суббота, 21 мая 2016 г.

«Oculus Rift» Վիրտուալ աննախադեպ հեղափոխություն սպորտում






Ցանկանու՞մ եք դիտել Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը «Ուեմբլի» մարզադաշտից` չհեռանալով ձեր բազմոցից, կամ կատարել հաղթական «թաչդաուն» Սուպերբոլում ձեր բակից.
Դա հնարավոր է, ավելի ճիշտ հնարավոր է վիրտուալ կերպով:




Վերջերս հանրությանը ներկայացված նոր սերնդի «Oculus Rift» վիրտուալ իրականության ակնոցները` որոնք թույլ են տալիս օգտագործողին ներխուժել վիրտուալ աշխարհ, այս միտքը գործնականում դարձրեցին իրագործելի:



Վիրտուալ իրականությունը երկար ժամանակ իսկական գլուխկոտրուկ էր համակարգչային տեսախաղերի արդյունաբերության մեջ: 90-ականների սկզբից մի շարք ընկերություններ փորձեցին ստեղծել մի սարք, որը ձեզ կներքաշեր դեպի վիրտուալ աշխարհ: Իսկ արդեն հիմա, այնպիսի ակնոցներ, ինչպիսիք են «Oculus Rift»-ը , «HTC Vive»-ը , «PlayStation VR»-ը , «Samsung Gear VR» -ը թույլ են տալիս լիովին ընկղմվել վիրտուալ իրականության մեջ: Անկախ նրանից հասանելի են դրանք գնման, թե դեռ գտնվում են զարգացման գործընթացում,  միևնույնն է այդ ակնոցներն  էական ազդեցության կունենան համակարգչային տեսախաղերի ոլորտում և ոչ միայն:


Արդեն հիմա պրոֆեսիոնալ մարզիկները օգտագործում են վիրտուալ իրականության տեխնոլոգիաները` որպեսզի բարելավեն իրենց հմտությունները:
 Եվ շատ շուտով սպորտասեր հասարակությունը նույնպես կկարողանա  օգտվել այդ տեխնոլիգիաների պտուղներից և  վայելել սպորտային կենդանի  իրադարձությունները` նույնիսկ չգտնվելով բուն իրադարձության կիզակետում:


Հնարավո՞ր է հետևել սպորտային իրադարձությանը վիրտուալ իրականության տեխնոլոգիայի օգնությամբ


Եթե դուք ունեք պլանշետ կամ սմարթֆոն, ապա դուք արդեն շատ մոտ եք կանգնած նրան, որպեսզի հետևեք սպորտային իրադարձություններին բոլորովին նոր տեսանկյունից:
 Պանորամային տեսախցիկների օգտագործման մակարդակի բարձրացումը թույլ է տալիս «Facebook»-ի կամ «Youtube»-ի օգնությամբ դիտել նյութ` մատի մեկ հպումով փոփոխելով տեսախցիկի օբյեկտիվը կամ հեռախոսի դիրքը: Ձեր սմարթֆոնի էկրանը դառնում է «գաղտնի դուռ» դեպի իրադարձության կուլիսներ:

«Atticus Digital» ընկերությունը «BBC Sport Wales» հեռուստաալիքի համար ստեղծել էր տեսագրություն, որը նկարահանված էր «Պրինսիպալիտի Ստեդիում» մարզադաշտից Ռեգբիի  Վեց Ազգերի գավաթի խաղարկության  ազգային հիմների կատարման ժամանակ` խաղադաշտի կողային գծից:

«Atticus Digital» ընկերության տնօրեն Մարտին Մակկեիբ. «Մենք ցանկանում ենք մարզասերին մոտեցնել իրադարձությանն այնքան, որքան դա հնարավոր է: Նույնիսկ ցանկանում ենք պանորամային տեսախցիկ տեղադրել գլխավոր մրցավարի վրա: Կարծում եմ դա հետաքրքիր նորամուծություն կլինի»: 





Բայց ոչ մի իրադարձություն դեռևս հասանելի չէ իրական ժամանակում: Ամեն ինչ նկարահանված է լինում նախապես: Սակայն ամենից շատ օգտագործողը ցանկանում է հետևել սպորտին ուղիղ եթերում` վիրտուալ տեղ զբաղեցնելով մարզադաշտում:

Տեսականորեն դուք կարող եք վճարել «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում հանրահայտ «Սթրեթֆորդ Էնդ» տրիբունայում տեղ զբաղեցնելու համար` չհեռանալով ձեր տանից:


Պրոֆեսոր Էնդի Միխ Սոլֆորդի համալսարանի նոր տեխնոլոգիաների փորձագետ. «Վիրտուալ իրականությունը նոր տնտեսական հնարավորություններ է ստեղծում սպորտային ակումբների համար, ինչի շնորհիվ կազմակերպությունները կգտնեն ճանապարհներ դրանից օգտվելու համար: Վիրտուալ դաշտը ստեղծողների համար սա նոր եկամտի աղբյուր է` քանի որ գրավում է մի շարք հովանավորների ուշադրությունը: Կարճ ասած վիրտուալ իրականությունը հզոր օգնական է տնտեսական ազդեցության մեծացման գործում»:


Ե՞րբ այս ամենը տեղի կունենա 


Այստեղ կարծիքները տարբեր են: Վիրտուալ իրականության տեխնոլոգիան բավականին թանկ է և պահանջում է գերհզոր համակարգիչ` բարձր տեխնիկական հատկություններով:
 Էնդի Միխ. «Ես իսկապես մտածում եմ, որ դա տեղի կունենա ամենաշատը հինգ տարի հետո: Հնարավոր է նաև հաջորդ երկու տարիների ընթացքում: Սարքավորումը մեծ է և ընդարձակ, ու բացի այդ, դժվար թե դուք ցանկանաք անցկացնել 90 րոպե վիրտուալ իրականության ակնոցներով: Բայց երբ դրանք դառնան ավելի հարմարավետ և մատչելի` մարդիկ ամենայն հավանականությամբ կսկսեն գնել դրանցից»:

Էնդի Միխը կարծում է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում շատ մարդիկ մուտք կունենան դեպի վիրտուալ իրականություն , իսկ Դերեք Բելչը («Strivr» վիրտուալ իրականության  մարզումային գործընթացի համար նախատեսված համակարգի ստեղծողը), թերհավատորեն է մոտենում այս հարցին.

 «Ես այդքան էլ չեմ կիսում այդ կարծիքը: Ես մտածում եմ, որ մի օր այդ ամենը կդառնա հնարավոր: Տեսախցիկներրը շատ հեռու են և չեմ կարծում որևէ մեկը կցանկանա երկու ժամ անցկացնել այդ ակնոցներով»:

«VR Beyond Sports» ընկերության տնօրեն Սանդեր Ջեյ Շոուտենը նշում է, որ ավելի շահավետ է ասիական շուկան, քանզի նրանցից շատերը հնարավոր է երբեք հնարավորություն չունենան ներկա գտնվելու այս կամ այն եվրոպական սպորտային մրցաշարերին: Հենց այս հանգամանքն էլ կխթանի վիրտուալ ակնոցների մեծաքանակ վաճառքին:


Ինչպե՞ս այն կօգնի ֆուտբոլիստներին






Սպորտում  վիրտուալ իրականության տեխնոլոգիաների օգտագործումը բոլորովին էլ նոր երևույթ չէ:
2014 թվականի Աշխարհի Առաջնության ժամանակ Լուի վան Գաալի գլխավորած Հոլանդիայի հավաքականը փորձարկեց հոլանդական «Beyond Sports» ընկերության կողմից ստեղծված համակարգը: Դրա շնորհիվ ֆուտբոլիստները հագնելով հատուկ ակնոցներ, կարողանում էին իրենց վրա զգալ խաղի առանձին դրվագները: Այս համակարգի շնորհիվ նրանք կարող են ճիշտ որոշումներ կայացնել արդեն խաղադաշտում` չկրկնելով նախկին սխալները: Օրինակ` պետք էր արդյո՞ք տվյալ դրվագում փոխանցել աջ, թե ոչ: Այս համակարգի շնորհիվ կրճատվում է որոշումներ ընդունելու ժամանակը, բացի այդ, այն օգնում է մարզիչներին ավելի հեշտ հասցնել իրենց մտքերը ֆուտբոլիստներին:

Հոլանդական երկու ակումբներ` «ՊՍՎ Էյդհովենն» ու «ԱԶ Ալկմարը»  նույնպես օգտվում են այս նորարարությունից: Կան նաև շատ օգտատերեր, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները:

   Սանդեր Ջեյ Շոուտեն. «Դու նստած ես աշխատասենյակում կամ սրճարանում  և գիտես թե ինչ է կատարվում այնտեղ հենց հիմա: Ֆուտբոլիստների համար շատ կարևոր է ունենալ տարածության զգացում խաղադաշտում: Այդ ակնոցներով կարելի է նույնիսկ մարզումներ անցկացնել»:


Ինչպե՞ս է այն աշխատում


«Beyond Sports» համակարգը օգտագործում է խաղադաշտում տեղակայված բոլոր տեսախցիկների և ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալների համադրությունը, որպեսզի վերարտադրի խաղային դրվագները: Դա նման է FIFA կա PES  համակարգչային խաղերին:

Բայց արդյո՞ք այն օգնում է ֆուտբոլիստներին

 Սանդեր Ջեյ Շոուտեն «Կարծես թե այո: Դու իսկապես քեզ զգում ես խաղադաշտում, քանի որ, նույնիսկ երբ պտտվես կտեսնես դարպասապահին:Հենց այդ պատճառով էլ այս տեխնոլոգիան շատ օգտակար է մարզումային ծրագրերի ժամանակ: Դու կարող ես ընտրել կոնկրետ դրվագ և մանրամասն ներկայացնել ֆուտբոլիստին` բացատրելով թե նա որ դեպքում ի՞նչ սխալ է թույլ տվել»:


Օգտագործվու՞մ է այս տեխնոլոգիան այլ սպորտաձևերում





Ֆուտբոլը դեռևս  լիովին չի գնահատել վիրտուալ իրականության  հնարավորությունները, այն դեպքում երբ ամերիկյան ֆուտբոլը զգալի առաջընթաց է ապրել այս ոլորտում:

Երեք տարի առաջ, երբ Դերեք Բելչը դեռևս Սթենֆորդի համալսարանի թիմի մարզիչն էր, որպես իր մարզումային ծրագրի բաղկացուցիչ մաս մշակել  էր «Strivr» համակարգը:
«Դալաս Կովբոյսը» ՆՖԼ-ի առաջին ակումբն էր, որն օգտագործեց այս համակարգը: Այժմ այդ թիմերը վեցն են` չհաշված 12 համալսարանական թիմերը:
Ինչպես հասկացաք գնալով օգտատերերի թիվը մեծանում է:

Կան դրվագներ, որոնք ավելի քան 50 անգամ փորձարկվել են հենց այս համակարգի շնորհիվ: Ամերիկյան ֆուտբոլում իրական մարզումներն այնքան էլ արդյունավետ չեն լինում, իսկ ահա «Strivr» համակարգի շնորհիվ թիմերը կարող են բարելավել տակտիկական հմտությունները:



Փաստացի այս համակարգը ավելի շատ օգտագործվում է ամերիկյան ֆուտբոլում և բեյսբոլում, երևի թե այն պատճառով, որ այս երկու մարզաձևերում ավելի շատ շեշտը դրվում է ստատիկ վիճակի վրա` ի տարբերություն ֆուտբոլի, որտեղ ամեն ինչ ավելի բարդ է: Բացի այդ, այս համակարգի ստեղծողները դեռ չեն կարողացել լուծել վիրտուալ աշխարհում տեղաշարժվելու խնդիրը` հատկապես օգտագործողի համար  առանց  կողմնակի ազդեցությունների:


Ի՞նչ պետք է իմանալ վիրտուալ իրականության տերմինաբանության մասին

Վիրտուալ իրականություն- տեխնոլոգիա, որը թույլ է տալիս օգտագործողին ներդնել համակարգչային վիրտուալ իրականության կամ իրական իրավիճակի մեջ, որը հիմնված է պանորամային տեսախցիկների  տեսագրությունների հիման վրա: Դրանք թույլ են տալիս փոփոխել թեքման անկյունն ու աստիճանը:

Պանորամային վիդեո- տեսագրություն, որն  արված է մի հարթության մեջ և  թույլ է տալիս ստանալ ամբողջական համայնապատկեր` հիմնվելով մի քանի տեսախցիկների տվյալների հիման վրա:




Սպասման ժամկետ- գործողության և պատասխանի միջև ընկած ժամանակահատվածը:

Երկալիքային ձայն- Տեխնոլոգիաները ստեղծում են ձայն, որը կարծես պարուրում է օգտատիրոջն` այլ ոչ թե հնչում  նրա գլխում: Փորձեք փակել աչքերը և միաժամանակ լսել երկու աղբյուրից լսվող ձայներն ու կհասկանաք թե ինչի մասին է խոսքը:


Սոցիալական փորձի վերաբերյալ

Եթե մինչ այս վիրտուալ իրականությունը մեզ համար ասոցացվում էր անհավանականության հետ, ապա հիմա դրա ապագան կապված է սոցիալական փորձի հետ: Դուք կարող եք նստել վիրտուալ ասպարեզում և նույնիսկ շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր նույնպես որոշել են վիրտուալ կերպով ներկա գտնվել տվյալ վայրում:

Հ.Գ. Այս նյութը պատրաստելուց հաճելիորեն զարմացա նորագույն տեխնոլոգիաների անսահման մեծ հնարավորություններից, սակայն անձամբ ես չէի  ցանկանա, որ այն կիրառվեր անչափահասների մասնակցությամբ սպորտաձևերում: Պետք չէ մանկուց նրանց «հարմարացնել» ռոբոտի կարգավիճակին:



                                                                                     Միհրան Ալեքսանյան



Комментариев нет:

Отправить комментарий