понедельник, 23 мая 2016 г.

Գավաթային եզրափակիչների ամփոփում

Մայիսի 21-ին և 22-ին տեղի ունեցան  եվրոպական առաջատար Թոփ 5 առաջնությունների գավաթային եզրափակիչները: Եվ ինչպես  սպասվում էր, բոլոր խաղերում հաղթանակի հասան ֆավորիտները: Անդրադառնանք այդ խաղերին ավելի մանրամասն:



Անգլիա ՖԱ Գավաթ, «Ուեմբլի» մարզադաշտ, «Քրիստալ Փելաս- Ման. Յունայթեդ» 1:2

Պատմության կրկնություն` այս դեպքում մասամբ:




Լուի վան Գաալը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճեց իր առաջին տիտղոսը: Հետաքրքիր զուգադիպություն. Լեգենդար Սըր Ալեքս Ֆերգյուսոնը նույնպես իր առաջին տիղոսը նվաճել է «Քրիստալ Փելասի» դեմ 1990 թվականին կայացած  Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղում հաղթանակ տոնելով: Բայց եթե շոտլանդացու դեպքում այդ հաղթանակը  օգնեց նրան պահպանել իր պաշտոնը (1990 թվականին Ֆերգյուսոնը կանգնած էր հեռացման շեմին), ապա հոլանդացու համար նույնն անել հնարավոր է չհաջողվի:
 Անկախ ամեն ինչից, Լուի վան Գաալի «փիլիսոփայությունը» այս անգամ տվեց իր արդյունքը: Թիմերը հանդիպման հիմնական ժամանակում փոխանակվեցին մեկական գնդակներով, որից հետո ավելացված 30 րոպեների ընթացքում «մանկունիացիները» մնալով 10  հոգով այնուամենայնիվ կարողացան  հաղթանակ կորզել`  Ջեսսի Լինգարդի գոլի շնորհիվ:

 Այս մրցաշարում «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին անգամ հաջողության հասել էր 12 տարի առաջ: Եվ հնարավոր է, որ վերջին երեք տարիների տապալված մրցաշրջաններից հետո, այս հաղթանակը կկարողանա վերակենդանացնել թիմին` բայց արդեն նոր գլխավոր մարզչի հետ: Ամեն դեպքում Լուի վան Գաալը մեծ աշխատանք կատարեց Մանչեսթերում այս երկու տարիների ընթացքում և  մեծ թվով տաղանդավոր երիտասարդների բացահայտեց: Այնպիսի ֆուտբոլիստներ` ինչպիսիք են Մարկուս Ռեշֆորդը, Ջեսսի Լինգարդը, կարող են դառնալ ոչ միայն «Ման. Յունայթեդի», այլ նաև Անգլիայի ազգային հավաքականի պայծառ ապագան:

Ինչ վերաբերում է «Քրիստալ Փելասին», ապա նրանք առանց այդ էլ «իրենց գլխից բարձր» էին ցատկել` հասնելով մինչև եզրափակիչ: Թիմի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն, (ով ֆուտբոլիստի կարգավիճակով «արծիվների» կազմում մասնակցել է վերոհիշյալ 1990 թվականի եզրափակչին), կարողացել է լավ թիմ հավաքել: Բայց խաղի ելքն արդարացի էր:


ԳԵրմանիայի գավաթ, Բեռլին, «Օլիմպիաշտադիոն», «Բավարիա» - «Բորուսիա Դ» 0:0 հետխաղյա 11 մ-ով` 4:3

Արցունքոտ հրաժեշտ` հաղթական ակորդով



Խոսեպ Գվարդիոլայի վերջին խաղը «Բավարիայի» ղեկին անցավ  գեղեցիկ և վտանգավոր պահերով լի, իսկ ավարտվեց արցունքոտ վերջաբանով: Գվարդիոլան Դուգլաս Կոստայի հաղթական 11մ-ից հետո չկարողացավ զսպել արցունքները: Բայց այս խաղում անկասկած մեզ ավելի շատ հետաքրքրում էր մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը: Եվ գիտեք հանդիպման ավարտից հետո շատ կարծիքներ հնչեցին, թե Հենրիխը չի կարողանում իրեն լավագույնս դրսևորել կարևոր խաղերում: Պարզապես ցանկանում եմ հիշեցնել այդպիսի կարծիք ունեցողներին, որ մրցաշրջանը մոտենում է ավարտին և ամբողջ մրցաշրջանում հանդես գալ բարձր մակարդակով երբեմն  չի հաջողվում նույնիսկ «այլմոլորակային» Լեո Մեսիին: Հենոն ակտիվ էր հանդիպման ընթացքում, երկու անգամ կարողացավ լրջորեն սպառնալ Մանուել Նոյերի դարպասին. պարզապես Տուխելի ընտրած հակագրոհների մարտավարության պատճառով, ամբողջ «Բորուսիան» իրեն նման չէր` չնայած  ստեղծած մի քանի վտանգավոր պահերի:



Իտալիայի Գավաթ, Հռոմ, «Ստադիո Օլիմպիկո», «Յուվենտուս» - «Միլան» 1:0 (լրացուցիչ ժամանակ) 




«Յուվենտուս» 2x2

Թուրինի «Յուվենտուսը» Ալվարո Մորատայի գոլի շնորհիվ հաղթեց այս խաղում և յուրօրինակ ռեկորդ սահմանեց` դառնալով իտալական առաջին ակումբը, որն երկու տարի անընդմեջ դառնում է առաջնության և գավաթի հաղթող: «Յուվենտուսի» մասին ամեն ինչ պարզ է, իսկ ահա «Միլանի» ապագան շարունակում է մնալ մշուշոտ: «Միլանն» այս խաղում հաղթելու ռեալ շանսեր ուներ: Նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Բրոկին կարող էր մրցաշրջանն ավարտել հաղթական նոտայով, սակայն...  Գավաթային եզրափակչում հաղթանակը, միակ ճանապարհն էր Եվրոպա Լիգայի հաջորդ մրցաշրջանում ընդգրկվելու համար, բայց միլանցիները դրանից էլ զրկվեցին:
Երկրորդ տարին անընդմեջ թիմը մնում է առանց  եվրագավաթների: Այնուամենայնիվ, «Միլանի» ներկայիս սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին  վերջնականապես  որոշել է վաճառել ակումբի բաժնետոմսերը չինացի գործարարներին: Բանակցություններն արդեն ընթացքի մեջ են և միգուցե նոր ներդրումների շնորհիվ թիմը կկարողանա վերելք ապրել:
 Այլապես անընդհատ մարզչական փոփոխություններն ու ազատ գործակալների հավաքագրումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:


Իսպանիայի Արքայական Գավաթ, Մադրիդ, «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտ, «Բարսելոնա» - «Սևիլիա» 2:0 (լրացուցիչ ժամանակ)



Գերլարված 120 րոպեներ Մադրիդում

Այս խաղում հաղթանակի հասնելու ավելի մեծ շանսեր ունեին «Սևիլիայի» ֆուտբոլիստները, բայց ինչպես երևում է հոգնածությունը խանգարեց, քանզի հինգ օրվա մեջ խաղալ երկու եզրափակիչ այդքան էլ հեշտ չէ: Միայն հոգնածությամբ կարելի է բացատրել այն, որ մի ամբողջ երկրորդ խաղակես խաղալով թվային առավելությամբ, Ունայ Էմերիի ֆուտբոլիստները չկարողացան հաջողության հասնել:
Ամեն դեպքում «Սևիլիայի» ղեկավարությունը կարող է գոհ լինել իսպանացի մասնագետի կատարած աշխատանքից:
Դե իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները գովասանքի արժանի կամք դրսևորեցին, չնայած Սուարեսի և Մասկերանոյի կորուստներին: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» մի փոքր կաշկանդված էր գործում, իսկ երկրորդում շեշտը դնելով հակագրոհների վրա, Լուիս Էնրիկեի ֆուտբոլիստները կարողացան քարմիր քարտ «վաստակել»` այս անգամ արդեն մրցակցի ֆուտբիստի համար:  Կարելի է խոսել մրցավարական սխալների մասին, բայց կարծում եմ, որ արդեն շատերն են հասկացել. մրցավարական սխալները խաղի մի մասն են կազմում: Լարված 90 րոպեներից հետո` երբ թիմերը ֆուտբոլիստների թվով հավասարվեցին, «Բարսան» նորից  տիրեց նախաձեռնությանը: Ալբայի և Նեյմարի խփած գոլերին, «Սևիլիայի» ֆուտբոլիստները չկարողացան պատասխանել նույնիսկ վտանգավոր պահերով:
 Արդյունքում «Բարսելոնան» նվաճեց պատմության 28-րդ Արքայական գավաթը:





Ֆրանսիայի Գավաթ, Փարիզ, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ, « Օլիմպիկ Մարսել» - «ՊՍԺ» 2:4


Զլատան Իբրահիմովիչի բենեֆիսը




Եվրոպական Թոփ 5 երկրների միակ գավաթային եզրափակիչը, որտեղ հաղթողը որոշվեց հանդիպման հիմնական ժամանակում: Այլ կերպ չէր էլ կարող լիներ, քանզի այս խաղին մասնակցում էր անձամբ Զլատան Իբրահիմովիչը: Իսկ եթե ավելի լուրջ, ապա «ՊՍԺ»-ն ինչպես միշտ առանց մեծ դժվարության կարողացավ հաղթանակ տոնել, իսկ օրվա հերոսը դարձավ նույն Զլատան Իբրահիմովիչը` իր հրաժեշտի խաղում դառնալով դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

 Մարսելի «Օլիմպիկը» փորձեց տապալված մրցաշրջանի ավարտին պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից` սակայն ապարդյուն: Ակումբում մեծ խառնաշփոթ է կապված թիմի ղեկավարների հետ: Ամբողջ Մարսելը բոյկոտում է, իսկ այս խաղից հետո բոլորի համբերության բաժակը լցվեց: Թիմի միակ լուսավոր կետը բելգիացի երիտասարդ հարձակվող Միշի Բաչուային է, ով իդեպ այս խաղում  կարողացավ աչքի ընկնել խփած գոլով:




 ՎԵՐՋԱԲԱՆ


Եվրոպական ակումբային մրցաշրջանն ավարտվեց: Կարծում եմ վերջաբանը լավ ստացվեց, չնայած լի էր հրաժեշտի պահերով: Լուի վան Գաալ, Զլատան Իբրահիմովիչ, Պեպ Գվարդիոլա, Ալվարո Մորատա, նրանք այն մարդիկ են, որոնց համար այս խաղերը դարձան վերջինը իրենց ակումբներում: Տեսնենք թե ուր կտանեն նրանց ճաննապարհները: 


                                                                                 Միհրան Ալեքսանյան




Комментариев нет:

Отправить комментарий