понедельник, 1 февраля 2016 г.

Միլանյան դերբի. Մանչինին ընդդեմ Միխայլովիչի



«Միլան» - «Ինտեր». Միլանյան դերբի կամ ինչպես Իտալիայում են անվանում` դերբի դելլա Մադոնինա: Երկու թիմերի մրցակցություն, որը գրեթե միշտ համարվել է ֆուտբոլային մեծագույն իրադարձություն: Սակայն վերջին տարիներին միլանյան երկու ակումբներն էլ գտնվում են խաղային ճգնաժամի մեջ: Վերջին 65 տարվա մեջ առաջին անգամն է, որ և՛ «Միլանը», և՛ «Ինտերը» միաժամանակ դուրս են մնացել եվրոգավաթներից: Դա էլ այն դեպքում, երբ այս տարի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կայանալու է հենց Միլանում: Ինչևէ, անդրադառնանք Իտալիայի Ա Սերիայի 2015-16 թթ մրցաշրջանի 22-րդ տուրի շրջանակում կայացած «Միլան» - «Ինտեր» հանդիպմանը: «Միլանը» այս խաղից առաջ վաստակած 33 միավորով  5-ից 6-րդ հորիզոնականները կիսում էր «Սասուոլոյի» հետ, իսկ «Ինտերը»` 41 միավորով 4-րդ տեղում էր: Սինիշա Միխայլովիչի սաները խոշոր` 3:0 հաշվով հաղթանակ տոնեցին «Ինտերի» նկատմամբ և ամրապնդվեցին 5-րդ հորիզոնականում: Քննարկենք այս խաղի հետ կապված մի քանի առանցքային դրվագ:

ՄԻԼԱՆՅԱՆ ԴԵՐԲԻԻ  «ՈՐԱԿԸ»

Միլանյան դերբին միշտ էլ փայլել է իր դիտարժանությամբ և երկու թիմերում հանդես եկող վառ անհատականությունների անկրկնելիությամբ: Բայց կրկնում եմ, վերջին տարիներին այս մրցակցությունը զրկվել է իր փայլից: Այս մրցաշրջանի խաղում «Միլանի» ավագն էր Ռիկարդո Մոնտոլիվոն, իսկ «Ինտերինը»` Ժուան Ժեզուսը: Պատկերացրեք, թե ի՞նչ մակարդակի է հասել իտալական ֆուտբոլը, որ երկրի կարևոր ֆուտբոլային ներկայացման գլխավոր անձանցից մեկը համարվում է Ժուան Ժեզուսը: Խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք, ես անձամբ Ժեզուսի դեմ ոչինչ չունեմ, նա այս խաղում ևս ապացուցեց իր նվիրումն ու աշխատասիրությունը: Բայց խոստովանեք, որ այս մրցակցությունը հրաշալի էր, երբ «Միլանում» ավագի դերում էր լեգենդար Պաոլո Մալդինին, իսկ «Ինտերում» մեկ այլ լեգենդ Խավիեր Զանետին: 



Այդ ժամանակ, երբ այս երկու ֆուտբոլիստները հանդիպումից առաջ մրցավարի հետ վիճակահանություն էին անցկացնում, ցավոք դա ավելի դիտարժան էր քան վերջին տարիների միլանյան դերբիների ընթացքում խաղադաշտում տիրող իրադարձությունները: Ամեն դեպքում, այս վերջին հանդիպումը հույս է ներշնչում, որ երբեմնի ֆուտբոլային փառքը վերադառնում է Միլան: 



ՄԱՆՉԻՆԻԻ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԸ 

Ռոբերտո Մանչինին անկասկած համարվում է իտալական մարզչական «արտադրության» վառ ներկայացուցիչներից մեկը: Նա լինելով թե՛ ֆուտբոլիստ, թե՛ մարզիչ, հասել է բավականին նշանակալի բարձունքների, բայց այն ինչ արեց իտալացի մասնագետն այս խաղում, մեկ բառով կարելի է անվանել անփութություն:  





Նախ անդրադառնանք մեկնարկային կազմին: «Ինտերի» հարձակման քառյակը ուներ հետևյալ տեսքը` Լյայիչ, Պերիշիչ, Յովետիչ և Էդեր: Վերջինս «Ինտեր» է տեղափոխվել ընդամենը մի քանի օր առաջ` «Սամպդորիայից»:  Ինչպես հասկացաք թիմի մեկնարկային կազմից բացակայում էր արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին: Ամենազարմանալին այն է, որ Իկարդին հենց Ռոբերտո Մանչինիի ընտրած ավագն է և այս խաղից առաջ հաղորդվում էր, որ Իկարդին լիովին առողջ է: Բայց Մանչինին չգիտես թե ինչու որոշեց իր իսկ կողմից ընտրված ավագին թողնել պահեստայինների նստարանին և նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերեց թիմի նորեկ Էդերին: Էդերը բացառությամբ մեկ-երկու դրվագների, ուրիշ ոչնչով աչքի չընկավ, և բնականաբար չարդարացրեց Մանչինիի հույսերը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Միլանը»   բրազիլացի պաշտպան Ալեքսի գոլի շնորհիվ առաջ անցավ: Թվում էր, որ Մանչինին կփորձի շտկել իր սխալն ու երկրորդ խաղակեսի հենց սկզբից խաղադաշտ դուրս կբերի Իկարդիին, բայց...
Մաուրո Իկարդին խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 64-րդ րոպեին, ընդորում Յովետիչի փոխարեն: Էդերը շարունակեց հանդիպումը ու նորից ոչնչով աչքի չընկավ:





«Ինտերը» հանդիպման 70-րդ րոպեին 11 մ հարվածի իրավունք ստացավ և գնդակին մոտեցավ թիմի հաստիքային 11 մ իրացնող Մաուրո Իկարդին: Եվ երևի թե լինելով ոչ այնքան լավ հոգեբանական վիճակում և զգալով 80 հազար հանդիսականների կողմից ազդող ճնշումը, երիտասարդ արգենտինացին վրիպեց` հարվածելով դարպասաձողին: Դրանից հետո գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` չես խփում դու, խփում են քեզ: Ու այս դեպքում խփում են ոչ թե մեկ, այլ երկու անգամ: Ընդամենը 4 րոպեի ընթացքում Սինիշա Միխայլովիչի թիմը  երկու գնդակ ուղարկեց «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչի դարպասը: Այսքանից հետո պետք է նշել միայն այն, որ Մանչինին կատարեց երկու փոփոխություն.  եզրային հարձակվող Պերիշիչի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ քանդող հենակետային Ֆելիպե Մելոն, իսկ Ադեմ Լյայիչի փոխարեն` եզրային պաշտպան Ալեքս Տելեսը:

Ամփոփելով «Ինտերի» ելույթները այս խաղում, պետք է նշել, որ թիմը խայտառակ պարտություն կրեց, որի մեջ պետք է մեղադրի միմիայն իրեն, այլ ոչ թե խաղի եզրային մրցավարներին, ինչպես դա արեց թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:
Բացի այդ, «Ինտերի» խաղային գլխավոր խնդիրներից մեկն էլ կրեատիվ կենտրոնական կիսապաշտպանի բացակայությունն է: Դաշտի կենտրոնում խաղում են Գարի Մեդել, Ֆելիպե Մելո, Մարցելո Բրոզովիչ: Սրանք այն ֆուտբոլիստներն են, ովքեր միշտ կենտրոնանում են մրցակցի գրոհները կասեցնելու վրա, իսկ սեփական թիմի գրոհները կազմակերպելու գործում ոչ մի դրական ազդեցություն չեն ունենում:



 «Ինտերի» ամենագլխավոր հիասթափությունը կենտրոնական կիսապաշտպանի դիրքում հանդես եկող ֆրանսիացի Ժոֆրեյ Կոնդոգբիան է, ով այս ամռանը ավելի քան 30 մլն եվրոյով ֆրանսիական «Մոնակոյից» տեղափոխվեց «Ինտեր»: Անցել է արդեն կես տարի, բայց Կոնդոգբիան նույնիսկ չի համարվում մեկնարկային կազմի խաղացող:



Եզրափակելով «Ինտերի» թեման, ցանկանում եմ նշել, որ Մանչինիի թիմին անհրաժեշտ է առաջնորդ: Մեկը, ով կկարողանա իր հետևից  տանել խաղընկերներին: Իտալացի մասնագետը ուզում է այդ դերում տեսնել Մաուրո Իկարդիին, սակայն  նմանատիպ հիասթափություններից հետո ֆուտբոլիստը  հնարավոր է չդիմանա այսպիսի ճնշմանը:




ՄԻԽԱՅԼՈՎԻՉԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ


Ի տարբերություն, Մանչինիի, «Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը «խելքը գլուխն է հավաքել» և փորձում է հաստատուն քայլերով առաջ շարժվել: Վերջին խաղերում «Միլանում» ձևավորվել է հստակ մեկնարկային կազմ` ընդամենը մեկ-երկու հավանական փոփոխություններով: Պաշտպանությունում երիտասարդ Ռոմանյոլիի կողքին կանգնած է փորձառու բրազիլացի Ալեքսը, ով պատրաստ է ցանկացած պահի ապահովագրել իր երիտասարդ և անփորձ խաղընկերոջը: Նույն իրավիճակն է նաև կիսապաշտպանությունում, որտեղ հաջողությամբ հանդես են գալիս թիմի ավագ Ռիկարդո Մոնտոլիվոն և Կուցկա-Բերտոլաչի զույգից որևէ մեկը: Եզրերում թիմի շարժիչ ուժը` Ջակոմո Բոնավենտուրան, և Կեյսուկե Հոնդան: Իսկ  հարձակման զույգը
կազմում են Բակկան և Նիանգը, ովքեր այս խաղում ևս ապացուցեցին իրենց բարձր կարգը` դառնալով մեկական գոլի հեղինակ:





Այս ամենին էլ եթե հավելենք Միխայլովիչի «հայտնաբերած» դպրոցական տաղանդին` 16-ամյա դարպասպահ Ջանլուիջի Դոննարումային, ապա պատկերն ավելի ամբողջական կլինի: Փաստացի սերբ մարզիչը, դերբի դելլա Մադոնինայում հաղթանակ տոնելով, ստացավ այն քարտ-բլանշը` որին այդքան ձգտում էին «Միլանի» վերջին մի քանի մարզիչները: 


Հ.Գ. Այս պահի դրությամբ «Ինտերը» մրցաշարային աղյուսակում բարձր է «Միլանից», սակայն ես վստահ եմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրում: Սինիշա Միխայլովիչը վերջապես հնարավորություն է ստացել իրացնելու իր ողջ պոտենցիալը, և այս անգամ նա իրեն ընձեռնված հնարավորությունը լավագույնս կօգտագործի: Իսկ այսօրվա «Միլանի» համար մրցաշրջանի արդյունքներով, Չեմպիոնների Լիգայի  նույնիսկ որակավորման փուլի ուղեգիր ձեռք բերելը մեծագույն նվաճում կլինի:



                                                                                            Միհրան Ալեքսանյան



Комментариев нет:

Отправить комментарий