воскресенье, 14 февраля 2016 г.

Ինչու՞ են Ա Սերիայի ֆուտբոլիստները դժվարություններ ունենում Անգլիայում





Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները շատ հաճախ պոտենցիալ նորեկների որոնումների համար դիմում են վիճակագրության ոլորտում մասնագիտացված վերլուծաբանների օգնությանը: Սակայն պետք է նշել, որ այդ վերլուծաբանների դերը համաշխարհային ֆուտբոլում մի փոքր սխալ է ընկալվում: Նրանց առաջադրանքն է ոչ միայն ներկայացնել կոնկրետ ֆուտբոլիստների` հաշվարկելով  նրանց փոխանցումների ճշգրտությունն ու քանակն, այլ փորձել գտնել ընդհանուր նմանություններ: Օրինակ` Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկի վերլուծական բաժինը կենտրոնացված է մեկ լիգայից մյուսը տեղափոխելիության  մակարդակի վիճակագրության վրա: Այսինքն. եթե ֆուտբոլիստը մեկ լիգայում խփել է X քանակությամբ գոլեր, ապա որքա՞ն մեծ է հավանականությունը, որ նա կհասնի տվյալ ցուցանիշին մեկ ուրիշ լիգայում: Համեմատությունը կատարվում է նախկինում արդեն կայացած տրանսֆերների հետ:


Սա  լայնամասշտաբ  ծրագիր է, որի հիմքում ընկած է որոշակի արմատներ: Անգլիական ակումբի մարզիչը շատ զգուշավոր է եղել   Իտալական Ա Սերիայից  ֆուտբոլիստներ ձեռք բերելու ընթացքում` հաշվի առնելով վերջին շրջանում այդ առաջնությունից Անգլիա տեղափոխված ֆուտբոլիստների որակային  անկումն ու առավել ևս, որ իր թիմում ևս եղել են այդպիսի ձախողումներ: Եթե ուշադրություն դարձնենք վերջին հինգ տրանսֆերային պատուհանների ժամանակ Ա Սերիայից  Անգլիայի Պրեմիեր Լիգա տեղափոխված ֆուտբոլիստների ցուցակին, ապա դժվար է կլինի գտնել գոնե մեկին, ով հաջողություններ է ունեցել:


2013 թվականից սկսած Ա Սերիայից հետևյալ ֆուտբոլիստներն են տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա:

Մատյե Ֆլամինի, Էմիլիանո Վիվիանո («Արսենալ»)

Լիբոր Կոզակ («Ասթոն Վիլլա»)

Խուան Կուադրադո («Չելսի»)

Մարտեն Ստեկելենբուրգ («Ֆուլհեմ»)

Գյոկհան Ինլեր, Էստեբան Կամբիասո, Յոան Բենալուան («Լեսթեր»)

Աբել Էռնանդես («Հալլ Սիթի»)

Մարիո Բալոտելի («Լիվերպուլ»)

Ստեֆան Յովետիչ («Մանչեսթեր Սիթի»)

Սերխիո Ռոմերո, Մատեո Դարմիան («Մանչեսթեր Յունայթեդ»)

Էդուարդո Վարգաս, Մաուրիսիո Իսլա («ՔՊՌ»)

Չերդան Շաքիրի («Սթոկ Սիթի»)

Սաֆիր Տաիդեր («Սաութհեմփթոն»)

Էմանուելե Ջիակերինի, Մոդիբո Դիակիտե, Անդրեա Դոսենա, Ռիկի Ալվարես («Սանդերլենդ»)

Ֆեդերիկո Ֆերնանդես («Սուոնսի»)

Էրիկ Լամելա («Տոտենհեմ»)

Խոսե Հոլեբաս, Միգել Բրիտոս, Վիկտոր Իբարբո  («Ուոթֆորդ»)

Անտոնիո Նոչերինո, Մարկո Բորիելո, Պաբլո Արմերո, Անջելո Օգբոննա, Պեդրո Օբիանգ («Վեստ Հեմ»)


Վերջին երկուսուկես տարում 31 ֆուտբոլիստներ ուղիղ տրանսֆերով Ա Սերիայից տեղափոխվել են Անգլիայի Պրեմիեր Լիգա: Կեսից ավելին արդեն իսկ լքել են Պրեմիեր Լիգան: Նրանցից շատերը վերադարձել են Իտալիա, բայց պետք է հաշվի առնել, որ Իտալիա վերադարձած ֆուտբոլիստների մեծ մասն Անգլիայում հանդես էին գալիս վարձակալական հիմունքներով, այդ պատճառով էլ նրանց շուտափույթ  հեռանալն անակնկալ չեղավ: Այն ֆուտբոլիստներից, ովքեր հիմա այլևս Պրեմիեր Լիգայում չեն,  միայն Էստեբան Կամբիասոն արդարացրեց իրեն:



Բացի այդ, 31 ֆուտբոլիստներից միայն 7-ն են համարվում  մեկնարկային կազմի խաղացող և  այս մրցաշրջանում խաղացել են զգալի քանակությամբ խաղեր: Նրանք են` Ստեկելենբուրգը, Դարմիանը, Ֆերնանդեսը, Օգբոննան, Բրիտոսը, Լամելան և Շաքիրին:
Բայց վերջերս Ստեկելենբուրգը կորցրեց իր տեղը «Սաութհեմփթոնի» մեկնարկային կազմում, քանզի վնասվածքից արդեն  ապաքինվել է Ֆրեյզեր Ֆորստերը:


Մի հետաքրքիր հանգամանք. այդ 7 ֆուտբոլիստներից 4-ը պաշտպաններ են: Ընդհանուր առմամբ այս ֆուտբոլիստների վիճակագրությունն ավելի օգտակար է տեղափոխելիությանը, չնայած նրան, որ պաշտպանի մակարդակը դժվար է ներկայացնել իր խփած գոլերով:



Հարձակման գծի երկու ֆուտբոլիստներից մեկին` Չերդան Շաքիրիին, դժվար է անվանել Ա Սերիայի լիարժեք ներկայացուցիչ, քանզի «Ինտերի» կազմում կես մրցաշրջանի ընթացքում  նա մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 8 անգամ: «Սթոկ Սիթին» ձեռք է բերել Շաքիրիին հիմնվելով «Բավարիայում», «Բազելում» և Շվեյցարիայի հավաքականում նրա ելույթների հիման վրա:


Հարձակման գծի մյուս ֆուտբոլիստն Էրիկ Լամելան է, ով վերջապես սկսել է ազդեցություն ունենալ «Տոտենհեմի» խաղի վրա: Սակայն վերադառնալով նրա վիճակագրությանը և  տեղափոխելիության մակարդակին, հարկ է նշել, որ այդ ցուցանիշներն այնքան էլ բարձր չեն: «Ռոմայում» Լամելան դառնում էր գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ` միջինում ամեն 130 րոպեն մեկ, իսկ «Տոտենհեմում»` 252:



Այլ կերպ ասած, նրա օգտակարությունը նվազել է երկու անգամ: Իսկ նա համարվում էր այս ցուցակի  «լավագույններից» մեկը:

Չնայած այսքան մակերևութային վերլուծությանը, հետևությունը մեկն է. Պրեմիեր Լիգայի ակումբները չպետք է ֆուտբոլիստներ գնեն Ա Սերիայից:


Խնդիրը ոչ միայն այդ ֆուտբոլիստերի ցածր մակարդակի ելույթներն են: Երբեմն նրանք չեն կարողանում ամրապնդվել նույնիսկ մեկնարկային կազմում:

Սաֆիր Տաիդերը «Սաութհեմփթոնում» անցկացրել է ընդամենը երեք շաբաթ մինչ «Ինտեր» տեղափոխվելը, իսկ անգլիական ակումբը հայտարարել է, որ ալժիրցի կիսապաշտպանը չի համապատասխանում «Սաութհեմփթոնի» մակարդակին:

Գյոկհան Ինլերն Իտալիայում շատ լավ էր հանդես գալիս այսպես կոչված «Box to box» դիրքում (սեփական տուգանային հրապարակից մինչև մրցակցի տուգանային հրապարակ): Թվում էր, թե նա իդեալական կերպով կփոխարինի Էստաբան Կամբիասոյին «Լեսթերում», բայց արդյունքում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 195 րոպե: Իսկ  «Լեսթերում» նրա թիմակից Բենալուանը` 44 րոպե:

Իրականում այս ամենն արտացոլում է Իտալիայի Ա Սերիայի դիրքը եվրոպական ֆուտբոլում: ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Իտալիան զիջում է Անգլիային, Իսպանիային, Գերմանիային: Ընդհանուր եկամուտներով, հաճախելիության մակարդակով ևս Ա Սերիան հետապնդողի դերում է:



Հենց այս ցածր մակարդակի հետևանքով էլ Ա Սերիայի ֆուտբոլիստները դժվարություններ են ունենում Անգլիայում, ինչու չէ նաև Իսպանիայում և Գերմանիայում: Ապենիններում նրանք համարվում են հեռանկարային ֆուտբոլիստներ, բայց չեն համապատասխանում այլ երկրների բարձր պահանջներին:
Ոճային առումով իտալական ֆուտբոլը ևս տարբերվում է: Տեմպը ցածր է, քիչ թիմեր են դիմում ակտիվ պրեսսինգի: Իտալիան վերջին տարիներին գերի է մնացել իր տակտիկական հմտություններին: Նրանք դեռևս շարունակում են օգտագործել երեք կենտրոնական պաշտպաններով սխեման, որը եվրոպայում խաղալու ժամանակ  խնդիրներ է առաջացնում, քանզի շատերը օգտագործում են 4-2-3-1 տակտիկական սխեման:

Իտալական ֆուտբոլն ավելի կոմպակտ է: Ա Սերիայում վինգերը փայլուն խաղ է ցուցադրում, քանզի իտալական ակումբները սովոր չեն հակազդել այդպիսի ֆուտբոլիստներին: Իսկ Անգլիայի ակումբներն ավելի լայն են խաղում` օգտագործելով ամբողջ խաղադաշտը:  Եթե համեմատենք Ջիակերինիի, Լամելայի, Սալահի, Ժերվինյոյի, Կուադրադոյի խաղը Պրեմիեր Լիգայում և Ա Սերիայում, ապա կնկատենք, որ Անգլիայում այս ֆուտբոլիստներն այնքան էլ արդյունավետ չեն:




Հետաքրքիր է նաև հետևել Մատեո Դարմիանի կարիերային «Մանչեսթեր Յունայթեդում»: Այստեղ նա դժվարություններ է ունենում կապված  խաղի տեմպի և արագ հակառակորդների հետ: Իսկ  Իտալիայում ավելի շատ շեշտը դրվում է տակտիկայի վրա:






Անկասկած Իտալիայի Ա Սերիան իր կարգով զիջում է մնացած առաջատար առաջնություններին, բայց այնուամենայնիվ սխալ կլինի Ա Սերիան մի հարթության վրա դնել Պորտուգալիայի, Ֆրանսիայի կամ Հոլանդիայի առաջնության հետ: Ա Սերիայի թիմերն անկասկած ավելի ուժեղ են, իսկ  մրցակցությունն ու խաղացողներն ավելի բարձր մակարդակի:

Սակայն այս առաջնությունների հետ համեմատած Ա Սերիան զգալիորեն զիջում է երիտասարդ տաղանդներին գտնելու և բացահայտելու գործում:

Մենք սովոր ենք, որ «Նյուքասլը» «թալանում» է ֆրանսիական Լիգա 1-ը, «Չելսին» գնում է երիտասարդների` ովքեր Պորտուգալիայում խաղալու փորձ ունեն, կամ ակադեմիայի սաներին ուղարկում է Հոլանդիա վերապատրաստվելու:

Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հոլանդիան և Պորտուգալիան, գտել են իրենց տեղը եվրոպական ֆուտբոլի հիերարխիայում` կարողանալով արդյունավետ կերպով գնել և վաճառել երիտասարդ ֆուտբոլիստների:

Բայց ոչ ոք Իտալիայում սկաուտինգ կատարելու վրա ժամանակ չի կորցնում:

Հնարավոր է, որ Իտալիան դժվարություններ է ունենում  ֆուտբոլիստներին վաճառելու գործում մի պարզ պատճառով` ակումբները  թերանում են  երիտասարդներ ձեռք բերելու հարցում:
Լեզվական խնդիրները մեծ դերակատարություն ունեն համաշխարհային ֆուտբոլում: Օրինակ` պորտուգալական թիմերը նախապատվությունը տալիս են հարավամերիկյան ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներին: Աֆրիկացիների համար Ֆրանսիան հրաշալի վայր է իրենց ցուցադրելու առումով, քանզի լեզվական արգելք չկա: Իսկ հոլանդական ակումբները դեպի իրենց կողմն են շեղում սկանդինավյան երկրների ֆուտբոլիստների ուշադրությունը:
Հետաքրքիր փաստ. Հոլանդական «Այաքսը» պարտադրում է իր սաներին անգլերեն լեզվի դասեր վերցնել, քանզի դրա շնորհիվ մեծանում է պոտենցիալ գնորդների թիվը: Այս հետաքրքիր խորամանկությունն ու հեռանկարային քայլը  քիչ է հանդիպում եվրոպական հայտնի   «վաճառող» ակումբների մոտ: Բնականաբար այս ամենը հեշտ է իրագործվում Ամստերդամի նման քաղաքներում, որտեղ անգլերենը կարելի է ասել համարվում է հիմնական լեզու: Այս առումով Իտալական ակումբներն անգործ են:


Անգլիան  ինքնին աշխարհագրորեն եւ մշակութապես մեկուսացված է Եվրոպայից և դա է պատճառը, որ Անգլիան Իտալիայից էլ վատ է արտահանում իր  շնորհալի տաղանդներին: Բայց անգլիացի երիտասարդներն այլ երկիր տեղափոխվելու  կարիք չունեն: Անգլիայի Պրեմիեր Լիգան և՛ խաղային, և՛ ֆինանսական առումով  գտնվում է բարձր մակարդակի վրա: Իտալիան այլևս չի կարող պարծենալ, որ թոփ ֆուտբոլիստների համար համարվում է վերջնական կետ, ինչպես նախորդ դարի վերջին տասնամյակներին:



Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Ա Սերիայից Անգլիայի Պրեմիեր Լիգա են տեղափոխվել երկու ֆուտբոլիստներ: «Ռոմայի» վինգեր Խուան Իտուրբեն վարձակալական հիմունքներով միացել է Պրեմիեր Լիգայի նորեկ «Բորնմուտին», իսկ «Սուոնսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինը թիմ է հրավիրել «Կիևոյի» հարձակվող Ալբերտո Պալոսկիին:
Սկաուտներն ու վերլուծաբանները մեծ ուշադրությամբ հետևելու են Իտուրբեի և Պալոսկիի խաղին` ակնկալելով, որ նրանք հաջող ելույթ կունենան:


Ա Սերիան այլ առաջնություններում ձախողված ֆուտբոլիստներ հավաքագրողի համբավ է ձեռք բերում, որը  առաջնության զարգացմանը մեղմ ասած չի նպաստում: Իտալիան այս կարծրատիպը կոտրելու կարիք ունի:


                                                                                 Միհրան Ալեքսանյան

Комментариев нет:

Отправить комментарий