пятница, 30 октября 2015 г.

ՖԻՖԱ-ի նախագահի 7 թեկնածուները


ՖԻՖԱ-ի գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 8 թեկնածուներ` որոնցից մեկի հայտը չի ընդունվել: Ձեզ ենք ներկայացնում բոլոր 8 թեկնածուներին:


Միշել Պլատինի
60 տարեկան
Ֆրանսիա 

Եթե կա մեկն, ով ներկայացման կարիք չունի` դա Պլատինին է  որպես ֆուտբոլիստ և համակարգող: Այնուամենայնիվ, վերջին շրջանում կոռուպցիոն սկանդալը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ Պլատինիի գործունեության վրա: Առավել ևս, որ նա այս պահին որակազրկված է 90 օրով,որն իր հերթին կարող է ավելանալ ևս 45 օրով:


- «Ես հույս ունեմ, որ մեր աջակցությամբ և ֆուտբոլի հանդեպ ունեցած մեծ սիրով, կկարողանանք 10 միլիոն և  ավելի  ֆուտբոլասերներին տալ այն, ինչ իրենք են  ուզում: ՖԻՖԱ-ն պետք է լինի միահամուռ, օրինակելի և համերաշխ, քանի որ, այն հարգված և սիրված է ժողովրդի կողմից»: 



Ջաննի Ինֆանտինո
 45 տարեկան
 Իտալիա

2009 թվականից զբաղեցնում է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Հենց նա է անցկացնում վիճակահանություններն  և երևում մեր հեռուստաէկրաններին: Վերջերս նրա անվան հետ կապված  մեծ աղմուկ բարձրացավ, բայց գիտական աստիճանով իրավաբանին այդքան էլ հեշտ չի զրկել լիազորություններից:

Խոսվում է, որ Ջաննի Ինֆանտինոն Միշել Պլատինիի համար պահեստային տարբերակ է, քանի որ,  Պլատինին այս պահին` ՖԻՖԱ-ի Էթիկայի Հանձնաժողովի կողմից  ժամանակավորապես հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից: Սրանով է բացատրվում վերջին ժամերին Ինֆանտինոյի  առաջադրվելը:


-«Իմ կարգախոսն է. անհրաժեշտ բարեփոխումներ կատարել ՖԻՖԱ-ում` պաշտպանելով բոլոր 209 անդամների շահերը, քանի որ ՖԻՖԱ-ն ֆուտբոլի զարգացումը վեր է գնահատում ամեն ինչից»:


Տոկիո Սեկսվալե
62 տարեկան
Հարավ Աֆրիկյան Հանրապետություն



Հարավաֆրիկացի բիզնեսմեն, ով երբեք  պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ չի խաղացել: Համարվում է Նելսոն Մանդելայի գաղափարակիցը: Նա համաշխարհային սպորտի արժեքների` համբերության, հավասարության կողմնակից է:

-«Մեր` ՀԱՖ-ի և ՖԻՖԱ-ի համագործակցությունը հրաշալի ստացվեց 2002-ի Աշխարհի Առաջնության ժամանակ: Դա ուղերձ էր ամբողջ աշխարհին, որը միավորեց մարդկության ծիածանի գույները: Եվ այդ ամենը ՖԻՖԱ-ի շնորհիվ»:



Ալի բին Ալ-Հուսեյն
39 տարեկան
Հորդանան

Հորդանանի արքայազն: Եղել է Ասիայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիայի  ղեկավար և ՖԻՖԱ-ի փոխնախագահ:
Նույնիսկ մայիսյան ընտրություններում մրցակցային պատրանք է ստեղծել:

-«Համաշխարհային խաղն արժանի է բարձրակարգ կառավարման: Միջազգային ֆեդերացիան պետք է անաչառ կերպով ծառայի ֆուտբոլին` դառնալով էթիկայի չափանիշ»:



Մուսա Բիլիտի
48 տարեկան
Լիբերիա


Լիբերիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահը 2013 թվականին Աֆրիկայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիայի որոշմամբ 6 ամսով հեռացվել է ցանկացած տիպի ֆուտբոլային գործունեությունից: Բայց սա չխանգարեց նրան մրցակցության մեջ մտնելու մայիսյան ընտրությունների ժամանակ` ոչ միայն Բլատերի հետ, այլև Արքայազն Ալիի: 

-«Մենք բոլորս համաձայն ենք այն մտքին, որ ֆուտբոլը բախվել է ծանր պրոբլեմների: Բայց հենց այսպիսի բարդ ժամանակահատվածում է հարկավոր ուժեղ առաջնորդ»: 




Ժերոմ Շամպան
57 տարեկան
Ֆրանսիա
 Նախկին ֆուտբոլիստները վերջացան, իսկ Բլատտերի կողմնակիցները` ոչ: Նախկին դիվանագետ Շամպանը հենց նրանցից է: 11 տարի աշխատել է ՖԻՖԱ-ում, որից 10 տարի եղել է «հավերժական» նախագահի խորհրդատուն: Իսկ հիմա աշխատում է որպես համակարգող:

-«Հիմա, երբ ՖԻՖԱ-ն ավելի շատ կարիք ունի առողջ բանավեճերի` ֆուտբոլային համակարգը բարելավելու առումով, մենք դառնում են այս ընտրական կազմակերպության հակասությունների, կուլիսային պայմանավորվածությունների  վկան»:


Շեյխ Սալման բին Իբրահիմ ալ Հալիֆա
49 տարեկան
Բահրեյն

Ամբողջ ասիական ֆուտբոլի ղեկավարն է (Բահրեյնից մինչև Ավստրալիա): Համատեղությամբ  նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահ: Խոսվում է, որ նա երկրպագում է Մանչեսթեր  Յունայթեդին և սիրում է  վայրի խոզերի որսը: Երկու նախասիրություն, որոնք առաջին հայացքից միմյանց հետ բոլորովին կապ չունեն: 


-«Ես չեմ ձգտում լինել ֆուտբոլի միահեծան ղեկավար: Կարծում եմ ընտրությունների գլխավոր նպատակն է`հավաքել անհրաժեշտ պաշտոններում համապատասխան պրոֆեսիոնալների ովքեր ճիշտ կերպով կկատարեն իրենց աշխատանքը»:


Դեվիդ Նահիդ
59 տարեկան
Տրինիդադ և Տոբագո

Նախկին ֆուտբոլիստ, ով խաղացել է Շվեյցարիայում, Բելգիայում և Հունաստանում: Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի կազմում անցկացրել է 53 հանդիպում` երկար տարիներ լինելով թիմի ավագը: Այժմ իր երկրում ղեկավարում է ֆուտբոլային դպրոց, որը կրում է իր անունը: ՍԱԿԱՅՆ` Դեվիդ Նահիդի հայտը չի ընդունվել  (ըստ կանոնակարգի, ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուի համար պետք է երաշխավորի  ՖԻՖԱ-ի անդամ 5 երկիր: Իսկ նրա համար երաշխավորած երկրներից մեկը, այդ նույն արել նաև մեկ ուրիշ թեկնածուի համար)   և այս պահին նա փորձում է բողոքարկել տվյալ որոշումը:






среда, 28 октября 2015 г.

Ջեյմի Վարդի: Պրեմիեր Լիգայի ամենալավ հարձակվողը

«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդիի արդյունավետությունն այս մրցաշրջանում ուղղակի ապշեցուցիչ է: ԱՊԼ-ի 11 խաղում Վարդին դարձել է 10 գոլի հեղինակ և վստահաբար գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
«Կրիստալ Փելասի» հետ խաղում դառնալով գոլի հեղինակ` Վարդին համալրեց այն 7 ֆուտբոլիստների շարքերը, որոնց հաջողվել է 7 անընդմեջ խաղում դառնալ գոլի հեղինակ:  Բայց արդյո՞ք Վարդին կկարողանա այս տեմպերով անցկացնել ամբողջ մրցաշրջանը: Փորձենք հասկանալ թե ի՞նչն է Վարդիի արդյունավետության գրավականը:




ԹԻՄԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

«Լեսթեր Սիթին» դարձավ այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումը ոչ միայն  ցուցադրած արդյունքներով (5-րդ հորիզոնական), այլ խաղային մոդելով: Թիմն երեք խաղում կարողացել է հանդիպման ընթացքում հետ բերել 2 գնդակի տարբերությունը:
 «Դուք խոսում եք բարձր խաղային տեմպից, բայց վերջին մի քանի տարիներին արագությունները ԱՊԼ-ում նվազել են: Սակայն այն ինչ ցուցադրում է «Լեսթեր Սիթին», կարելի է անվանել Պրեմիեր լիգայի «հին դպրոց»,- նշում է «Sky Sports» -ի փորձագետ Գարի Նևիլը»:
 Երբ խաղում է թիմը, ապա յուրաքանչյուր ֆուտբոլիստ կախված է իր խաղընկերներից: Այստեղ մեծ է թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի վաստակը:
 «Ես իտալացի եմ, բայց մի փոքր այլ մոտեցումներով: Եթե խաղից առաջ ինձ ասեն. կհամաձայնվեք արդյո՞ք խաղն ավարտել 0:0 հաշվով, ապա ես միանշանակ կհրաժարվեմ: «Կրիստալ Փելասի» հետ խաղն առաջինն էր այս մրցաշրջանում, երբ մենք գոլ բաց չթողեցինք, և մենք փորձում ենք այդ ցուցանիշը ավելի բարելավել: Մենք միշտ ցանկանում ենք մեկ գոլ ավելի խփել` քան մրցակիցը»,- նշում է «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին:
 Շատ հազվադեպ է լինում, երբ մի ակումբ, որը չի համարվում թոփ մակարդակի, խաղում է բաց և ռիսկային ֆուտբոլ: Եթե Ռանիերին ժամանակի ընթացքում չփոխի թիմի խաղը, ապա անկասկած Ջեյմի Վարդին կունենա ռեալ հնարավորություն շարունակելու իր գոլային հրավառությունը:



ԳՐՈՀՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿՈՒՄԸ

 Երբ ստեղծվում է գոլային պահ, արդյո՞ք կարող ենք ասել, որ Վարդին դրանց զգալի մեծամասնությունը կարողանում է ավարտել գոլով:
 Այս մրցաշրջանում Վարդին ավելացրել է իր տակտիկական գիտելիքները և վստահություն է ձեռք բերել: Այս միտքը հաստատվում է նաև վիճակագրությամբ, ըստ որի Ջեյմի Վարդին իրացնում է ստեղծված պահերի 30 %:
 Համեմատության համար պետք է նշել, որ Պրեմիեր Լիգայում այդ ցուցանիշը միջինում կազմում է 17.7 %:


ՀԱՐՎԱԾՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ԳՈԼԵՐԸ

 Ջեյմի Վարդին այս մրցաշրջանում ավելի շատ հարվածներ է կատարել` քան ԱՊԼ-ի ցանկացած ֆուտբոլիստ:
 Սերխիո Ագուերոն նախորդ մրցաշրջանում ևս բոլորից շատ էր հարվածներ կատարել և տրամաբանորեն դարձել էր լավագույն ռմբարկու:
 «Վարդին այս տարի տարբեր տեսակի գոլեր է հեղինակել, նա շատ ագրեսիվ և համառ ֆուտբոլիստ է»,- ասում է Գարի Նևիլը:
 Վարդին հիանալի է խաղում և՛ ոտքերով` ընդորում երկուսով էլ, և՛ գլխով: Այս մրցաշրջանում ընդամենը երեք հարձակվողների  է հաջողվել գոլ խփել աջ ոտքով, ձախ ոտքով և գլխով: Նրանք են Վարդին, Ագուերոն և Լուկակուն, սակայն միայն Վարդիին է հաջողվել դա անել մեկից ավելի անգամ:




ՔԱՆԱԿԸ ԵՎ ՈՐԱԿԸ

 Վարդիի լավ խաղը կապված է իր արագաշարժության հետ: Բրիտանացի ֆուտբոլային փորձագետների հետազոտությունների համաձայն. Վարդին ամենաարագաշարժ հարձակվողն է, այդ պատճառով էլ շատ դեպքերում մրցակցի պաշտպանները պարզապես չեն հասցնում փակել այն ազատ գոտիները, որտեղ ներխուժում է Վարդին:
 «Վարդին հարձակվում է և անընդհատ առաջ նետվում: Դա շատ օգտակար է մեզ համար»,- նշում է Կլաուդիո Ռանիերին:
 Վարդին ավելի շատ հպում է կատարել գնդակին մրցակցի տուգանային հրապարակում, քան ցանկացած այլ հարձակվող:
 Ըստ  «Opta»-ի վիճակագրության. Վարդին ԱՊԼ-ի այն 5 հարձակվողներից մեկն է, ովքեր այս մրցաշրջանում արդեն իսկ ձեռքից բաց են թողել ամենաքիչը 5 ռեալ գոլային պահ: Պարզ է, որ Վարդին անընդհատ շարժման մեջ է և փորձում է հայտնվել ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում:



ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՆԱ ԴԱԴԱՐԻ ԳՈԼԵՐ ԽՓԵԼ...

 Բացի գոլեր հեղինակելուց, Վարդին փորձում է նաև գոլային պահեր ստեղծել իր խաղընկերների համար: Ըստ «Opta»-ի վիճակագրական տվյալների. Վարդին միակ հարձակվողն է այս մրցաշրջանում, ով իր խաղընկերներին 3 անգամ մեն-մենակ է դուրս բերել մրցակցի դարպասին:
 Բայց սա ևս վերջը չէ: Ջեյմի Վարդին լավ է հանդես գալիս նաև պաշտպանվելիս: Նա ԱՊԼ-ի հարձակվողների մեջ  ամենաշատ գնդակ խլած ֆուտբոլիստն է: Դա կարևոր է, հաշվի առնելով 4-4-2 տակտիկական սխեման, որով և խաղում է «Լեսթեր Սիթին»: Գարի Նևիլը նշում է, որ հենց Վարդիի գործողություններն են երանգ  հաղորդում թիմին` երբ «Լեսթերը» չի տիրում գնդակին:
 «Վարդին այնպիսի հարձակվող է, որին իմ կարծիքով կցանկանային ձեռք բերել գրեթե բոլոր ակումբները:Նա ապահովում է տեմպն ու կազմակերպում  խաղի ուղղվածությունն ամբողջ թիմի համար: Եվ հենց  դա է նպաստում, որ դաշտի կենտրոնում խաղացող մյուս ֆուտբոլիստները գլուխ չպահեն պաշտպանվելիս»,- նշում է Գարի Նևիլը:
 «Նա միշտ շարժման մեջ է, անընդհատ ազատ գոտիներ է փնտրում: Մարզումներին միշտ շատ ակտիվ է: Վարդին իսկական մարտիկ է, ով պայքարում է յուրաքանչյուր գնդակի համար: Նա երբեք չի հանձնվում և ինձ դուր են գալիս այսպիսի ֆուտբոլիստները»,-ասում է Կլաուդիո Ռանիերին:

 Չզարմանա՛ք, եթե Վարդին շարունակի այս տեմպերով:    

понедельник, 26 октября 2015 г.

«Չելսիում» տիրող քաոսի պատճառները

«Չելսիի» և անձամբ Ժոզե Մոուրինյոյի շուրջ ստեղծված իրավիճակը իրոք ծիծաղելի չէ: Լոնդոնյան թիմը «Վեստ Հեմի» դեմ խաղից հետո թարմացրեց ակումբի հակառեկորդը` մեկնարկային 10 տուրերից հետո ունենալով ընդամենը 11 միավոր: 10 խաղ արդեն անցկացրել է թիմը և հիմա ճիշտ ժամանակն է քննարկելու ակումբում  տիրող քաոսի պատճառը:


                   

ՓՈՓՈԽԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ

 Այս մրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրած գրեթե  երկու տասնյակից ավելի  խաղերում առաջին անգամ Ժոզեի ընտրած մեկնարկային կազմը կրկնվեց:  Կիևի «Դինամոյի» և «Վեստ Հեմի» դեմ խաղերում «Չելսիի» մեկնարկային կազմն անփոփոխ էր, բայց միևնույնն է, երկու խաղերում էլ թիմի գրանցած արդյունքը դրական չէր: Ինչպես հայտնի է, Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած ցանկացած թիմ, առաջին հերթին պետք է ունենա կայուն և անփոփոխ  պաշտպանական գիծ: Նախորդ մրցաշրջանում թիմի պաշտպանությունը պարզապես հիանալի էր գործում, իսկ հիմա....  Շատերը «Չելսիի» պաշտպանությունում տիրող վատ խաղի համար  առաջին հերթին  մեղադրում էին Բրանիսլավ Իվանովիչին, սակայն ինչպես տեսնում ենք Իվանովիչի բացակայությամբ խնդիրները մնացել են: Իսկ սա նշանակում է, որ պատճառը ոչ թե անհատի այլ ընդհանուր թիմի անհասկանալի վիճակն է:

ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԸ

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» բավականին զուսպ էր:
 Այս ամբողջ ընթացքում «Չելսիի» հետ կապում էին այնպիսի ֆուտբոլիստների անուններ` ինչպիսիք են Պոլ Պոգբան, Անտուան Գրիզմանը, Ջոն Սթոունսը: Արդյունքում թիմը համալրեցին Պապի Ջիլաբոջին, Ռադամել Ֆալկաոն, Ասմիր Բեգովիչը, Ռահման Բաբան և Պեդրոն: Եթե կա մի հանգամանք, որը կարող է արդարացում հանդիսանալ Ժոզե Մոուրինյոյի համար, ապա դա տրանսֆերային պատուհանում «Չելսիի» պասիվությունն է: ԱՊԼ-ի մնացած 19 թիմերն էլ առնվազն 2-3 թոփ մակարդակի ֆուտբոլիստի ձեռք բերեցին:


ԽՆԴԻՐՆԵՐՆ  ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՆ, ՔԱՆ ԽԱՂԱՅԻՆ

 Պետք է հասկանալ, որ գրեթե այս նույն կոլեկտիվը, նախորդ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ հռչակվեց երկրի չեմպիոն և յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր մեծ ներդրումն ուներ այդ գործում: Բայց չէ որ, այդ նույն ֆուտբոլիստները հիմա էլ են խաղում և նրանք չեն կարող մի քանի ամսվա ընթացքում կորցնել իրենց որակներն ու վարպետությունը: «Չելսիի» ցուցադրած վատ արդյունքների պատճառը ավելի շատ հոգեբանական բնույթ է կրում: Մրցաշրջանի հենց սկզբում այդ առեղծվածային միջադեպը Եվա Կարնեյրոյի և Ժոզե Մոուրինյոյի միջև, Տիբո Կուրտուայի երկարաժամկետ բացակայությունը, մամուլի և երկրպագուների կողմից մեծ ճնշումը. հոգեբանական մեծ հարված են հասցրել և՛ Ժոզեին, և՛ իր թիմին:




ԽԱՂԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 Այստեղ կարելի է մեղադրել և՛ ֆուտբոլիստներին, և՛ գլխավոր մարզչին: Զարմանալի է Ժոզե Մոուրինյոյի այդչափ մեծ վստահությունը թիմի իսպանացի ֆուտբոլիստների նկատմամբ: Սեսկ Ֆաբրեգասի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ նա գտնվում է սարսափելի ֆիզիկական մարզավիճակում, սակայն միևնույնն է հայտնվում է մեկնարկային կազմում: Դիեգո Կոստան ևս չի կարողանում հավաքվել: Կարծում եմ, բոլորին էլ հետաքրքիր է թե ինչու՞  այս մրցաշրջանում բավարար խաղաժամանակ չի ստանում Լոիկ Ռեմին: Ֆուտբոլիստ, ով նախորդ տարի լինելով թիմի երրորդ  հարձակվողը, իրեն գերազանց դրսևորեց ամբողջ մրցաշրջանում: Կամ նույն Ռադամել Ֆալկաոն. ի՞նչ իմաստ ուներ նրան թիմ հրավիրել, եթե նա ամեն խաղին ստանում է առնվազն 7 րոպե խաղաժամանակ: Իսկ հիմա  ամենակարևորը.
 Անձամբ ես իրոք չեմ հասկանում Ժոզեի վերաբերմունքը թիմի ձախ պաշտպանների նկատմամբ: Սկզբում Ֆելիպե Լուիսը, իսկ հիմա Ռահման Բաբան: Երկուսն էլ իրենց նախկին ակումբներում հիանալի մրցաշրջաններ էին անցկացրել, բայց Ժոզեի մոտ նրանք չգիտես թե ինչու՞ պատրաստ չեն խաղալու ԱՊԼ-ում: Այդ դեպքում, ո՞րն էր նրանցից յուրաքանչյուրի վրա ավելի քան 20 մլն ֆունտ ծախսելու իմաստը: Ավելի լավ կլիներ, որ նրանց փոխարեն լիներ ակադեմիայի երիտասարդ ֆուտբոլիստ: Օրինակ` Օլա Աինան կամ Նաթան Ակեն:




ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԷԳՈՆ

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ժոզե Մոուրինյոն մեծ եսասեր է: Այո, այո, պորտուգալացի մասնագետը շատ է տարվել փառասիրությամբ, որը կարծես սկսում է չար կատակ խաղալ նրա հետ: Ժոզեն իր սկզբունքային լինելու պատճառով, արդեն հիմա հանդիպել է մեծ պրոբլեմների, որից պետք է փորձի դուրս գալ, իսկ այսպիսի դեպք նրա կարիերայում դեռևս չի եղել: Որտեղ էլ որ աշխատել է Ժոզեն, նրա թիմը միշտ գտնվել է մրցաշարային աղյուսակի վերնամասում, իսկ հիմա պատկերը լրիվ հակառակն է: «Վեստ Հեմի» դեմ խաղից հետո չներկայանալով հետխաղյա մամուլի ասուլիսին, Մոուրինյոն ավելի բորբոքեց իրավիճակը: Անկեղծ լինենք. նրա այդ աստիճան բարկության պատճառը վերոհիշյալ խաղում ուղղակի անհասկանալի է: Նեմանյա Մատիչն  երկրորդ դեղին քարտը ստացավ արդարացիորեն, չնայած որ, այդ որոշումը խաղի գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսն ընդունեց օգնականի հետ խորհրդակցելուց հետո: Իսկ հետո արդեն հեռացրեց նաև Մոուրինյոյին:

                       

Ժոզեի քայլերը ևս մեկ անգամ ապացուցում են այն, որ նա այլևս չի տիրապետում թիմում տիրող վիճակին` ավելին նա նույնիսկ չի կարողանում տիրապետել իր էմոցիաները: Եվ եթե այսպես շարունակվի, ապա մեծ հավանականությամբ «Լիվերպուլի»  դեմ գալիք խաղը կարող է վերջինը լինել Ժոզեի համար:


Հ.Գ. Հավատացեք, եթե Մոուրինյոն պաշտոնանկ արվի, դրանից միևնույնն է ավելի շատ կտուժի ոչ թե հենց ինքն, այլ ամբողջ անգլիական ֆուտբոլը: Հուսանք, որ Ժոզե Մոուրինյոն մի կողմ կդնի իր ամբիցիաներն ու կկարողանա թիմին դուրս բերել այս ճգնաժամից:  

пятница, 23 октября 2015 г.


Նախորդ անգամ ձեզ ներկայացրեցինք Գարի Նևիլի և Ռայան Գիգզի «Hotel Football» հյուրանոցը, որը գտնվում է Մանչեսթերում: Այս անգամ կխոսենք արդեն «Cafe Football»-ի մասին, որն էլ գտնվում  է Լոնդոնում:


«Cafe Football»-ը բավականին հեռու է Լոնդոնի կենտրոնից.  ընդհանուր առմամբ  որոշումը միտումնավոր է,  քանի որ, Լոնդոնի կենտրոնում այս ռեստորանն ավելի շատ կծառայեր զբոսաշրջիկների համար` որոնցից շատերը նույնիսկ չգիտեն  թե ո՞ր ակումբում են հանդես եկել Գիգզն ու Նևիլը: «Cafe Football»-ը հատուկ ֆուտբոլը սիրողների համար է, քանի որ ռեստորանի ներսում տիրում է ֆուտբոլային մթնոլորտ: Ու հասկանալի էխ որ այս քայլով Գիգզն ու Նևիլը չեն փորձել ավելի փառավորվել՝ այլ ցանկացել են իրենց ուժերը փորձել ֆուտբոլից դուրս մեկ այլ բնագավառում` այս դեպքում ռեստորանային բիզնեսում:
Ծանոթանանք «Cafe Football»-ին ավելի մանրամասն:

Մտնելով ռեստորան միանգամից աչքի է զարնում մի  մեծ պահարան, որն ամբողջովին լցված է ֆուտբոլային խաղակոշիկներով:


Ռեստորանի պատերին գրված են ֆուտբոլային մեկնաբանների հայտնի արտահայտություններ` օրինակ «Գոլ հանդերձարանում»:

Հեռուստացույցներով հեռարձակվում են ֆուտբոլային հանդիպումներ և վավերագրական ֆիլմեր:


Խոհանոցի պատին ամրացված են մի շարք հանրահայտ ֆուտբոլիստների մարզաշապիկներ, որոնք նվիրվել են Գիգզին և Նևիլին: 


Իսկ հիմա մի փոքր ճաշացանկի մասին.
 Քանի որ «Cafe Football»-ը հենց ֆուտբոլային ռեստորան է, բնականաբար ճաշացանկն էլ պետք է համապատասխան լինի: Օրինակ ` «Terrace food» բաժնում («մարզադաշտային ուտելիք») ներառված են` կարկանդակ, հոթ-դոգ, քաբաբ և արգանակ: Այստեղ ամենահետաքրքիրը մակարոնով և բանջարեղենով  հավի արգանակն է, քանզի դրա հեղինակն անձամբ Գարի Նևիլն է: 
 «Ես 20 տարի շարունակ ամեն հինգշաբթի   ուտում էի տատիկիս պատրաստած ոլոռով ապուրը: Այդ պատճառով էլ հենց այդ ուտեստն ընտրեցի առաջինը ճաշացանկում ավելացնելու համար: Սակայն իր բավականին հասարակ լինելու պատճառով հարկ եղավ այն մի փոքր փոփոխել»,-նշում է Գարի Նևիլը: 


Այսպիսի ֆուտբոլային ռեստորանում անկասկած մեծ ուշադրություն պետք է դարձնել կարկանդակներին: Ֆերգյուսոնի լեգենդար արտահայտությամբ` «Football, bloody hell» տուփն իր մեջ պարունակում է 3 փոքրիկ կարկանդակներ` հավի մսով և բանջարեղենով:


Ֆուտբոլային թեմայից փոքր ինչ դուրս է մնում մեծ չափեր ունեցող այս պիցցան, որի վրա ինչպես տեսնում եք ավելացնում են դասական անգլիական նախաճաշ:



Խմորեղենների առումով ամեն ինչ նույնպես գերազանց է: Թխվածքաբլիթ` ֆուտբոլային խաղադաշտի հողակտորի տեսքով: Բացի այդ, սա ռեստորանի ֆիրմային թխվածքն է: 




«Խաղընկերներս միշտ ծիծաղում էին ինձ վրա, որ ես յուրաքանչյուր արտագնա խաղին ինձ հետ վերցնում էի ափսե, գդալ և փաթեթավորված ուտելիք: Բայց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը պետք է ծայրահեղ ուշադրությամբ հետևի իր սննդին»,- հիշում է Գարի Նևիլը: 

  





пятница, 16 октября 2015 г.

 Եթե ուզում ես դառնալ Անգլիայի Պրեմիեր Լիգան ներկայացնող թիմի մարզիչ, ապա պետք է  լինես կենտրոնական պաշտպան:
Այս կարգախոսով կարող են առաջնորդվել ԱՊԼ-ի ապագա մարզիչները, քանի որ այս պահի դրությամբ 20 թիմերից 9-ի գլխավոր մարզիչները իրենց պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել են կենտրոնական պաշտպանի դիրքում:

*«Լիվերպուլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը այդ 9-ից մեկն է:
* Այս ցուցակը կարող է ընդլայնվել հաջորդ մրցաշրջանում, քանզի այս պահի դրությամբ Չեմպիոնշիպի 1-6 հորիզոնականները զբաղեցնող թիմերի գլխավոր մարզիչները երբեմնի պաշտպաններ են:
* Ընդամենը մեկ մարզիչ է, ով  իր ֆուտբոլիստի  կարիերայի ընթացքում խաղացել է հարձակվողի դիրքում` «Սթոկի» գլխավոր մարզիչ   Մարկ Հյուզ:
 * Բայց Պրեմիեր Լիգայում  ավելի շատ մրցանակակիրներ դարձել են այն մարզիչներն, ովքեր ժամանակին խաղացել են կիսապաշտպանությունում:

ԱՊԼ-ի մարզիչների գրեթե կեսը նախկինում եղել են կենտրոնական պաշտպաններ:
Պրեմիեր Լիգայի կազմավորման առաջին տարիներին ավելի շատ գերակշռում էին այն մարզիչներն,  ովքեր եղել են հարձակվողներ` Սըր Ալեք Ֆերգյուսոն, Քեննի Դալգլիշ, Տրեվոր Ֆրենսիս, Ջոե Ռոյլ, Ստիվ Կոպել և Բոբի Գուլդ` 1992-1993 մրցաշրջանում:

Ձեզ ենք ներկայացնում այդ 9 մարզիչներին: 

ՄԱՆՈՒԵԼ ՊԵԼԼԵԳԻՆԻ - ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ

Պելլեգրինին համարվում էր տակտիկապես գրագետ և լավ օդային մենապայքարներ մղող պաշտպան, սակայն  իր տեխնիկան համապատասխանում էր հարավամերիկյան ստանդարտներին: Իր 13 տարվա ֆուտբոլիստի  կարիերայում խաղացել է միայն մեկ թիմում` «Ունիվերսիդադ դե Չիլի»:
Մանուել Պելլեգրինին մասնագիտությամբ ինժեներ-քաղշինարար է:

ԱՐՍԵՆ ՎԵՆԳԵՐ - ԱՐՍԵՆԱԼ

Վենգերը 28 տարեկանում իր դեբյուտը նշեց Ֆրանսիայի առաջին դիվիզիոնում` «Ստրասբուրգի» կազմում: Հետագայում նույն ակումբի կազմում մասնակցեց նաև ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: Իր կարիերայի սկզբնական շրջանում խաղացել է որպես հարձակվող, իսկ հետո` պաշտպան: Նրա առանձնահատկություններն  էին լավ տեխնիկան և խաղին անմնացորդ նվիրումը: Միակ հանգամանքը, որ խանգարեց նրան ավելի առաջ գնալու` դա խաղային  տեմպի բացակայությունն էր:

ՍԼԱՎԵՆ ԲԻԼԻՉ - ՎԵՍՏ ՀԵՄ

Շատ տաքարյուն, կոշտ պաշտպան: Բիլիչն իսկական  առաջնորդ էր խաղադաշտում: Խաղացել է Գերմանիայում և Խորվաթիայում, բայց հնարավոր է, որ իր կարիերայի գագաթնակետին հասել է Անգլիայում` «Վեստ Հեմում» և «Էվերթոնում» հանդես գալու տարիներին: Ծանոթ լինելով մի քանի առաջատար երկրների ֆուտբոլային մշակույթին, Բիլիչը կարողանում է լավ աշխատանք կատարել որպես մարզիչ:

ՄԱՈՒՐԻՍԻՈ ՊՈՉԵՏԻՆՈ - ՏՈՏԵՆՀԵՄ

Իր 17 տարվա ֆուտբոլիստի կարիերայում խաղացել է  Արգենտինայում` «Նյուելս Օլդ Բոյս», Ֆրանսիայում` «ՊՍԺ», «Բորդո», Իսպանիայում` «Էսպանյոլ»: Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 20 խաղ: Անգլիացի երկրպագուները մեծ սիրով հիշում են երկարամազ երիտասարդին, քանի որ 2002 թվականի Աշխարհի Առաջնության
ժամանակ հենց Պոչետինոն 11մ բերեց իր թիմի դարպասին` Արգենտինա-Անգլիա խաղում:

ՌՈՆԱԼԴ ԿՈՒՄԱՆ - ՍԱՈՒԹՀԵՄՊՏՈՆ

 Կումանը տիրապետում էր որակյալ լայնակի փոխանցումների և հեռահար հարվածների: Այն եզակի հոլանդացիներից մեկն է, ով խաղացել է Հոլանդիայի բոլոր 3 խոշորագույն ակումբներում` «Այաքս», «ՊՍՎ», «Ֆեյենորդ»: Իսկ նրա ամենակարևոր նվաճումը եղել է «Բարսելոնայի» կազմում 1992 թվականի հաղթանակը` Եվրոպայի Չեմպիոնների գավաթի խաղարկությունում: Այդ խաղում հենց Կումանի տուգանայինից խփած գնդակը հաջողություն բերեց կատալոնյան ակումբին: Հոլանդացին ուներ շատ լավ տեխնիկա, բայց միևնույն ժամանակ բացակայում էր արագությունը:

ՅՈՒՐԳԵՆ ԿԼՈՊ - ԼԻՎԵՐՊՈՒԼ

«Սովորականը» իր ամբողջ կարիերայում խաղացել է «Մայնցում»: Մինչև 20 տարեկանը հանդես է եկել հարձակվողի դիրքում, իսկ դրանից հետո որպես կենտրոնական պաշտպան: Կլոպը ֆիզիկապես շատ լավ պատրաստված ֆուտբոլիստ էր: Ընդհանուր առմամբ «Մայնցում» անցկացրել է 325 հանդիպում: Կարիերան ավարտել է 2001 թվականին:

ԳԱՐԻ ՄՈՆԿ - ՍՈՒՈՆՍԻ

 «Սուոնսիի» կազմում խաղացել է 2004-2014 թվականներին: Թիմի հետ անգլիական ամենացածր լիգաներից բարձրացել է մինչև  ԱՊԼ: Եղել է թիմի առաջնորդը խաղադաշտում և հանդերձարանում:  Իսկ իր կարիերայի ավարտին նվաճել  է Անգլիայի Ֆուտբոլային Լիգայի գավաթը` փոխարինման դուրս գալով եզրափակիչ խաղում: Դրանից հետո նշանակվել է «Սուոնսիի» գլխավոր մարզիչ:

ԷԴԴԻ ՀԱՈՒԻ - ԲՈՐՆՄՈՒՏ

Ո՞վ գիտե ինչպե՞ս կդասավորվեր Հաուիի կարիերան, եթե չլինեին ծանր վնասվածքները: Նա Ֆրենկ Լեմպարդի, Ջեյմի Կարրագերի և Էմիլ Հեսկիի հետ հրավիրվել է Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքական` 1998 թվականին: Երբ Հարի Ռեդնապի ղեկավարած «Պորտսմուտը» գնեց Հաուիի տրանսֆերը, նա իր նորամուտի խաղում ստացավ ծանր վնասվածք: Մարզչական գործում իր կազմակերպվածությունն ու մանրուքներին ուշադրություն դարձնելը փաստում են այն մասին, որ Էդդի Հաուին ֆուտբոլիստ եղած ժամանակ գերազանց կարդում էր խաղը:

ՍԵՄ ԷԼԵՐԴԱՅՍ - ՍԱՆԴԵՐԼԵՆԴ

  Շատերը նշում էին, որ Էլերդայսը ցածր դիվիզիոնների մակարդակի խաղացող է: «Մեծ Սեմ» մականունով այս անձնավորությունը իր 19-ամյա ֆուտբոլիստի կարիերայում խաղացել է 12 տարբեր ակումբների կազմում` Անգլիայում «Բոլթոն», «Պրեստոն», «Վեստ Բրոմ», Իռլանդիայում` «Լաիմերիկ», ԱՄՆ-ում` «Տամպա Բեյ Ռաուդիս»: Էլերդայսը նախորդ շաբաթ նշանակվել է «Սանդերլենդի» գլխավոր մարզչի պաշտոնում: Սա 5-րդ անգլիական ակումբն է նրա  մարզչական կարիերայում:

Հավանական ավելացումներ այս ցուցակում հաջորդ մրցաշրջանի համար: 

Այս պահի դրությամբ Չեմպիոնշիպի առաջին վեց հորիզոնականներում գտնվող ակումբների  գլխավոր մարզիչները նույնպես իրենց ֆուտբոլիստի կարիերայում եղել են պաշտպաններ` Այտոր Կարանկա - «Միդլսբրո», Գարի  Ռովեթ - «Բիրմինգեմ», Շոն Դայչ - «Բերնլի», Ստիվ Բրյուս - «Հալլ Սիթի», Քրիս Հյուտոն - «Բրայտոն», Սթիվ Կլարկ - «Ռեդինգ»:





Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրին ընդառաջ: Վիճակագրական անոնս


«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»    17.10.2015 15:45

Այս թիմերի միջև կայացած վերջին 6 խաղերից յուրաքանչյուրում գրանցվել է ամենաքիչը 3 գոլ: «Տոտենհեմը» 7 խաղ անպարտելի է այս մրցաշրջանում:
 Այս խաղը կլինի Յուրգեն Կլոպի  նորամուտը «Լիվերպուլում»:

«Չելսի» - «Ասթոն Վիլլա»    17.10.2015 18:00

«Չելսիի» անցկացրած վերջին 10 խաղերից 9-ում գրանցվել է ամենաքիչը 3 գոլ:
  «Ասթոն Վիլլան» այս մրցաշրջանի վերջին 7 խաղերից 6-ում պարտվել է,  բայց ոչ ավել քան 1 գնդակի տարբերությամբ: Այս թիմերի միջև կայացած վերջին 8 խաղերում ոչ-ոքի չի գրանցվել, 6 անգամ հաղթել է «Չելսին», 2 անգամ`  «Ասթոն Վիլլան»:

«Կրիստալ Փելաս» - «Վեստ Հեմ»    17.10.2015 18:00

«Կրիստալ Փելասը» այս մրցաշրջանում անցկացրած 8 խաղերից հետո տարել է 5 հաղթանակ և ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: «Կրիստալ Փելասը» այն երկու ակումբներից մեկն է, որը ոչ-ոքի չի գրանցել այս 8 խաղերում:
 «Վեստ Հեմը» այս պահի դրությամբ ամենալավ «արտագնա» ակումբն է: Թիմը մրցակցի հարկի տակ անցկացրած 4 խաղերից հետո հավաքել է 10 միավոր:

«Էվերթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»    17.10.2015 18:00

«Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 5 խաղերում գրանցվում է ամենաքիչը 3 գոլ, իսկ վերջին 3 արտագնա հանդիպումներում թիմը բաց է թողել ամենաքիչը 2 գնդակ:
 «Էվերթոնը» անպարտելի է ԱՊԼ-ի վերջին 5 խաղերում` 2 հաղթանակ և 3 ոչ-ոքի:

«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմուտ»    17.10.2015 18:00

«Մանչեսթեր Սիթին»  այն երկրորդ ակումբն է, որը դեռևս ոչ-ոքի չի խաղացել այս մրցաշրջանում: Վերջին 11 տնային խաղերից 10-ում թիմը հաղթանակ է տոնել:
 «Բորնմուտը» արտագնա 4 խաղերից միայն 1-ում է միավորներ հավաքել` 3-րդ տուրում
հաղթելով «Վեստ Հեմին»:

«Սաութհեմպտոն» - «Լեսթեր»    17.10.2015 18:00

«Սաութհեմպտոնը» սեփական դաշտում վերջին 8 խաղերից 7-ում խփել է ամենաքիչը 2 գոլ:
 «Լեսթերը» այս մրցաշրջանում դեռևս չի պարտվել մրցակցի դաշտում` 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի: Այս թիմի մասնակցությամբ խաղերը ամենագոլառատներն են, 32 գոլ` անցկացրած 8 խաղերում:

«Վեստ Բրոմվիչ» - «Սանդերլենդ»    17.10.2015 18:00

«Վեստ Բրոմվիչը» այս մրցաշրջանի ամենավատ «տնային»  թիմն է: Սեփական հարկի տակ անցկացրած 4 խաղերում  թիմը վաստակել է ընդամենը 1  միավոր` 0:0 «Սաութհեմպտոնի» հետ: Իսկ մնացած 3 խաղերից յուրաքանչյուրում բաց է թողել 3-ական գոլ:
 «Սանդերլենդն» իր հերթին ընդամենը 1 միավոր է վաստակել այս մրցաշրջանի 4 արտագնա խաղերում: Թիմը 11 խաղ է չի կարողանում հաղթանակ տոնել: 12-րդ փորձը հնարավորություն կտա  հաջողության հասնել թիմի նոր գլխավոր մարզիչ Սեմ Էլլերդայսին:

«Ուոթֆորդ» - «Արսենալ»    17.10.2015 18:00

Այս մրցաշրջանի 4 տնային հանդիպումներում «Ուոթֆորդը» գրանցել է հետևյալ արդյունքները` 2 ոչ-ոքի 0:0, 0:0, 1 հաղթանակ` 1:0,  1 պարտություն` 0:1:

«Նյուքասլ» - «Նորվիչ»    18.10.2015 19:00

«Նյուքասլը» այս մրցաշրջանում դեռևս հաղթանակ չի տոնել` 3 ոչ-ոքի, 5 պարտություն:
 «Նորվիչը» ԱՊԼ-ի վերջին 15 արտագնա խաղերից միայն 1-ում է հաղթանակ տանել:

«Սուոնսի» - «Սթոկ»    19.10.2015 23:00

Այս մրցաշրջանի տնային 4 խաղերից հետո «Սուոնսին» տարել է 2 հաղթանակ և գրանցել 2 ոչ-ոքի:
 «Սթոկը» 8 խաղից հետո տոնել է 2 հաղթանակ: 3 խաղ անընդմեջ թիմն անպարտելի է:

вторник, 13 октября 2015 г.

Լիվերպուլի մարզչական շտաբը

«Լիվերպուլի» սեփականատերերը`( «Fenway Sports Group»-ը)  թույլ տվեցին Յուրգեն Կլոպին ինքնուրույն ընտրել  այն մասնագետներին, որոնց հետ պետք է աշխատի գերմանացի մարզիչը: Ձեզ ենք ներկայացնում Յուրգեն Կլոպի օգնականներին:

ԳԼԽԱՎՈՐ ՕԳՆԱԿԱՆՆԵՐ

Պետեր Կրավեց - տեսավերլուծաբան և գլխավոր սկաուտ:

Կրավեցը Յուրգեն Կլոպի հետ աշխատել է «Մայնցում» և «Բորուսիայիում»: «Լիվերպուլում» նա կդառնա Կլոպի երկու գլխավոր օգնականներից մեկը:
 Պետեր Կրավեցն իր կյանքի 43 տարիների ընթացքում երբեք չի զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Նա մասնագիտանում է իր թիմի և մրցակցի խաղերի վերլուծությունների վրա: Վերջին 14 տարիներին  եղել է Յուրգեն Կլոպի գլխավոր սկաուտը:
Անձամբ Կրավեցը հետևյալ կերպ է մեկնաբանել իր աշխատանքի բնույթը.
 «Ես կապ եմ պահպանում երիտասարդական և նույնիսկ սիրողական թիմերի հետ: Բացի դրանից, բացատրում եմ մարդկանց թե ինչե՞րն են կարևոր գլխավոր մարզչի համար»:


Ժելկո Բուվաչ - Կլոպի աջ ձեռքը, մականունը` «ուղեղ»:

 Ժելկո Բուվաչն ու Յուրգեն Կլոպն իրար հետ ծանոթացել են 1992 թվականին` «Մայնցում»  հանդես գալու ժամանակ: Բուվաչը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1998 թվականին: 3 տարի ոչ այնքան մեծ հաջողություններով գլխավորել է «Նեուկիրխեն» ակումբը: 2001 թվականին Յուրգեն Կլոպի հետ տեղափոխվել է «Մայնց»` որպես մարզչի օգնական, իսկ 2008-ին` Դորտմունդի «Բորուսիա»:
 Ժելկո Բուվաչը պատասխանատվություն է կրում թիմի մարզումային պրոցեսի համար: Ստացել է «ուղեղ» մականունն իր յուրահատուկ տակտիկական մոտեցումների համար:
 «Ժելկոն ֆուտբոլային հանճար է: Նա մարզումներ անցկացնելու իսկական վարպետ է»,- այսպես է Յուրգեն Կլոպը բնութագրել իր օգնականին:

Հնարավոր է նաև, որ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլ» հրավիրի ևս 2 մասնագետների, ովքեր իր հետ աշխատել են «Բորուսիայում»:

Վոլֆգանգ Դե Բեր - «Բորուսիայի» դարպասապահների մարզիչ:

 Դե Բերը 15 տարի խաղացել է Դորտմունդի  «Բորուսիայում»: 2001 թվականին ծնկի լուրջ վնասվածքի պատճառով ավարտել է դարպասապահի կարիերան: Մեկ տարի անց վերադարձել է և ստանձնել դարպասապահների մարզչի պաշտոնը:
Ամեն դեպքում, Դե Բերը դեռևս աշխատում է «Բորուսիայում» և դժվար է ասել արդյո՞ք նա կհետևի Յուրգեն Կլոպին` տեղափոխվելով «Լիվերպուլ»:

 Անդրեաս Բեկ - «Բորուսիայի» ֆիտնես-մարզիչ: 

 Բեկը 2007-2012 թվականներին աշխատել է «Նյուրնբերգում»: 2012 թվականին Յուրգեն Կլոպը նրան հրավիրել է «Բորուսիա»` որպես ֆիտնես-մարզիչ: Նրա պարտականությունների մեջ մտնում է ֆուտբոլիստների նախավարժանքն ու վերականգնողական ծրագրին հետևելը:

понедельник, 12 октября 2015 г.

10 հայտնի ֆուտբոլիստներ ովքեր վնասվածք ստացան հավաքականների խաղերի այս մրցափուլում:


10-Անդրեա Պիռլո - Իտալիայի հավաքական
Որտե՞ղ է վնասվածք ստացել` մարզման ժամանակ
Վնասվածքը` մկանային  
Վերականգնման ժամկետը` մինչև 1 շաբաթ


9-Բաստիան Շվայնշտայգեր - Գերմանիայի հավաքական
Որտե՞ղ է վնասվածք ստացել` մարզման ժամանակ
Վնասվածքը` մկանային 
Վերականգնման ժամկետը` մինչև 1 շաբաթ 

8-Պոլ Պոգբա - Ֆրանսիայի հավաքական
Որտե՞ղ է վնասվածք ստացել` մարզման ժամանակ
Վնասվածքը` կոճի վնասվածք
Վերականգնման ժամկետը` 1 շաբաթ

7-Բրանիսլավ Իվանովիչ - Սերբիայի հավաքական 
Որտե՞ղ է վնասվածք ստացել` Ալբանիա-Սերբիա հանդիպման ժամանակ
Վնասվածքը` ձգել է ազդրի ետին մկանը
Վերականգնման ժամկետը` գրեթե 10 օր

6-Դավիդ Լուիս - Բրազիլիայի հավաքական
Որտե՞ղ է վնասվածք ստացել` Բրազիլիա-Չիլի հանդիպման ժամանակ
Վնասվածքը` ձախ  ծնկի վնասվածք
Վերականգնման ժամկետը` գրեթե 2 շաբաթ 

5-Կարիմ Բենզեմա - Ֆրանսիայի հավաքական 
Որտե՞ղ է վնասվածք ստացել` Ֆրանսիա-Հայաստան հանդիպման ժամանակ 
Վնասվածքը` ձախ ազդրի մկանային վնասվածք
Վերականգնման ժամկետը` մոտավորապես 3 շաբաթ 

4-Ալվարո Մորատա - Իսպանիայի հավաքական
Որտե՞ղ է վնասվածք ստացել` Իսպանիա-Լյուքսեմբուրգ հանդիպման ժամանակ
Վնասվածքը` 
Վերականգնման ժամկետը` Իսպանիայի հավաքականի բժիշկները նշում էին մինչև 1 ամիս, իսկ Ալվարո Մորատան իր թվիթթերյան էջում հայտնել է, որ պատրաստվում է  Ինտերի դեմ կիրակնօրյա խաղին: 

3-Դավիդ Սիլվա - Իսպանիայի հավաքական
Որտե՞ղ է վնասվածք ստացել` Իսպանիա-Լյուքսեմբուրգ խաղի ժամանակ
Վնասվածքը` Կոճային կապանների մասնակի պատռվածք
Վերականգնման ժամկետը` մոտավորապես 1 ամիս

2-Սերխիո Ագուերո - Արգենտինայի հավաքական
Որտե՞ղ է վնասվածք ստացել` Արգենտինա - Էկվադոր հանդիպման ժամանակ
Վնասվածքը` ձախ ազդրի մկանային վնասվածք
Վերականգնման ժամկետը` գրեթե 1 ամիս

1-Մարիո Գյոթցե - Գերմանիայի հավաքական
Որտե՞ղ է վնասվածք ստացել` Իռլանդիա - Գերմանիա հանդիպման ժամանակ
Վնասվածքը` ազդրի երկար մկանի վնասվածք 
Վերականգնման ժամկետը` 10-12 շաբաթ

1-Տիմ Կրուլ - Հոլանդիայի հավաքական
Որտե՞ղ է վնասվածք ստացել` Ղազախստան-Հոլանդիա հանդիպման ժամանակ
Վնասվածքը` աջ ծնկի առջևի խաչաձև կապանների պատռվածք
Վերականգնման ժամկետը` ամենաքիչը 8 ամիս 


суббота, 10 октября 2015 г.

Ի՞նչ կտա Մեծ Սեմը «սև կատուներին»

«Սանդերլենդը» Դիկ Ադվոկատի հեռանալուց հետո բավականին շուտ կողմնորոշվեց նոր գլխավոր մարզչի հարցում: Սեմ Էլերդայսը ստանձնեց «Սանդերլենդի» ղեկը:
«Մեծ Սեմի» վերջին ակումբը  «Վեստ Հեմն» էր, որից նա հեռացել էր նախորդ մրցաշրջանի վերջում: Մինչ այդ նա աշխատել է «Բոլթոնում»,   «Նյուքասլում» և «Բլեքբերնում» : 

«ԲՈԼԹՈՆ»


Սեմ Էլերդայսը «Բոլթոնում» աշխատել է 1999-2007 թվականներին: 2003-2007 թվականներին «Բոլթոնը» բավականին բարձր տեղեր է զբաղեցրել ԱՊԼ-ում: Համապատասխանաբար` 8-րդ, 6-րդ, 8-րդ, 7-րդ հորիզոնականներ է զբաղեցրել թիմը այդ ընթացքում:  Էլերդայսի ղեկավարության օրոք, «Բոլթոնում» հանդես են եկել այնպիսի ֆուտբոլային աստղեր` ինչպիսիք են Յուրի Ջորկաեֆը և Աուգուստին Օկոչան: 2004  թվականին «Բոլթոնը» հասավ մինչև Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Միդլսբրոյին» 1:2 հաշվով: 



«ՆՅՈՒՔԱՍԼ»


 2007 թվականի մայիսի 15-ին Սեմ Էլերդայսը նշանակվեց «Նյուքասլի» գլխավոր մարզիչ:
Բավականին ակտիվ լինելով այդ տրանսֆերային պատուհանի ընթացքում, «Նյուքասլը» լավ մեկնարկեց 2007-2008 մրցաշրջանը: Առաջին 5 խաղերում «Նյուքասլը» անպարտելի էր, բայց նոր տարվա շեմին թիմը սկսեց վատ արդյունքներ գրանցել: 2008 թվականի  հունվարի 8-ին երկկողմանի համաձայնությամբ Էլերդայսը և «Նյուքասլը» բաժանվեցին: 



«ԲԼԵՔԲԵՐՆ»


 Գրեթե մեկ տարվա դադարից հետո Սեմ Էլերդայսը վերադարձավ մարզչական աշխատանքին և 2008 թվականի դեկտեմբերի 17-ին ներկայացվեց որպես «Բլեքբերնի» գլխավոր մարզիչ: Առաջին խաղում Սեմի թիմը հաղթեց «Սթոկ Սիթիին»` 3:2 հաշվով: Այդ խաղով սկսվեց «Բլեքբերնի» 9 խաղից բաղկացած անպարտելիության շարքը: Այն ավարտվեց «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում: 2008-2009 մրցաշրջանում «Բլեքբերնը» զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը: 2009-2010 մրցաշրջանը շատ ավելի լավ դասավորվեց Սեմ Էլերդայսի թիմի համար: «Բլեքբերնը» այդ մրցաշրջանում հասավ մինչև Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի կիսաեզրափակիչ: Բացի այդ, 2 անգամ հաղթեց իր ոխերիմ թշնամի ակումբին` «Բերնլիին»: Թիմը հիանալի էր հանդես գալիս տնային`  «Իվուդ Պարկ» մարզադաշտում:  Իսկ ամենատպավորիչը այն էր, որ «Բլեքբերնն»  այդտեղ չպարտվեց և ոչ մի խաղում, այսպես ասած «Թոփ 4-ի» դեմ: Գոլազուրկ ոչ- ոքիներ «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: «Չելսիի» հետ խաղն ավարտվեց 1:1, իսկ «Արսենալին» հաղթեցին 2:1 հաշվով: 



«ՎԵՍՏ ՀԵՄ»

 2011 հունիսի 1-ին Սեմ Էլերդայսը նշանակվեց  «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ: Թիմը այդ մրցաշրջանում պետք է հանդես գար Չեմպիոնշիպում: Սեմը խոստացավ, որ «Վեստ Հեմին» կվերադարձնի Պրեմիեր Լիգա և կփորձի թիմի խաղը դարձնել ավելի գեղեցիկ և դիտարժան: Այդպես էլ եղավ: Չեմպիոնշիպի 2011-2012 մրցաշրջանում «Վեստ Հեմը» փլեյ-օֆում հաղթեց «Բլեքպուլին» և վերադարձավ անգլիական ֆուտբոլային էլիտա: 2012-2013 մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը: Բայց ԱՊԼ վերադառնալուց հետո Էլերդայսի թիմը սկսեց խաղալ  բրիտանական ոճի ֆուտբոլ` երկար փոխանցումներով: «Վեստ Հեմում» ևս Սեմը հարուստ տրանսֆերային քաղաքականություն վարեց: Իսկ ամենահաջողված մրցաշրջանը եղավ 2014-2015-ին: Երբ Էլերդայսը հայտարարեց «Վեստ Հեմից» հեռանալու մասին, շատ փորձագետներ կարծում էին, որ եկել է ժամանակը որպեսզի «Մեծ Սեմը» մարզի թոփ ակումբ: Բայց գրեթե կես տարվա դադարից հետո Էլերդայսը ստանձնում է Սանդերլենդի ղեկը: Իսկ «Սանդերլենդը» հիմա սարսափելի վատ վիճակում է գտնվում: Այս մրցաշրջանում անցկացրած 8 հանդիպումներից ոչ մեկում «Սանդերլենդը» հաղթանակ չի տարել: 
 Հաշվի առնելով Սեմ Էլերդայսի կարիերան կարելի է ենթադրել, որ այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սանդերլենդին» լուրջ համալրումներ են սպասվում: Ամեն դեպքում Էլերդայսը իր մեծ փորձով ի վիճակի կլինի շտկել իրավիճակը «Սանդերլենդում»: 











пятница, 9 октября 2015 г.

Անհասկանալի խաղ, հասկանալի արդյունք



Դու պետք է միշտ լինես քո սիրելի թիմի հետ և՛ հաղթանակի, և՛ պարտության ժամանակ: Պարտության, այլ ոչ թե պարտությունների անվերջանալի շարանի: Եկեք անկեղծ լինենք. այսօրվա Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղն ու իր շուրջ ստեղծված իրավիճակը չի տեղավորվում և ոչ մի ստանդարտների մեջ: Վստահ եմ, միայն ես չէ որ հետևում եմ Հայաստանի հավաքականի խաղին և չեմ հասկանում  թիմի  ֆուտբոլիստների գործողությունների տրամաբանությունը: Ուղղակի անհասկանալի է մեր այսօրվա հավաքականի խաղաոճը:
 Հետևելով Ֆրանսիայի հետ խաղին, ես այդպես էլ չհասկացա` թե ի՞նչ մարտավարություն էր ընտրված այս խաղի համար:

1 - Տիրել գնդակին և դիրքային գրոհներ կազմակերպել:
2 - Հակագրոհներ:
3 - Միտումնավոր գնդակը հանձնել մրցակցին և օգտվել նրա սխալներից:
4 - Ընտրել խորը պաշտպանողական տակտիկա և օգտագործել միայն ստանդարտ դիրքերը:

  Թվարկածներից և ոչ մեկը չերևաց մեր թիմի գործողություններում: Այնպիսի տպավորություն էր, որ ֆուտբոլիստները պարզապես չգիտեին ինչպե՞ս վարվել այդ կլոր, կաշվե և գունավոր  տիպերով նախշված առարկայի հետ: Բերեմ օրինակ` թիմը տուգանային հարվածի իրավունք է ստանում դաշտի կենտրոնում, ֆուտբոլիստը մոտենում է գնդակին, մի քանի վարկյան մտածում ու.... դաշտի կենտրոնից հետ է փոխանցում դարպասապահին: Ստանալով այդ նույն կլոր, կաշվե, գունավոր  տիպերով առարկան, դարպասապահը  ուժեղ հարվածով նետում է առաջ և վերջ: Արդյունքում այդ առարկան` գնդակը, հայտնվում է մրցակցի մոտ: Սա խոսում է ֆուտբոլիստների մոտ վստահության պակասի մասին: Դա կարող է առաջանալ` մարզչի կողմից վատ մոտիվացնելուց, կամ ֆուտբոլիստների կողմից գործին մատների արանքով նայելուց:
 Սպասենք Ալբանիայի հետ հանդիպմանը և հուսանք, որ այդ խաղում մեր հավաքականի տղաները կուրախացնեն մեզ` երկրպագուներիս և հաղթական նոտայով կավարտեն այս ընտրական փուլը:














Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլը» հաստատեց Յուրգեն Կլոպի նշանակումը որպես ակումբի գլխավար մարզիչ:

Փորձենք հասկանալ  թե Յուրգեն Կլոպն ինչքանո՞վ է  համապատասխանում անգլիական ֆուտբոլին և հատկապես «Լիվերպուլին»:

 Երբ 2008 թվականին Յուրգեն Կլոպը ստանձնեց Դորտմունդի «Բորուսիայի» ղեկը` չսկսեց տալ  խոստումներ, որ թիմը միանգամից   կդառնա առաջնության հաղթողի գլխավոր ֆավորիտը: Կլոպը դանդաղ, բայց վստահ քայլերով շարժվեց առաջ:
 «Երկրպագուները չպետք է մեզ ճանաչեն միայն նրա համար, որ մենք խաղում ենք սև ու դեղին մարզաշապիկներով: Եթե մենք դուրս գանք խաղադաշտ. նույնիսկ կարմիր մարզաշապիկներով` նրան պետք է մեզ ճանաչեն մեր խաղաոճով»,- նշել է Յուրգեն Կլոպը: Հենց այս կարգախոսով էլ Կլոպի  «Բորուսիան»  իր գլխավորության 7 տարիների ընթացքում երկու անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն և նույնիսկ հասավ մինչև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ` 2013-2014 մրցաշրջանում:


ԽԱՂԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ
 Գերմանացի մասնագետի խաղային մոդելի առաջին և ամենակարևոր նախադրյալներից մեկը դա` թիմային պրեսինգն է: Ընդորում ամբողջ խաղի ընթացքում:

 «Ես սեփական փորձովս եմ համոզվել, թե ինչքան դժվար է խաղալ նման խաղաոճ ունեցող թիմերի դեմ»: Երբ ես Մյունխենգլադբախի  «Բորուսիայի» կազմում խաղում էի Յուրգեն Կլոպի «Բորուսիայի» դեմ` դա շատ բարդ էր: Երբ գնդակը խլում ես մրցակցից միևնույն է, պետք է շատ արագ որոշում կայացնես` քաջ գիտակցելով, որ մրցակիցը անընդհատ դիմում է բարձր պրեսինգի»,- Մարկո Ռոյս  

 Բնականաբար դա իրականացնելու համար ֆուտբոլիստներից պահանջվում է բարձր ֆիզիկական պատրաստվածություն, որին էլ Կլոպը մեծ ուշադրություն է դարձնում: Պրեսինգն ու լավ ֆիզիկական պատրաստվածությունն անկասկած ամենակարևորներից են անգլիական ֆուտբոլում:

ԿԼՈՊԻ ՆԱԽԸՆՏՐԱԾ  ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՍԽԵՄԱՆ

  Յուրգեն Կլոպի «Բորուսիան» իր խաղերի ճնշող մեծամասնությունն անցկացրել է 4-2-3-1 տակտիկական սխեմայով: Բայց ասել, որ դա միակ տարբերակն է Կլոպի համար` սխալ կլինի: Օգտագործվել են նաև 4-4-2 և 4-5-1 սխեմաները, բայց երբեք 3 կենտրոնական պաշտպաններով սխեմա չի կիրառվել: Իսկ «Լիվերպուլը» վերջին մեկուկես տարում ավելի շատ խաղում էր 3-4-3 կամ 3-4-1-2: Սա իհարկե Բրենդան Ռոջերսի ամենասիրելի սխեման չէր, բայց թիմի բոլոր խաղային դիրքերում բալանսը պահելու համար այս մարտավարությունն ամենահարմարն էր:

ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

 Կլոպի մարզումային ծրագրերի բարդությունը հայտնի է բոլորին: Կլոպի համար մեծ նշանակություն ունի  նախամրցաշրջանային փուլը: Այդ ընթացքում ֆուտբոլիստներն ավելի շատ են ծանրաբեռնվում` հետագայում ամբողջ մրցաշրջանին  պատրաստ լինելու համար: Իսկ անձամբ Յուրգեն Կլոպը հետևյալ խոսքերն է ասել իր մարզումների վերաբերյալ:
 «Եթե ֆուտբոլիստներից ինչ-որ մեկը մարզումնրի ընթացքում աշխատում է իր հնարավորությունների ընդամենը 99 տոկոսով` ապա մեծ խնդիրներ կունենա»:
 Ամեն դեպքում սխալ կլինի այն պնդումն, որ Կլոպի մարզումներն ուղղված են միայն ֆիզիկական պատրաստվածությանը: «Բորուսիայում» նա շաբաթվա մեջ մեկ մարզում հատկացնում էր հատուկ ծրագրի, որը կոչվում է «Life Kinetik Training»: Այս մարզումն ուղղված է ճկունությունն ու ճարպիկությունը զարգացնելուն: Ու ինչպես նշում է անձամբ  Յուրգեն Կլոպն, այս մարզումային ծրագիրը բավականին օգտակար է և ֆուտբոլիստները դրա ընթացքում ավելի շատ են աշխատում գնդակով:

 Երբեմն Յուրգեն Կլոպը դիմում է նաև ոչ ստանդարտ  մեթոդների: Օրինակ` իր առաջին ակումբում` «Մայնցում» աշխատելու ժամանակ, Կլոպը թիմին 5 օրով  տարավ Շվեդիա: Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ այդ ընթացքում թիմի անդամներն առավոտից երեկո վազում էին, իսկ հետո հենց իրենք էլ ուտելիք էին «հայթայթում» և պատրաստում:

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ

 «Բորուսիայում» աշխատելու տարիներին Յուրգեն Կլոպը տրանսֆերների իրականացման հարցում հաջողությամբ համագործակցում էր ակումբի տեխնիկական տնօրեն Միխաել Ցորկի և գլխավոր գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեի հետ:
 Գերմանացի հանրահայտ լրագրող Ռաֆայել Խոնիգշտեյնի խոսքերով` «Բորուսիայի» տրանսֆերների 90 տոկոս կատարվում էր առանց Յուրգեն Կլոպի մասնակցության, բայց և ոչ մի տրանսֆեր չէր իրականանում առանց նրա հաստատման: Իսկ այսպիսի հարաբերությունների փորձը շատ օգտակար կլինի Կլոպին, քանի որ «Լիվերպուլում» ևս տրանսֆերային քաղաքականությունը չի սահմանափակվում միայն գլխավոր մարզչի որոշումներով:


  ԷՄՈՑԻԱՆԵՐԸ

 Յուրգեն Կլոպը չնայած իր էմոցիոնալ և պահանջկոտ լինելուն` շատ անմիջական ու մարդամոտ է: Նա շատ է կապված իր յուրաքանչյուր  ֆուտբոլիստի հետ: Երբ Սինձի Կագավան 2012 թվականին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», Կլոպը չկարողացավ զսպել արցունքները, իսկ 2013-ին, երբ Մարիո Գյոթցեն տեղափոխվեց «Բավարիա»` իր խոսքերով  մի քանի գիշեր չի քնել:



ԶԼՄ-ները

 Երբ 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ գերմանական հեռուստաընկերություններից մեկը Կլոպին հրավիրեց որպես փորձագետ` նա այնքան էլ ճանաչված չէր: Բայց իր միշտ ժպտացող և խանդավառ էությամբ նա սիրվեց գրեթե բոլորի կողմից: Հետագայում արդեն «Բորուսիայում» աշխատելու տարիներին, Կլոպը կարելի է ասել հաջողության հասավ նաև իր այսպիսի էության շնորհիվ:
 Յուրգեն Կլոպի մամուլի ասուլիսները միշտ անցնում են ուրախ մթնոլորտում:



Հուսանք որ 48-ամյա գերմանացի մասնագետը բազում ուրախալի  առիթներ կտա թիմի երկրպագուներին:
















вторник, 6 октября 2015 г.

դԻԿ աԴՎՈԿԱՏ

«Սանդերլենդի» ղեկավարությունը ի վերջո որոշեց հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատին զբաղեցրած պաշտոնից: Իսկ զարմանալին այն է, որ նույն ղեկավարությունը այս ամառ  անում էր հնարավոր և անհնարին ամեն ինչ հոլանդացի մասնագետին թիմում պահելու համար:
 «Մենք որոշել էինք, որ ամեն գնով պետք է պահենք նրան թիմում և նրանից բացասական պատասխան չէինք ընդունելու»,- նշում է թիմի սպորտային տնօրեն Լի Կոնգերտոնը: Ի դեպ Կոնգերտոնը ևս հեռանում է «Սանդերլենդից»:
 Դիկ Ադվոկատը «Սանդերլենդը» գլխավորեց այս տարվա մարտ ամսից: Այդ ժամանակ թվում էր, թե թիմն արդեն փրկվելու ոչ մի հույս չունի և մրցաշրջանի ավարտից հետո կնահանջի Չեմպիոնշիպ: Բայց... Ադվոկատի գլխավորությամբ «Սանդերլենդը» հաղթեց «Էվերթոնին», «Սաութհեմպտոնին» և ամենաարժեքավորը` հաղթանակ «Տայն-Ուիրյան» դերբիում` «Նյուքասլի» նկատմամբ: Բացի այդ թիմը մեկ միավոր վաստակեց «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած «Արսենալի» դեմ խաղում: Այս միավորները օգնեցին թիմին իր տեղը պահելու անգլիական ֆուտբոլային էլիտայի բարձունքում: «Արսենալի» հետ խաղի եզրափակիչ սուլիչից հետո, երբ պարզ դարձավ, որ «Սանդերլենդը» արդեն պաշտոնապես ապահովել է իր տեղը ԱՊԼ-ում, Դիկ Ադվոկատը չկարողացավ զսպել արցունքները: 67-ամյա մասնագետը չվախեցավ ցուցադրել էմոցիաները տեսախցիկների առջև:


Մրցաշրջանի ավարտից հետո Ադվոկատը հայտարարեց, որ կնոջը խոստացել է  թողնել մարզչական աշխատանքն ու  անցնել հանգստի: Այդ լուրը բնականաբար տխրեցրեց «Սանդերլենդի»  երկրպագուներին և ղեկավարությանը: Թիմի երկրապագուները, սպորտային տնօրեն Լի Կոնգերտոնը և ակումբի սեփականատեր Էլլիս Շորտը, խնդրում էին Ադվոկատին մնալ թիմում: 
 «Շորտն ու Կոնգերտոնը անընդհատ զանգում ու զանգում էին»:
 Ի վերջո Դիկ Ադվոկատը խախտեց խոստումն ու  երկարաձգեց պայմանագիրը «Սանդերլենդի» հետ: Այդժամ գործին միջամտեցին թիմի երկրպագուներն իրենց կազմակերպած գեղեցիկ ակցիայով, ըստ որի պետք էր հավաքել ընդամենը  150 ֆունտ գումար` Դիկ Ադվոկատի կնոջը ծաղկեփունջ նվիրելու համար: Արդյունքում ակցիային միացան 381 մարդ, որոնք միասին հավաքեցին 2650 ֆունտ: Ծաղկեփնջից բացի գումարի մնացած մասը ուղղվեց բարեգործության: 


Այս մրցաշրջանում «Սանդերլենդն» անկացրած 8 խաղից հետո ունի ընդամենը 3 միավոր   (3 ոչ-ոքի և 5 պարտություն): Վերջին տուրում կայացած «Վեստ Հեմի» դեմ խաղի մեկնարկը հուսադրող էր: Թիմը հաշվի մեջ առաջ էր 2 գնդակի տարբերությամբ: Բայց հանդիպման վերջնական հաշիվն եղավ 2:2, որն էլ փաստացի ընդհատեց Դիկ Ադվոկատի և «Սանդերլենդի» համագործակցությունը:  Այդ խաղում «Սանդերլենդի» երկրպագուները վանկարկում էին «Big Dick Advocaat»:

Բոլորն էլ հասկանում են, որ Դիկ Ադվոկատի մեղքն  այդքան էլ մեծ չէ այս իրավիճակում, քանզի նա ի սկզբանե թիմը գլխավորելու  ցանկությունից  չէր  վառվում: Իսկ պատճառը այն էր, որ «Սանդերլենդի» ղեկավարությունը հրաժարվեց գնել իր նախընտրած ֆուտբոլիստներին: 

Վերջին 5 տարում «Սանդերլենդը» տրանսֆերների վրա ծախսել է 118 մլն ֆունտ: Սա 8-րդ ցուցանիշն է ԱՊԼ-ում: Սկսած 2011 թվականի աշնանից  Դիկ Ադվոկատը «Սանդերլենդի» 5-րդ մարզիչն է` հեռացվում է իր  պաշտոնից: 

Ընդհանուր առմամբ ակումբում խառը իրավիճակ է: Մեծ պրոբլեմներ կան թիմում կարգապահության առումով: Ֆիլ Բարդսլիի այս նկարները հայտվել էին համացանցում, որտեղ «Սանդերլենդի» ֆուբոլիստն ընկած է հատակին 50 ֆունտանոց թղթադրամների հետ: 



Ադամ Ջոնսոնը իր հերթին ընկել էր սեքս սկանդալի մեջ, որի արդյունքում էլ ժամանակավորապես հեռացվել էր ակումբի մարզումներից: Թիմի նախկին գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն հաճախ ստիպված էր լինում պատժել իր ֆուտբոլիստներին` մարզումներից ուշանալու, ակումբի բժիշկների զանգերն անտեսելու և ակումբի հավաքույթներին չմասնակցելու համար: Մարդիկ հաճախ  են տեսնում թիմի ֆուտբոլիստներին հարբած վիճակում: 

  Իր մարզչական կարիերայում շատ են եղել դեպքեր, երբ Դիկ Ադվոկատի հասցեին անընդհատ հնչել են քննադատություններ, բայց որքան էլ, որ զարմանալի է նրան շատ սիրեցին «Սանդերլենդում»: 



 «Ընտանիքս դեմ էր, որ ես նորից վերադառնայի աշխատանքիս, բայց եկավ մի պահ երբ հասկացա, որ ավելի լավ է աշխատեմ` քան ուղղակի նստեմ տանը»,- այսպես էր Ադվոկատը բնութագրել իր  չհեռանալը մրցաշրջանի սկզբում: Իսկ հիմա.
 «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ։ Սա շատ յուրահատուկ ֆուտբոլային ակումբ է՝ բազում հիանալի անձնավորություններով, սակայն ես զգում եմ, որ այժմ այդ քայլին գնալու ճիշտ ժամանակն է։ Դա անում եմ հանուն ակումբի»: 
 Ինչևէ, հաջողություն մաղթենք Դիկ Ադվոկատին և սպասենք «Սանդերլենդի» նոր գլխավոր մարզչին: 
















Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը



 Ձեզ եմ ներկայացնում  Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Էուրելիո Գոմես

«Ուոթֆորդի» դարպասապահը «Բորնմուտի» դեմ խաղում կատարել է 5 սեյվ` այդ թվում նաև ետ մղելով 11 մ հարված:

Հեկտոր Բելլերին

 Բելլերինի վիճակագրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում. փոխանցումների 80 % ճշգրտություն, 2 հաջող դրիբլինգի փորձ, 3 հաղթած մենապայքար և  գնդակի 3 խլում:

Պեր Մերտեզակեր

 «Արսենալի» ավագը մեծ ներդրում ունեցավ «Մանչեսթեր Յունաթեդի» դեմ հաղթանակի մեջ: Խաղի ընթացքում նա կարողացավ չեզոքացնել երիտասարդ Անտոնի Մարսիալին` հատկապես օդային պայքարում: Խաղի ընթացքում Մերտեզակերը հաղթել է 2 մենապայքարներում և 3 անգամ գնդակ խլել մրցակիցներից:

Ռամիրո Ֆունես-Մորի

 «Էվերթոնի» կենտրոնական պաշտպանը գերազանց հանդիպում անցկացրեց մերսիսայդյան դերբիում` 6 հաղթած մենապայքար և  գնդակի 4 խլում:

Քրիստիան Ֆուքշ

 «Լեսթերի» եզրային պաշտպանը «Նորվիչի» դեմ արտագնա խաղում կատարել է  գնդակի 4 խլում և հաղթել 3 մենապայքարներում:

Սադիո Մանե

 «Չելսիի» դեմ  հաղթական խաղի լավագույն ֆուտբոլիստ: 1 գոլ և 1 գոլային փոխանցում: Հանդիպման ընթացքում կատարել է դրիբլինգի 4 հաջողված փորձ և 6 անգամ գնդակ խլել  մրցակիցներից:

Քրիստիան Էրիկսեն

 Դանիացին «Սուոնսիի» դեմ խաղում դարձավ 2 գոլի հեղինակ: Իսկ հետաքրքիրն այն էր, որ այդ 2 գոլերն էլ Էրիկսենը խփել է տուգանայինից: Բացի այդ կատարել է  գնդակի 3 խլում, վաստակել 2 անկյունային, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 80 % : Բնականաբար ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:


Մեսութ Օզիլ

 Օզիլը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում` 1 գոլ և 1 գոլային փոխանցում, 1 հաղթած մենապայքար,  գնդակի 1 խլում, 2 հաջողված դրիբլինգ և 2 վաստակած անկյունային:

Ալեքսիս Սանչես

 Սանչեսը շարունակում է հիացնել բոլորին իր խաղով: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում չիլիացին դարձել է դուբլի հեղինակ: Վիճակագրությունը` 3 հաջողված դրիբլինգ, 2 հաղթած մենապայքար, գնդակի 4 խլում, 1 վաստակած անկյունային:

Քևին Դե Բրույնե

 Բելգիացին կարծես ադապտացվելու խնդիր չունի և բավականին լավ ինտեգրվել է «Սիթիի» խաղի մեջ: «Նյուքասլի» դեմ խաղում Դե Բրույնեն դարձել է 1 գոլի հեղինակ և կատարել 2 գոլային փոխանցում: Վիճակագրությունը` 3 հաջողված դրիբլինգ, գնդակի 2 խլում և վաստակած 2 անկյունային:

Սերխիո Ագուերո

 Այստեղ ավելորդ վիճակագրությունը անիմաստ է: Պարզապես պետք է նշել, որ Ագուերոն «Նյուքասլի» դեմ խաղում դարձել է պենտա-տրիկի հեղինակ` ռեկորդային  20 րոպեում:










воскресенье, 4 октября 2015 г.

«Չելսիի» անհաջողությունների մասին



Արդեն երկու ամիս է ինչ մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2015-2016 մրցաշրջանը: Լոնդոնի «Չելսին» անցկացրած 8 խաղից հետո ունի 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 4 պարտություն: Ուղղակի հիշեցնեմ, որ «Չելսին» նախորդ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ պաշտոնապես ապահովեց չեմպիոնությունը: Իսկ հիմա անցնենք բուն թեմային:
 Այս երկու ամսվա ընթացքում հետևելով բրիտանական մամուլին, չեմ նկատել, որ այսպես կոչված փորձագետները փորձեն իրոք վերլուծել «Չելսիի» այս տարվա անհաջողությունների պատճառը: Չգիտես թե ինչու  բոլորն անհաջողությունների մեջ մեղադրում են Ժոզե Մոուրինյոյին: Նույն Գարի Նևիլը, Ջեյմի Կարագերը, Թիերի Անրին, լինելով ֆուտբոլիստներ պետք է ավելի լավ հասկանան այս պահին «Չելսիում» տիրող իրավիճակը, քանի որ նրանցից յուրաքանչյուրի կարիերայում եղել են նմանատիպ իրավիճակներ: Բայց  նրանք  անընդհատ փորձում են մեղադրել Մոուրինյոյին: Հատկապես զարմացնում է Կարագերի վերջին միտքը, ըստ որի նա կասկածում է թե հիմա «Չելսիի» ֆուտբոլիստները աջակցում են Մոուրինյոյին: Համաձայնվեք, որ այս միտքը ուղղակի ծիծաղ է առաջացնում: Ըստ ինձ, Ժոզեն թիմում եղած բոլոր ֆուտբոլիստներից միայն մեկի հանդեպ է անարդար վարվում: Կարծում եմ կռահեցիք ու՞մ մասին է խոսքը: Իհարկե Լոիկ Ռեմիի, այլ ոչ թե Ջոն Թերրիի, չնայած որ ձեզանից շատերի մտքով անցավ հենց անգլիացին: Ռեմին նախորդ մրցաշրջանում իրեն շատ լավ դրսևորեց: Մնացած բոլոր ֆուտբոլիստները դժգոհելու ոչ մի առիթ չունեն , քանի որ հասկանում են` թիմի վատ խաղի համար պատասխանատու է ամբողջ թիմը: Այսօրվա «Չելսիի» խաղում չկա որևէ դիրք, որը իդեալական է գործում: Պաշտպանությունում`  Իվանովիչը, կիսապաշտպանությունում` բոլորը, հարձակման գծում` Կոստան և Ֆալկաոն, ինչպես նաև գլխավոր մարզիչը: Պետք չէ լինել փորձագետ կամ թեկուզ նախկին ֆուտբոլիստ, հասկանալու համար, որ թիմի ցուցադրած վատ խաղի մեջ յուրաքանչյուրն իր «լուման» ունի: Շատ կցանկանայի, որ բրիտանական «աստղային» լրագրողները փորձեին ավելի շատ վերլուծել խաղային դրվագներն և ֆուտբոլիստների անհատական, և ինչու չէ մանկական սխալները, այլ ոչ թե ամեն պարտությունից հետո քարկոծեին Ժոզե Մոուրինյոյին: 
 Անկասկած Ժոզեն իր մեղքի բաժինն ունի թիմի անհաջողություններում: Անհասկանալի է նրա այդչափ մեծ վստահությունը դեպի Բրանիսլավ Իվանովիչը: Սերբ ֆուտբոլիստն այս մրցաշրջանի գրեթե բոլոր խաղերում առանցքային սխալներ է թույլ  տվել, որոնք շատ դեպքերում հանգեցրել են բաց թողած գոլերի: Անհասկանալի է նաև Ժոզեի  վերաբերմունքը դեպի Մատիչն ու Ֆաբրեգասը: Այն որ, այս երկու ֆուտբոլիստները գտնվում են խաղային ճգնաժամի մեջ, դա փաստ է, բայց ի տարբերություն Մատիչի` Ֆաբրեգասը միշտ դուրս է գալիս խաղադաշտ մեկնարկային կազմում և գրեթե բոլոր խաղերում «փայլում» է իր անփութությամբ: 
  Կան բազում հարցեր, որոնց պատասխանները կարող է տալ միայն Ժոզե Մոուրինյոն: Սակայն թիմի անհաջողությունների մեջ  մեղադրել միայն նրան, դա պարզապես  անարդար է: 












суббота, 3 октября 2015 г.

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրին ընդառաջ

Ձեզ եմ ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի անոնսը:




«Կրիստալ Փելաս» - «Վեստ Բրոմ»    03.10.15    15:45


«Կրիստալ» Փելասը նախորդ տուրում դժվարին հաղթանակ տարավ առաջնության նորեկ «Ուոթֆորդի» նկատմամբ: Այդ խաղի ամենահետաքրքիր դրվագն այն էր, որ ամենաշատ գնդակի խլում կատարել էր Յոհան Կաբայը: Ալանդ Պարդյուն կարծես փոխում է Կաբայի դիրքը, նրան ավելի շատ կենտրոնացնելով պաշտպանական գործողությունների վրա: Դելեյնիի և Ուիկհեմի մասնակցությունը հարցականի տակ է:
 «Վեստ Բրոմը» նախորդ տուրում ձեռքից բաց թողեց հաղթանակը` հաշվի մեջ առաջ լինելով 2 գնդակի տարբերությամբ: Սա բնականաբար չի կարող գոհացնել Տոնի Պուլիսին: Բայց կարծես «խելքը գլուխն է հավաքել» երիտասարդ Սաիդո Բերահինոն և լավ խաղ է ցուցադրում: Յունաս Օլսենը, ով վնասվածք էր ստացել նախորդ խաղում, կարծես թե պատրաստ է այս խաղին:


«Ասթոն Վիլլա» - «Սթոկ»    03.10.15    18:00

 Թիմ Շերվուդի սաները նախորդ տուրում պարտվեցին «Լիվերպուլին», բայց շատ լավ հանդիպում անցկացրեցին: Հատկապես թիմի նորեկ Ռուդի Ժեստեդը: Վերջինս փայլում էր խաղադաշտում իր ցուցադրած իսկական բրիտանական ոճի ֆուտբոլով, որի արդյունքում էլ դարձավ դուբլի հեղինակ: Այս խաղից առաջ ֆիթնես-թեստը դրական հանձնելուց հետո, կխաղա նաև Գաբրիել Ագբոնլահորը: 
  Առաջնության 7-րդ տուրում վերջապես Մարկ Հյուզի թիմը կարողացավ հաղթանակ տոնել` այն էլ համեստ «Բորնմուտի» նկատմամբ: «Սթոկում» հավաքված են անչափ տաղանդավոր ֆուտբոլիստներ, մարզիչն էլ բավականին փորձառու է, բայց թե ինչն է նրանց այսպիսի վատ խաղի պատճառը, հարցական է բոլորի համար: 

«Բորնմուտ» - «Ուոթֆորդ»    03.10.15    18:00

 «Բորնմուտը» կարծես անիծված լինի այս մրցաշրջանում: Թիմը մինչ այս վնասվածքների պատճառով   կորցրել էր իր երկու ամենաթանկ նորեկներին` Տայրոն Մինգսին և Մաքս-Ալեն Գրադելին: Իսկ հիմա էլ գրեթե կես տարով շարքից դուրս է մնացել թիմի լավագույն ռմբարկու Կալում Ուիլսոնը:    Այսպիսի իրավիճակում թիմի գլխավոր մարզիչ Էդի Հաուիի միակ հույսը մնում է Գլեն Մյուրեյը: Հարցականի տակ է նաև թիմի ավագ Տոմի Էլֆիկի մասնակցությունը:
 «Ուոթֆորդը» նախորդ տուրում լավ հանդիպում անցկացրեց, չնայած որ պարտվեց «Կրիստալ Փելասին»: Այս մրցաշրջանից առաջ թիմը 10-ից ավել նոր ֆուտբոլիստների է ձեռք բերել և բնականաբար նրանց խաղի մեջ ներառելու համար Կիկե Սանչես Ֆլորեսին ժամանակ է հարկավոր: Բայց արդեն իսկ իսպանացու կատարած աշխատանքը տալիս է իր արդյունքը:

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ»    03.10.15    18:00

 «Սիթին» առաջնության վերջին երկու խաղերում պարտություն է կրել, իսկ ահա ՉԼ-ում վերջապես կարողացավ հաղթել: Այս հաղթանակն անկասկած վստահություն կհաղորդի Մանուել Պելլեգրինիի ֆուտբոլիստներին: Էլյակիմ Մանգալան և Ֆաբիան Դելֆը բաց կթողնեն այս հանդիպումը, իսկ թիմի ավագ Վենսան Կոմպանին ամենայն հավանականությամբ կհասցնի ապաքինվել:
 «Նյուքասլը» շարունակում է իր տարօրինակ արդյուքների շարանը: Նախորդ տուրում Մակլարենի թիմը ձեռքից բաց թողեց հաղթանակը` «Չելսիի» դեմ խաղում: Այս խաղին չի մասնակցի Պապիս Սիսսեն:

«Նորվիչ» - «Լեսթեր»    03.10.15    18:00

 «Նորվիչի» անկայուն խաղը կարող է բարդություններ ստեղծել իր համար մրցաշրջանի վերջնամասում: ԱՊԼ-ի ամենաերիտասարդ մարզիչ Ալեքս Նիլը անկասկած աշխատում է այս ուղղությամբ, բայց դեռևս արդյունքները գոհացուցիչ չեն: Նախորդ տուրում թիմը վերջին րոպեին բաց թողած գոլի պատճառով ձեռքից բաց թողեց հաղթանակը:
 «Լեսթերը» նախորդ տուրում առաջին անգամ պարտություն կրեց` բայց խոշոր հաշվով: Բայց միևնույնն է, Կլաուդիո Ռանիերիի ֆուտբոլիստները ցուցադրեցին գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ: Հատկապես Ջեյմի Վարդին, ով ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում: Վերջինս այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ: Դեռևս շարունակում է վնասվածքից ապաքինվել թիմի նորեկ Նատան Դայերը:

«Սանդերլենդ» - «Վեստ Հեմ»     03.10.15     18:00

 Անկեղծ ասած շատ անհասկանալի է «Սանդերլենդի»  ցուցադրած  սարսափելի արդյունքների պատճառը: Դեռևս ոչ-մի հաղթանակ այս մրցաշրջանում: Իսկ Դիկ Ադվոկատի պաշտոնանկության վերաբերյալ շշուկներն ավելի են  մեծանում:
  Սլավեն Բիլիչի թիմը նախորդ տուրում շնորհիվ Շեյխու Կույատեի` վերջին րոպեին խփած գոլի, կարողացավ «Նորվիչի» դեմ խաղն ավարտել ոչ-ոքիով: Բայց այստեղ ևս կա անկայունության հակումը: Թիմը այս մրցաշրջանի  3 արտագնա խաղերում հաղթել է «Լիվերպուլին», «Արսենալին» և «Մանչեսթեր Սիթիին»: Իսկ տնային խաղերում 2 պարտություն կրել  «Բորնմուտից» և «Լեսթերից»: «Վեստ Հեմի» կազմում կան մի քանի առանցքային ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքներ ունեն` Օգբոննա, Սոնգ, Վալենսիա:

«Չելսի» - «Սաութհեմպտոն»    03.10.15     19:30

  Շատերի կարծիքով Ժոզե Մոուրինյոն չի տիրապետում ակումբում տիրող իրավիճակին: Թվում էր, թե թիմի համար  «Նյուքասլի» դեմ խաղը բեկումնային կլինի` դրական առումով, սակայն  «Չելսին» արդեն հաջորդ խաղում ՉԼ-ում  պարտվեց «Պորտուին»: Ամենակարևոր խնդիրը Ժոզեի համար դա Բիանիսլավ Իվանովիչի հարցն է: Վերջինս անմիջական առնչություն է ունեցել «Չելսիի» բաց թողած  14 գոլից 7-ի հետ: Ժամանակն է ԱՊԼ-ում իր նորամուտը նշի Ռահման Բաբան:

«Էվերթոն» - «Լիվերպուլ»    04.10.15    16:30

 225-րդ մերսիսայդյան դերբին: Այս խաղը կլինի առաջինը 1986 թվականից սկսած, երբ «Լիվերպուլի» մեկնարկային կազմում չի լինի և ոչ մի սկաուզեր (սկաուզեր-արմատներով Լիվերպուլ քաղաքից) : Այս պահին «Լիվերպուլի» կազմում կա այդպիսի երկու ֆուտբոլիստ` Ջոզի Ռոյսիտերը և Ջոն Ֆլենեգանը: Ռոյսիտերը դեռևս շատ երիտասարդ է դերբիում խաղալու համար, իսկ Ֆլենեգանը շարունակում է ապաքինվել վնասվածքից:
 Անկեղծ լինենք և համաձայնվենք Ջեյմի Կարագերի հետ, ով կարծում է, որ այս խաղի ֆավորիտը «Էվերթոնն» է: Ռոբերտո Մարտինեսի թիմը արդեն 6 խաղ է չի պարտվում:
  «Էվերթոնի» կորուստները` Միրալաս, Բեյնս, Կլևերլի, Բեշիչ
  «Լիվերպուլի» կորուստները` Լովրեն, Ֆիրմինո, Հենդերսոն:


«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»    04.10.15    19:00 

   Այս խաղի անոնսին կարող եք ծանոթանալ կիրակի օրը:

«Սուոնսի» - «Տոտենհեմ»    04.10.15    19:00

 «Սուոնսին»   նախորդ տուրում պարտվեց «Սաութհեմպտոնին»: Գարի Մոնկի թիմը մրցաշրջանի լավ մեկնարկից հետո կարծես թե սկսել է թուլանալ: Համենայնդեպս  վերջին երկու խաղերում թիմը բավարար արդունքներ չի գրանցում: Կազմի հետ կապված Գարի Մոնկը խնդիրներ չունի:
  Էրիկ Դայերը, Դելլե Ալլին, Հարի Քեյնը` այն ֆուտբոլիստներն են, ովքեր շնորհիվ Մաուրիսիո Պոչետինոյի համաձարկության , կարողացել են  իրենց վրա սևեռել ամբողջ անգլիական ֆուտբոլային հասարակության ուշադրությունը: Որքան էլ, որ զարմանալի է հնչում, բայց այսօրվա «Տոտենհեմի» խաղում մեծ դերակատարություն ունեն հատկապես Դայերն ու Ալլին:
  «Տոտենհեմի» նորեկ Սոն Հին Մինը վնասվածքի պատճառով չի մասնակցի այս խաղին: 

четверг, 1 октября 2015 г.

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ձեզ ենք ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: 

Բրեդ Գուզան
«Ասթոն Վիլլայի» ամերիկացի դարպասապահը «Լիվերպուլի» դեմ խաղում կատարել է 9 սեյվ:

Կայլ Ուոլկեր
Մի փոքր անհասկանալի է Կայլ Ուոլկերի ներկայությունն  այս խորհրդանշական հավաքականում: Հենց Ուոլկերն էր, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում փաստացի սկսեց իր թիմի գոլային  գրոհը` լինելով 2 մետրանոց խաղից դուրս իրավիճակում: Իսկ ամբողջ խաղի ընթացքում նա կատարել է ընդամենը 1 գնդակի խլում:

Վիրգիլ Վան Դեյկ
«Սաութհեմպտոն» - «Սուոնսի» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Դարձել է գոլի հեղինակ: Հաղթել է 7 մենապայքարներում և 2 անգամ գնդակ է խլել մրցակցից:

Բրեդե Հանգելանդ
Հանգելանդն  «Ուոթֆորդի» հետ խաղում` 2 գնդակի խլում, 3 հաղթած մենապայքար և 91% փոխանցումների ճշգրտություն:


Նաչո Մոնրեալ
«Զինագործների» եզրային պաշտպանը «Լեսթերի» դեմ խաղում կատարել է 2 գոլային փոխանցում: 7 մենապայքարներում հաղթող է դուրս եկել և 2 անգամ գնդակ խլել մրցակցից:

Էրիկ Լամելա
Առաջնության առաջատարի դեմ խաղում Լամելան դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ` ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Բացի այդ, 4 անգամ գնդակ է խլել, վաստակել 1 անկյունային և 3 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել է մրցակիցներին:

Սանտի Կասորլա
Իսպանացին «Լեսթերի» դեմ խաղում կատարել է 1 գոլային փոխանցում, 5 անգամ գնդակ է խլել մրցակցից, 3 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել է մրցակիցներին: Փոխանցումների ճշգրտությունը կազմել է 91% :


Ջեյմս Միլներ
«Լիվերպուլի» փոխավագը «Ասթոն Վիլլայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիտ է ճանաչվել` խփելով 1 գոլ և կատարելով 1 գոլային  փոխանցում: Բացի այդ, նրա փոխանցումների ճշգրտությունը կազմել է 90 % : Խաղի ընթացքում էլ Միլները 6 անգամ գնդակ է խլել մրցակիցներից:

Ալեքսիս Սանչես
Չիլիացին «Լեսթերի» դեմ հետ-տրիկ ձևակերպելով ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Բացի գոլեր խփելուց, Սանչեսը հասցրել է նաև արդյունավետ պաշտպանվել` խաղի ընթացքում 3 անգամ գնդակ խլելով մրցակիցներից:

Ռոմելու Լուկակու
Երբ թիմդ հանդիպման ընթացքում  պարտվում է 2 գնդակի տարբերությամբ և քո 2 գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ կամային հաղթանակ է տանում, ապա դու դառնում ես հանդիպման հերոսն ու լավագույն ֆուտբոլիստը: Այդպես էլ եղավ Լուկակուի հետ`   «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում:

Ջեյմի Վարդի
Վարդին պարզապես ֆենոմալ արդյունքներ է գրանցում այս մրցաշրջանում: Անցկացրած 7 խաղում անգլիացին դարձել է 6 գոլի հեղինակ: Վերջին երկուսը հենց «Արսենալի» դարպասը: Նրա հարվածներից երկուսն էլ հետ են մղվել դարպասաձողից: