воскресенье, 24 января 2016 г.

Հավանական սերնդափոխություն ազգային հավաքականում

Երբ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հարցազրույցների ժամանակ անընդհատ նշում էր, որ թիմ է հրավիրելու բացառապես խաղային պրակտիկա ունեցող ֆուտբոլիստներին, կարծում եմ նկատի չուներ ամերիկյան կամ առավել ևս արաբական թիմերում խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստներին: Ինչպես արդեն գիտեք, մեր հավաքականի երբեմնի առաջատար Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում, իսկ Մարկոս Պիցելլին` Սաուդյան Արաբիայում:

Եթե Մովսիսյանի դեպքում դեպքերի այսպիսի զարգացում ակնկալել կարելի էր, ապա Մարկոսի որոշումը լուրջ հարցեր է առաջացնում` որոնք առաջին հերթին վերաբերում են ազգային հավաքականին: Շատերը կփորձեն, կամ նույնիսկ արդեն սկսել են քարկոծել  Մովսիսյանին և Մարկոսին պատճառաբանելով, որ նրանք փողը գերազանցեցին ֆուտբոլից: Ճիշտ է, ամեն ոք ունի իր կարծիքը, սակայն պետք չէ այն այսպես ասած «փաթաթել մյուսների վզին»: Պարզապես պետք է հասկանալ, որ ոչ ոք ոչ մեկին պարտական չէ: Մենք` երկրպագուներս, իրավունք չունենք մեկնաբանել,առավել ևս քննադատել, մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստների թե՛ ֆուտբոլային, թե՛ անձնական կյանքը:  Հիմա անդրադառնանք ազգային հավաքականի հավանական խնդիրներին` կապված մեր երկու ֆուտբոլիստների նորաթուխ տրանսֆերներով:

Այն, որ Մարկոսը վերջին տարիներին համարվում է Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկը, դա փաստ է: Բայց հիմա կարծում եմ բոլորն էլ հասկանում են, որ Սաուդյան Արաբիայում հանդես եկող ֆուտբոլիստը` անկախ իր մակարդակից, կարող է չհամապատասխանել հավաքականի պահանջներին: Նույնը նաև Մովսիսյանի դեպքում` մի փոքր բացառությամբ: Ամեն դեպքում ԱՄՆ-ում այսօր հավաքված են այնպիսի աստղեր, որոնց հետ մրցակցելը կարող է լրացուցիչ մոտիվացիա հանդիսանալ Յուրայի համար: Սակայն եթե Վարուժան Սուքիասյանի որոշմամբ այս երկու ֆուտբոլիստները չհրավիրվեն հավաքական, կարծում եմ այդքան էլ անսպասելի չի լինի:
Չնայած վստահ եմ, որ նրանք իրենց  հնարավորությունը կստանան:

Որքան էլ որ պարադոքսալ թվա, բայց հնարավոր է, որ այս պահը բեկումնային լինի մեր հավաքականի հետագա զարգացման և առաջխաղացման համար:  Վարուժան Սուքիասյանը կկարողանա հնարավորություն տալ երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստներին: Իսկ երկրպագուները դժվար է դատապարտեն նրա այսպիսի հավանական որոշումը` անկախ դրա արդյունքից:








Комментариев нет:

Отправить комментарий