среда, 28 октября 2015 г.

Ջեյմի Վարդի: Պրեմիեր Լիգայի ամենալավ հարձակվողը

«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդիի արդյունավետությունն այս մրցաշրջանում ուղղակի ապշեցուցիչ է: ԱՊԼ-ի 11 խաղում Վարդին դարձել է 10 գոլի հեղինակ և վստահաբար գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
«Կրիստալ Փելասի» հետ խաղում դառնալով գոլի հեղինակ` Վարդին համալրեց այն 7 ֆուտբոլիստների շարքերը, որոնց հաջողվել է 7 անընդմեջ խաղում դառնալ գոլի հեղինակ:  Բայց արդյո՞ք Վարդին կկարողանա այս տեմպերով անցկացնել ամբողջ մրցաշրջանը: Փորձենք հասկանալ թե ի՞նչն է Վարդիի արդյունավետության գրավականը:




ԹԻՄԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

«Լեսթեր Սիթին» դարձավ այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումը ոչ միայն  ցուցադրած արդյունքներով (5-րդ հորիզոնական), այլ խաղային մոդելով: Թիմն երեք խաղում կարողացել է հանդիպման ընթացքում հետ բերել 2 գնդակի տարբերությունը:
 «Դուք խոսում եք բարձր խաղային տեմպից, բայց վերջին մի քանի տարիներին արագությունները ԱՊԼ-ում նվազել են: Սակայն այն ինչ ցուցադրում է «Լեսթեր Սիթին», կարելի է անվանել Պրեմիեր լիգայի «հին դպրոց»,- նշում է «Sky Sports» -ի փորձագետ Գարի Նևիլը»:
 Երբ խաղում է թիմը, ապա յուրաքանչյուր ֆուտբոլիստ կախված է իր խաղընկերներից: Այստեղ մեծ է թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի վաստակը:
 «Ես իտալացի եմ, բայց մի փոքր այլ մոտեցումներով: Եթե խաղից առաջ ինձ ասեն. կհամաձայնվեք արդյո՞ք խաղն ավարտել 0:0 հաշվով, ապա ես միանշանակ կհրաժարվեմ: «Կրիստալ Փելասի» հետ խաղն առաջինն էր այս մրցաշրջանում, երբ մենք գոլ բաց չթողեցինք, և մենք փորձում ենք այդ ցուցանիշը ավելի բարելավել: Մենք միշտ ցանկանում ենք մեկ գոլ ավելի խփել` քան մրցակիցը»,- նշում է «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին:
 Շատ հազվադեպ է լինում, երբ մի ակումբ, որը չի համարվում թոփ մակարդակի, խաղում է բաց և ռիսկային ֆուտբոլ: Եթե Ռանիերին ժամանակի ընթացքում չփոխի թիմի խաղը, ապա անկասկած Ջեյմի Վարդին կունենա ռեալ հնարավորություն շարունակելու իր գոլային հրավառությունը:



ԳՐՈՀՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿՈՒՄԸ

 Երբ ստեղծվում է գոլային պահ, արդյո՞ք կարող ենք ասել, որ Վարդին դրանց զգալի մեծամասնությունը կարողանում է ավարտել գոլով:
 Այս մրցաշրջանում Վարդին ավելացրել է իր տակտիկական գիտելիքները և վստահություն է ձեռք բերել: Այս միտքը հաստատվում է նաև վիճակագրությամբ, ըստ որի Ջեյմի Վարդին իրացնում է ստեղծված պահերի 30 %:
 Համեմատության համար պետք է նշել, որ Պրեմիեր Լիգայում այդ ցուցանիշը միջինում կազմում է 17.7 %:


ՀԱՐՎԱԾՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ԳՈԼԵՐԸ

 Ջեյմի Վարդին այս մրցաշրջանում ավելի շատ հարվածներ է կատարել` քան ԱՊԼ-ի ցանկացած ֆուտբոլիստ:
 Սերխիո Ագուերոն նախորդ մրցաշրջանում ևս բոլորից շատ էր հարվածներ կատարել և տրամաբանորեն դարձել էր լավագույն ռմբարկու:
 «Վարդին այս տարի տարբեր տեսակի գոլեր է հեղինակել, նա շատ ագրեսիվ և համառ ֆուտբոլիստ է»,- ասում է Գարի Նևիլը:
 Վարդին հիանալի է խաղում և՛ ոտքերով` ընդորում երկուսով էլ, և՛ գլխով: Այս մրցաշրջանում ընդամենը երեք հարձակվողների  է հաջողվել գոլ խփել աջ ոտքով, ձախ ոտքով և գլխով: Նրանք են Վարդին, Ագուերոն և Լուկակուն, սակայն միայն Վարդիին է հաջողվել դա անել մեկից ավելի անգամ:




ՔԱՆԱԿԸ ԵՎ ՈՐԱԿԸ

 Վարդիի լավ խաղը կապված է իր արագաշարժության հետ: Բրիտանացի ֆուտբոլային փորձագետների հետազոտությունների համաձայն. Վարդին ամենաարագաշարժ հարձակվողն է, այդ պատճառով էլ շատ դեպքերում մրցակցի պաշտպանները պարզապես չեն հասցնում փակել այն ազատ գոտիները, որտեղ ներխուժում է Վարդին:
 «Վարդին հարձակվում է և անընդհատ առաջ նետվում: Դա շատ օգտակար է մեզ համար»,- նշում է Կլաուդիո Ռանիերին:
 Վարդին ավելի շատ հպում է կատարել գնդակին մրցակցի տուգանային հրապարակում, քան ցանկացած այլ հարձակվող:
 Ըստ  «Opta»-ի վիճակագրության. Վարդին ԱՊԼ-ի այն 5 հարձակվողներից մեկն է, ովքեր այս մրցաշրջանում արդեն իսկ ձեռքից բաց են թողել ամենաքիչը 5 ռեալ գոլային պահ: Պարզ է, որ Վարդին անընդհատ շարժման մեջ է և փորձում է հայտնվել ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում:



ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՆԱ ԴԱԴԱՐԻ ԳՈԼԵՐ ԽՓԵԼ...

 Բացի գոլեր հեղինակելուց, Վարդին փորձում է նաև գոլային պահեր ստեղծել իր խաղընկերների համար: Ըստ «Opta»-ի վիճակագրական տվյալների. Վարդին միակ հարձակվողն է այս մրցաշրջանում, ով իր խաղընկերներին 3 անգամ մեն-մենակ է դուրս բերել մրցակցի դարպասին:
 Բայց սա ևս վերջը չէ: Ջեյմի Վարդին լավ է հանդես գալիս նաև պաշտպանվելիս: Նա ԱՊԼ-ի հարձակվողների մեջ  ամենաշատ գնդակ խլած ֆուտբոլիստն է: Դա կարևոր է, հաշվի առնելով 4-4-2 տակտիկական սխեման, որով և խաղում է «Լեսթեր Սիթին»: Գարի Նևիլը նշում է, որ հենց Վարդիի գործողություններն են երանգ  հաղորդում թիմին` երբ «Լեսթերը» չի տիրում գնդակին:
 «Վարդին այնպիսի հարձակվող է, որին իմ կարծիքով կցանկանային ձեռք բերել գրեթե բոլոր ակումբները:Նա ապահովում է տեմպն ու կազմակերպում  խաղի ուղղվածությունն ամբողջ թիմի համար: Եվ հենց  դա է նպաստում, որ դաշտի կենտրոնում խաղացող մյուս ֆուտբոլիստները գլուխ չպահեն պաշտպանվելիս»,- նշում է Գարի Նևիլը:
 «Նա միշտ շարժման մեջ է, անընդհատ ազատ գոտիներ է փնտրում: Մարզումներին միշտ շատ ակտիվ է: Վարդին իսկական մարտիկ է, ով պայքարում է յուրաքանչյուր գնդակի համար: Նա երբեք չի հանձնվում և ինձ դուր են գալիս այսպիսի ֆուտբոլիստները»,-ասում է Կլաուդիո Ռանիերին:

 Չզարմանա՛ք, եթե Վարդին շարունակի այս տեմպերով:    

Комментариев нет:

Отправить комментарий