понедельник, 22 июня 2015 г.

Ամերիկայի Գավաթ. Խմբային փուլի ամփոփում

 Ավարտվեց Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության խմբային փուլը: Արդեն հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը: Փորձենք ամփոփել արդյունքները:

Չիլի-Ուրուգվայ, Սանտյագոյի  «Ազգային» մարզադաշտ, հունիսի 25 ժամը   03:30                     

   Չիլիի հավաքականը   գերազանց տպավորություն թողեց խմբային փուլում: 3 խաղից հետո 2 հաղթանակ և 1 ոչ-ոքի: Թիմի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին ի դեմս` Կլաուդիո Բռավոյի, Արտուրո Վիդալի ու Ալեքսիս Սանչեսի, կարողացել է ստեղծել այնպիսի մարտունակ թիմ, որն իրավունք ունի համարվելու այս մրցաշարի ֆավորիտներից մեկը: Նրա շնորհիվ թիմը կարողանում է խաղալ երկու տարբեր տակտիկական սխեմաներով`      4-3-1-2 և 3-4-3: Արտուրո Վիդալն իր  խփած 3 գնդակներով այս մրցաշարի գլխավոր ռմբարկուն է: 
 Ի տարբերություն Չիլիի, Ուրուգվայի հավաքականը այնքան էլ լավ հանդես չեկավ խմբային փուլում: 3 խաղում 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն: Լուիս Սուարեսի բացակայությամբ թիմի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Հարձակման գծի ֆուտբոլիստներ `էդինսոն Կավանին, Դիեգո Ռոլանն ու Աբել Էռնանդեսը դեռևս ոչ մի գոլ չեն խփել այս մրցաշարում: Կավանին ընդհանրապես անճանաչելի է: Նրանից շատ մեծ սպասելիքներ ունեին և երկրպագուները և թիմի գլխավոր մարզիչը:                               
Բոլիվիա-Պերու, Տեմուկոյի  «Հերման Բեկեր» մարզադաշտ, հունիսի 26 ժամը 03:30  

  Պերուի հավաքականը 3 խաղից հետո ունի 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի , 1 պարտություն: Իր կարգի համեմատ լավ ցուցանիշ, որը թիմին թույլ տվեց դուրս գալու այս մրցաշարի 1/4 եզրափակիչ: Թիմի գլխավոր մարզիչ Ռիկարդո Գարեկան իր տրամադրության  տակ ունի այնպիսի  ֆուտբոլիստներ` ինչպիսիք են Կլաուդիո Պիսսարոն, Ջեֆերսոն Ֆարֆանն ու Քրիստիան Կուեվան: 
 Բոլիվիայի հավաքականը իսկական անակնկալ մատուցեց խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը: Չունենալով թիմի կազմում աստղերի Մաուրիսիո Սորիան կարողացավ իր համեստ թիմով ապահովել արդյունք և դուրս բերել թիմին 1/4 եզրափակիչ:
Արգենտինա-Կոլումբիա,Վինյա-դել-Մարի «Սաուսալիտո» մարզադաշտ, հունիսի 27 ժամը 03:30

   Արգենտինան մրցաշարը այնքան էլ լավ չսկսեց: Առաջին հանդիպման ժամանակ ունենալով երկու գնդակի առավելություն, չկարողացավ պահել հաղթական հաշիվը: Բայց մյուս երկու խաղերում նվազագույն հաշվով հաղթանակները Խերարդո Մարտինոյի թիմին ապահովեցին խմբում առաջին հորիզոնականը: Ունենալով թե՛ լավ մեկնարկային կազմ (Մեսսի,Ագուերո,Դի Մարիա, Պաստորե),  թե՛ լավ պահեստայինների  նստարան   (Տևես, Լամելա, Իգուային), Արգենտինայի հավաքականը համարվում է Ամերիկայի գավաթի այս խաղարկության գլխավոր ֆավորիտը: 
Կոլումբիայի հավաքականը խմբային փուլի 3 խաղում գրանցելով 1 հաղթանակ , մեկ ոչ-ոքի և 1 պարտություն, բարդացրեց ոչ միայն իր, այլ նաև Արգենտինայի հավաքականի գործերը: Հարձակման գծում ունենալով այնպիսի հանրաճանաչ ֆուտբոլիստներ ինչպիսիք են Ֆալկաոն, Բակկան, Մարտինեսը,Կւադրադոն ու Խամեսը , Խոսե Պեկերմանի թիմը  անցկացրած 3 խաղում խփել է  1 գնդակ, որը իր հաշվին գրանցել է թիմի պաշտպան Ջեյսոն Մուրիլյոն:      
Բրազիլիա-Պարագվայ,Կոնսեպսիոնի «Մունիսիպալ» մարզադաշտ, հունիսի 28 ժամը  01:30 
    

 Բրազիլիայի հավաքականը խմբային փուլում անցկացրած 3 հանդիպումներում գրանցեց հետևյալ արդյունքը`2 հաղթանակ և 1 պարտություն: Գլխավոր մարզիչ Դունգան լուրջ կադրային կորուստ ունի: Կոլումբիայի հետ խաղում տեղի ունեցած հրմշտոցից հետո, 4 խաղով որակազրկվել է թիմի ավագ, թիմի  գլխավոր աստղ Նեյմարը: Այն, որ այսօրվա Բրազիլիայի հավաքականը կախված է Նեյմարի խաղից. դա փաստ է, չնայած  խմբային փուլի վերջին խաղում Բրազիլիան առանց Նեյմարի կարողացավ հաղթել Վենեսուելային: Այդուհանդերձ թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք իրենցից լուրջ ուժ են ներկայացնում`  Վիլիան, Կոուտինյո, Ֆիրմինո:
 Պարագվայի հավաքականը  խմբային փուլում անսպասելիորեն լավ հանդես եկավ: 1 հաղթանակ և 2 ոչ-ոքի: Ռամոն Դիասի  սաները Արգենտինայի հետ  խաղում  հաշվի մեջ պարտվելով 2 գնդակի տարբերությամբ,  հերոսական ձևով կարողացան  խուսափել պարտությունից: Թիմի կազմում կան այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք են` Ռաուլ Բոբադիլիան, Նելսոն Վալդեսը և թիմի ավագ Ռոկե Սանտա Կրուսը:

Комментариев нет:

Отправить комментарий