понедельник, 13 июня 2016 г.

ԵՎՐՈ 2016: Ինչպե՞ս Բելգիան պարտվեց Իտալիային




ԵՎՐՈ 2016-ի այդքան սպասված  Բելգիա - Իտալիա հանդիպումը մեծ հիասթափության առիթ տվեց: Սակայն հիասթափեցրեց ոչ միայն Բելգիան, այլ նաև Իտալիան` իր գլխավոր մարզչի որոշումներով: Նախ անդրադառնանք «Սկուադրա Աձուրային», քանզի շատերը կարդալով այս տողերն ու տեսնելով խաղի հաշիվը կմտածեն, որ ես  մեծ սխալ եմ գործում` քննադելով Անտոնիո Կոնտեին, սակայն...

Տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում: Իտալիայի հավաքականի երկրպագուներից շատերը տեսնելով թիմի մեկնարկային կազմն անշուշտ սկսեցին քննադատել Անտոնիո Կոնտեին, քանի որ բացակայում էին գերազանց մրցաշրջան անցկացրած Լորենցո Ինսինյեն, Ստեֆան Էլ Շաարավին և Ալեսանդրո Ֆլորենցին: Իսկ նրանց փոխարեն մեկնարկային կազմում էին հայտնվել այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք են` Էմանուելե Ջակերինին, Մարկո Պարոլոն, Էդերն ու Դարմիանը: Գիտեմ, գիտեմ, հիմա մտածում եք, թե ինչու՞ եմ նշել Ջակերինիին, չէ որ նա  դարձավ գոլի հեղինակ, իսկ թիմն ընդհանուր առմամբ լավ խաղաց: Բայց այստեղ կա մի ճշմարտություն, ոչ թե Իտալիան հաղթեց Բելգիային, այլ Բելգիան պարտվեց Իտալիային:  Կարծում եմ, եթե Բելգիան կարողանար ցուցադրել իր հնարավորությունների գոնե 80 %-ը, ապա կտապալեր Կոնտեի այս թիմին: Բայց ինչպես ասում են հաղթողներին չեն դատում, սակայն...



 Երբ հաջորդ խաղում նույն Ջակերինին փչացնի 5 ռեալ գոլային հնարավորություն, կամ Էդերը չկարողանա գնդակին դիպչել ավելին քան 10 անգամ, այդժամ չսկսեք քննադատել Կոնտեին:

Իսկ ինչ վերաբերում է Բելգիայի հավաքականին... Սա այն դեպքերից է, երբ թիմի գլխավոր մարզիչը չկարողացավ դիմակայել ճնշմանն ու սխալ որոշումներ կայացրեց:
Խաղալով Իտալիայի հավաքականի պես պաշտպանություն ունեցող թիմի դեմ, Մարկ Վիլմոտսը որոշել էր շեշտը դնել երկար փոխանցումներով խաղի վրա: Իհարկե ես հասկանում եմ, որ Վիլմոտսն ինձնից լավ է հասկանում ֆուտբոլից, սակայն ես արձանագրում եմ այն, ինչ տեսավ ամբողջ աշխարհը:
 Ունենալով գրեթե 18 թոփ մակարդակի ֆուտբոլիստ, Վիլմոտսը չկարողացավ ընտրել այնպիսի մեկնարկային կազմ, որն իր արագության ու ճկունության շնորհիվ  ծանր կացության մեջ կդներ Իտալիայի հավաքականի պաշտպաններին:

Հավատացեք, որ բացի երկրորդ հարկում պայքար մղելուց, մնացած յուրաքանչյուր տիպի մարտավարության դեպքում Բելգիայի հավաքականի հարձակման գիծը կստիպեր, որ Ջորջիո Կյելինիի ու Անդրեա Բարձալիի մոտ գլխապտույտ առաջանա:

Ակնհայտ է, որ Վիլմոտսը սխալվեց մեկնարկային կազմի հարցում, իսկ կատարած փոփոխություններով,  ընդհանրապես խառնաշփոթ ստեղծեց խաղադաշտում: Հանդիպման վերջնամասում Բելգիայի հարձակման գիծը կազմված էր հետևյալ ֆուտբոլիստներից` Կարասկո, Մերտենս, Դե Բրույնե, Ազար, Օրիգի: Միանգամից 4 եզրային հարձակվողներ, որոնք  միմյանց խանգարելով այդպես էլ չկարողացան արդյունքի հասնել: Իսկ Ռոմելու Լուկակուի ու Կևին Դե Բրույնեի խաղը կարելի է մեկնաբանել ընդամենը մեկ բառով` խայտառակություն: Փոխարենը  Մարսելի «Օլիմպիկի» երիտասարդ ու տաղանդավոր բելգիացի հարձակվող Միշի Բաչուային` ով Լիգա 1-ի այս մրցաշրջանում դարձել է 17 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ, այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: 


Հ.Գ. Իսկ Իտալիայի հավաքականի համար իսկական փորձություն կլինի Իռլանդիայի դեմ խաղը: Իռլանդացիները հաստատ բելգիացիների նման մեղմ չեն լինի:
                                                                                             

                                                                                                        Միհրան Ալեքսանյան






Комментариев нет:

Отправить комментарий