пятница, 12 февраля 2016 г.

Յուրգեն Կլոպի ազդեցությունը «Լիվերպուլի» վրա

Ավելի քան չորս ամիս  առաջ Յուրգեն Կլոպը նշանակվեց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ: Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել գերմանացի մասնագետը թիմի վրա:


Յուրգեն Կլոպը «վարակիչ» անհատականություն է: Նախորդ տարվա դեկտեմբերին «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը «Sky Sports»-ին տված հարցազրույցում նշել էր, որ Կլոպն առաջին իսկ հանդիպումից դրական տպավորություն է թողել: «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը ևս դրական տպավորություն էր ունեցել Կլոպի հետ շփումից:

Ու չնայած նրան, որ Դորտմունդի  «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչն արդեն իսկ հասցրել է բազում անմոռանալի օրեր անցկացնել Անգլիայում, միևնույնն է, ընթացիկ մրցաշրջանը «Լիվերպուլի» համար այդքան էլ լավ չի դասավորվում:

Երբ Կլոպը գլխավորեց «Լիվերպուլը», թիմը գտնվում էր մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում, իսկ հիմա 9-րդ տեղում է: «Սանդերլենդի» դեմ ոչ-ոքին բերեց հերթական միավորների կորստին, որի հետևանքով «Էվերթոնը» շրջանցեց «Լիվերպուլին» մրցաշարային աղյուսակում:

Յուրգեն Կլոպը բաց էր թողել այդ հանդիպումն առողջական խնդիրների պատճառով (Կլոպի մոտ կույր աղիքի հետ կապված խնդիրներ էին առաջացել): Եվս մեկ վնասվածք «Լիվերպուլի» կազմում: Վնասվածքների ահռելի քանակը խոչընդոտում է «Լիվերպուլի» առաջխաղացմանը և քանի որ, «Լիվերպուլը» դեռևս պայքարում է երեք տարբեր մրցաշարերում, Կլոպի աշխատանքն էլ ավելի է բարդանում:

Չորս ամսից մի փոքր ավելի է անցել այն օրից, երբ Յուրգեն Կլոպը ժամանեց «Լիվերպուլ», իսկ «Ասթոն Վիլլայի» դեմ կիրակնօրյա հանդիպումը  գերմանացի մասնագետի համար մերսիսայդյան ակումբի ղեկին կդառնա 30-րդը: Այս ժամանակահատվածը բավական է վերլուծելու այն խնդիրները, որոնք Կլոպը փորձում է լուծել:


ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Եղել են շատ լավ արդյունքներ: Տպավորիչ հաղթանակներ «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Այս հանդիպումներում «Լիվերպուլի» ցուցադրած խաղից հիացած էր մնացել թիմի նախկին ֆուտբոլիստ` «Sky Sports»-ի փորձագետ Ջեյմի Կարագերը: Սակայն այդ հանդիպումներից ստացած ուրախությունը նվազում է, թիմում անընդհատ տիրող խաղային խնդիրների և խոցելիության պատճառով:





«Նյուքասլից» և «Ուոթֆորդից» կրած արժանի պարտություններն ու թիմի տնային խաղերում ցուցադրած անմխիթար  արդյունքներն անհանգստանալու առիթ են տալիս:

Ընդհանրապես Կլոպի հաղթանակների տոկոսային հարաբերությունը ցածր է, քան իր նախորդողի` Բրենդան Ռոջերսինը: Կլոպի և Ռոյ Հոջսոնի մոտ`   ով «Լիվերպուլից» հեռացվել էր անցկացրած 20 խաղերից հետո, հաղթանակների տոկոսային հարաբերությունը կազմել է 35 %:


Անկասկած ուրախանալու առիթ են տալիս «Լիվերպուլի» գավաթային ելույթները: Թիմն արդեն հասել է Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Իսկ Անգլիայի Գավաթի խաղարկությունում Կլոպի թիմը դրամատիկ խաղում  ճանապարհը զիջեց «Վեստ Հեմին»: Հաշվի առնելով, որ «Լիվերպուլը» միակ անգլիական թիմն է, որն այս մրցաշրջանում անցկացրել է արդեն 40 հանդիպում, այս ցուցանիշը կարելի է բավարար համարել, քանզի այսպիսի խիտ  խաղային գրաֆիկն ինչպես երևում է զարմացրել է Կլոպին:


ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Լիգայի գավաթի խաղարկությունում  «Սաութհեմփթոնի» դեմ ջախջախիչ խաղն ապացուցեց, թե որքան վտանգավոր կարող է լինել Կլոպի թիմը հարձակման գծում: Թիմի երկրպագուները կարոտել էին գոլային հրավառություններին, որոնց վերջին անգամ ականատես էին եղել 2013-2014 թթ փառահեղ մրցաշրջանում:




Մինչ Յուրգեն Կլոպի նշանակվելը «Լիվերպուլը» անցկացրած 8 խաղերում խփել էր 8 գնդակ, իսկ Կլոպի նշանակվելուց հետո` 17 խաղում 24 գոլ: Իրադարձությունների տպավորիչ շրջադարձ նույնիսկ այն դեպքում, երբ Կլոպի ենթակայության տակ չէին Դանի Ինգզն ու Դանիել Սթարիջը: Պետք չէ մոռանալ նաև Քրիստիան Բենտեկեին, որի ապագան «Լիվերպուլում» մշուշոտ է:






Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գերմանացի մասնագետը «Լիվերպուլի» հարձակման գիծը դարձրեց բազմազան: Հոկտեմբերից մինչ այժմ, Պրեմիեր լիգայի ոչ մի թիմ չի ստեղծել ավելի շատ գոլային պահեր, քան «Լիվերպուլը»: Խնդիրն այդ գոլային պահերի իրացման մեջ է:



ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ցավոք, սեփական կիսադաշտում առկա խնդիրները չեն վերացել: Թվում է, որ նույնիսկ Կլոպն է զարմացած մնացել մրցակցի գոլային պահերը կասեցնելու «Լիվերպուլի» անկարողությունից: Այս թիմը ամենաշատ գոլերն է բաց թողել տուգանային հրապարակի շրջակայքից: Եվ այդ գոլերից շատերը եղել են Կլոպի ժամանակահատվածում:



Մրցաշրջանը սկսելով երեք «չոր» խաղերից, «Լիվերպուլը» ընդամենը 4 խաղում է անառիկ պահել սեփական դարպասը` Կլոպի գլխավորությամբ: Սա պետք է տխրեցնի Յուրգեն Կլոպին, քանզի ավելի քիչ հարվածներ կատարում են միայն «Տոտենհեմի» դարպասին: Փաստացի  հարվածները քիչ են, սակայն դրա դեմ էլ թիմը չի կարողանում պայքարել:



Կարեկցելու ոչինչ չկա: «Լիվերպուլն» ինքն է իր համար խնդիրներ ստեղծում: Միայն  «Վեստ Հեմն» է ավելի շատ գոլեր բաց թողել անհատական սխալներից, քան «Լիվերպուլը»: Իսկ երբ խոսքը գնում է սխալների հետևանքով դարպասին հետևած հարվածներին, ապա «Լիվերպուլն» այստեղ ևս զարմացնում   է: 13 տարբեր ֆուտբոլիստներ նման սխալներ են թույլ տվել: Այս ցուցանիշով «Լիվերպուլից» առաջ է գտնվում մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնող «Ասթոն Վիլլան»:



ԽԱՂԱՈՃԸ

Վերոհիշյալ սխալները դանդաղեցրել են թիմի առաջընթացը, սակայն դա «Լիվերպուլում» առկա խնդիրների շարունակությունն է: Չնայած դրան «Լիվերպուլը» փոխվել է:

«Մենք ցանկանում ենք փոխել մեր խաղաոճը»,- ասել էր Յուրգեն Կլոպն իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ: Եվ նա  այս ընթացքում հասցրել է էական փոփոխություններ կատարել թիմում:



Դա նկատելի էր «Լիվերպուլում» Կլոպի առաջին իսկ հանդիպումից, երբ թիմն ավելի շատ էր վազել` քան «Տոտենհեմը»: Այդ խաղում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները կատարել են 614 արագացում: Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ «Լիվերպուլն» ընդամենը երկու անգամ է գերազանցել 500-ի շեմը: «Տոտենհեմի» դեմ խաղից հետո «Լիվերպուլը» ևս 3 անգամ հատել և նույնիսկ գերազանցել է 600-ի շեմը:

Միջինում Կլոպի «Լիվերպուլը» 83 անգամ ավելի շատ արագացումներ է կատարում մեկ խաղում, քան Ռոջերսի  «Լիվերպուլը»: Խաղի ընթացքում գերմանացի մասնագետի օրոք թիմը 5 կմ-ով ավելի շատ տարածություն է հաղթահարում, քան նախկինում:  Սա պրեսսինգի հետևանք է, որը պահանջում է Յուրգեն Կլոպը:

Միայն «Լեսթերն» է կատարել նույնքան սահանկումներ: Արդյունքները լավ չեն, բայց երևում է, որ «Լիվերպուլը» վերածվում է Կլոպյան թիմի:

Հետևություն

Այնպիսի տպավորություն է, որ «Լիվերպուլը» գտնվում է ճիշտ և հեռանկարային  ճանապարհի վրա:  Քանի որ, երբ ֆուտբոլիստներն առողջ լինեն, իսկ վերականգվելու ժամանակները բավարար, անկասկած Կլոպի թիմը իրեն լավագույնս կդրսևորի:


Այնուամենայնիվ, «Լիվերպուլը» դեռևս պայքարում է երեք տարբեր մրցաշարերում` ներքին առաջնությունում, Եվրոպա լիգայում և Անգլիայի լիգայի գավաթում` որտեղ հասել է մինչև եզրափակիչ: Յուրգեն Կլոպը հնարավորություն ունի հենց առաջին իսկ մրցաշրջանում տիտղոս նվաճել:  Բրենդան Ռոջերսի մոտ դա չստացվեց 3 տարիների ընթացքում` նույնիսկ 2013-2014 թթ խելահեղ մրցաշրջանում, երբ թվում էր թե «Լիվերպուլը» վերջապես կնվաճի չեմպիոնական տիտղոսը:
 Դե իսկ հաջորդ մրցաշրջանից առաջ նախամրցաշրջանային փուլի և հավանական տրանսֆերների շնորհիվ, Յուրգեն Կլոպի թիմը կարծում եմ կպայքարի ամենաքիչը առաջին քառյակում տեղ զբաղեցնելու համար:


                                                                                Միհրան Ալեքսանյան



Комментариев нет:

Отправить комментарий