четверг, 26 мая 2016 г.

Ժոզե Մոուրինյո: Թակելով «Երազանքների Թատրոնի» դռները


Անգլիական մի գրանդ ակումբի հետ տապալել մրցաշրջանը և վեց ամիս հետո պայմանագիր կնքել  անգլիական մեկ այլ գրանդ ակումբի հետ, այսպիսի բան կարող էր անել միայն Ժոզե Մոուրինյոն: Հենց այդ պատճառով էլ նա պարոն «Յուրահատուկն» է:




 Ժոզեի ու «Ման. Յունայթեդի» համագործակցությունը շահավետ է երկու կողմերի համար էլ: Երկուսն էլ  գերմոտիվացված են` ֆուտբոլային աշխարհին ապացուցելու համար, որ ուժեղները միշտ էլ վերադառնում են: 

Ցանկացած տեսանկյունից Մոուրինյոյի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» համար ձեռնտու է:

Մարկետինգային տեսանկյունից առաջին հերթին պետք է նշել, որ Ժոզե Մոուրինյոյի անունը գրանցված է ինչպես ապրանքանիշ (բրենդ): Հենց դրա պատճառով էր ձգձգվում  պայմանագրի կնքումը: «Կարմիր Սատանաների» ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը վնասել է թիմի բյուջեն: Իսկ Ժոզեի նշանակմամբ մարկետինգային ակտիվությունը մեծ գումարներ կբերի ակումբին: 

Նոր ֆուտբոլիստների հրավիրումը:

Այն, որ Ժոզեն Լուի վան Գաալից ավելի լավ կարող է գրավել համաշխարհային ֆուտբոլի աստղերի ուշադրությունը, կարծում եմ ոչ ոք կասկածի տակ չի առնի: Խոսքերիս ապացույցն են Զլատան Իբրահիմովիչի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև ընթացող բանակցությունները: Իսկ հաշվի առնելով նրանց միջև եղած փայլուն հարաբերությունները` այդ գործարքը կհասնի իր տրամաբանական ավարտին: Ու անկախ մամուլում եղած այն լուրերի, որ Զլատանը պահանջում է բավականին բարձր աշխատավարձ, այդ գործարքը ֆինանսական տեսանկյունից կարող է օգտակար լինել «ՄՅՈՒ»-ի համար: Շվեդ ֆուտբոլիստը կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, իսկ գովազդներից և մարզաշապիկների վաճառքից մեծ գումարներ կապահովի ակումբի համար: Եթե սրան էլ գումարենք Իբրահիմովիչի գերազանց մարզավիճակը` պատկերն ավելի ամբողջական կլինի: 
 Արդեն իսկ շրջանառվում են լուրեր, որ Ժոզեն փորձում է ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստների` ինչպիսիք են Պոլ Պոգբան, Անտուան Գրիզմանը, Ռաֆայել Վարանը: 


Խաղի դիտարժանությունը:

Լուի վան Գաալի օրոք «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցադրած խաղը զուրկ էր փայլից: Այն բացի գնդակին տիրելուց ոչ մի այլ բաղադրիչ չուներ: Իսկ Մոուրինյոն ունի իրեն յուրահատուկ խաղային մոդել, որը միշտ իրեն հաջողություն է բերել: Նույնիսկ այն դեպքում, երբ Մոուրինյոյի թիմերը գնդակը հանձնել են մրցակցին և անցել խուլ պաշտպանության, միևնույնն է կարողացել են մի քանի գերազանց հակագրոհներով գեղեցկացնել խաղը: Եվ հետո ֆուտբոլում պետք է գնահատել ոչ միայն հարձակումը, այլ նաև պաշտպանությունը: Իսկ Ժոզեի թիմերը միշտ էլ փայլել են ամուր և կանգուն պաշտպանությունով: 


Երիտասարդների հետ աշխատելու ունակությունը

Չգիտեմ թե ինչու, ձևավորվել է թյուր կարծիք, որ Ժոզե Մոուրինյոն չի կարողանում երիտասարդ տաղանդներ հայտնաբերել և համապատասխան կերպով աշխատել նրանց հետ: Այս թեման առանձին և մանրակրկիտ շոշափման կարիք ունի, որից հետո ես խոստանում եմ ձեզ ապացուցել, որ այդ պնդումը իրոք սխալ է: Հետևեք Ֆուտբոլ 365 կայքի լրահոսին, շատ շուտով կանդրադառնանք այդ թեմային: 

Եվ վերջապես հաղթողի հոգեբանությունը

Ժոզե Մոուրինյոն այն մարդն է, ով իր մեծ փորձով կարող է վարակել «Մանչեսթեր Յունայթեդում» հավաքված մեծ թվով անփորձ երիտասարդներին հաղթողի հոգեբանությամբ: 

Հ.Գ. Ժոզե Մոուրինյոն ժամանակին ասել էր. «Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու համար պետք լինի սպասել թեկուզ 20 տարի, ապա ես պատրաստ եմ»: Այսինքն` երազանքների իրականացում «Երազանքների Թատրոնում»:








Комментариев нет:

Отправить комментарий