понедельник, 9 мая 2016 г.

Նգոլո Կանտե. «Լեսթերի» խաղի հիմքն ու շարժիչ ուժը

 «Լեսթերի» սենսացիոն չեմպիոնությունը անհնար կլիներ առանց նրա: Նա ունի բոլոր որակները համարվելու աշխարհի լավագույն հենակետային կիսապաշտպանը:






Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքներով «Լեսթերի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը` զիջելով միայն իր թիմակիցներ Ռիհադ Մահրեզին և Ջեյմի Վարդիին: Անկախ այս քվեարկության արդյունքներից, Կանտեն համարվում է այս մրցաշրջանի լավագույն ձեռքբերումը: Նախորդ ամռանը  «Լեսթերը» 5,6 մլն ֆունտ էր ծախսել  Կանտեի տրանսֆերը  գնելու համար: Փորձենք վերլուծել Կանտեի գործողությունները վիճակագրության օգնությամբ:
 Ցանկացած թիմ լավը դառնալու համար պետք ունենա կայուն հիմք: «Լեսթերի» դեպքում այդ հիմքը հենց ֆրանսիացի 25-ամյա Նգոլո Կանտեն է: Շատերը կարող են առարկել ասելով, որ Կալուդիո Ռանիերիի թիմի խաղը հիմնված է Վարդիի և Մահրեզի անհատական գործողությունների վրա, սակայն չնկատել Կանտեի ահռելի մեծ ծավալի աշխատանքը խաղադաշտում` անարդար կլինի:







«Լեսթերի» սկաուտական ծառայության բաժնի ղեկավար Ստիվ Ուոլշը  Կալուդիո Ռանիերիի ակումբ գալու օրվանից փորձում էր համոզել իտալացի մասնագետին գնել ֆրանսիական «Կան» ակումբի կիսապաշտպան Նգոլո Կանտեին: Այս մասին խոստովանել է անձամբ Ռանիերին` նշելով, որ Ստիվ Ուոլշն ավելի շատ էր ցանկանում գնել Կանտեին, քան ինքը: 
 Ռանիերին վստահ չէր, որ Կանտեի փափկությունը կհամապատասխանի ֆիզիկապես պինդ անգլիական ֆուտբոլին: Բայց Ստիվ Ուոլշի հաստատակամությունը տվեց իր պտուղները: 5,6 մլն ֆունտ արժողությամբ գործարքը մնաց ստվերում` հաշվի առնելով անգլիական ակումբների խելահեղ չափերի հասնող ծախսերը, իսկ «Լեսթերի» նորեկը միանգամից գրավեց թիմի գլխավոր մարզչի ուշադրությունը:




«Երբ ես առաջին անգամ ժամանեցի մարզումային բազա և տեսա իմ ֆուտբոլիստների բարձր մակարդակը` հասկացա թե ինչքան լավը կարող են նրանք դառնալ: Այդ ֆրանսիացին` Կանտեն, այնպես արագ էր վազում, որ ինձ թվաց թե նրա կիսավարտիքների մեջ պահված է մի քանի մարտկոց: Նա մարզումների ժամանակ  երբեք չէր դադարում վազել: Մի անգամ ես ասեցի նրան,- հեյ Նգոլո, դանդաղի՛ր, պետք չէ անընդհատ վազել, իսկ նա պատասխանեց` եղավ բոսս, հասկացա: Անցավ 10 վարկյան և Կանտեն նորից սլանում էր ամբողջ խաղադաշտով: Այդ ժամանակ ես նրան ասացի. կգա մի օր, երբ դու եզրից փոխանցում կկատարես մրցակցի տուգանային հրապարակ և ինքդ էլ գլխի հարվածով  կեզրափակես այն»,- խոստովանում է Կլաուդիո Ռանիերին:


Արգելակել բառը խորթ է Նգոլո Կանտեի համար: Այս մրցաշրջանի 29 խաղերից 19-ում նա իր թիմակիցներից ավելի շատ է վազել: Բացի այդ, թիմում նա առաջին տեղն է զբաղեցնում նաև հաղթահարած տարածության և արագացումների առումով: Նմանատիպ աշխատասիրությունը անգնահատելի է մի թիմի համար, որը միջինը մեկ խաղում գնդակին տիրում է խաղային ժամանակի գրեթե 40 %-ի չափով: Իսկ Ռանիերին կարող է չնեղսրտել Կանտեի փոքրամարմին լինելու առումով, ընդհակառակը, Նգոլո Կանտեն բնության հրաշք է: Կիսապաշտպան`1.69 սմ հասակով, սովորաբար ամենացածրահասակ ֆուտբոլիստն է լինում խաղադաշտում, սակայն նրա խիզախությունը բարձրացնում է «Լեսթերի» մարտական ոգին:




Վիճակագրությունը ցույց է տալիս գնդակը վերադարձնելու նրա անհագ ցանկությունը: Կանտեն  բոլորից շատ է կասեցրել մրցակցի գրոհներն ու գնդակներ խլել: 

Կանտեի ներդրումը թիմի պաշտպանական գործողություններում առանցքային դեր ունի «Լեսթերի» համար` որի խաղը հիմնված է գնդակներ խլելու և արագ հակագրոհների վրա: Այստեղից հետևություն, որ առանց հանճար Կանտեի, Ջեյմի Վարդին ու Ռիհադ Մահրեզը պարզապես հնարավորություն չէին ունենա այդքան շատ գոլեր հեղինակելու:

Նգոլո Կանտեն նաև հիանալի ստեղծագործ է: Փոխանցումների ճշգրտությամբ, ֆրանսիացին «Լեսթերում» իրեն հավասարը չունի (81.3 %): Կիսապաշտպանության գծում իր խաղընկեր Դանի Դրինկուոտերը նախընտրում է խաղալ երկար փոխանցումներով` դեպի Վարդին և Մահրեզը, իսկ ահա Կանտեն սիրում է միայնակ առաջ տանել գնդակը: Հենց Կանտեի հաջող գործողություններից են ծնվել «Լեսթերի»  խփած գոլերի առյուծի բաժինը: Մի խոսքով Նգոլո Կանտեն խաղադաշտում անում է բացառապես ամեն ինչ, այդ իսկ պատճառով էլ խաղընկերներն իրեն պաշտում են:




Նգոլո Կանտեն դարձել է Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից մեկը և նույնիսկ հասցրել է նորամուտը նշել Ֆրանսիայի ազգային հավաքականում` դառնալով գոլի հեղինակ: Զարմանալի չէ, որ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը Կանտեին անվանել է այս մրցաշրջանի լավագույն խաղացող: 


Չի կարելի չգնահատել Վարդիի և Մահրեզի անհատական որակները, սակայն նրանք երկուսն էլ մրցաշրջանի ընթացքում երբեմն թերացան: Վարդին դեկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում 7 խաղ չէր կարողանում գոլի հեղինակ դառնալ, իսկ Մահրեզի մարզավիճակը վատացավ մրցաշրջանի երկրորդ հատվածում: Կանտեն ընդհակառակը` կայունության մարմնավորում է:

Այնպես որ, եթե «Լեսթերը» չկարողանա թիմում պահել Կանտեին, ինչը շատ հնարավոր է` հաշվի առնելով մի շարք գրանդ ակումբների հետաքրքրությունն, ապա հաջորդ մրցաշրջանում Կլաուդիո Ռանիերին կկանգնի փաստի առաջ:


                                                                                                                  Միհրան Ալեքսանյան





















Комментариев нет:

Отправить комментарий