пятница, 26 февраля 2016 г.

Ո՞վ է ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջաննի Ինֆանտինոն

Մի շվեյցարիացի իրավաբանի պատմություն, ով ժամանակին վարում էր ֆուտբոլային վիճակահանություններ, իսկ հիմա դարձել է ՖԻՖԱ-ի նախագահ:




Ջաննի Ինֆանտինոն այն մարդն էր, առանց որի չէր կայանում եվրոպական  ֆուտբոլային ոչ մի վիճակահանություն: ՈՒԵՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղարի թեթև ձեռքով էին կատարվում այդ բոլոր վիճակահանությունները:
 Երբ 2015 թվականի հոկտեմբերին նրա անմիջական ղեկավարին` Միշել Պլատինիին, հեռացրեցին ֆուտբոլային գործունեությունից, Ինֆանտինոն անսպասելիորեն հայտնվեց ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների շարքում: Բայց սխալ կլինի ասել, որ նրա թեկնածություն դնելը բխում էր Պլատինիի լիազորությունների կասեցումից:

«Իմ երկու ոտքերն էլ ձախ են» 

Ջաննի Ինֆանտինոն ծնվել է ալպիական փոքրիկ Բրիգ քաղաքում, որտեղ մինչև հիմա ապրում են նրա մայրն ու երկու քույրերը: Նրա հայրը իտալացի փախստական էր Ռեջո-Կալաբրիից, որտեղ էլ Ջաննին հետագայում ձեռք է բերել տուն ծովի ափին, իսկ Բրիգում` առևտրական տաղավար: Ջաննի Ինֆանտինոն սովորել է Ֆրիբուրգյան  համալսարանի իրավունքի ֆակուլտետում, իսկ ուսման վարձը վճարելու համար աշխատել է երկաթուղում` որպես ուղեկցորդ: Նա երազել է դառնալ ֆուտբոլիստ, նույնիսկ խաղացել է իր քաղաքի թիմում, որը ներկայացնում էր շվեյցարական 4-րդ լիգան: Բայց միշտ գիտակցել է, որ տաղանդավոր չէ և հեգնել է. «Իմ երկու ոտքերն էլ ձախ են»: 


1995 թվականին սկսել է իրավաբանի կարիերան Նևշատելի միջազգային մարզական գիտությունների կենտրոնում, որտեղ էլ դարձել է աֆրիկացի փորձագետների խմբի համակարգող: 1998 թվականին հենց  նրանք էլ Ինֆանտինոյին հրավիրեցին  Բուրկինա-Ֆասո`  որտեղ կայանում էր Աֆրիկյան Ազգերի Գավաթի խաղարկությունը,  մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և Աֆրիկայի չինովնիկների միջև  ընկերական հանդիպմանը: Ընդորում Ինֆանտինոն հանդես էր գալու աֆրիկացիների կողմից: Հիմա արդեն այդ աֆրիկացիներից շատերը դարձել են ազդեցիկ դեմքեր իրենց ֆուտբոլային ֆեդերացիաներում  և ինչպես երևում է օգնում են շվեյցարացուն:


Ինֆանտինոն և արդար խաղը 

Ինֆանտինոն մեկ տարի ապրել է Մադրիդում: Նա աշխատել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում` որպես իրավաբան և միաժամանակ սովորել է իր 5-րդ եվրոպական լեզուն:  Բացի իսպաներենից, Ինֆանտինոն տիրապետում է գերմաներենին, իտալերենին, ֆրանսերենին և անգլերենին: Իսկ ամուսնանալով Լիվանցի աղջկա հետ նա սովորել է  նաև արաբերեն:
 Ջաննի Ինֆանտինոն չորս երեխաների հայր է: 2000 թվականին 30-ամյա իրավաբանը վերադարձել է Շվեյցարիա և  նոր աշխատանքի տեղավորվել Նյոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի գլխավոր գրասենյակում: Այդ տարիներին Ինֆանտինոն վայելում էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յուհանսոնի հովանավորչությունը, իսկ երբ 2007 թվականին ՈՒԵՖԱ-ի նոր  նախագահ ընտրվեց Միշել Պլատինին, Ինֆանտինոն հանգիստ  տեղափոխվեց նրա թիմ: Երկու տարի անց Պլատինին Ինֆանտինոյին վստահեց համակարգել նախագահական գլխավոր նախագիծը` ֆինանսական ֆեյր-փլեյը:


Ինֆանտինոյի առաջնությունները

«Ես սիրում եմ թվերը և իմ գլխավոր նպատակն է հաշվարկների թափանցիկությունը, որպեսզի յուրաքանչյուրը իմանա որտեղի՞ց են գալիս և որտե՞ղ են ուղղվում ՖԻՖԱ-ի փողերը: Մենք առաջին հերթին պետք է վերականգնենք հասարակական և կոմերցիոն գործընկերների վստահությունը: Ինչպե՞ս կարող է պատահել, որ ՖԻՖԱ-ի կոմիտեի ժողովի կազմակերպման ծախսը կազմի 30 մլն դոլար, այն դեպքում, երբ ՈՒԵՖԱ-ում նմանատիպ ժողովի կազմակերպման ծախսը չի գերազանցում 1 մլն դոլարը: Եվ ինչո՞ւ է Աշխարհի առաջնության վրա ծախսվում կրկնակի անգամ ավել գումար, քան Եվրոպայի առաջնությունում, եթե տարբերությունը ընդամենը 4 մարզադաշտի կառուցման մեջ է»,- խոստովանում է Ջաննի Ինֆանտինոն:

 Ինֆանտինոյի անվան հետ են կապում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից թիմերի ավելացումը` հասցնելով  24-ի: Այդ պրակտիկան նա մտադիր է տարածել նաև Աշխարհի առաջնության վրա: Ինֆանտինոն ցանկանում է ավելացնել մասնակիցների թիվը` 32-ից հասցնելով 40-ի:

 «Չի կարելի զրկել նմանատիպ մրցաշարեր կազմակերպելու երազանքից այն երկրներին, որոնցից պահանջվել է կառուցել օդանավակայաններ ու մարզադաշտեր, անգամ եթե հետագայում դրանք չծառայեն իրենց նպատակին: Մենք կարող ենք կազմակերպել Աշխարհի առաջնությունը չորս, հինգ և նույնիսկ վեց երկրներում միաժամանակ»,- հայտարարել է Ջաննի Ինֆանտինոն:


Ինֆանտինոյի պլանները ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

1 Գործադիր կոմիտեն վերափոխվել է ՖԻՖԱ-ի խորհրդի և այլևս չի կարող ընդունել առանցքային որոշումներ: Օրինակ` Աշխարհի առաջնություն ընդունող երկրին այժմ ընտրելու է 209 երկիր, այլ ոչ թե մի քանի տասնյակ չինովնիկներ: Դրա փոխարեն ՖԻՖԱ-ի խորհուրդը ստանում է ռազմավարական և դիտորդական ֆունկցիա, որի նպատակն է վերահսկել ՖԻՖԱ-ի գործունեությունը:

Նոր խորհրդում կավելացնեն 10 չինովնիկի` 6-ը Ասիայից և Աֆրիկայից, ևս 2-ական` Հարաֆային Ամերիկայից և ԿՈՆԿԱԿԱՖ-ից: Ինֆանտինոն առանձնակի ուշադրություն է դարձնելու գենդերային հավասարությանը` 36 չինովնիկներից ամենաքիչը 6-ը պետք է լինեն կանայք:

ՖԻՖԱ-ի բոլոր առանցքային աշխատակիցները կարող են աշխատել ամենաշատը 12 տարի (3 անգամ  ընտրվելով 4-ական տարով):

2. Ստեղծել ֆուտբոլային  ընտանեկան կոմիտե, որտեղ ՖԻՖԱ-ն կուսումնասիրի լիգաների, ակումբների,  արհմիությունների և  ֆուտբոլիստների  դիրքորոշումները կապված հրատապ խնդիրների և լուծումների վերաբերյալ: Այս ամենի նպատակն է կանխել կոռուպցիան, քանզի Ինֆանտինոյի կարծիքով տրանսֆերային պատուհանների ընթացքում կատարվում են փողերի մեծաքանակ լվացում:


3. Հանրությանը ներկայացնել ՖԻՖԱ-ի բոլոր առանցքային աշխատակիցների աշխատավարձերի չափերը: Նախկին նախագահ Զեպ Բլատերի և իր գործընկերների օրոք այդ թվերը հանրային չէին:


4. Տարվա ընթացքում երկուական անգամ հանդիպումներ կազմակերպել բոլոր ազգային ասոցիացիաների առաջատար մարզիչների հետ:

5. Ինֆանտինոն կարծում է, որ ՖԻՖԱ-ն ֆուտբոլի զարգացման համար ծախսում է ավելի քիչ, քան կարող է: Ընդամենը եկամտի 18 %-ը, չնայած, որ հնարավոր է ծախսել մինչև
 50 %: Ջաննի Ինֆանտինոյի օրոք ամեն 4 տարին մեկ անդամ երկրներին ուղարկվելու է 5-ական մլն դոլար, իսկ ընդհանուր կոնֆեդերացիաներին` 40-ական մլն դոլար: Ինչպես նաև հավաքականները կարող են խնդրել մինչև  250 հզր դոլար տարեկան տրանսպորտային ծախսերի համար:

6. Ստեղծել լեգենդների թիմ հանրաճանաչ խաղացողներից, որոնք պետք է շրջագայեն աշխարհով մեկ և գովազդեն ֆուտբոլը, երբեմն նաև հանգանակեն գումարներ ՖԻՖԱ-ի համար:

Ի՞նչ է անելու Ինֆանտինոն իր պաշտոնավարման առաջին օրը




 Կազմակերպերպելու է ֆուտբոլային խաղ: Իրոք, ՖԻՖԱ-ի գլխավոր գրասենյակի տարածքում կա հիանալի ֆուտբոլային խաղադաշտ, որտեղ Ինֆանտինոն պատրաստվում է ֆուտբոլ խաղալ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների, լրագրողների և հանրահայտ ֆուտբոլիստների հետ, որոնք իրեն աջակցել են (Օրինակ` Ռոբերտո Կառլոս, Լուիշ Ֆիգու):

«Դե իսկ երկրորդ օրն արդեն ես կհագնեմ պիջակս և կսկսեմ աշխատել»,- խոստացել է ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջաննի Ինֆանտինոն:


                                                                                  Պատրաստեց` Միհրան Ալեքսանյանը

Комментариев нет:

Отправить комментарий