понедельник, 26 октября 2015 г.

«Չելսիում» տիրող քաոսի պատճառները

«Չելսիի» և անձամբ Ժոզե Մոուրինյոյի շուրջ ստեղծված իրավիճակը իրոք ծիծաղելի չէ: Լոնդոնյան թիմը «Վեստ Հեմի» դեմ խաղից հետո թարմացրեց ակումբի հակառեկորդը` մեկնարկային 10 տուրերից հետո ունենալով ընդամենը 11 միավոր: 10 խաղ արդեն անցկացրել է թիմը և հիմա ճիշտ ժամանակն է քննարկելու ակումբում  տիրող քաոսի պատճառը:


                   

ՓՈՓՈԽԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ

 Այս մրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրած գրեթե  երկու տասնյակից ավելի  խաղերում առաջին անգամ Ժոզեի ընտրած մեկնարկային կազմը կրկնվեց:  Կիևի «Դինամոյի» և «Վեստ Հեմի» դեմ խաղերում «Չելսիի» մեկնարկային կազմն անփոփոխ էր, բայց միևնույնն է, երկու խաղերում էլ թիմի գրանցած արդյունքը դրական չէր: Ինչպես հայտնի է, Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած ցանկացած թիմ, առաջին հերթին պետք է ունենա կայուն և անփոփոխ  պաշտպանական գիծ: Նախորդ մրցաշրջանում թիմի պաշտպանությունը պարզապես հիանալի էր գործում, իսկ հիմա....  Շատերը «Չելսիի» պաշտպանությունում տիրող վատ խաղի համար  առաջին հերթին  մեղադրում էին Բրանիսլավ Իվանովիչին, սակայն ինչպես տեսնում ենք Իվանովիչի բացակայությամբ խնդիրները մնացել են: Իսկ սա նշանակում է, որ պատճառը ոչ թե անհատի այլ ընդհանուր թիմի անհասկանալի վիճակն է:

ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԸ

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» բավականին զուսպ էր:
 Այս ամբողջ ընթացքում «Չելսիի» հետ կապում էին այնպիսի ֆուտբոլիստների անուններ` ինչպիսիք են Պոլ Պոգբան, Անտուան Գրիզմանը, Ջոն Սթոունսը: Արդյունքում թիմը համալրեցին Պապի Ջիլաբոջին, Ռադամել Ֆալկաոն, Ասմիր Բեգովիչը, Ռահման Բաբան և Պեդրոն: Եթե կա մի հանգամանք, որը կարող է արդարացում հանդիսանալ Ժոզե Մոուրինյոյի համար, ապա դա տրանսֆերային պատուհանում «Չելսիի» պասիվությունն է: ԱՊԼ-ի մնացած 19 թիմերն էլ առնվազն 2-3 թոփ մակարդակի ֆուտբոլիստի ձեռք բերեցին:


ԽՆԴԻՐՆԵՐՆ  ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՆ, ՔԱՆ ԽԱՂԱՅԻՆ

 Պետք է հասկանալ, որ գրեթե այս նույն կոլեկտիվը, նախորդ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ հռչակվեց երկրի չեմպիոն և յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր մեծ ներդրումն ուներ այդ գործում: Բայց չէ որ, այդ նույն ֆուտբոլիստները հիմա էլ են խաղում և նրանք չեն կարող մի քանի ամսվա ընթացքում կորցնել իրենց որակներն ու վարպետությունը: «Չելսիի» ցուցադրած վատ արդյունքների պատճառը ավելի շատ հոգեբանական բնույթ է կրում: Մրցաշրջանի հենց սկզբում այդ առեղծվածային միջադեպը Եվա Կարնեյրոյի և Ժոզե Մոուրինյոյի միջև, Տիբո Կուրտուայի երկարաժամկետ բացակայությունը, մամուլի և երկրպագուների կողմից մեծ ճնշումը. հոգեբանական մեծ հարված են հասցրել և՛ Ժոզեին, և՛ իր թիմին:




ԽԱՂԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 Այստեղ կարելի է մեղադրել և՛ ֆուտբոլիստներին, և՛ գլխավոր մարզչին: Զարմանալի է Ժոզե Մոուրինյոյի այդչափ մեծ վստահությունը թիմի իսպանացի ֆուտբոլիստների նկատմամբ: Սեսկ Ֆաբրեգասի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ նա գտնվում է սարսափելի ֆիզիկական մարզավիճակում, սակայն միևնույնն է հայտնվում է մեկնարկային կազմում: Դիեգո Կոստան ևս չի կարողանում հավաքվել: Կարծում եմ, բոլորին էլ հետաքրքիր է թե ինչու՞  այս մրցաշրջանում բավարար խաղաժամանակ չի ստանում Լոիկ Ռեմին: Ֆուտբոլիստ, ով նախորդ տարի լինելով թիմի երրորդ  հարձակվողը, իրեն գերազանց դրսևորեց ամբողջ մրցաշրջանում: Կամ նույն Ռադամել Ֆալկաոն. ի՞նչ իմաստ ուներ նրան թիմ հրավիրել, եթե նա ամեն խաղին ստանում է առնվազն 7 րոպե խաղաժամանակ: Իսկ հիմա  ամենակարևորը.
 Անձամբ ես իրոք չեմ հասկանում Ժոզեի վերաբերմունքը թիմի ձախ պաշտպանների նկատմամբ: Սկզբում Ֆելիպե Լուիսը, իսկ հիմա Ռահման Բաբան: Երկուսն էլ իրենց նախկին ակումբներում հիանալի մրցաշրջաններ էին անցկացրել, բայց Ժոզեի մոտ նրանք չգիտես թե ինչու՞ պատրաստ չեն խաղալու ԱՊԼ-ում: Այդ դեպքում, ո՞րն էր նրանցից յուրաքանչյուրի վրա ավելի քան 20 մլն ֆունտ ծախսելու իմաստը: Ավելի լավ կլիներ, որ նրանց փոխարեն լիներ ակադեմիայի երիտասարդ ֆուտբոլիստ: Օրինակ` Օլա Աինան կամ Նաթան Ակեն:




ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԷԳՈՆ

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ժոզե Մոուրինյոն մեծ եսասեր է: Այո, այո, պորտուգալացի մասնագետը շատ է տարվել փառասիրությամբ, որը կարծես սկսում է չար կատակ խաղալ նրա հետ: Ժոզեն իր սկզբունքային լինելու պատճառով, արդեն հիմա հանդիպել է մեծ պրոբլեմների, որից պետք է փորձի դուրս գալ, իսկ այսպիսի դեպք նրա կարիերայում դեռևս չի եղել: Որտեղ էլ որ աշխատել է Ժոզեն, նրա թիմը միշտ գտնվել է մրցաշարային աղյուսակի վերնամասում, իսկ հիմա պատկերը լրիվ հակառակն է: «Վեստ Հեմի» դեմ խաղից հետո չներկայանալով հետխաղյա մամուլի ասուլիսին, Մոուրինյոն ավելի բորբոքեց իրավիճակը: Անկեղծ լինենք. նրա այդ աստիճան բարկության պատճառը վերոհիշյալ խաղում ուղղակի անհասկանալի է: Նեմանյա Մատիչն  երկրորդ դեղին քարտը ստացավ արդարացիորեն, չնայած որ, այդ որոշումը խաղի գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսն ընդունեց օգնականի հետ խորհրդակցելուց հետո: Իսկ հետո արդեն հեռացրեց նաև Մոուրինյոյին:

                       

Ժոզեի քայլերը ևս մեկ անգամ ապացուցում են այն, որ նա այլևս չի տիրապետում թիմում տիրող վիճակին` ավելին նա նույնիսկ չի կարողանում տիրապետել իր էմոցիաները: Եվ եթե այսպես շարունակվի, ապա մեծ հավանականությամբ «Լիվերպուլի»  դեմ գալիք խաղը կարող է վերջինը լինել Ժոզեի համար:


Հ.Գ. Հավատացեք, եթե Մոուրինյոն պաշտոնանկ արվի, դրանից միևնույնն է ավելի շատ կտուժի ոչ թե հենց ինքն, այլ ամբողջ անգլիական ֆուտբոլը: Հուսանք, որ Ժոզե Մոուրինյոն մի կողմ կդնի իր ամբիցիաներն ու կկարողանա թիմին դուրս բերել այս ճգնաժամից:  

Комментариев нет:

Отправить комментарий