вторник, 30 июня 2015 г.

Պետր Չեխ.«Չելսիից» «Արսենալ»

Պետր Չեխը «Չելսիում» անցկացրած 11 տարիների ընթացքում իր մեծ ներդրումն է ունեցել ակումբի հաջողություններում: Նա լոնդոնյան ակումբի կազմում հաղթել է ամեն ինչ և արդարացիորեն դասվում է «Չելսիի» բոլոր ժամանակների լավագույն դարպասապահների շարքին:
Երբ 2004 թվականին Ռոման Աբրամովիչն ու Ժոզե Մոուրինյոն սկսեցին «հիմնադրել» մեր ժամանակների «Չելսին» , Պետր Չեխը այդ նախագծի կարևորագույն մասնիկներից մեկն էր համարվում: Նրա կարիերայում շատ են եղել դեպքեր , երբ նա իր բարձր կարգի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողացել է «Չելսիի» երկրպագուներին պարգևել հաղթական պահեր: Բավական է միայն հիշել Չեմպիոնների լիգայի 2011-2012 թթ եզրափակիչ խաղը` Մյունխենի «Բավարիայի» հետ: Այդ խաղում Պետր Չեխը իսկապես հերոսացավ: Հանդիպման 95-րդ րոպեին 1:1 հաշվի ժամանակ, նա հետ մղեց Արյեն Ռոբբենի  11 մետրանոց հարվածը:

                                           

 Բայց սա դեռ վերջը չէր: Արդեն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ հետ մղելով 2  հարված, Պետր Չեխը «Չելսիին» պարգևեց հին աշխարհի ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցաշարի հաղթական գավաթը. ընդմիշտ իր հետքը թողնելով ակումբի պատմության մեջ: 
Եվ այս ամենը մի մարդու մասին է, որը կարող էր նույնիսկ զրկվել կյանքից` հենց ֆուտբոլային խաղադաշտում, երբ 2006 թվականին «Ռեդդինգի» հետ արտագնա խաղում ստացավ գանգոսկրի կոտրվածք:
  2014-2015 մրցաշրջանում «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, դարպասապահի դիրքում նախապատվությունը տվեց երիտասարդ  Տիբո Կուրտուային, այդպիսով Պետր Չեխին թողնելով պահեստայինների նստարանին: Սակայն բազմիցս  պորտուգալացի մասնագետը հիացմունքով է արտահայտվել  Չեխի հասցեին , հավելելով որ, իր համար հաճելի գլխացավանք է թիմի կազմում ունենալ երկու հզոր դարպասապահ: 
   Այստեղ չեխ դարպասապահը  կարողացավ ճիշտ լուծում տալ ստեղծված իրավիճակին և որոշեց ևս մեկ տարի մնալ իր հարազատ ակումբում` թեկուզ և՛ փոխարինողի կարգավիճակում: Արդյունքում. Չեխը այս մրցաշրջանում  «Չելսիի» հետ նվաճեց Անգլիայի Պրեմիեր լիգան և Անգլիայի լիգայի գավաթը, մասնակցելով  մեկ տասնյակից ավել հանդիպումների:
 Իսկ արդեն մրցաշրջանի ավարտից հետո եկավ մի պահ, երբ պետք էր ճիշտ որոշում կայացնել` հետագա կարիերայի  առումով , մնալ հարազատ ակումբում լինելով երկրորդը,  թե՞ տեղափոխվել այլ ակումբ և նորից դառնալ համար ԱՌԱՋԻՆԸ:
 Եվ ահա Պետր Չեխի կայացրած որոշումը հայտնի դարձավ  հանրությանը` 2015 թվականի հունիսի 29-ին, երբ նա պաշտոնապես դարձավ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ:
Լսելով այս լուրը, միևնույնն է դժվար թե գտնվի գոնե մեկը , ով այս քայլը կհամարի դավաճանություն: Հասկանալով այն , որ «Չելսին» և «Արսենալը» լոնդոնյան թիմեր են, ավելորդ է նշել նրանց սկզբունքային մրցակից լինելու փաստը: Բայց Պետր Չեխը իր այս տեղափոխությունը այսպես կոչված «մրցակցի» ճամբար, անձամբ համաձայնեցրել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: Իսկ թե ինչու՞ հենց «Արսենալ»  միանգամայն պարզ է: Պետրը ցանկանում էր մնալ Անգլիայում, իսկ այստեղ այսօրվա դրությամբ կան 2-3 գրանդ ակումբներ, որոնք իրոք ունեին թոփ մակարդակի դարպասապահի կարիք, իսկ մեր հերոսը անկասկած դասվում է այդ շարքին: Այդ ակումբներն էին «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը», եթե հաշվի առնենք այն, որ վերջինիս հիմնական դարպասապահ Դավիդ Դե Խեայի անունը վերջին ժամանակներս կապում են «Ռեալ Մադրիդի» հետ: Արդյունքում Պետր Չեխը որոշեց մնալ Լոնդոնում և համալրել «Արսենալի» կազմը` հասկանալով որ, թերևս այս պահի դրությամբ այս ակումբը թեկուզ մի փոքր, բայց միևնույնն է ավելի ուժեղ է` քան մյուս երկուսը:
  Ինչևէ, հաջողություն եմ  մաղթում Պետր Չեխին իր նոր ակումբում: Իսկ վերջում ուզում եմ Ձեզ ներկայացնել այն ֆուտբոլիստներին, ովքեր ԱՊԼ-ի պատմության ընթացքում կրկնել են Չեխի ճանապարհը, այսինքն Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել են Լոնդոնի «Արսենալ»: Նրանք են Վիլյամ Գալլասը, Լասսանա Դիարրան և Իոսի Բենայունը: Վերջինս տեղափոխվել է վարձակալական հիմունքներով:

Комментариев нет:

Отправить комментарий