среда, 27 января 2016 г.

ԹՈՓ 10 ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ, ԸՍՏ` SKY SPORTS FANTASY FOOTBALL-ի

Մարսիալ, Չեխ թե՞ Վեյնալդում: Ո՞վ է համարվում Անգլիայի Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի լավագույն ձեռքբերումը:



Արսեն Վենգերը  կարողացավ 10 մլն ֆունտով  իր թիմ հրավիրել «Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխին: Վերջինս այս մրցաշրջանում արդեն իսկ հասցրել է 10 «չոր» հանդիպում անցկացնել, որը ռեկորդային ցուցանիշ է:

Սակայն, Sky Sports Fantasy Football-ի այս մրցաշրջանի լավագույն ձեռքբերումների մեջ Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:


ԹՈՓ 10 ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ, ԸՍՏ` SKY SPORTS FANTASY FOOTBALL-ի

9-10. Գլեն Ջոնսոն, «Սթոք Սիթի» (79 միավոր)

                                  

Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին աջ պաշտպանը կարողացավ միանգամից շահել Մարկ Հյուզի վստահությունը: Ջոնսոնն իր բարձր պաշտպանական որակներով օգնեց Ջեք Բաթլենդին Պրեմիեր Լիգայի 9 խաղերում անառիկ պահել սեփական դարպասը: Բացի այդ, Ջոնսոնը արդեն իսկ հասցրել է կատարել 3 գոլային փոխանցում:


9-10. Դիմիտրի Պայետ, «Վեսթ Հեմ» ( 79 միավոր)


                                            


Եթե չլինեին վնասվածքներն, ապա Պայետն այս ցուցակում անկասկած  ավելի բարձր հորիզոնական կզբաղեցներ: Այնուամենայնիվ, Պայետն արդարացնում է իր համար վճարված 10 մլն ֆունտ գումարը, ինչի ապացույցն են հանդիսանում նրա խփած 6 գոլերն ու 4 գոլային փոխանցումները:


8. Քրիստիան Բենտեկե, «Լիվերպուլ» (80 միավոր)


Բենտեկեն դուրս է մնացել Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի» մեկնարկային կազմից: Բայց ասել, որ բելգիացու համար վճարված 32.5 մլն ֆունտն անտեղի էր` սխալ կլինի: «Ասթոն Վիլլայի» նախկին ֆուտբոլիստն այս մրցաշրջանում խփել է 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում և 3 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:


7. Անտոնի Մարսիալ, «Մանչեսթեր Յունայթեդ» (82 միավոր)



Նախորդ ամառվա ամենաթանկ տրանսֆերը, որի գումարը կարող է աճել մինչև 57.6 մլն ֆունտ: Անտոնի Մարսիալն իր նորամուտի խաղում` «Լիվերպուլի» դեմ, դարձավ գոլի հեղինակ: Հետո երիտասարդ ֆրանսիացին դարձավ դուբլի հեղինակ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում: Ընդհանուր առմամբ Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Մարսիալը մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել 16 անգամ` դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Սակայն վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկի արդյունավետությունը զգալիորեն նվազել է:



6. Տոբի Ալդերվեյրելդ, «Տոտենհեմ» (83 միավոր)




Տոբի Ալդերվեյրելդին ձեռք բերելու հարցում առաջ ընկավ «Տոնտոնհեմը»` գերազանցելով «Սաութհեմփթոնին»: Նախորդ մրցաշրջանում Տոբին առաջին անգամ ծանոթացավ անգլիական ֆուտբոլի հետ` հենց «Սաութհեմփթոնում» վարձավճարով հանդես գալու ժամանակ: Այս մրցաշրջանում բելգիացի պաշտպանն առանցքային դեր ունի Մաուրիսիո Պոչետինոյի թիմում: «Տոտենհեմը» այս մրցաշրջանի 23 խաղում բաց է թողել ընդամենը 19 գնդակ` որը լավագույն արդյունքն է Պրեմիեր Լիգայի
 թիմերի մեջ: Ինչպես նաև,  Ալդերվեյրելդը դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:


5. Ռահիմ Ստեռլինգ, «Մանչեսթեր Սիթի» (86 միավոր)




Ռահիմ Ստեռլինգի «Լիվերպուլից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը կանխատեսելի էր և անկասկած օգնեց նրան ավելի առաջ գնալու: Երիտասարդ անգլիացին չնայած վերջին անհաջողություններին բավականին լավ է ինտեգրվել նոր թիմում և փորձում է օգնել «Մանչեսթեր Սիթիին» տիտղոսներ նվաճել: «Բորնմուտի» դեմ խաղում Ստեռլինգը հետ-տրիկ ձևակերպեց, իսկ ընդհանուր առմամբ նրա ակտիվում կա 5 գոլ և 3 գոլային փոխանցում: Այս մրցաշրջանում Ստեռլինգը «քաղաքայինների» մեկնարկային կազմում հայտնվել է 18 անգամ:


4. Կևին Դե Բրույնե, «Մանչեսթեր Սիթի» (94 միավոր)




Կևին Դե Բրույնեն  «Մանչեսթեր Սիթիին» արժեցավ 54 մլն ֆունտ, երբ ընդամենը 19 ամիս առաջ «Չելսին» նրան 18 մլն ֆունտով վաճառեց «Վոլֆսբուրգին»: Ամեն դեպքում բելգիացի տաղանդը կարողացավ իրեն լավագույնս դրսևորել նոր ակումբում` դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Դե Բրույնեի լավագույն տարիները դեռևս առջևում են:


3. Անդրե Այու, «Սուոնսի Սիթի» (98 միավոր)




Երբ նախորդ մրցաշրջանում Այուն ֆրասիական «Մարսելի» կազմում դարձավ 10 գոլի հեղինակ` քչերն էին կարծում, որ ազատ գործակալի կարգավիճակով «Սուոնսի» տեղափոխվելուց հետո նա կդառնա թիմի առանցքային խաղացողներից մեկը: Սակայն գանացի կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայի իր առաջին 8 խաղերում դարձավ 4 գոլի հեղինակ. այն էլ այնպիսի մրցակիցների դեմ  ինչպիսիք են` «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»: Իսկ ընդհանուր առմամբ Այուն դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:


2. Պետր Չեխ, «Արսենալ» (104 միավոր)



«Չելսիի» նախկին դարպասապահը լրացրեց Արսեն Վենգերի թիմում տիրող մեծ բացը: Պետր Չեխը անցկացրած 23 խաղերից 10-ում անառիկ է պահել սեփական դարպասը և 3 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ` վերջին անգամ «Սթոք Սիթիի» դեմ կայացած գոլազուրկ խաղում:


1. Ժորժինյո Վեյնալդում, «Նյուքասլ» (115 միավոր)





«Նյուքասլի» ցուցադրած խաղը այս մրցաշրջանի առաջին հատվածում հեռու է իդեալական լինելուց, սակայն Ժորժինյո Վեյնալդումի խաղը` ում ձեռք են բերել Հոլանդիայի առաջնության նախորդ մրցաշրջանի չեմպիոն «ՊՍՎ»-ից, արժանի է հիացմունքի: Այն, որ այժմյան «Նյուքասլը» կարողանում է մեկ խաղի ընթացքում 6 գոլ խփել մրցակցի դարպասը, դա արդեն իսկ անհավանական է, իսկ երբ այդ նույն խաղում պոկերի հեղինակ է դառնում Վեյնալդումը, դա պարզապես ֆանտաստիկ է: Հոլանդացին այս մրցաշրջանում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:


                                                                     Պատրաստեց` Միհրան Ալեքսանյանը
                                                                             Օգտագործված աղբյուր` Sky Sports





Комментариев нет:

Отправить комментарий