четверг, 4 февраля 2016 г.

Գարի Նևիլ. Կայացած փորձագետից մինչև ձախողված մարզիչ




«Բարսելոնայից» կրած 7:0 հաշվով պարտությունը դեռևս երկար կմնա «Վալենսիայի» երկրպագուների և գլխավոր մարզիչ Գարի Նևիլի հիշողություններում: Այն ինչ տեղի ունեցավ Նևիլի և իր թիմի հետ, իմ կարծիքով միանգամայն կանխատեսելի էր: Ընդհանրապես Նևիլի նշանակումը շատ տարօրինակ որոշում էր, իսկ ամենազավեշտալին այն էր, որ ակումբի սեփականատեր Պիտեր Լիմը Գարի Նևիլի նշանակումը մեկնաբանել էր հետևյալ կերպ:





«Ես Գարիին ընտրել եմ ոչ թե նրա համար, որ նա իմ ընկերն է, այլ որ նա լավ մարզիչ է»: 

Գիտեք կա՛մ Պիտեր Լիմը այս մոլորակից չէ, կա՛մ նրան իսկապես չի հետաքրքրում ակումբի ճակատագիրը` ֆուտբոլային առումով: Իսկ ահա ֆինանսական կողմն հաշվի առնելով, սինգապուրցի միլիարդատիրոջը այս բիզնես-ծրագիրն անկասկած կարող է շահագրգռել: Ինչևէ, անդրադառնանք ֆուտբոլին: Այն, որ պորտուգալացի «սուպեր» գործակալ Ժորժե Մենդեշը «Վալենսիան» դարձրել էր իր եկամտի հիմնական աղբյուրը, դա ոչ մեկի համար գաղտնիք չէր, սակայն պնդել, որ Մենդեշի թեթև ձեռքով թիմ հրավիրված ֆուտբոլիստներն ընդհանրապես ոչ մի բանի պետք չեն, միանգամայն սխալ կլինի: Գարի Նևիլը, «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուից ֆուտբոլիստների առումով լավ  «ժառանգություն» էր ստացել: Այստեղ հարցն այն էր, որ արդյո՞ք բրիտանական հեռուստատեսությունում գրաֆիկական վերլուծություններ կատարող երբեմնի ֆուտբոլիստը կկարողանա ճիշտ օգտագործել իր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներին: 




Լա Լիգայի այս մրցաշրջանում Գարի Նևիլի «Վալենսիան» անցկացրած 8 հանդիպումներից 3-ում պարտվել է, իսկ 5-ում ոչ-ոքի խաղացել: 

Չեմպիոնների Լիգայի վերջին տուրում` հենց Նևիլի առաջին խաղում, թիմը պարտվեց «Լիոնին» և նույնիսկ դուրս չեկավ խմբից: 

Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկությունում թիմը համեմատած ավելի հաջող է հանդես եկել: 4 հաղթանակ, 1 ոչ ոքի և .... Եվ մեկ պարտություն «Բարսենոլայից»` այն էլ խայտառակ 7:0 հաշվով: 



Թե ինչի համար Գարի Նևիլը հրաժարվեց «Sky Sports»-ի առաջարկած 5 տարվա պայմանագրից` տարեկան 3 մլն ֆունտ աշխատավարձով, դժվար է կռահել, սակայն այն ինչ կատարվում է հիմա «Վալենսիայի» հետ ունի մեկ իրական բացատրություն: Միայն ֆուտբոլային վերլուծաբան լինելով և մի որոշ ժամանակ Ռոյ Հոջսոնին օգնելով, հնարավոր չէ կառավարել այնպիսի հզոր ու մեծագույն ակումբ, ինչպիսին «Վալենսիան» է: Եվ այստեղ հարցը բոլորովին էլ ակումբի ճգնաժամային վիճակը չէ:  Եկեք մի փոքր վերլուծենք «Վալենսիայի» վերջին խաղը: 


Թիմի մեկնարկային կազմում տեղ են գտել միանգամից 6 պաշտպաններ, որոնցից 4-ը եզրայիններ: Այսինքն երկու եզրային պաշտպաններ հանդես էին գալիս կիսապաշտպանությունում: Նրանք էին` Գիլյերմե Սիկեյրան և Ժոաու Կանսելուն: Իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում բացակայում էր Ալվարո Նեգրեդոն, ով վերջին խաղում հենց Գարի Նևիլի որոշմամբ կրում էր ավագի թևկապը: Բացի Նեգրեդոյից, պահեստայինների նստարանին էին մնացել Սոֆիան Ֆեղուլին և թիմի նորեկ Դենիս Չերիշևը: Հավելեմ ևս մեկ կարևոր հանգամանք: «Վալենսիան» այս խաղից առաջ հանդիպում էր անցկացրել 4 օր առաջ: Բավականին ժամանակ կար վերականգնվելու համար: Եվ երբ այսքանից հետո քո թիմը պարտվում է 7:0 հաշվով` մեկնարկային կազմում ունենալով 6 պաշտպանների, պարզ է դառնում, որ մարզիչը իր գործից մեղմ ասած գլուխ չի հանում: 

Այս անփառունակ պարտությունից հետո համացանցում մի նկար տարածվեց, որտեղ մեջբերված էր Գարի Նևիլի խոսքերը, երբ նա նախորդ տարվա ապրիլին հնչեցրել էր «Sky Sports»-ի եթերում: 


«Դուք տեսնում եք թիմեր, որոնք ժամանում են «Կամպ Նոու» մարզադաշտ և նրանց ջախջախում են 5,6, 7:0 հաշվով: «Բարսելոնան» շատ լավ թիմ է, բայց եթե ես կապ ունենայի այնպիսի ակումբի հետ, որին ջախջախում են 7:0 հաշվով, ապա ես այլևս չէի կարողանա նայել իմ ընտանիքի անդամների աչքերին»

Երևում է Անգլիայում Գարի Նևիլին չեն սովորեցրել հայտնի ասացվածքը «Կյանքը աստիճան է` մի օր վերևում ես, մի օր ներքևում»: 


                                                                              Միհրան Ալեքսանյան

Комментариев нет:

Отправить комментарий