵԼ. «Բանանց» - «Օմոնիա»: Մարզիչների նախախաղային ասուլիսները

Եվրոպա Լիգայի 2016-2017թթ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի «Բանանց» - «Օմոնիա» խաղին ընդառաջ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ  նախախաղյա մամուլի ասուլիս, որի ընթացքում երկու թիմերի գլխավոր մարզիչներ` Տիտո Ռամալյոն և Ջոն Քարվերը պատասխանեցին լրագրողների հարցերին.

Նախ Տիտո Ռամալյոն շփվեց լրագրողների հետ: 

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք սպասվող խաղից և վստա՞հ եք, որ ի վիճակի եք հաղթահարել «Օմոնիայի» արգելքը: 

-Իհարկե ես հավատում եմ, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլ: «Օմոնիան» բավականին ուժեղ թիմ է,  բայց մենք կանենք հնարավոր ամեն ինչ դրական արդյունքի հասնելու համար:

-Արդյո՞ք Լաերսիո Գոմես Կոստայի հեռանալով կտուժի թիմի մարտունակությունը: 
-Բնականաբար չեմ ստի, Լաերսիոն մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ էր, սակայն ես նախընտրում եմ խոսել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր հիմա իմ տրամադրության տակ են գտնվում:

- Ի՞նչ վիճակում են մոտենում այս խաղին թիմի ֆուտբոլիստները: Կա՞ն վնասվածքներ թե ոչ: 

- Բոլոր ֆուտբոլիստներն առողջ են, իսկ ֆիզ. պատրաստվածության առումով կարող եմ նշել, որ տարվա այս հատվածի համար ֆուտբոլիստները պատրաստ են ելույթներին:

- Ինչպե՞ս եք պատրաստվում չեզոքացնել «Օմոնիայի» լավագույն հարձակվողներից մեկին` Կիլլիան Շերիդանին, ով Կիպրոսի առաջնության ավարտված մրցաշրջանում դարձել է 15 գոլի հեղինակ: 

-Կփորձենք հասնել նրան, որ Շերիդանը որքան հնարավոր է հեռու մնա մեր դարպասներից  ( ծիծաղում է - խմբ. ): Ինչքան հնարավոր է ավելի վերևում կպաշտպանվենք: Քանի որ  «Օմոնիայում» որոշ տեխնիկական փոփոխություններ կան, կարծում եմ նրանք ավելի ուղիղ կխաղան: «Օմոնիայում» հավաքված են մի շարք բարձրահասակ ֆուտբոլիստներ, ինչն էլ մեզ թույլ կտա ավելի ետևից խաղալ:

- Գո՞հ եք թիմի անցկացրած նախապատրաստական փուլից: 

-Այո գոհ եմ և տեսնենք թե որքանով կհաջողվի այն ցուցադրել խաղադաշտում: 

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի մամուլի ասուլիսից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաև «Օմոնիայի» գլխավոր մարզիչ Ջոն Քարվերը:
Քարվերը մամուլի ասուլիսը սկսելուց առաջ խնդրեց լրագրողներին, որպեսզի չհնչեն հարցեր կապված անգլիական ֆուտբոլի և այնտեղ իր կատարած աշխատանքի մասին: Ջոն Քարվերը 2015 թվականի սկզբից մարզել է անգլիական «Նյուքասլ» ակումբը և մեղմ ասած անմխիթար արդյունքներից հետո, այնուամենայնիվ մրցաշրջանի վերջին տուրում թիմը հաղթանակ տոնելով կարողացել է պահպանել տեղը Անգլիայի Պրեմիեր Լիգայում:

-Ի՞նչ խնդիր է դրված Ձեր առջև և մինչև ու՞ր եք մտադիր հասնել Եվրոպա Լիգայի այս խաղարկությունում:

- Նախ ասեմ, որ ես  ընդամենը երեք շաբաթ է ինչ գլխավորում եմ «Օմոնիան» և թիմը նախորդ մրցաշրջանի համեմատ բավականին փոփոխություններ է կրել: Թիմից հեռացել են 12 ֆուտբոլիստներ, իսկ թիմ են հրավիրվել 7 նոր ֆուտբոլիստներ: Մենք ունենք մարտունակ թիմ և բոլորն էլ գտնվում են լավ մարզավիճակում:

-Ի՞նչ գիտեք «Բանանցի» մասին: 

-Դիտել ենք գավաթի եզրափակիչը և մեկ նախապատրաստական խաղ: Գիտենք որ «Բանանց» ունի նոր գլխավոր մարզիչ Իսպանիայից: Տեղյակ ենք, որ թիմը կորցրել է իր լավագույն ֆուտբոլիստներից մեկին` Լաերսիոյին: Գիտենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը և կարծում եմ որ մեզ դժվար հանդիպում է սպասվում: 

-Արդյո՞ք Անդրե Սկեմբրիի  հեռանալը կարելի է կորուստ համարել Ձեր թիմի համար, թե Կիլլիան Շերիդանը կարող է փոխարինել նրան:

- Շատ խաղացողներ են հեռացել թիմից  նախորդ մրցաշրջանի համեմատ: Մենք նոր թիմ ենք կառուցում նոր ֆուտբոլիստներով և կարծում ենք, որ իրենք կարդարացնեն մեր սպասելիքները: Ամեն դեպքում տեսնելով իմ ֆուտբոլիստներին մարզումների ժամանակ վստահ եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: 

-Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ լավ մարզիչը նա է, ով կարողանում է դրական արդյունքի հասնել թիմում եղած ֆուտբոլիստների հետ, այլ ոչ թե սպասում է նոր տրանսֆերների:

-Այո ես համաձայն եմ: Մեզ համար կարևոր է զարգացնել ոչ միայն «Օմոնիայի» առաջին թիմն, այլ նաև մանկապատանեկան դպրոցը: Մարզչի համար շատ հաճելի է, երբ ակումբի սանը կարողանում է տեղ վաստակել թիմի հիմնական կազմում:
Վառ օրինակ է անգլիացի Էնդի Քերրոլը: Ես նրան հնարավորություն տվեցի ինչից էլ նա օգտվեց ու մեծ գումարների դիմաց տեղափոխվեց «Լիվերպուլ»:

-Եվ վերջում ի՞նչ կասեք Անգլիայի հավաքականի ԵՎՐՈ 2016-ում գրանցած արդյունքների վերաբերյալ:

- Շատ հիասթափված եմ: Ողջ ազգը սպասում էր, որ կնվաճեինք ԵՎՐՈ 2016-ի հաղթողի կոչումը: Իսկ հիմա պետք է նոր մարզիչ գտնել, բայց ասեմ, որ ես արդեն  աշխատանք ունեմ (ծիծաղում է -խմբ.): 

Հիշեցնենք, որ «Բանանց» - «Օմոնիա» հանդիպումը կկայանա հունիսի 30-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում` 20:00-ին:

                                                                                                Միհրան Ալեքսանյան 

вторник, 21 июня 2016 г.

Մխիթարյան: «Արսենալ» թե՞ «Մանչեսթեր Յունայթեդ»

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական երկու գրանդ ակումբներ` «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:  Փորձենք հասկանալ ո՞ր տարբերակը  Մխիթարյանի համար ավելի  հարմար կլինի:
 Ընդհանրապես, ֆուտբոլիստները նոր ակումբ տեղափոխվելու ժամանակ կարևորում են ապագա գլխավոր մարզչի գործոնը: Այս դեպքում Ժոզե Մոուրինյոն առավելություն ունի Արսեն Վենգերի նկատմամբ: Նախ այն, որ Արսեն Վենգերի ապագան այդքան էլ պարզ չէ: Վերջերս շատ են խոսակցություններն այն մասին, որ  «պրոֆեսորը» կարող է հեռանալ իր պաշտոնից: Իսկ Ժոզեն եկել է մի թիմ, որը վերջին երեք տարիները պարզապես ձախողել է և վստահաբար կարելի է ասել, որ Մոուրինյոն ամենաքիչը երկու տարի կունենա իրեն դրսևորելու և  «Մանչեսթեր Յունայթեդը» հին փառքին վերադարձնելու համար: Հիմա ավելի մանրամասն այս երկու հավանական տարբերակների մասին:

    2013 թվականին Արսեն Վենգերը ասել էր.
 «Ճիշտ է  «Բորուսիան» հասավ մինչև ՉԼ-ի եզրափակիչ, սակայն ակումբի ամենաթանկ տրանսֆերը` Հենխրիխ Մխիթարյանը, ինձ չտպավորեց»:
 Այս խոսքերից հետո Հենրիխը  «Արսենալի» դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ և կարծում եմ ստիպեց ֆրանսիացի մասնագետին փոխել իր կարծիքը:
Իսկ եթե ուշադրություն դարձնենք զուտ խաղային պայմաններին, ապա շատ բան է կախված նրանից, թե երկու ակումբներից որ ֆուտբոլիստները կհեռանան:
 Արսենալի կիսապաշտպանության գիծը կազմում են Ռեմզին, Սանչեսը, Ուիլշերը, Օզիլը, Ուոլքոտը, Կասորլան և թիմի նորեկ Գրանիտ Ջական: Չեմ նշում հենակետայինների անունները, քանզի Մխիթարյանն այդ դիրքում հաստատ չի խաղա: Եթե հաշվի առնենք, որ Օզիլն ու Սանչեսը կմնան  թիմում, ապա Մխիթարյանի համար մնում է որպես խաղային դիրք  կիսապաշտպանության աջ եզրը: Ինչքան էլ մենք սիրենք մեր Հենոյին, միևնույնն է պետք է հասկանանք, որ այս երկու ֆուտբոլիստներն արդեն իսկ  «գրավել» են իրենց դիրքերը  «Արսենալում»:

Աջ կիսապաշտպանի դիրքը Մխիթարյանին հարմար չէ` համենայն դեպս Վենգերի թիմում:  «Բորուսիայում» էլ Հենոն  խաղում է կամ  ձախ կիսապաշտպանի կամ ենթահարձակվողի դիրքում: Վերջինս ավելի նպատակահարմար է, քանզի Մխիթարյանն ունի փլեյմեյքերին անհրաժեշտ որակները և բազմիցս ապացուցել է, որ այդ դիրքում նա կարող է գերազանց հանդես գալ:
Կարծում եմ   «Արսենալ» տեղափոխվելու միակ դրական կողմն այն է, որ ակումբը մասնակցում է ՉԼ-ի գալիք մրցաշրջանին` ի տարբերություն  «Մանչեսթեր Յունայթեդի»:

Քանի որ, ինքս էլ շատ եմ ցանկանում, որպեսզի Մխիթարյանը տեղափոխվի  «Մանչեսթեր Յունայթեդ», փորձեմ ներկայացնել մի քանի ծանրակշիռ փաստարկ, որը մատնացույց կանի այս տարբերակի դրական կողմերը:

 «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի  կառուցած ֆուտբոլը շատերին դուր չի գալիս, սակայն պորտուգալացի մասնագետը կարողանում է քաղել առավելագույնը իր ֆուտբոլիստներից: Մոուրինյոն  վերջին 7-8 տարիներին գրեթե միշտ խաղում է նույն 4-2-3-1 տակտիկական սխեմայով:  Այս սխեմայում առանձնահատուկ տեղ ունի փլեյմեյքերը: Ժոզեն մեծ նշանակություն է տալիս իր  «10 համարին»:  «Ինտերում» այդպիսին եղել է Ուեսլի Սնեյդերը,  «Ռեալում»` Մեսութ Օզիլը,  «Չելսիում»` Օսկարն ու Ֆաբրեգասը: Կարծում եմ  «Մանչեսթեր Յունայթեդում» էլ այդ ֆուտբոլիստը կլինի հենց Հենրիխ Մխիթարյանը, քանզի այդ դիրքում մրցակցություն գրեթե չկա: Խուան Մատայի հետ կարծում եմ ամեն ինչ պարզ է, իսկ Ուեյն Ռունիի հարցը դեռևս անհասկանալի է: Եթե պետք լինի ընտրել թե այս ֆուտբոլիստներից ո՞վ պետք է խաղա ենթահարձակվողի դիրքում, ապա Մոուրինյոյի ընտրությունը կկանգնի  Մխիթարյանի վրա, իսկ Ռունին կգործի  աջից, կամ ավելի ետ քաշված: Բայց կա նաև հակառակ տարբերակը:
 «Մանչեսթեր Յունայթեդում» արդեն կարելի է քննարկել Հենոյի աջ եզրում խաղալու հնարավորությունը: Մոուրինյոն ի տարբերություն Վենգերի, կկարողանա այդ դիրքում լավագույնս օգտագործել  Մխիթարյանին: Բավական է հիշել միայն այն, որ  «Չելսիում» փլեյմեյքեր հանդիսացող Վիլլիանը հաջողությամբ հանդես էր գալիս կիսապաշտպանության աջ եզրում` որը Ժոզեի մտահղացումն էր:

Այս օրերին առկա տեղեկությունների համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» պոտենցիալ նորեկների ցանկում չկա այնպիսի խաղացող, ով կարող է  «գրավել» Հենոյի հավանական դիրքը  «Մանչեսթեր Յունայթեդում»: Նշվում է միայն Պոգբայի անունը, սակայն Պոգբա, Մխիթարյան և ցանկացած հենակաետային,  եռյակը կարող է հիանալի համագործակցել խաղադաշտում:

Ինչևէ, մեզ մնում է միայն սպասել և հուսալ, որ Հենրիխ Մխիթարյանը կկատարի ճիշտ որոշում` ընտրելով իր համար ավելի հեռանկարային տարբերակ:

Հ.Գ.

пятница, 17 июня 2016 г.

12 հոգանոց թիմ Հ1-ի եթերում

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը  սխալվեց իր հաշվարկների մեջ:  Արգելափակելով ռուսական ալիքներով ԵՎՐՈ 2016-ին հետևելու հնարավորությունը` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը փորձեց գրավել  հայ ֆուտբոլասերների ուշադրությունը, սակայն...

Հիմա  ֆուտբոլասերներից շատերը պարզապես ընտրության հնարավորություն չունենալով, ԵՎՐՈ 2016-ի խաղերին հետևում են առաջին ալիքով:  Իսկ դա նշանակում է, որ Հ1-ին հետևողների քանակը մի քանի անգամ մեծանում է: Ու բնական է, որ շատ երկրպագուներ`  լսելով մատուցվող մեկնաբանության   ցածր որակը, բարձրաձայնում են իրենց կարծիքը:

Այն ինչ արեց Կարեն Գիլոյանը Գերմանիա - Ուկրաինա  հանդիպումը մեկնաբանելիս, հարիր չէ Հանրային հեռուստաընկերության մակարդակի մեկնաբանին:

Պարզվում է ամբողջ հանդիպման ընթացքում ըստ Կարեն Գիլոյանի, Գերմանիայի հավաքականը խաղում էր 12 հոգով: Նա  առաջին  խաղակեսում Բունդեսթիմի կազմը ներկայացնելիս նշեց 12 ֆուտբոլիստի անուն`

1- Մանուել Նոյեր 
2-Շկոդրան Մուստաֆի
3-Յոնաս Հեկտոր
4-Բենեդիկտ Հովեդես
5-Ժերոմ Բոատենգ
6- Սամի Խեդիրա
7-Մեսութ Օզիլ
8-Յուլիան Դրաքսլեր
9- Թոնի Կրոս
10-Մարիո Գյոթցե

Այս տասը ֆուտբոլիստների անունները նշելուց հետո Կարեն Գիլոյանը ավելացրեց.

«Երկու հարձակվող ունի Գերմանիայի հավաքականը մեկնարկային կազմում: Եվ այսպես, համար 13 Թոմաս Մյուլլեր «Բավարիա» Մյունխեն- Գերմանիա, և համար 23 Մարիո Գոմես «Բեշիքթաշ» Թուրքիա»: 

Երկրորդ խաղակեսի սկզբում  Կարեն Գիլոյանն ասաց. 

«Երկրորդ խաղակեսը սկսված է: Գերմանիա - Ուկրաինա 1:0 և առաջարկում եմ վերհիշել թիմերի կազմերը: Փոփոխություններ չկան, այնպես որ, ճիշտ նույն կազմերով հավաքականները վերադարձել են խաղադաշտ»:

Դրանից հետո նույնությամբ ներկայացրեց Գերմանիայի հավաքականի 12 հոգանոց  կազմը:

Իսկ ամենացավալին այն է, որ Մարիո Գոմեսն այս խաղին չի մասնակցել: Սակայն Կարեն Գիլոյանն առաջին խաղակեսի միջնամասում նույնիսկ մեկնաբանեց Մարիո Գոմեսի  հարվածային դիրք դուրս գալը (իրականում հարվածային դիրքում էր գտնվում Սամի Խեդիրան):

Իսկ Ուկրաինայի հավաքականը հանդիպման ընթացքում ըստ Կարեն Գիլոյանի երկու տարբեր ավագներ ուներ: Առաջին խաղակեսում` Անատոլի Տիմոշուկը, իսկ երկորդում` Անդրեյ Պյատովը: Պարզապես նշեմ, որ Տիմոշուկը հանդիպմանը չէր մասնակցում, իսկ Ուկրաինայի հավաքականի ավագի պարտականությունները մեկնարկային րոպեներից կատարում էր Վյաչեսլավ Շևչուկը:

Յուրաքանչյուրն էլ ունի սխալվելու իրավունք, սակայն երբ նման  անփույթ աշխատանքից հետո` անմիջապես հաջորդ օրը Կարեն Գիլոյանը սկսում է մեկնաբանել մեկ այլ հանդիպում` նույնիսկ ներողություն չխնդրելով խայտառակ մեկնաբանության համար, հասկանում ես, որ Հանրային հեռուստաընկերությունը չի գտնվում իր բարձրության վրա:

Հ.Գ. Հետո էլ զարմանում ու նեղանում են, որ ֆուտբոլ դիտելիս նախապատվությունը տալիս ենք ռուսական ալիքներին:

понедельник, 13 июня 2016 г.

ԵՎՐՈ 2016: Ինչպե՞ս Բելգիան պարտվեց Իտալիային

ԵՎՐՈ 2016-ի այդքան սպասված  Բելգիա - Իտալիա հանդիպումը մեծ հիասթափության առիթ տվեց: Սակայն հիասթափեցրեց ոչ միայն Բելգիան, այլ նաև Իտալիան` իր գլխավոր մարզչի որոշումներով: Նախ անդրադառնանք «Սկուադրա Աձուրային», քանզի շատերը կարդալով այս տողերն ու տեսնելով խաղի հաշիվը կմտածեն, որ ես  մեծ սխալ եմ գործում` քննադելով Անտոնիո Կոնտեին, սակայն...

Տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում: Իտալիայի հավաքականի երկրպագուներից շատերը տեսնելով թիմի մեկնարկային կազմն անշուշտ սկսեցին քննադատել Անտոնիո Կոնտեին, քանի որ բացակայում էին գերազանց մրցաշրջան անցկացրած Լորենցո Ինսինյեն, Ստեֆան Էլ Շաարավին և Ալեսանդրո Ֆլորենցին: Իսկ նրանց փոխարեն մեկնարկային կազմում էին հայտնվել այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք են` Էմանուելե Ջակերինին, Մարկո Պարոլոն, Էդերն ու Դարմիանը: Գիտեմ, գիտեմ, հիմա մտածում եք, թե ինչու՞ եմ նշել Ջակերինիին, չէ որ նա  դարձավ գոլի հեղինակ, իսկ թիմն ընդհանուր առմամբ լավ խաղաց: Բայց այստեղ կա մի ճշմարտություն, ոչ թե Իտալիան հաղթեց Բելգիային, այլ Բելգիան պարտվեց Իտալիային:  Կարծում եմ, եթե Բելգիան կարողանար ցուցադրել իր հնարավորությունների գոնե 80 %-ը, ապա կտապալեր Կոնտեի այս թիմին: Բայց ինչպես ասում են հաղթողներին չեն դատում, սակայն...

 Երբ հաջորդ խաղում նույն Ջակերինին փչացնի 5 ռեալ գոլային հնարավորություն, կամ Էդերը չկարողանա գնդակին դիպչել ավելին քան 10 անգամ, այդժամ չսկսեք քննադատել Կոնտեին:

Իսկ ինչ վերաբերում է Բելգիայի հավաքականին... Սա այն դեպքերից է, երբ թիմի գլխավոր մարզիչը չկարողացավ դիմակայել ճնշմանն ու սխալ որոշումներ կայացրեց:
Խաղալով Իտալիայի հավաքականի պես պաշտպանություն ունեցող թիմի դեմ, Մարկ Վիլմոտսը որոշել էր շեշտը դնել երկար փոխանցումներով խաղի վրա: Իհարկե ես հասկանում եմ, որ Վիլմոտսն ինձնից լավ է հասկանում ֆուտբոլից, սակայն ես արձանագրում եմ այն, ինչ տեսավ ամբողջ աշխարհը:
 Ունենալով գրեթե 18 թոփ մակարդակի ֆուտբոլիստ, Վիլմոտսը չկարողացավ ընտրել այնպիսի մեկնարկային կազմ, որն իր արագության ու ճկունության շնորհիվ  ծանր կացության մեջ կդներ Իտալիայի հավաքականի պաշտպաններին:

Հավատացեք, որ բացի երկրորդ հարկում պայքար մղելուց, մնացած յուրաքանչյուր տիպի մարտավարության դեպքում Բելգիայի հավաքականի հարձակման գիծը կստիպեր, որ Ջորջիո Կյելինիի ու Անդրեա Բարձալիի մոտ գլխապտույտ առաջանա:

Ակնհայտ է, որ Վիլմոտսը սխալվեց մեկնարկային կազմի հարցում, իսկ կատարած փոփոխություններով,  ընդհանրապես խառնաշփոթ ստեղծեց խաղադաշտում: Հանդիպման վերջնամասում Բելգիայի հարձակման գիծը կազմված էր հետևյալ ֆուտբոլիստներից` Կարասկո, Մերտենս, Դե Բրույնե, Ազար, Օրիգի: Միանգամից 4 եզրային հարձակվողներ, որոնք  միմյանց խանգարելով այդպես էլ չկարողացան արդյունքի հասնել: Իսկ Ռոմելու Լուկակուի ու Կևին Դե Բրույնեի խաղը կարելի է մեկնաբանել ընդամենը մեկ բառով` խայտառակություն: Փոխարենը  Մարսելի «Օլիմպիկի» երիտասարդ ու տաղանդավոր բելգիացի հարձակվող Միշի Բաչուային` ով Լիգա 1-ի այս մրցաշրջանում դարձել է 17 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ, այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: 

Հ.Գ. Իսկ Իտալիայի հավաքականի համար իսկական փորձություն կլինի Իռլանդիայի դեմ խաղը: Իռլանդացիները հաստատ բելգիացիների նման մեղմ չեն լինի:
                                                                                             
                                                                                                        Միհրան Ալեքսանյան

пятница, 10 июня 2016 г.

ԵՎՐՈ 2016: Ֆրանսիացիների հաղթական մեկնարկը

Մեկնարկեց ԵՎՐՈ 2016-ը: «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը համարվող Ֆրանսիայի հավաքականը 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ: Իսկ թե ինչպիսի գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի Դիմիտրի Պայետը` բառերով նկարագրելն անհնար է:
Հիմա անդրադառնանք Ֆրանսիայի հավաքականի խաղին: Անկեղծ ասած սպասումներս չարդարացան, քանզի Դիդյե Դեշամի թիմը այդքան էլ վստահ խաղ չցուցադրեց:

Բնականաբար ճնշումը ֆրանսիացիների վրա մեծ էր, քանի որ,  մեկնարկային խաղում դրական արդյունքի հասնելը շատ կարևոր է: Մի փոքր տխրեցնում է այն, որ թիմի առաջատարներ` Պոգբան և Գրիզմանը թույլ հանդիպում անցկացրեցին,չնայած որ, նրանցից սպասումները մեծ էին: Կարծում եմ խաղը ձախողեց նաև Պատրիս Էվրան, ով հեշտությամբ թույլ էր տալիս իրեն շրջանցել ձախ եզրում, բացի այդ 11 մ բերեց սեփական դարպասին` անփույթ գործելով: Ամենայն հավանականությամբ Դեշամը հաջորդ խաղում  Էվրային կփոխարինի երիտասարդ Լուկա Դինով: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի հավաքականի կազմում փայլեցին Նգոլո Կանտեն և Դիմիտրի Պայետը: Կանտեն կայունություն էր հաղորդում ֆրանսիացիների կիսապաշտպանության գծին, որից էլ օգտվելով` Մատյուիդին և Պոգբան փորձում էին կենտրոնանալ հարձակման վրա: Պայետը հանդիպման վերջում փորձեց խաղը վերցնել իր վրա` ինչն էլ տվեց իր դրական  արդյունքը:

Ֆրանսիայի հավաքականի համար հաջորդ խաղը շատ կարևոր է, քանզի եթե երկրորդ խաղում ևս  լինեն այսպիսի ձախողումներ, ապա Դեշամը կկանգնի լուրջ խնդիրների առաջ:

Հ.Գ. Քանի որ ամեն օր կայանալու են մի քանի հանդիպումներ, այդ պատճառով յուրաքանչյուր օրվա վերջում սպասեք նմանատիպ հակիրճ վերլուծությունների` որտեղ կփորձեմ ամփոփել ամենակարևոր և նշանակալի իրադարձությունները: Ֆուտբոլային տոնը սկսված է, հետևեք ԵՎՐՈ 2016-ի իրադարձություններին
Ֆուտբոլ 365 -ի հետ:    

среда, 8 июня 2016 г.

Էրիկ Բայի. Մոուրինյոյի առաջին տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդում»

Էրիկ Բային դարձավ Ժոզե Մոուրինյոյի առաջին ձեռքբերումը «Մանչեսթեր Յունայթեդում»:

 Նախ մի քանի խոսք Էրիկ Բայիի մասին:
Կենտրոնական պաշտպան, որը կարողանում է լավ հանդես գալ նաև պաշտպանության աջ եզրում: Բարձրահասակ, ամրակազմ և արագավազ ֆուտբոլիստ, ով անշուշտ կուժեղացնի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանական գիծը: 
Բային  2015 թվականից սկսած հանդես էր գալիս իսպանական «Վիլյառեալում», որտեղ անցկացրել է գրեթե 40 հանդիպում: Բացի այդ, 22-ամյա կոտ դ'Իվուարցին իր երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցել է նախորդ տարի կայացած Աֆրիկյան Ազգերի Գավաթի մրցաշարին, որտեղ Կոտ դ'Իվուարը նվաճեց չեմպիոնական գավաթը: 

Անկասկած սա այն տրանսֆերը չէր, որին սպասում էին «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Ժոզե Մոուրինյոյից, սակայն կա մի հետաքրքիր և ուրախացնող զուգադիպություն. Ժոզե Մոուրինյոն իր մարզչական կարիերայի ընթացքում` ամեն անգամ նոր ակումբ գալով ձեռք է բերել  կենտրոնական պաշտպան:

«Չելսի» - Ռիկարդու Կարվալյու
«Ինտեր» - Լուսիո
«Ռեալ» - Ռաֆայել Վարան և Ռիկարդու Կարվալյու
«Չելսի» - Կուրտ Զումա
«Մանչեսթեր Յունայթեդ» - Էրիկ Բայի

Այս բոլոր ֆուտբոլիստները` հատկապես Վարանն ու Զուման, իրենց լավագույնս դրսևորել են հենց Մոուրինյոյի ղեկավարությամբ:

Շատ բան է կախված նրանից թե պաշտպաններից ո՞վ կլքի «Մանչեսթեր Յունայթեդն» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Եթե դա լինի Դեյլի Բլինդն, ապա Սմոլլինգ- Բայի զույգը կարծում եմ կդառնա հիմնական, իսկ եթե թիմից հեռանա Մատտեո Դարմիանն, այդ դեպքում ես չեմ բացառում այն տարբերակը, որ Բային հանդես կգա պաշտպանության աջ եզրում:

Կա ևս մեկ հավանական տարբերակ, ըստ որի Բային աստիճանաբար կընդգրկվի թիմի կազմում, իսկ այդ դեպքում կենտրոնական պաշտպանների զույգը կմնա նույնը` Սմոլլինգ- Բլինդ:

Ինչևէ, «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց երիտասարդ և հեռանկարային պաշտպանի, իսկ թե Մոուրինյոն ինչպե՞ս կօգտագործի նրա խաղային որակները կիմանանք հաջորդ մրցաշրջանից սկսած:

                                                                           Միհրան Ալեքսանյան

суббота, 4 июня 2016 г.

Մուհամմեդ Ալի: Երբ հեռանում են լեգենդները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք  74 տարեկան հասակում վախճանվել է 20-րդ դարի լավագույն մարզիկներից մեկը` հռչակավոր բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին:

 Հիմա կմտածեք, թե ինչ կարիք կա ևս մեկ անգամ անդրադառնալու այս թեմային, առավել ևս, որ Մուհամմեդ Ալին ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչ չէ: Անկեղծ ասած ես նույնպես բախվեցի այս հարցին, երբ ֆուտբոլային լուրերի մեջ նկատեցի բազում ցավակցական խոսքեր հանրաճանաչ բռնցքամարտիկի հասցեին: 
 Իրոք  որ ամբողջ ֆուտբոլային հասարակությունը սգում է նրա մահը:  Գրեթե  բոլոր ֆուտբոլային ակումբների պաշտոնական կայքերն ողողված են Մուհամմեդ Ալիին վերաբերվող ցավակցական գրառումներով: Մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, մարզիչներ իրենց ցավակցական խոսքն են ուղղում Ալիի ընտանիքին և ընկերներին: 

Ես նման բան դեռևս չէի տեսել: Ֆուտբոլային աշխարհում շատ են եղել դեպքեր, երբ այս կամ այն հայտնի ֆուտբոլիստի մասին` նրանց մահից հետո ցավակցական գրառումներ են կատարվել, բայց ոչ այս կերպ: 
Մուհամեդ Ալին իր մահով «խառնեց» ամբողջ սպորտային և հատկապես ֆուտբոլային հասարակությունը:  

Որպեսզի երիտասարդ սերունդը հասկանա թե ում են այսպես մեծարում, ցանկանում եմ ներկայացնել Մուհամմեդ Ալիի կյանքի օրենքներից մի քանիսը: 

Անհնար է- սա հատուկ է միայն թույլ մարդկանց: Դա փաստ չէ, դատավճիռ չէ: Այն մարտահրավեր է, քեզ ցուցադրելու հնարավորություն: Անհնարը հնարավոր է: 

Ես տանել չէի կարողանում մարզումները, բայց մի օր ինձ ասացի. «Մի հանձնվիր: Մի փոքր դիմացիր և ամբողջ կյանքդ ապրիր ինչպես չեմպիոն»:

Երազներն իրականություն դարձնելու լավագույն միջոցն արթնանալն է:

Իմաստուն լինելն այն է, երբ հասկանում ես, որ դու չես կարող դառնալ իմաստուն: 

Ամենամեծ սխալը նախկին սխալների համար անընդհատ մտածելն է: 

Ես միայն կուզեի, որ մարդիկ միմյանց սիրեին այնպես, ինչպես սիրում են ինձ: Այդ ժամանակ աշխարհն ավելի լավը կլիներ: 

Սպորտում բացի անհատական որակներից` տեխնիկայից և արագությունից, կա ևս մի կարևոր նախապայման` դա հոգեպես ամուր լինելն է: Երբ մրցակիցդ հասկանում է, որ չի կարող կոտրել քեզ հոգեպես, ապա չի կարող կոտրել նաև ֆիզիկապես: 

Մուհամմեդ Ալիի դեպքում այս միտքն արտացոլվում է հետյալ տեսագրությունում: Տեսեք թե ինչպես է լեգենդար Ալին ծաղրում հակառակորդին և ընդամենը 10 վարկյանում խուսափում է մրցակցի 21 հարվածից: 

Հավերժ փառք քեզ աշխարհահռչակ Մուհամմեդ Ալի:

Հ.Գ. 20-րդ դարի լեգենդների շարքերը նոսրանում են: 

                                                                                           Միհրան Ալեքսանյան