воскресенье, 7 февраля 2016 г.

Ֆուտբոլն առանց երկրպագուների` ոչինչ է: Հուսախաբ երկրպագուների «ապտակը» «Լիվերպուլին»




Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ` «Էնֆիլդ» մարզադաշտում, ընդունել էր «Սանդերլենդին»: Հանդիպման 76-րդ րոպեի դրությամբ «Մերսիսայդցիները» հաղթում էին 2:0 հաշվով: Եվ ահա 77-րդ  րոպեին մի շարք երկրպագուներ սկսեցին լքել «Էնֆիլդը»:
  Ձեզ ենք ներկայացնում երկրպագուների այսպիսի քայլի պատճառները, պարզապես սկզբի համար պետք է նշել, որ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ խաղի այսպիսի ելքը կարող է բացատրվել նաև  երկրպագուների սակավ աջակցությամբ, որի արդյունքում թիմը կորցրեց վտսհությունն իր ուժերի հանդեպ: Եվ այն ինչ կատարվեց «Էնֆիլդում», մեկ անգամ ևս ապացուցեց, որ ֆուտբոլն առանց երկրպագուների` ոչինչ է:






«Լիվերպուլի» երկրպագուներն ակումբի պատմության մեջ առաջին անգամ  մասսայականորեն լքեցին «Էնֆիլդ» մարզադաշտը` չսպասելով խաղի ավարտն ազդարարող  եզրափակիչ սուլիչին: Բացի դրանից, նրանք  հրաժարվել էին մարզադաշտում գտնվող առևտրի կենտրոններից գնել ջուր, սնունդ և նախախաղային ծրագրեր: Խոսքը գնում է հենց տեղացի  երկրպագուների մասին:

Ակումբը հաջորդ մրցաշրջանից սկսած պատրաստվում է բարձրացնել ֆուտբոլային խաղերի տոմսերի գները: Հատուկ ստեղծված կոմիտեն` որի մեջ մտնում էին ակումբի ներկայացուցիչներ և ամենահեղինակավոր ֆան-ակումբների` «Spion Kop 1906»  «Spirit Of Shankly» ներկայացուցիչներ, գրեթե 13 ամիս բանակցություններ էին վարում: Դրա նպատակն էր գալ ընդհանուր հայտարարի մի շարք հարցերի վերաբերյալ: Մասնավորապես երկրպագուները պահանջում էին, որ «Էնֆիլդ» մարզադաշտի 70 %  տեղերի տոմսերի գները չգերազանցեն  30-ից 40 ֆունտ ստեռլինգը: Ինչպես նաև երկրպագուները ցանկանում են, որ ակումբը չեղարկի խաղերի տարբերակումը, այսինքն` Թոփ ակումբների դեմ հանդիպումների տոմսերի գները չտարբերվեն սովորական խաղերի համար նախատեսվող տոմսերի գներից:
 Աբոնեմենտների գների հետ կապված, «Լիվերպուլի» երկրպագուների համար ցանկալի արժեքը 570-ից 790 ֆունտ ստեռլինգն է: Ներկայացված պահանջների մեջ մտնում էր նաև արտոնությունների տրամադրում  տեղացի և երիտասարդ երկրպագուներին:


Բանակցությունների արդյունքում ակումբը որոշում է ընդունել այնուամենայնիվ բարձրացնել տոմսերի գները, իսկ մի շարք հարցերի վերաբերյալ երկրպագուները նույնիսկ բացատրություն չեն ստացել:

Ինչպե՞ս են փոխվում տոմսերի գները:

«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել  է պաշտոնական  հաղորդագրություն: Քննարկենք դրա առանցքային կետերը, որոնք առանձնապես անհանգստության առիթ են տվել տեղացի երկրպագուներին:


 1) «Աբոնեմենտների 64 %-ի գները կմնան նույնը»:

 Չնայած այս հայտարարությանը, միևնույնն է երկրպագուները դժգոհ են, քանզի դա միայն թվում է, թե թանկացումներ չկան: Այս պահի դրությամբ առանց այդ էլ աբոնեմենտների գները բարձր են, իսկ դրանց սառեցումը  հարցի լուծում չէ: Բացի դրանից երկրպագուները չունեն երաշխիքներ, որ ակումբը հաջորդ մրցաշրջանում չի բարձրացնի արդեն այն 64 %-ի գները` սառեցնելով մնացած 36-ը: Հարկ է նշել նաև, որ ակումբի պատմության մեջ առաջին անգամ` մասնավորապես 2016-2017 մրցաշրջանում, աբոնեմենտի գինը կգերազանցի 1000 ֆունտ ստեռլինգը:


2) «Տոմսերի 45 %-ի գները կէժանանան»:

 Ու նորից նույն պատկերը: Տեղացի երկրպագուների խոսքերով, այս դեպքում կթանկանան մնացած 55 % տոմսերի գները: Օրինակ` այն տոմսերը, որոնք այսօր արժեն 59 ֆունտ ստեռլինգ, կհասնեն 77-ի: Կոնկրետ այս տոմսերի քանակը այդքան էլ շատ չէ: Ավելի շատ են այն տոմսերը, որոնք այսօր արժեն 59 ֆունտ ստեռլինգ, իսկ թանկացումից հետո կտատանվեն 62-75 ֆունտ ստեռլինգի սահմաններում:


Ինչպես նաև կավելանան այսպես կոչված «low level hospitality» տոմսեր: Թե ի՞նչ է իրենից ներկայացնում սա և ի՞նչ է մտնելու «low level hospitality» ասվածի մեջ՝ դեռևս պարզ չէ, փոխարենը դրանց գներն արդեն հաստատված են: Դրանք կախված հանդիպումներից, տատանվելու են 85-ից 175 ֆունտ ստեռլինգի սահմաններում, իսկ սա բոլորովին էլ հյուրընկալություն` «hospitality» չէ: Այս տեղերի տոմսերի գներն ընթացիկ մրցաշրջանի հետ համեմատած  կբարձրանան 124 %-ով, և հենց այս աբոնեմենտներն են, որ արժենալու են 1024 ֆունտ ստեռլինգ:


3) «Տոմսեր 9 ֆունտ ստեռլինգ արժողությամբ»

«C» կատեգորիայի խաղերին կլինեն տոմսեր 9 ֆունտ ստեռլինգով, «B» կատեգորիայի խաղերին` 14 ֆունտ ստեռլինգ, «A» կատեգորիայի խաղերին` 36 ֆունտ ստեռլինգ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում վաճառվող 878 693 տոմսերից միայն  1581-ն է, որ   համապատասխանելու է այս կետին: Զայրացնող հանգամանք յուրաքանչյուր երկրպագուի համար:

4) «20 000 տոմսեր տեղացի երկրպագուների համար»: 

 Ընդհանուր 878 693 տոմսերից ընդամենը 20 000-ը տեղացիներին` այնքան էլ շատ չէ: Երկրպագուների խոսքերով սա արվել է ամենավերջին պահին:


Էլ ի՞նչը չի գոհացնում երկրպագուներին: 

Երկրպագուները դժգոհ են ակումբի սեփականատերերից, տվյալ դեպքում «FSG» – Fenway Sports Group ընկերությունից, որին պատկանում է «Լիվերպուլ» ՖԱ-ն:

Այն երկրպագուները, որոնք մասնակցել են բանակցություններին նշում են, որ սկզբնական շրջանում ամեն ինչ լավ էր ընթանում: Բայց հետո ակումբի ղեկավարները սկսեցին ավելի շատ ժամանակ պահանջել որոշումները քննարկելու համար, իսկ դրանից հետո նույնիսկ սկսեցին արհամարհել երկրպագուների կարծիքը:  Ընդհանրապես վերոնշյալ 13 ամիս տևողությամբ բանակցությունները չափազանցված են: Այդ ամբողջ ընթացքում երկրպագուներին միայն ներկայացրել են նոր թանկացված գների նախագիծը: Երբ ֆան-ակումբի ղեկավարները ցանկացել են հանդիպել կոնկրետ «FSG» ընկերության ղեկավար կազմի հետ` մերժում են ստացել: Եվ լիվերպուլցիները վստահ են, որ այս խնդիրների արմատները գտնվում են Բոսթոնում` որտեղ գտնվում է «FSG»-ի գրասենյակը:


Բողոքողների կարծիքով, ակումբը փորձում է երկրպագուներին  դարձնել հաճախորդ: Գալիք մրցաշրջանից առաջ ավարտվելու են  «Լիվերպուլի» «Էնֆիլդ» մարզադաշտի «Main Stand» տրիբունայի ընդլայնման աշխատանքները: Դրա արդյունքում մարզադաշտի տեղերի քանակը կավելանա 8500-ով:

Նույնիսկ եթե տոմսերի գները չթանկանային, ապա այդ բարեկարգված տրիբունայի շնորհիվ ակումբը մեկ մրցաշրջանի արդյունքներով կավելացներ տոմսերից ստացվող եկամուտը 2 մլն ֆունտ ստեռլինգով, իսկ թանկացած տարբերակով ստացվում  հավելյալ 2 մլն ֆունտ ստեռլինգ ևս:
Հաջորդ մրցաշրջանից ուժի մեջ է մտնելու հեռուստատեսային նոր 5.1 մլրդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ պայմանագիրը, որի շնորհիվ ակումբը խաղերի հեռուստատեսային ցուցադրություններից ստացած եկամուտը կավելացնի 40-50 մլն ֆունտ ստեռլինգով:
 «Էնֆիլդի» վերկառուցումից հետո ավելանալու է տեղերի քանակը և բնականաբար տոմսերի վաճառքից եկած եկամուտը: Այս ամենից բացի, «Լիվերպուլը» գրեթե ամեն կես տարին մեկ, նոր հովանավորներ է գտնում: Շատ հնարավոր է, որ վաճառվի նաև վերակառուցված տրիբունայի անվան իրավունքները, ինչի շնորհիվ ևս ակումբը բավականին գումար կվաստակի:



Այժմ ակումբը տոմսերի վաճառքից ստանում է 35 մլն ֆունտ ստեռլինգ եկամուտ, գների սառեցման դեպքում` ավելացված 8500 տեղերի  առկայությամբ, այդ գումարը կկազմեր 37 մլն ֆունտ ստեռլինգ: Սակայն «Լիվերպուլի» ղեկավարները ցանկանում են ստանալ ընդհանուր առմամբ 39 մլն ֆունտ:
Լիվերպուլցի երկրպագուների պահանջը հետյալն է. ակումբը զարգացում է ապրում ֆինանսական տեսանկյունից, և ճիշտ չի հավատարիմ երկրպագուների հաշվին վաստակել 2 մլն ֆունտ ստեռլինգ` կորցնելով իրենց  աննկարագրելի աջակցությունը:


Իսկ երկրպագուներին ինչ-որ բան գոհացնու՞մ է: 

Այո, կան նաև լավ նորություններ: Գրեթե 1000 տոմս անվճար կհատկացվի Մերսիսայդի դպրոցներին: Ինչպես նաև 20 000 տոմս, մրցաշրջանի ընթացքում 17-ից 21 տարեկան երիտասարդների համար հասանելի կլինի կես գնով:


Ի՞նչ է պատրաստվում ձեռնարկել «Լիվերպուլը»

Ոչ մի լուրջ պատասխանատվության չեն ենթարկվի այն երկրպագուներն, ովքեր լքեցին «Էնֆիլդը» խաղից ավարտից 13 րոպե առաջ: Կար տեղեկություն, որ այդ երկրպագուների աբոնեմենտները չեղյալ կհամարվեն, սակայն ակումբի ղեկավարությունը հերքեց այն:


Երկրպագուներն ակումբի գործադիր տնօրեն Յան Էիրին հիշեցրին իր իսկ խոսքերը, որը նա հնչեցրել էր 2014 թվականի դեկտեմբերին.




«Մարզադաշտի վերակառուցման հետ կապված, ակումբը չի պատրաստվում թանկացնել տոմսերի գները»: 


Յան Էիրը մամլո ասուլիսից հետո միանգամից շտապեց պաշտպանել ակումբի ղեկավարներին` ասելով, որ նրանք արժանի չեն այս քննադատություններին:
Բացի այդ Յան Էիրի խոսքերով 77 ֆունտ ստեռլինգ արժողությամբ տոմսերի համար նախատեսված է 200 տեղ և այն էլ «A» կատեգորիայի հանդիպումներին:  «Լիվերպուլի» գործադիր տնօրենը տեղակացրեց նաև, որ ակումբին մարզադաշտի վերակառուցման համար տրամադրվել է 100 մլն ֆունտ անտոկոս գումար` բնականաբար պարտքով: Էիրը հավաստիացրել է, որ այդ գումարն ամբողջությամբ ծառայելու  է իր նպատակին:

«Լիվերպուլի» ղեկավարությունը հերքել է այն տեղեկությունը, որ այս ծախսերն ազդել են տոմսերի գների բարձրացման վրա, ինչպես նաև չի մեկնաբանել այն, որ պարտքը մարելուց հետո արդյո՞ք  տոմսերի գները կէժանան, թե՞ ոչ:




Այս ամենից հետո կրակի վրա յուղ է լցրել «FSG»-ի պաշտոնական կայքը: Երկրպագուները «Լիվերպուլի» տարբերանշանի կողքին տեղադրված հոդված են  հայտնաբերել, որի վերնագիրն է` «Վերափոխենք երկրպագուներին հաճախորդների»:



Երբ այս ամենը տարածվեց համացանցում և դարձավ քննարկման առիթ, հոդվածի վերնագիրը փոխեցին:



Հնարավոր է, որ սա ինչ-որ սխալմունք է, սակայն ոչ ոք ոչ մի բացատրություն չի տվել այս առումով:


«Սանդերլենդի» դեմ խաղից առաջ  Յուրգեն Կլոպի  նախախաղյա մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հասկացրեցին, որ զերծ մնան տոմսերի գների վերաբերյալ հարցերից, քանզի այդ քայլով անհարմար իրավիճակի մեջ կդնեն գերմանացի մասնագետին: Նա կարող է իր պատասխանով վիրավորել կա՛մ երկրպագուներին, կա՛մ ղեկավարներին:


Ի՞նչ է լինելու հետագայում:  

Հենց դրանից էլ վախենում են տեղացի երկրպագուները, ի՞նչ է լինելու հետագայում. եթե հիմա  չհաջողվի կասեցնել տոմսերի գների թանկացումները: Երկրպագուներն իհարկե շատ առաջ են նայում` մտածելով թե ի՞նչ կլինի 40-50 տարի հետո և ո՞վ կփոխարինի իրենց «Էնֆիլդում»:





Այս խառնաշփոթի հետևանքով տուժում է «Էնֆիլդի» աննկարագրելի մթնոլորտը, երբ յուրաքանչյուր խաղից առաջ երկրպագուները երգում են  թիմի օրհներգը:

Ու եթե տեղացի երկրպագուները ֆինանսական առումով ի վիճակի չլինեն հաճախելու մարզադաշտ, ապա դրանից  կտուժեն բոլորը, քանզի օտարերկրացի երկրպագուները չեն կարողանա ոգեշնչել թիմի ֆուտբոլիստներին այնպես ինչպես իսկական մերսիսայդցիները:


                                                                                              Միհրան Ալեքսանյան

Комментариев нет:

Отправить комментарий