пятница, 26 февраля 2016 г.

Ինչ ավարտ կունենա «Լեսթերի» հեքիաթը

Ի՞նչը կարող է օգնել «Լեսթերին» դառնալու չեմպիոն




«Լեսթերի» խաղային օրացույցը մնացած 12  տուրերում ավելի բարենպաստ է թվում, քան իր մրցակիցներինը, քանզի Կլաուդիո Ռանիերիի թիմը 12 խաղերից 7-ն անցկացնելու է սեփական հարկի տակ:

«Լեսթերն» արդեն երկուական անգամ խաղացել է «Տոտենհեմի», «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մնացած մրցակիցներից միայն «Սաութհեմփթոնն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» են կարողացել միավորներ խլել «աղվեսներից»:





Ամենաբարդ հանդիպումները վերջին երեքն են` 36-րդ տուրում արտագնա հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, հետո տնային խաղ «Էվերթոնի» դեմ և վերջին տուրում ծանրագույն արտագնա խաղ` «Ստեմֆորդ Բրիջում»: Բայց այդ պահին «Լեսթերը» կարող է զգալի առավելություն ունենալ մրցակիցների նկատմամբ:
Այս և այն հանգամանքը, որ «Լեսթերը» չի մասնակցում գավաթային կամ եվրոգավաթային խաղերի, կարող է օգնել «աղվեսներին» հասնելու այդ բաղձալի չեմպիոնությանը:

Չնայած «Արսենալից» կրած պարտությանը «Լեսթերը» պահպանում է առաջատարի դիրքը` 2 միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականը կիսող լոնդոնյան թիմերին («Տոտենհեմին» և «Արսենալին»):

Պատմությունը ևս «օրհնում» է «Լեսթերին»: 23 թիմերից միայն 7-ն են, որ մրցաշրջանի այս հատվածում գլխավորել են մրցաշարային աղյուսակը և չեն դարձել չեմպիոն:


Ընդհանրապես «Լեսթերի» ամենաուժեղ գիծը հարձակումն է, որն էլ դարձնում է թիմին չեմպիոնության գլխավոր հավակնորդ: Պրեմիեր Լիգայի 20 թիմերից և ոչ մեկը չի խփել ավելի շատ գոլ, քան «Լեսթերը» (47): Ջեյմի Վարդին (19 գոլ)  և Ռիհադ Մահրեզն (14 գոլ) ամենավտանգավորն են մրցակիցների համար:




«Լեսթերը» խնդիրներ ուներ պաշտպանության գծում, բայց 2016 թվականից սկսած նրանք բարելավել են իրենց խաղն այս դիրքում: Վերջին 7 խաղում Կլաուդիո Ռանիերիի թիմը բաց է թողել ընդամենը 4 գոլ:




Վնասվածքների բացակայությամբ Ռանիերիին հաջողվել է ստեղծել մի թիմ, որը գործում է ինչպես միասնական օրգանիզմ: Այս մրցաշրջանում իտալացի մասնագետը ընդամենը 21 փոփոխություններ է կատարել մեկնարկային կազմում, որը 13-ով ավելի քիչ է, քան մոտակա հետապնդողի մոտ: Եթե ամեն ինչ այսպես ընթանա և Մահրեզն ու Վարդին կարողանան զերծ մնալ վնասվածքներից, ապա ամենայն հավանականությամբ մրցաշրջանի արդյունքով հենց  «Լեսթերն»  էլ կնվաճի չեմպիոնական գավաթը` ակումբի պատմության մեջ առաջին անգամ:

Ի՞նչը կարող է խանգարել «Լեսթերին»

Թեկուզ 23 թիմերից 16-ը 26 տուրերից հետո գլխավորելով  մրցաշարային աղյուսակը դարձել են չեմպիոն, բացառությունները թույլ են տալիս զուգահեռներ անցկացնել «Լեսթերի» հետ:

Այն 7 թիմերից, որոնք ձեռքից բաց են թողել չեմպիոնությունը կարելի է առանձնացնել  1992-1993թթ «Նորվիչին» և 1995-1996 թթ «Նյուքասլին»: Ինչպես «Լեսթերը», այնպես էլ Մայկ Ուոլկերի և Քևին Կիգանի թիմերը, ձեռնոց էին նետել թոփ ակումբներին և մրցաշրջանի այս հատվածում գլխավորելով մրցաշարային աղյուսակը վերջնական արդյունքներով ձեռքից բաց թողեցին չեմպիոնությունը` ընդորում երկու դեպքում էլ «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս տարի «Լեսթերի» գլխավոր մրցակիցներն են «Արսենալը», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Սիթին», որոնք ատամները սրած սպասում են «Լեսթերի» սայթաքելուն:

Բախտի գործոնը

Ինչպես վերևում նշեցի Կլաուդիո Ռանիերին այս մրցաշրջանում օգտագործել է ավելի քիչ ֆուտբոլիստների, քան մրցակիցներից որևէ մեկը: «Լեսթերի» գլխավոր մարզչի բախտն իսկապես բերել է, որ իր թիմի առաջատարներից ո՛չ Վարդին, ո՛չ Մահրեզը, ո՛չ էլ Օլբրայտոնն ու Կանտեն, վնասվածքների պատճառով ստիպված չեն եղել երկար ժամանակով բացակայել:




Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լեսթերին» ավելի քիչ հանդիպումներ է մնացել անցկացնելու` քան իր մրցակիցներին, ապա առաջատարների վնասվածք ստանալու հավանականությունը ևս նվազում է:


Դե իսկ եթե հաջողությունը երես թեքի իտալացի մասնագետից և թիմի առաջատարները վնասվածքներ ստանան, ապա Ռանիերին  մեծ խնդիրների առաջ կկանգնի:


Ի հեճուկս կանխատեսման և վիճակագրության 

«Լեսթերն» այս մրցաշրջանում գերազանցում է բոլոր սպասելիքներն ու կանխատեսումները:



Սպասվող գոլեր. ցուցանիշ, որը ցույց է տալիս թե քանի՞ գոլ կարող է խփել թիմը: Այս վիճակագրությունը  հիմնված է խաղի ընթացքում ստեղծված գոլային պահերի քանակի և որակի վրա: Սա թույլ է տալիս գնահատել թիմի խաղն ու հասկանալ թե՞ ինչ կարելի է սպասել թիմից հետագայում:

Եթե հաշվի առնենք վիճակագրությունն, ապա «Լեսթերը» գերակատարում է իր առաջադրանքը:   «Լեսթերը» խփում է ավելի շատ և բաց թողնում ավելի քիչ գոլեր, քան կանխատեսվում էր` հաշվի առնելով թիմի ընդհանուր մակարդակը: Եթե համեմատենք մրցակիցների հետ, ապա «Լեսթերն» ամենաշատն է շեղվում նախնական գրաֆիկից:
Ըստ հավասարակշռության կանոնների, իրավիճակը կարող է գլխիվայր շրջվել, որի արդյունքում էլ «Լեսթերը» մնացած 12 տուրերում միավորներ կկորցնի:Բայց, Կլաուդիո Ռանիերիի թիմը անտեսում է ցանկացած վիճակագրություն և կանխատեսում:

 Կհաջողվի արդյո՞ք «Լեսթերին» մնացած 12 տուրերում պահպանել դիրքերը և պատմություն կերտել` դառնալով Պրեմիեր Լիգայի չեմպիոն:


                                                                                                    Միհրան Ալեքսանյան
                                                     












Комментариев нет:

Отправить комментарий