пятница, 17 июня 2016 г.

12 հոգանոց թիմ Հ1-ի եթերում




Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը  սխալվեց իր հաշվարկների մեջ:  Արգելափակելով ռուսական ալիքներով ԵՎՐՈ 2016-ին հետևելու հնարավորությունը` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը փորձեց գրավել  հայ ֆուտբոլասերների ուշադրությունը, սակայն...

Հիմա  ֆուտբոլասերներից շատերը պարզապես ընտրության հնարավորություն չունենալով, ԵՎՐՈ 2016-ի խաղերին հետևում են առաջին ալիքով:  Իսկ դա նշանակում է, որ Հ1-ին հետևողների քանակը մի քանի անգամ մեծանում է: Ու բնական է, որ շատ երկրպագուներ`  լսելով մատուցվող մեկնաբանության   ցածր որակը, բարձրաձայնում են իրենց կարծիքը:

Այն ինչ արեց Կարեն Գիլոյանը Գերմանիա - Ուկրաինա  հանդիպումը մեկնաբանելիս, հարիր չէ Հանրային հեռուստաընկերության մակարդակի մեկնաբանին:

Պարզվում է ամբողջ հանդիպման ընթացքում ըստ Կարեն Գիլոյանի, Գերմանիայի հավաքականը խաղում էր 12 հոգով: Նա  առաջին  խաղակեսում Բունդեսթիմի կազմը ներկայացնելիս նշեց 12 ֆուտբոլիստի անուն`

1- Մանուել Նոյեր 
2-Շկոդրան Մուստաֆի
3-Յոնաս Հեկտոր
4-Բենեդիկտ Հովեդես
5-Ժերոմ Բոատենգ
6- Սամի Խեդիրա
7-Մեսութ Օզիլ
8-Յուլիան Դրաքսլեր
9- Թոնի Կրոս
10-Մարիո Գյոթցե

Այս տասը ֆուտբոլիստների անունները նշելուց հետո Կարեն Գիլոյանը ավելացրեց.

«Երկու հարձակվող ունի Գերմանիայի հավաքականը մեկնարկային կազմում: Եվ այսպես, համար 13 Թոմաս Մյուլլեր «Բավարիա» Մյունխեն- Գերմանիա, և համար 23 Մարիո Գոմես «Բեշիքթաշ» Թուրքիա»: 

Երկրորդ խաղակեսի սկզբում  Կարեն Գիլոյանն ասաց. 

«Երկրորդ խաղակեսը սկսված է: Գերմանիա - Ուկրաինա 1:0 և առաջարկում եմ վերհիշել թիմերի կազմերը: Փոփոխություններ չկան, այնպես որ, ճիշտ նույն կազմերով հավաքականները վերադարձել են խաղադաշտ»:

Դրանից հետո նույնությամբ ներկայացրեց Գերմանիայի հավաքականի 12 հոգանոց  կազմը:


Իսկ ամենացավալին այն է, որ Մարիո Գոմեսն այս խաղին չի մասնակցել: Սակայն Կարեն Գիլոյանն առաջին խաղակեսի միջնամասում նույնիսկ մեկնաբանեց Մարիո Գոմեսի  հարվածային դիրք դուրս գալը (իրականում հարվածային դիրքում էր գտնվում Սամի Խեդիրան):

Իսկ Ուկրաինայի հավաքականը հանդիպման ընթացքում ըստ Կարեն Գիլոյանի երկու տարբեր ավագներ ուներ: Առաջին խաղակեսում` Անատոլի Տիմոշուկը, իսկ երկորդում` Անդրեյ Պյատովը: Պարզապես նշեմ, որ Տիմոշուկը հանդիպմանը չէր մասնակցում, իսկ Ուկրաինայի հավաքականի ավագի պարտականությունները մեկնարկային րոպեներից կատարում էր Վյաչեսլավ Շևչուկը:

Յուրաքանչյուրն էլ ունի սխալվելու իրավունք, սակայն երբ նման  անփույթ աշխատանքից հետո` անմիջապես հաջորդ օրը Կարեն Գիլոյանը սկսում է մեկնաբանել մեկ այլ հանդիպում` նույնիսկ ներողություն չխնդրելով խայտառակ մեկնաբանության համար, հասկանում ես, որ Հանրային հեռուստաընկերությունը չի գտնվում իր բարձրության վրա:

Հ.Գ. Հետո էլ զարմանում ու նեղանում են, որ ֆուտբոլ դիտելիս նախապատվությունը տալիս ենք ռուսական ալիքներին:







Комментариев нет:

Отправить комментарий