среда, 8 июня 2016 г.

Էրիկ Բայի. Մոուրինյոյի առաջին տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդում»

Էրիկ Բային դարձավ Ժոզե Մոուրինյոյի առաջին ձեռքբերումը «Մանչեսթեր Յունայթեդում»:


 Նախ մի քանի խոսք Էրիկ Բայիի մասին:
Կենտրոնական պաշտպան, որը կարողանում է լավ հանդես գալ նաև պաշտպանության աջ եզրում: Բարձրահասակ, ամրակազմ և արագավազ ֆուտբոլիստ, ով անշուշտ կուժեղացնի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանական գիծը: 
Բային  2015 թվականից սկսած հանդես էր գալիս իսպանական «Վիլյառեալում», որտեղ անցկացրել է գրեթե 40 հանդիպում: Բացի այդ, 22-ամյա կոտ դ'Իվուարցին իր երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցել է նախորդ տարի կայացած Աֆրիկյան Ազգերի Գավաթի մրցաշարին, որտեղ Կոտ դ'Իվուարը նվաճեց չեմպիոնական գավաթը: 

Անկասկած սա այն տրանսֆերը չէր, որին սպասում էին «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Ժոզե Մոուրինյոյից, սակայն կա մի հետաքրքիր և ուրախացնող զուգադիպություն. Ժոզե Մոուրինյոն իր մարզչական կարիերայի ընթացքում` ամեն անգամ նոր ակումբ գալով ձեռք է բերել  կենտրոնական պաշտպան:


«Չելսի» - Ռիկարդու Կարվալյու
«Ինտեր» - Լուսիո
«Ռեալ» - Ռաֆայել Վարան և Ռիկարդու Կարվալյու
«Չելսի» - Կուրտ Զումա
«Մանչեսթեր Յունայթեդ» - Էրիկ Բայի






Այս բոլոր ֆուտբոլիստները` հատկապես Վարանն ու Զուման, իրենց լավագույնս դրսևորել են հենց Մոուրինյոյի ղեկավարությամբ:



Շատ բան է կախված նրանից թե պաշտպաններից ո՞վ կլքի «Մանչեսթեր Յունայթեդն» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Եթե դա լինի Դեյլի Բլինդն, ապա Սմոլլինգ- Բայի զույգը կարծում եմ կդառնա հիմնական, իսկ եթե թիմից հեռանա Մատտեո Դարմիանն, այդ դեպքում ես չեմ բացառում այն տարբերակը, որ Բային հանդես կգա պաշտպանության աջ եզրում:

Կա ևս մեկ հավանական տարբերակ, ըստ որի Բային աստիճանաբար կընդգրկվի թիմի կազմում, իսկ այդ դեպքում կենտրոնական պաշտպանների զույգը կմնա նույնը` Սմոլլինգ- Բլինդ:

Ինչևէ, «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց երիտասարդ և հեռանկարային պաշտպանի, իսկ թե Մոուրինյոն ինչպե՞ս կօգտագործի նրա խաղային որակները կիմանանք հաջորդ մրցաշրջանից սկսած:




                                                                           Միհրան Ալեքսանյան




Комментариев нет:

Отправить комментарий