воскресенье, 4 октября 2015 г.

«Չելսիի» անհաջողությունների մասին



Արդեն երկու ամիս է ինչ մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2015-2016 մրցաշրջանը: Լոնդոնի «Չելսին» անցկացրած 8 խաղից հետո ունի 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 4 պարտություն: Ուղղակի հիշեցնեմ, որ «Չելսին» նախորդ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ պաշտոնապես ապահովեց չեմպիոնությունը: Իսկ հիմա անցնենք բուն թեմային:
 Այս երկու ամսվա ընթացքում հետևելով բրիտանական մամուլին, չեմ նկատել, որ այսպես կոչված փորձագետները փորձեն իրոք վերլուծել «Չելսիի» այս տարվա անհաջողությունների պատճառը: Չգիտես թե ինչու  բոլորն անհաջողությունների մեջ մեղադրում են Ժոզե Մոուրինյոյին: Նույն Գարի Նևիլը, Ջեյմի Կարագերը, Թիերի Անրին, լինելով ֆուտբոլիստներ պետք է ավելի լավ հասկանան այս պահին «Չելսիում» տիրող իրավիճակը, քանի որ նրանցից յուրաքանչյուրի կարիերայում եղել են նմանատիպ իրավիճակներ: Բայց  նրանք  անընդհատ փորձում են մեղադրել Մոուրինյոյին: Հատկապես զարմացնում է Կարագերի վերջին միտքը, ըստ որի նա կասկածում է թե հիմա «Չելսիի» ֆուտբոլիստները աջակցում են Մոուրինյոյին: Համաձայնվեք, որ այս միտքը ուղղակի ծիծաղ է առաջացնում: Ըստ ինձ, Ժոզեն թիմում եղած բոլոր ֆուտբոլիստներից միայն մեկի հանդեպ է անարդար վարվում: Կարծում եմ կռահեցիք ու՞մ մասին է խոսքը: Իհարկե Լոիկ Ռեմիի, այլ ոչ թե Ջոն Թերրիի, չնայած որ ձեզանից շատերի մտքով անցավ հենց անգլիացին: Ռեմին նախորդ մրցաշրջանում իրեն շատ լավ դրսևորեց: Մնացած բոլոր ֆուտբոլիստները դժգոհելու ոչ մի առիթ չունեն , քանի որ հասկանում են` թիմի վատ խաղի համար պատասխանատու է ամբողջ թիմը: Այսօրվա «Չելսիի» խաղում չկա որևէ դիրք, որը իդեալական է գործում: Պաշտպանությունում`  Իվանովիչը, կիսապաշտպանությունում` բոլորը, հարձակման գծում` Կոստան և Ֆալկաոն, ինչպես նաև գլխավոր մարզիչը: Պետք չէ լինել փորձագետ կամ թեկուզ նախկին ֆուտբոլիստ, հասկանալու համար, որ թիմի ցուցադրած վատ խաղի մեջ յուրաքանչյուրն իր «լուման» ունի: Շատ կցանկանայի, որ բրիտանական «աստղային» լրագրողները փորձեին ավելի շատ վերլուծել խաղային դրվագներն և ֆուտբոլիստների անհատական, և ինչու չէ մանկական սխալները, այլ ոչ թե ամեն պարտությունից հետո քարկոծեին Ժոզե Մոուրինյոյին: 
 Անկասկած Ժոզեն իր մեղքի բաժինն ունի թիմի անհաջողություններում: Անհասկանալի է նրա այդչափ մեծ վստահությունը դեպի Բրանիսլավ Իվանովիչը: Սերբ ֆուտբոլիստն այս մրցաշրջանի գրեթե բոլոր խաղերում առանցքային սխալներ է թույլ  տվել, որոնք շատ դեպքերում հանգեցրել են բաց թողած գոլերի: Անհասկանալի է նաև Ժոզեի  վերաբերմունքը դեպի Մատիչն ու Ֆաբրեգասը: Այն որ, այս երկու ֆուտբոլիստները գտնվում են խաղային ճգնաժամի մեջ, դա փաստ է, բայց ի տարբերություն Մատիչի` Ֆաբրեգասը միշտ դուրս է գալիս խաղադաշտ մեկնարկային կազմում և գրեթե բոլոր խաղերում «փայլում» է իր անփութությամբ: 
  Կան բազում հարցեր, որոնց պատասխանները կարող է տալ միայն Ժոզե Մոուրինյոն: Սակայն թիմի անհաջողությունների մեջ  մեղադրել միայն նրան, դա պարզապես  անարդար է: 












Комментариев нет:

Отправить комментарий