суббота, 14 мая 2016 г.

Լուիս Սուարես. Վերջ Մեսսիի և Ռոնալդուի հեգեմոնիային

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի ընթացիկ առաջնության վերջին տուրում հյուրընկալվելիս 0:3 հաշվով հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ և հռչակվեց երկրի չեմպիոն: Այդ խաղում իր հերթական հետ-տրիկը ձևակերպեց «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը:



 Վերջինս 38 խաղերից հետո խփել է 40 գոլ, որը լավագույն ցուցանիշն է եվրոպական Թոփ-5 առաջնություններում: Սուարեսը երրորդ ֆուտբոլիստն է Լա Լիգայի պատմության մեջ, ով  մեկ մրցաշրջանում դառնում է 40 գոլի հեղինակ: Մյուս երկուսը` Մեսսին և Ռոնալդուն:
 Դեռևս երկու տարի առաջ, եթե  երկրպագուներին հարցնեին` հավատում եք արդյո՞ք, որ որևէ ֆուտբոլիստ խաղալով Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանում, կկարողանա գերազանցել նրանց, կարծում եմ բոլորը միաբերան կպատասխանեին ո՛չ, դա անհնար է: Բայց արի ու տես, որ լավ էլ հնարավոր է: Եվ այդ ֆուտբոլիստը Լուիս Սուարեսն է:

Ես դեռևս 2013-2014 թթ մրցաշրջանից հետևում եմ Սուարեսի խաղին: Տվյալ տարին Սուարեսի համար լավ չսկսվեց: 2013 թվականի ապրիլի վերջին «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար Սուարեսը որակազրկվեց 10 խաղով, ինչը նշանակում էր, որ նա պետք է բաց թողներ այդ  մրցաշրջանի վերջին և հաջորդ մրցաշրջանի մեկնարկային 5 հանդիպումները: Միգուցե ծիծաղելի թվա, բայց հենց այդ որակազրկումը խթանեց Սուարեսի այսպիսի առաջխաղացմանը: Ճիշտ է, դրանից հետո եղավ նաև 2014 թվականի Աշխարհի առաջնության տհաճ միջադեպը` Ջորջիո Կյելինիի հետ, սակայն այդ ժամանակ Սուարեսը մեկնել էր Բրազիլիա արդեն աստղի կարգավիճակով:




 Ինչևէ, վերադառնանք 2013-2014 մրցաշրջանին: Բաց թողնելով մեկնարկային 5 հանդիպումներն, ուրուգվայցին մրցաշրջանի արդյունքներով կարողացավ խփել 31 գնդակ: Պրեմիեր Լիգայի ավելի քան 20-ամյա պատմության մեջ նման հաջողության հասել էին Ալան Շիրերն ու Կրիշտիանու Ռոնալդուն:
Ինչպես և Անգլիայում, այնպես էլ Իսպանիայում, Սուարեսը կարողացավ հավասարվել և ինչու չէ շրջանցել համաշխարհային ֆուտբոլի «դեմքերին»: Կարծում եմ Լուիս Սուարեսի հաջողությունների գրավականն անսպառ կիրքն է դեպի ֆուտբոլը: Անկեղծ ասած ես դեռևս չեմ տեսել մի ֆուտբոլիստի, որը ավելի մեծ խանդավառությամբ կխաղա ֆուտբոլ` քան Լուիս Սուարեսը: Նա կարծես երեխա լինի: Երբ հաղթում է մանկան պես հրճվում է, իսկ երբ ճաշակում է պարտության դառնությունը` տխրում է ինչպես  պատժված  փոքրիկ երեխան:



Լուիս Սուարեսն իդեալական օրինակ է այն բանի, որ ցանկացած անկումից կարելի է նորից վերև բարձրանալ: Նրա դեպքում բարձունքը մեղմ է ասված: Այս պահի դրությամբ Լուիս Սուարեսն առաջ է ժամանակակից ֆուտբոլի «աստվածներ» Կրիշտիանու Ռոնալդուից և Լիոնել Մեսսիից: Որքան էլ որ,  մի շարք երկրպագուներ ինձ հետ չհամաձայնեն միևնույնն է. ինձ համար Լուիս Սուարեսը վերջ դրեց Մեսսիի և Ռոնալդուի հեգեմոնիային:



                                                                                        Միհրան Ալեքսանյան





Комментариев нет:

Отправить комментарий