суббота, 3 октября 2015 г.

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրին ընդառաջ

Ձեզ եմ ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի անոնսը:




«Կրիստալ Փելաս» - «Վեստ Բրոմ»    03.10.15    15:45


«Կրիստալ» Փելասը նախորդ տուրում դժվարին հաղթանակ տարավ առաջնության նորեկ «Ուոթֆորդի» նկատմամբ: Այդ խաղի ամենահետաքրքիր դրվագն այն էր, որ ամենաշատ գնդակի խլում կատարել էր Յոհան Կաբայը: Ալանդ Պարդյուն կարծես փոխում է Կաբայի դիրքը, նրան ավելի շատ կենտրոնացնելով պաշտպանական գործողությունների վրա: Դելեյնիի և Ուիկհեմի մասնակցությունը հարցականի տակ է:
 «Վեստ Բրոմը» նախորդ տուրում ձեռքից բաց թողեց հաղթանակը` հաշվի մեջ առաջ լինելով 2 գնդակի տարբերությամբ: Սա բնականաբար չի կարող գոհացնել Տոնի Պուլիսին: Բայց կարծես «խելքը գլուխն է հավաքել» երիտասարդ Սաիդո Բերահինոն և լավ խաղ է ցուցադրում: Յունաս Օլսենը, ով վնասվածք էր ստացել նախորդ խաղում, կարծես թե պատրաստ է այս խաղին:


«Ասթոն Վիլլա» - «Սթոկ»    03.10.15    18:00

 Թիմ Շերվուդի սաները նախորդ տուրում պարտվեցին «Լիվերպուլին», բայց շատ լավ հանդիպում անցկացրեցին: Հատկապես թիմի նորեկ Ռուդի Ժեստեդը: Վերջինս փայլում էր խաղադաշտում իր ցուցադրած իսկական բրիտանական ոճի ֆուտբոլով, որի արդյունքում էլ դարձավ դուբլի հեղինակ: Այս խաղից առաջ ֆիթնես-թեստը դրական հանձնելուց հետո, կխաղա նաև Գաբրիել Ագբոնլահորը: 
  Առաջնության 7-րդ տուրում վերջապես Մարկ Հյուզի թիմը կարողացավ հաղթանակ տոնել` այն էլ համեստ «Բորնմուտի» նկատմամբ: «Սթոկում» հավաքված են անչափ տաղանդավոր ֆուտբոլիստներ, մարզիչն էլ բավականին փորձառու է, բայց թե ինչն է նրանց այսպիսի վատ խաղի պատճառը, հարցական է բոլորի համար: 

«Բորնմուտ» - «Ուոթֆորդ»    03.10.15    18:00

 «Բորնմուտը» կարծես անիծված լինի այս մրցաշրջանում: Թիմը մինչ այս վնասվածքների պատճառով   կորցրել էր իր երկու ամենաթանկ նորեկներին` Տայրոն Մինգսին և Մաքս-Ալեն Գրադելին: Իսկ հիմա էլ գրեթե կես տարով շարքից դուրս է մնացել թիմի լավագույն ռմբարկու Կալում Ուիլսոնը:    Այսպիսի իրավիճակում թիմի գլխավոր մարզիչ Էդի Հաուիի միակ հույսը մնում է Գլեն Մյուրեյը: Հարցականի տակ է նաև թիմի ավագ Տոմի Էլֆիկի մասնակցությունը:
 «Ուոթֆորդը» նախորդ տուրում լավ հանդիպում անցկացրեց, չնայած որ պարտվեց «Կրիստալ Փելասին»: Այս մրցաշրջանից առաջ թիմը 10-ից ավել նոր ֆուտբոլիստների է ձեռք բերել և բնականաբար նրանց խաղի մեջ ներառելու համար Կիկե Սանչես Ֆլորեսին ժամանակ է հարկավոր: Բայց արդեն իսկ իսպանացու կատարած աշխատանքը տալիս է իր արդյունքը:

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ»    03.10.15    18:00

 «Սիթին» առաջնության վերջին երկու խաղերում պարտություն է կրել, իսկ ահա ՉԼ-ում վերջապես կարողացավ հաղթել: Այս հաղթանակն անկասկած վստահություն կհաղորդի Մանուել Պելլեգրինիի ֆուտբոլիստներին: Էլյակիմ Մանգալան և Ֆաբիան Դելֆը բաց կթողնեն այս հանդիպումը, իսկ թիմի ավագ Վենսան Կոմպանին ամենայն հավանականությամբ կհասցնի ապաքինվել:
 «Նյուքասլը» շարունակում է իր տարօրինակ արդյուքների շարանը: Նախորդ տուրում Մակլարենի թիմը ձեռքից բաց թողեց հաղթանակը` «Չելսիի» դեմ խաղում: Այս խաղին չի մասնակցի Պապիս Սիսսեն:

«Նորվիչ» - «Լեսթեր»    03.10.15    18:00

 «Նորվիչի» անկայուն խաղը կարող է բարդություններ ստեղծել իր համար մրցաշրջանի վերջնամասում: ԱՊԼ-ի ամենաերիտասարդ մարզիչ Ալեքս Նիլը անկասկած աշխատում է այս ուղղությամբ, բայց դեռևս արդյունքները գոհացուցիչ չեն: Նախորդ տուրում թիմը վերջին րոպեին բաց թողած գոլի պատճառով ձեռքից բաց թողեց հաղթանակը:
 «Լեսթերը» նախորդ տուրում առաջին անգամ պարտություն կրեց` բայց խոշոր հաշվով: Բայց միևնույնն է, Կլաուդիո Ռանիերիի ֆուտբոլիստները ցուցադրեցին գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ: Հատկապես Ջեյմի Վարդին, ով ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում: Վերջինս այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ: Դեռևս շարունակում է վնասվածքից ապաքինվել թիմի նորեկ Նատան Դայերը:

«Սանդերլենդ» - «Վեստ Հեմ»     03.10.15     18:00

 Անկեղծ ասած շատ անհասկանալի է «Սանդերլենդի»  ցուցադրած  սարսափելի արդյունքների պատճառը: Դեռևս ոչ-մի հաղթանակ այս մրցաշրջանում: Իսկ Դիկ Ադվոկատի պաշտոնանկության վերաբերյալ շշուկներն ավելի են  մեծանում:
  Սլավեն Բիլիչի թիմը նախորդ տուրում շնորհիվ Շեյխու Կույատեի` վերջին րոպեին խփած գոլի, կարողացավ «Նորվիչի» դեմ խաղն ավարտել ոչ-ոքիով: Բայց այստեղ ևս կա անկայունության հակումը: Թիմը այս մրցաշրջանի  3 արտագնա խաղերում հաղթել է «Լիվերպուլին», «Արսենալին» և «Մանչեսթեր Սիթիին»: Իսկ տնային խաղերում 2 պարտություն կրել  «Բորնմուտից» և «Լեսթերից»: «Վեստ Հեմի» կազմում կան մի քանի առանցքային ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքներ ունեն` Օգբոննա, Սոնգ, Վալենսիա:

«Չելսի» - «Սաութհեմպտոն»    03.10.15     19:30

  Շատերի կարծիքով Ժոզե Մոուրինյոն չի տիրապետում ակումբում տիրող իրավիճակին: Թվում էր, թե թիմի համար  «Նյուքասլի» դեմ խաղը բեկումնային կլինի` դրական առումով, սակայն  «Չելսին» արդեն հաջորդ խաղում ՉԼ-ում  պարտվեց «Պորտուին»: Ամենակարևոր խնդիրը Ժոզեի համար դա Բիանիսլավ Իվանովիչի հարցն է: Վերջինս անմիջական առնչություն է ունեցել «Չելսիի» բաց թողած  14 գոլից 7-ի հետ: Ժամանակն է ԱՊԼ-ում իր նորամուտը նշի Ռահման Բաբան:

«Էվերթոն» - «Լիվերպուլ»    04.10.15    16:30

 225-րդ մերսիսայդյան դերբին: Այս խաղը կլինի առաջինը 1986 թվականից սկսած, երբ «Լիվերպուլի» մեկնարկային կազմում չի լինի և ոչ մի սկաուզեր (սկաուզեր-արմատներով Լիվերպուլ քաղաքից) : Այս պահին «Լիվերպուլի» կազմում կա այդպիսի երկու ֆուտբոլիստ` Ջոզի Ռոյսիտերը և Ջոն Ֆլենեգանը: Ռոյսիտերը դեռևս շատ երիտասարդ է դերբիում խաղալու համար, իսկ Ֆլենեգանը շարունակում է ապաքինվել վնասվածքից:
 Անկեղծ լինենք և համաձայնվենք Ջեյմի Կարագերի հետ, ով կարծում է, որ այս խաղի ֆավորիտը «Էվերթոնն» է: Ռոբերտո Մարտինեսի թիմը արդեն 6 խաղ է չի պարտվում:
  «Էվերթոնի» կորուստները` Միրալաս, Բեյնս, Կլևերլի, Բեշիչ
  «Լիվերպուլի» կորուստները` Լովրեն, Ֆիրմինո, Հենդերսոն:


«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»    04.10.15    19:00 

   Այս խաղի անոնսին կարող եք ծանոթանալ կիրակի օրը:

«Սուոնսի» - «Տոտենհեմ»    04.10.15    19:00

 «Սուոնսին»   նախորդ տուրում պարտվեց «Սաութհեմպտոնին»: Գարի Մոնկի թիմը մրցաշրջանի լավ մեկնարկից հետո կարծես թե սկսել է թուլանալ: Համենայնդեպս  վերջին երկու խաղերում թիմը բավարար արդունքներ չի գրանցում: Կազմի հետ կապված Գարի Մոնկը խնդիրներ չունի:
  Էրիկ Դայերը, Դելլե Ալլին, Հարի Քեյնը` այն ֆուտբոլիստներն են, ովքեր շնորհիվ Մաուրիսիո Պոչետինոյի համաձարկության , կարողացել են  իրենց վրա սևեռել ամբողջ անգլիական ֆուտբոլային հասարակության ուշադրությունը: Որքան էլ, որ զարմանալի է հնչում, բայց այսօրվա «Տոտենհեմի» խաղում մեծ դերակատարություն ունեն հատկապես Դայերն ու Ալլին:
  «Տոտենհեմի» նորեկ Սոն Հին Մինը վնասվածքի պատճառով չի մասնակցի այս խաղին: 

Комментариев нет:

Отправить комментарий