понедельник, 22 февраля 2016 г.

Ո՞վ է փորձում գահընկեց անել Հռոմի կայսր Ֆրանչեսկո Տոտտիին

Իտալական ֆուտբոլում նոր սկանդալ է հասունանում.  «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կարծես թե փորձում է «գահընկեց» անել Հռոմի «կայսր» Ֆրանչեսկո Տոտտիին:




Ի՞նչ է պատահել

Լուչանո Սպալետին հեռացրել էր Ֆրանչեսկո Տոտտիին «Պալերմոյի» դեմ խաղի հայտացուցակից: Ամեն ինչ սկսվել էր առավոտյան: Սպալետին մի կողմ էր հրավիրել Տոտտին և խնդրել հեռանալ այն  հյուրանոցից, որտեղ թիմը հանգրվանել էր խաղի նախօրեին: Ֆրանչեսկոն վերադարձել էր խաղընկերների մոտ, հայտնել իր հեռացվելու մասին լուրն ու գնացել տուն: «La Gazzetta dello Sport»-ի տեղեկություններով «Ռոմայի» բոլոր ֆուտբոլիստները շոկի մեջ էին:

Ո՞րն էր Սպալետիի այսպիսի քայլի պատճառը

Շաբաթ օրը Ֆրանչեսկո Տոտտին հարցազրույց էր տվել, որի ընթացքում խոսել էր գլխավոր մարզչի հետ բարդ հարաբերությունների մասին և դժգոհություն էր հայտնել  թիմում իր ներկայիս վիճակի վերաբերյալ:

«Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ ավելի շատ հարգանք պահանջել, քանզի ես շատ բան եմ տվել այս ակումբին: Ես ուզում եմ խաղալ: Վնասվածք չունեմ, գտնվում եմ լավ մարզավիճակում և չեմ խաղում միայն նրա համար, որովհետև այդպես է որոշել թիմի գլխավոր մարզիչը: Չեմ կարող անընդհատ  նստել պահեստայինների նստարանին, քանզի դա ինձ վիրավորում է: Հասկանում եմ, որ 39 տարեկան հասակում  ցանկացած իրավիճակում քիչ խաղաժամանակ եմ ստանալու, բայց կարիերայի այսպիսի ավարտ շատ դժվար է մի մարդու համար, ով այսքան բան է տվել «Ռոմային»: Ես և Սպալետին գրեթե չենք շփվում` միայն բարևում և հաջողություն ենք ասում միմյանց: Ես հույս ունեի, որ Սպալետին այն խոսքերը, որն ասեց լրագրողներին կասեր անձամբ ինձ: Այնուամենայնիվ ես հարգում եմ նրան որպես մարզիչ:
 Պայմանագրիս ժամկետն ավարտվում է հունիսին: Ես ակումբի ղեկավարության խոսքին եմ սպասում, տեսնենք թե ինչ կլինի: Ակնկալում եմ ազնիվ վերաբերմունք»:


Ի՞նչ է մտածում Սպալետին

Լուչանո Սպալետին դեռ փետրվարի 16-ին` «Ռեալի» դեմ խաղի նախօրեին, մեկնաբանել էր Տոտտի շուրջ ստեղծված իրավիճակը.

«Ես մարզում եմ «Ռոման», այլ ոչ միայն Տոտտին: Իմ հիմնական խնդիրն արդյունք ապահովելն է, այնպես որ ես որոշումներ եմ ընդունում այդ մտքերով, այլ ոչ ֆուտբոլիստների արժանիքներին համապատասխան: Կարծում եմ իմ և Տոտտիի հարաբերություններում ամեն ինչ կարգին է, իսկ թե ինչ է մտածում նա, կարող եք հարցնել իրեն:

 Տոտտին կարող է հիանալի փոխանցում կատարել,  բայց երբ թիմին անհրաժեշտ է դիմել պրեսսինգի, նրա համար դժվար է արագանալ և 40 մետր հետ վազել: Շատ բան է կախված նաև մեր մրցակիցների մակարդակից: Մենք պետք է բարձրանանք մրցաշարային աղյուսակում, այդ պատճառով էլ հիմա զգացմունքներին տրվելու ժամանակը չէ, պետք է աշխատել. տքնել, խաղալ: Հասկանում է արդյո՞ք այս ամենը Տոտտին, չգիտեմ, բայց ես պարզապես իմ աշխատանքն եմ կատարում: Մեծագույն հարգանքով եմ վերաբերվում Տոտտիի անձին և ձեռքբերումներին, բայց այժմ ինձ համար ամենակարևորն արդյունքն է»:


Սպալետին ընդհանրապե՞ս խաղաժամանակ չի հատկացնում Տոտտիին:

Այս մրցաշրջանում Ֆրանչեսկո Տոտտին չորս անգամ վնասվածք է ստացել, որոնց արդյունքում բաց է թողել 23 հանդիպում: Խաղադաշտում եղել է 6 անգամ, որից 2-ը Սպալետիի գլխավորությամբ (ընդամենը 35 րոպե): Եվս 4 խաղ նա անցկացրել է պահեստայինների նստարանին:





Ի՞նչ է մտածում «Ռոմայի» ղեկավարությունը

Հեղինակավոր «Sky Sport Italia»-ի լրագրող Անջելո Մանջանտեի տեղեկություններով  ակումբի ղեկավարությունը սատարում է Սպալետիին: Բայց ինչպես նշում է «La Gazzetta dello Sport»-ը «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան ցանկանում է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում որոշում կայացնել Ֆրանչեսկո Տոտտիի ապագայի վերաբերյալ` որպեսզի այս կոնֆլիկտը երկար չձգձգվի և չազդի հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա:   Առաջիկա օրերին կայանալու է ղեկավարների հավաք, իսկ Պալոտան հանդիպելու է Տոտտիի հետ` հասկանալու համար երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը, թե՞ հրաժեշտ տալ: Ըստ լուրերի, կարիերան ավարտելուց հետո Տոտիին պետք է առաջարկվի 6 տարվա պայմանագիր որպես «Ռոմայի» տնօրեն:


Նախկինում ի՞նչ հարաբերություններ են ունեցել Տոտտին և Սպալետին

Ֆրանչեսկո Տոտտին Սպալետիին համարում է հիանալի մարզիչ: Նա 2013 թվականին իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տեղադրել՝ շնորհավորելով Սպալետիին «Զենիթի» հետ Ռուսաստանի Պրեմիեր Լիգան հաղթելու կապակցությամբ:
Սակայն հարցազրույցներից մեկի ժամանակ Տոտտին ասել էր հետևյալը.
«Ցավալի է, որ Սպալետին մինչև հիմա կարծում է թե ես եմ նրան «վռնդել» «Ռոմայից»: Իրականում  նա ինքն էր ցանկանում տեղափոխվել «Զենիթ»»:


«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Սիմոնե Պերոտան ևս հաստատել էր, որ Տոտտիի և Սպալետիի միջև այդ ժամանակ կոնֆլիկտ չկար.

«2009 թվականին Սպալետին հեռացավ «Ռոմայից»  պնդելով, որ ֆուտբոլիստները չէին կատարում իր առաջադրանքները: Իսկ Տոտտիի հետ նա հիանալի հարաբերությունների մեջ էր»:

Ինչպե՞ս անցավ «Պալերմոյի» դեմ խաղը

Ֆրանչեսկոն եկել էր մարզադաշտ իսկ խաղից հետո նույնիսկ մտել էր հանդերձարան: Սպալետիի խոսքերով, վաղվանից Տոտտին կվերսկսի մարզումները:

« Տոտտին իսկապես վրդովված էր, այսպիսի դեպքեր երբեմն լինում են: Հիմա ամեն ինչ կարգին է և վաղվանից Տոտտին կվերադառնա մարզումների: Ես առաջարկել եմ նրան դառնալ ինչպես Գիգգզը (մարզչի օգնական), կամ ինչպես Նեդվեդը (տնօրեն), բայց  որպես ֆուտբոլիստ նրան ոչինչ չեմ կարող խոստանալ»:



 Այն, որ  Ֆրանչեսկո Տոտտին փորձում է օգտագործել իր փառքը Սպալետիի վրա  ճնշում գործադրելու համար, դա ակնհայտ է: Սակայն Սպալետին ևս արդար չի վարվում  «Ռոմայի» ավագի նկատմամբ: Պարզապես անհասկանալի է Տոտտիի այսպիսի մեծ աղմուկ բարձրացնելու պատճառը: Չէ որ, Ռուդի Գարսիան  ևս վերջին ժամանակներում սկսել էր քիչ խաղաժամանակ հատկացնել Տոտտիին:




 Կարծում եմ այս հարցը կարելի է լուծել` Տոտտիին   տեղափոխելով  կիսապաշտպանության գիծ: Վստահ եմ, որ իր խաղային բարձր որակներով նույնիսկ  39 տարեկանում «Ռոմայի» ավագը ավելի օգտակար կլինի դաշտի կենտրոնում,  քան նույն 36 տարեկան Սեյդու Կեյտան: Բայց այս դեպքում Տոտտին պետք է հասկանա, որ ոչ մի պարագայում նա չի կարող հայտնվել մեկնարկային կազմում:

Հ.Գ. Ֆրանչեսկո Տոտտին համարվում է Հռոմի «կայսրը» և անկախ խաղային և բարոյական խնդիրներից, նա արժանի չէ այս կերպ հեռանալ մեծ ֆուտբոլից:




Комментариев нет:

Отправить комментарий