вторник, 31 мая 2016 г.

Ինչու՞ պետք է հետևել «Copa América 2016»-ին:

Հունիսի 4-ին  կմեկնարկի Ամերիկայի Գավաթ 2016-ը: Հին աշխարհի հեղինակավոր ԵՎՐՈ 2016-ը անարդարացիորեն զրկել է ուշադրությունից Ամերիակայի Գավաթ 2016-ը: Բայց այս տարվա մրցաշարը շատ առումներով յուրահատուկ է: Փորձենք հասկանալ թե ինչո՞վ է  յուրահատուկ  «Copa América 2016»-ը և ինչու՞ պետք է դրան հետևել ոչ պակաս ուշադրությամբ` քան ԵՎՐՈ 2016-ին:







Հոբելյանական մրցաշար

Հարավային Ամերիկայի ուժեղագույն հավաքականների միջև առաջին խոշոր մրցաշարը տեղի է ունեցել 1916 թվականին և այս տարի լրանում է մրցաշարի 100-ամյակը: Վերջին տարիներին Ամերիկայի Գավաթի մրցաշարը` այնպես ինչպես ԵՎՐՈ-ն, անցկացվում է 4 տարին մեկ անգամ, սակայն այս տարի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ մրցաշարը խախտում է ավանդույթները: Վերջին Ամերիկայի Գավաթը տեղի է ունեցել նախորդ տարի Չիլիում, որտեղ էլ հաղթանակի հասան հենց չիլիացիները: Այս տարվա մրցաշարը ոչ թե խախտում է դրա ընթացակարգի հերթականությունն, այլ պարզապես փոքրիկ փոփոխություն կատարում: Հաջորդ Ամերիկայի Գավաթը տեղի կունենա 2019 թվականին (պահպանելով 4 տարին մեկ անցկացվող կարգը), իսկ 2017 թվականին Ռուսատանում կայանալիք Կոնֆեդերացիայի Գավաթին կմասնակցի ոչ թե այս, այլ նախորդ տարվա հաղթող հավաքականը` այսինքն Չիլին:

Բայց ֆուտբոլասերների համար դա այնքան էլ կարևոր չի, քանզի կա եզակի հնարավորություն, հետևելու հավաքականների մասշտաբով մեծ հետաքրքրություն վայելող ֆուտբոլային մրցաշարի:



Առաջին մրցաշարը, որն անցկացվում է Հարավային Ամերիկայի սահմաններից դուրս

Ամերիկայի Գավաթի խաղարկություններում միշտ մասնակցել են հարավամերիկյան հավաքականներ, սակայն վերջերս մրցաշարի կազմակերպիչները որոշել են հարևան` Հյուսիսային Ամերիկայից հավաքականներ հրավիրել:
 Հյուսիսային Ամերիկայում ֆուտբոլային գլխավոր մրցաշարը ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե Գավաթն է, իսկ Հարավային Ամերիկայում` Ամերիկայի Գավաթը: Բայց այս տարի` պատմության մեջ առաջին անգամ, այս մրցաշարը կկայանա Ամերիկա մայրցամաքի հյուսիսային հատվածում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Իսկ հավաքականններ ընդգրկված են Ամերիկայի և՛ հյուսիսից, և՛ հարավից:


Մեծ թվով ֆավորիտներ

Տնային պատերի գործոնն, ինչպես հայտնի է շատ կարևոր է յուրաքանչյուր հավաքականի համար, բայց այս տարի ոչ մի հարավամերիկյան հավաքական չունի այդ առավելությունն, ինչն էլ մրցաշարին յուրօրինակ մրցակցություն է հաղորդում:



Ամերիկայի Գավաթ մրցաշարը բոլորովին էլ Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներով չի սահմանափակվում, ինչպես կարող է թվալ շատերին: Որքան էլ որ, պարադոքսալ է հնչում. Լեո Մեսսին իր կարիերայի բազմաթիվ տիտղոսների մեջ չի կարող պարծենալ Ամերիկայի Գավաթով: Վերջին անգամ արգենտինացիներն այս մրցաշարում չեմպիոն են դարձել հեռավոր 1993 թվականին: Այնպես որ, Մեսսի-Ագուերո-Իգուային եռյակի և խաղընկերների մոտիվացիան անսահման է:

Բրազիլիայի հավաքականն արդեն երկու անգամ անընդմեջ ձախողում է մրցաշարը և այդ երկու անգամներն էլ «պենտակամպեոնների» ճանապարհին կանգնել են համեստ պարագվայցիները: Անկասկած բրազիլացիներն ևս ցանկանում են մեծ հաջողությունների հասնել, սակայն թիմի գլխավոր աստղի` Նեյմարի բացակայությունը, կարող է զգալի թուլացնել աշխարհի հնգակի չեմպիոններին: Ամեն դեպքում Բրազիլիայի հավաքականում հավաքված են մեծ թվով երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստներ, որոնք ևս ի վիճակի են արժանի մրցակցություն ցուցաբերել յուրաքանչյուրին:


Ներկայիս գավաթակիրը Չիլիի հավաքականն է և ինչու՞ նրանք չեն կարող կրկնել հաջողությունը: Թիմում հավաքված են այնպիսի աստղեր` ինչպիսիք են Ալեքսիս Սանչեսն ու Արտուրո Վիդալը: Հետաքրքիր կլինի նաև հետևել չիլիացիների նոր գլխավոր մարզիչ` Խուան Անտոնիոյի Պիցցիի աշխատանքին:

Ուրուգվայի հավաքականը վերջին անգամ հաղթել է այս մրցաշարում 2011 թվականին: Գերազանց մարզավիճակում է թիմի առաջատար Լուիս Սուարեսը, սակայն ուրուգվայցիների գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը մրցաշարի սկզբում չի կարող հույսը դնել Սուարեսի վրա, քանզի վերջինս ապաքինվում է վնասվածքից, բայց ընդգրկված է թիմի հայտացուցակում: Դե իսկ պաշտպանական զույգը` ի դեմս Գոդինի և Խիմենեսի, վստահություն է ներշնչում: Չենք մոռանում նաև Էդինսոն Կավանիի մասին, ով վերջապես պետք է փորձի ցուցադրել իր բարձր կարգը նաև հավաքականում:


Կոլումբիայի հավաքականը Կուադրադոյի, Խամեսի և Բակկայի հետ նույնպես կփորձի միջամտել մրցանակային տեղերի համար պայքարին:
 Պերուի հավաքականը վերջին երկու մրցաշարերում դարձել է բրոնզե մեդալակիր:  Էկվադորը, որը հիանալի է հանդես գալիս ԱԱ 2018-ի ընտրական փուլում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, ևս վտանգավոր մրցակից է:

Դե իհարկե այս մրցաշարին յուրահատուկ կերպով է մոտենում ընդունող երկրի` ԱՄՆ-ի հավաքականը: Յուրգեն Կլինսմանի թիմում հավաքվել են ինչպես փորձառու(Մայքլ Բրեդլի), այնպես էլ երիտասարդ (Քրիստիան Պուլիշիչ)  ֆուտբոլիստներ:


«Խելքը գլուխն է հավաքել» Մեքսիկայի հավաքականը: «Կանաչների» կազմում վերջին երկու մրցաշարերում տարօրինակ էքպերիմենտներ էին նկատվում` մեկ ճանապարհ էին բացում երիտասարդների համար, մեկ չէին հրավիրում Եվրոպայում հանդես եկող ֆուտբոլիստներին: Այս ամենն երկու դեպքում էլ ավարտվեց խայտառակությամբ` առանց հաղթանակների, ինչը հարիր չէ նման կարգի հավաքականին: Այս տարի մեքսիկացիների կազմը մոտ է լավագույնին, ինչն էլ նշանակում է, որ նրանք կփորձեն վերադառնալ իրենց երբեմնի մակարդակին:


Կոստա-Ռիկայի հավաքականը ՉԼ-ի եզրափակչից հետո զրկվեց իր գլխավոր աստղ` Կեյլոր Նավասից, սակայն այստեղ ևս կան ֆուտբոլիստներ, ովքեր կփորձեն բարձր պահել իրենց երկրի պատիվը: Նրանք են` Խոել Կեմպբելը, Օսկար Դուարտեն, Բրայան Օվիեդոն: Իսկ բոլորիս կողմից սիրելի դարձած «Լեսթերի» ավագ` Ուես Մորգանը, կփորձի հրաշքներ գործել բավականին համեստ Յամայկայի հավաքականի հետ:





Մի խոսքով Ամերիկայի Գավաթ 2016-ը` ինչպես երբեք հարուստ է ինտրիգներով, աստղային հավաքականներով և ֆուտբոլիստներով: Այս տարի ԱՄՆ-ում դիտարժան ֆուտբոլի պակաս չի լինի, այնպես որ, չկորցնեք այդ հնարավորությունը հետևելու այս մրցաշարին:



                                                                                    Միհրան Ալեքսանյան






















Комментариев нет:

Отправить комментарий