вторник, 9 февраля 2016 г.

Կդառնա՞ «Լեսթերը» Անգլիայի չեմպիոն. մեկնաբանում են փորձագետները



«Լեսթերի» հիասքանչ հաղթանակը` չեմպիոնության գլխավոր թեկնածուներից մեկը համարվող «Մանչեսթեր Սիթիի» դեմ, օգնեց «աղվեսներին» ամրապնդվել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում` գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին» 5 միավորով: Առաջնության ավարտին մնացել է 13 տուր, իսկ «Լեսթերի» չեմպիոն դառնալու շանսերը գնալով մեծանում են:

«Sky Sports»-ը մեկ նյութում հավաքել է մարզիչների, փորձագետների և լրագրողների կարծիքներն այս հարցի շուրջ: Եվ այսպես, կարող է արդյո՞ք «Լեսթերը» դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն:


Թիերի Անրի, Sky Sports



«Իմ կարծիքով այս պահի դրությամբ «Լեսթերը» հենց այն թիմն է, որը կարող է չեմպիոն դառնալ: Նրանք ոչ միայն ապացուցեցին, որ կարող են հաղթել, այլ նաև կարողացան հաղթահարել իրենց վրա ազդող մեծ ճնշումը: Նրանք գտնվում են առաջին հորիզոնականում, հյուրընկալվում են «Մանչեսթեր Սիթիին» և հաղթում  3:1 հաշվով` ընդորում առանց դժվարության: Նրանք զգոնություն են պահպանում և ցուցադրում չեմպիոն դառնալու անհագ ցանկություն»:



Կլաուդիո Ռանիերի, «Լեսթերի» գլխավոր մարզիչ





Մի շարք բուքմեյքերական ընկերություններ հավատում են, որ «Լեսթերը» չեմպիոն դառնալու գլխավոր հավակնորդն է: Թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հետևյալ կերպ է մեկնաբանել այս նորությունը:

«Ես չեմ հավատում բուքմեյքերներին: Մրցաշրջանի սկզբում բուքմեյքերներն ասում էին. «Հեռացրեք Ռանիերիին»: Ես հույս ունեմ, որ գոնե մեկ անգամ նրանք ճիշտ կգտնվեն»:

Ջեյմի Ռեդնափ, Sky Sports

«Կարո՞ղ է «Լեսթերը» դառնալ չեմպիոն: Ընդհանրապես ես հրաշքների չեմ հավատում, բայց տեսնելով այն ինչ անում է «Լեսթերը», սկսում եմ հավատալ: Նրանք հանդես չեն գալիս Եվրոպա լիգայում, դուրս են մնացել Անգլիայի Գավաթի խաղարկությունից, իսկ դա նշանակում է, որ թիմը խաղալու է շաբաթվա մեջ 1 անգամ: Հնարավոր է, որ Ռանիերիի համար սա իսկական երջանկություն է: Նա կարող է առանց անհանգստանալու մարզել իր ֆուտբոլիստներին: «Լեսթերն» ունի ամեն ինչ առաջնությունը հաղթելու համար, իսկ ձախողվելու հավանականությունը  շատ քիչ է»


Ալան Սմիթ, Sky Sports



«Ճիշտ կլինի նրանց ֆավորիտ համարել: Հիանալի կերպով հաղթում ես «Լիվերպուլին», մի քանի օր անց ուղևորվում «Էթիհադ» և հաղթահարում չեմպիոնության նախկին ֆավորիտի արգելքը: «Լեսթերը» քարը քարի վրա չթողեց «Մանչեսթեր Սիթիից» »



Մանուել Պելեգրինի, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ

«Եթե «Լեսթերը» շարունակի այսպես խաղալ, ապա ես կարծում եմ, որ նրանք կհամարվեն չեմպիոնության գլխավոր ֆավորիտը: Առջևում դեռևս 13 հանդիպում կա և հնարավոր չէ գուշակել թե ի՞նչ կլինի հետագայում»:



Գրեմ Սունես, Sky Sports



«Ես, ինչպես և բոլորը, ապշած եմ: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպասվում էր, որ «Լեսթերը» կնահանջի, քանի որ չունի պահեստայինների երկար նստարան, բացի այդ նրանց մրցակիցներն ավելի շատ են լինում գնդակով, իսկ դա նշանակում է, որ այն վերադարձնելու համար պետք է շատ էներգիա ծախսել: Ինչպես և մյուսները ես ցնծված եմ: Անցած տարի ես նրանց մասնակցությամբ վատ հանդիպում չեմ տեսել, իսկ այս տարի նրանց հաջողվում է ոչ-ոքիներն ու պարտությունները վերածել հաղթանակի: Արդար խաղ է»:



Գարի Մոնկ, «Սուոնսիի» նախկին գլխավոր մարզիչ




«Սա անհավանական պատմություն է, որը հիանալի է Անգլիայի առաջնության համար: Բացի դրանից նրանք այս ամենին արժանի են: Հարցը բախտի գործոնը չէ, «Լեսթերը» յուրաքանչյուր խաղ հաղթել է արժանիորեն: Մինչ այժմ թիմը պարտվել է ընդամենը 2 անգամ: «Լեսթերի» ցուցադրած խաղից պարզ երևում է, որ նրանք գիտեն թե ինչ դեր պետք է կատարեն: Ամեն ինչ անում են կազմակերպված և չեն փորձում ավելորդ ինչ-որ բան հորինել: Ցուցադրում են այն, ինչ կարողանում են և ինչպես երևում է դա արդյունք է տալիս: Շատ հնարավոր է, որ շարունակվի «Լեսթերի» հաղթական շարքը, որը թույլ կտա պահպանել այն առավելությունը, որն հիմա ունեն մրցակիցներից: Այդ առավելությունը վստահություն է հաղորդում թիմին: Մնացած թիմերից սպասում են հաղթանակներ, հաջողություններ, իսկ «Լեսթերը» խաղում է առանց վախի, չէ որ նրանք արդեն միավորների զգալի առավելություն ունեն մրցակիցների նկատմամբ»:




Յան Լեդիմեն, Daily Mail

«Ռանիերին միանշանակ տարվա լավագույն մարզչի գլխավոր թեկնածուն է: Ճիշտ չի լինի ասել, որ «Լեսթերն» ապահովել է տեղը առաջին քառյակում, սակայն հաշվի առնելով թիմի ներկայիս վիճակը, նրանք կհայտնվեն Թոփ 4-ում: Ես կարծում եմ, որ հիմա Ռանիերին  արդեն լուրջ կսկսի  մտածել չեմպիոնության մասին: Նա «Չելսիում» աշխատելու տարիներին խնդիրներ ուներ, քանի որ իր պահելաձևն ու խոսելաձևը չէր համապատասխանում այն պահանջներին, որոնք հանրության կարծիքով պետք է ունենար Պրեմիեր լիգայի մարզիչը: Հիմա Ռանիերին ասում է` ես գիտեմ, ես մտածում եմ, ես կարող եմ: «Մանչեսթեր Սիթիի» դեմ նրանց ցուցադրած  խաղը, հավատը, խփած գոլերը, նվիրվածությունը բարձրացրեց չեզոք երկրպագուների տրամադրությունը: Եթե նախկինում նրանց հանդերձարանում ոչ ոք չէր հավատում, ապա հիմա նրանք կսկսեն հավատալ, որ իրոք կարող են հաղթել առաջնությունը, քանի որ «Սիթիի» դեմ խաղը կարելի է անվանել չեմպիոնական»



Պոլ Մերսոն, Sky Sports



«Ոչ, նրանք չեն կարող չեմպիոն դառնալ, քանի որ եթե առաջիկա խաղում «Արսենալը» հաղթի «Լեսթերին», ապա կկրճատի միավորների տարբերությունը` հասցնելով երկուսի: Եվ այսպես ամեն ինչ շատ արագ կփոխվի: Նրանք անկասկած կհայտնվեն լավագույն քառյակում»



Комментариев нет:

Отправить комментарий