пятница, 15 января 2016 г.

ՖԻՖԱ-ի «որսը» Մադրիդում կամ մեղադրում են մեղավորները

ՖԻՖԱ-ի կողմից  մադրիդյան  երկու ակումբների`  «Ռեալի» և «Ատլետիկոյի» վրա տրանսֆերային արգելանք սահմանելու լուրը ցնցեց ողջ ֆուտբոլային հասարակությունը: Ու խնդիրը բոլորովին էլ իսպանական ակումբների արդարության կամ անարդարության հարցը չէ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում գրեթե ամեն օր ՖԻՖԱ-ի հետ կապված սկանդալային լուրեր են հրապարակվում և  դրանց  գլխավոր թեման` կոռուպցիան է: Կաշառակերության մեջ մեղադրվեցին վերնախավի ներկայացուցիչները` ընդհուպ մինչև ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը: Ու չնայած նրան, որ վերջինս այս պահին  ժամանակավորապես հեռացված է ֆուտբոլային գործունեությունից միևնույնն է, սկանդալային բացահայտումները չեն դադարում:  Ու ի՞նչ է ստացվում է, որ մեղադրում են մեղավորներ՞ը:



Ինչևէ, երևի թե  ՖԻՖԱ-ն  փորձում է ապացուցել, որ համարվում է  աշխարհի ամենաարդար ֆուտբոլային կառույցը և հետաքննությունների շնորհիվ «ջրի երես» է հանում եվրոպական ակումբների կատարած տրանսֆերային խախտումները: 
  
Այս նյութում կփորձենք մանրամասն վերլուծել տեղի ունեցածը` պարզելու մադրիդյան ակումբների վրա տարածված արգելանքի հիմքերը, պատճառները և հետևանքները: 


ՖԻՖԱ-Ի «ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ


ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն հետաքննություն անցկացնելով պարզել է, որ մադրիդյան երկու ակումբները խախտել են անչափահաս խաղացողների տրանսֆերների ձեռք բերման կանոնները: Այսինքն. «Ռեալը» և «Ատլետիկոն»  չեն կատարել  ՖԻՖԱ-ի կողմից հաստատված կանոնակարգի` «Խաղացողների կարգավիճակի և տեղափոխության» հիմնական դրույթների 5-րդ, 9-րդ և 19-րդ կետերը:

5-րդ  և 9 -րդ կետերը ավելի շատ փաստաթղթային բնույթի հարցերին են վերաբերում, իսկ ահա 19-րդ կետը սահմանում  է հատուկ անչափահաս խաղացողների ձեռքբերման կանոնները:







19-ՐԴ ԿԵՏ. ԱՆՉԱՓԱՀԱՍ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Միջազգային տրանսֆերները թույլատրելի են, եթե լրացել է խաղացողի 18 տարին. 

2. Այս դրույթի շրջանակներում գործում են երեք հետևյալ բացառությունները.

  2.1 Ֆուտբոլիստի ծնողները` ոչ ֆուտբոլային պատճառներով, ևս տեղափոխվում են նոր երկիր, որտեղ տեղակայված է ակումբը:


2.2 Տրանսֆերը  կատարվում է Եվրոպական Միության կամ Եվրոպական Էկոնոմիկական Գոտու տարածքում, իսկ ֆուտբոլիստի տարիքը` 16-18: 

   Այս դեպքում ֆուտբոլիստի նոր ակումբը պարտավոր է կատարել հետևյալ նվազագույն պահանջները.
  
  ա. Ապահովել խաղացողի համապատասխան ֆուտբոլային կրթությունը.

  բ. Ֆուտբոլային կրթությունից բացի, ապահովել խաղացողին ակադեմիական կամ դպրոցական, կամ պրոֆեսիոնալ ուսումով: Եվ որը կլինի երաշխիք ֆուտբոլիստի հետագա ոչ ֆուտբոլային կարիերայի ստեղծմանը, եթե նա դադարեցնի ելույթները պրոֆեսիոնալ ֆուտբոլում:

 գ. Կենցաղային հարցերի համապատասխան  ապահովում.


 դ. Խաղացողին գրանցելուց հետո, համապատասխան ասոցիացիային ներկայացնել ապացույցներ վերոնշյալ կետերի կատարման վերաբերյալ: 


3. Խաղացողի բնակատեղին պետք է նոր երկրի պետական սահմանից   գտնվի 50-100 կմ հեռավորության վրա: 

Այս կանոններից, գոնե մեկին համապատասխանելու դեպքում ակումբի կողմից կատարված տրանսֆերը համարվում է օրինական:

ՖԻՖԱ-ի տվյալներով  «Ռեալը» այս կետերից որևէ մեկը խախտել է 2005-2014 թթ ընկած ժամանակահատվածում, իսկ «Ատլետիկոն»` 2007-2014 թթ:




ՏՈՒԳԱՆՔՆԵՐՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


ՖԻՖԱ-ն հիմք ընդունելով «Խաղացողների կարգավիճակի և տեղափոխության» հիմնական դրույթների հետևյալ կետերի խախտումը, որոշել է.

1. Տուգանել  «Ռեալին» 330 հզր եվրոյով, «Ատլետիկոյին»` 820 հզր եվրոյով:

2. Արգելել  հաջորդ երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ ֆուտբոլիստներ գրանցել: 

Սակայն, մինչև հունվարի 31-ը (ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը), ակումբների կողմից ձեռք բերված ֆուտբոլիստները կարող են գրանցվել: 

Բացի դրանից, երկու ակումբներն էլ ունեն հնարավորություն բողոքարկելու այս որոշումը` դիմելով Լոզանի Մարզական Արբիտրաժային Դատարան (CAS) :  Ե՛վ «Ռեալում», և՛ «Ատլետիկոյում» պաշտոնապես հաստատել են, որ համաձայն չեն կիրառված պատժամիջոցների հետ և պարտադիր կերպով բողոքարկելու են ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի ընդունած որոշումը:








Իսկ եթե բողոքարկումը մերժվի, ապա թիմերը ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուց սկսած, մեկ տարվա ընթացքում իրավունք չունեն նոր ֆուտբոլիստներ գրանցել, սակայն.

* Կարող են վաճառել ակումբի ֆուտբոլիստների տրանսֆերները.

* Կարող են երկրորդ թիմից ակումբի սաներին  հրավիրել առաջին թիմ.

* Կարող են գրանցել վարձավճարից վերադարձած ֆուտբոլիստներին. 



Մեկ տարի զրկված լինել  նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից, իրոք որ, լուրջ պատիժ է` առավել ևս նման ակումբների համար: Հաշվ առնելով, որ նույն «Ռեալում» նոր մարզչական փոփոխություն է տեղի ունեցել, հնարավոր է, որ թիմում այս ձմեռային պատուհանի ժամանակ տեղի ունենան լուրջ ձեռքբերումներ: Բայց պետք է նաև հասկանալ, որ այդ տրանսֆերները կարող են լինել խուճապի արդյունք: 



ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ


Իրականում, ՖԻՖԱ-ի «որսը» «Ռեալի» նկատմամբ սկսվել էր դեռևս նախորդ տարվա հունվար ամսին: Բայց «սերուցքայինների» ղեկավարությունը կարողացել էր բավարար ապացույցներ ներկայացնել 44 ֆուտբոլիստների վերաբերյալ: Այդ ժամանակ ևս ՖԻՖԱ-ն կասկածներ ուներ, որ «Ռեալը» անչափահասների տրանսֆերների և գրանցման հարցերում խախտումներ է թույլ տվել:







Հիմք ընդունելով վերևում ներկայացված կանոնները «Ռեալը» հետևյալ մեկնաբանությունն էր տվել.

 * 10 ֆուտբոլիստներ, որոնց գրանցման  օրինականությունը կասկածի տակ էր, պարզվեց իսպանացիներ էին.

 * 6 ֆուտբոլիստների տարիքը  18-ից բարձր էր.

 * 2 ֆուտբոլիստները պաշտոնապես գրանցվել էին.

 * 2 ֆուտբոլիստներ պայմանագիր էին կնքել` մինչ վերոհիշյալ կանոնակարգի ընդունումն ու հաստատումը.

 * 23 ֆուտբոլիստներ տեղափոխվել էին իսպանական ակումբներից.

 * 2 ֆուտբոլիստներ, երբեք չեն խաղացել մադրիդյան ակումբում.

 * 4 ֆուտբոլիստների վրա տարածվել է կանոնակարգի «բացառություն» կետը.

 * 1 ֆուտբոլիստ հետաքննության ավարտին ակումբում չի եղել.



Այսպես, արքայական ակումբը մեկ տարի առաջ կարողացել է հիմնավորել իր կատարած տրանսֆերները:

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ՈՒ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


«ՌԵԱԼ»

Ըստ Մադրիդի  «Ռեալի» գլխավոր գործադիր տնօրեն` Խոսե Անխել Սանչեսի, ՖԻՖԱ-ն հետաքննել է ակումբի 39 անչափահաս խաղացողների գործերը: Սակայն ակումբը պատժվել է 8 խաղացողների տրանսֆերների հավանական անօրինականության համար:
 Արքայական ակումբի ղեկավարությունը` հանձինս Խոսե Անխել Սանչեսի և իրավաբանական բաժնի ղեկավար Խավիեր Լոպես Ֆարեի, համոզված են, որ ոչ մի կերպ չեն խախտել ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգը և լրագրողների հետ զրույցում ներկայացրել են մի շարք փաստաթղթեր:

Իսկ ամենավիճելի հարցն այն է, որ ակումբի ղեկավարությունը ևս չի հասկանում թե ինչո՞ւ են  այդ 8 ֆուտբոլիստների ցուցակում հայտնվել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի երկու որդիները: Ակումբում վստահ են, որ ոչ միայն Զիդանի որդիների, այլև մնացած կասկածվող խաղացողների գործարքները կատարվել են բացառապես ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն, այդ պատճառով էլ համոզված են, որ իրենց բողոքարկումը կհաստատվի:

Ինչպես հայտնի է այդ 8 ֆուտբոլիստների ցուցակում հայտնվել է նաև «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էզեկել Գարայի եղբայրը:


«ԱՏԼԵՏԻԿՈ»

«Ատլետիկոյի» դեպքում ամեն ինչ ավելի բարդ է: Այստեղ և՛ տուգանքի չափն է զգալիորեն շատ, և՛ գրանցած խախտումները: Ըստ ՖԻՖԱ-ի, Մադրիդի «Ատլետիկոն» մեղադրվում է 54 անչափահաս խաղացողների տրանսֆերների և գրանցման հարցերում սխալներ կատարելու համար:  «Ատլետիկոյի» ղեկավարությունը ՖԻՖԱ-ի կողմից մանրամասն բացատրություն է ստացել յուրաքանչյուր խաղացողի գործարքում կատարված  հավանական անօրինականության վերաբերյալ: Ինչպես նշվում է ՖԻՖԱ-ի կողմից ուղարկված հաղորդագրության մեջ` այդ 54 ֆուտբոլիստներից 11-ի հետ կատարված գործարքների ժամանակ գրանցվել են կոպիտ խախտումներ, իսկ մնացած 43-ի դեպքում` անհամեմատ ավելի թեթև:

Իսպանական մամուլի տեղեկություններով, այդ 11 ֆուտբոլիստների մեջ են մտնում չինացի Սյու Սինը և սենեգալցի Արոնա Սանեն:

Չինացի երիտասարդ ֆուտբոլիստը մարզվել է «Ատլետիկոյի» առաջին թիմի հետ նախամրցաշրջանային փուլում, որից հետո վարձավճարով տեղափոխվել է իր հայրենիքը ներկայացնող «Գուանչժու» ակումբ:

Սենեգալցի Արոնա Սանեն հանդես է գալիս «Ատլետիկո Բ»-ում և պարբերաբար մասնակցություն է ունեցել թիմի խաղերին:


Չնայած այս ամենին, ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն հայտնել է, որ ՖԻՖԱ-ի կողմից ստացված  մեղադրանքներն ու  կիրառված պատժամիջոցները համարում է անհիմն:



ՖԻՖԱ-ի կողմից կիրառվող պատժամիջոցը` մեկ տարով զրկել նոր ֆուտբոլիստներ գրանցելու հնարավորությունից, վերաբերում է նաև երկու ակումբների երիտասարդական թիմերին: Սա բացատրվում է նրանով, որ ակումբները հնարավորություն չունենան իրենց երկրորդ թիմերում խաղացողներ գրանցել և այնուհետև ներառել հիմանական կազմում:



ԿԱՆ ԱՐԴՅՈ՞Ք ԱՅԼ ՕՐԻՆԱԽԱԽՏ ԱԿՈՒՄԲՆԵՐ

Այս պահին ՖԻՖԱ-ն հետաքննություն է անցկացնում պարզելու իսպանական ևս երկու ակումբների` «Վալենսիայի» և «Վիլյառեալի» կատարած տրանսֆերային գործարքների օրինականությունը: Եվ ըստ իսպանական ԶԼՄ-ների, այս երկու ակումբների նկատմամբ ևս հնարավոր  է կիրառվեն պատժամիջոցներ:






ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՏԺՎՈՒՄ  ՄԻԱՅՆ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ


Վերջերս շրջանառվող լուրերի համաձայն, իսպանական ակումբներից բացի, ՖԻՖԱ-ի հետաքննության տեսադաշտում են հայտնվել երկու լոնդոնյան ակումբներ` «Չելսին» և «Արսենալը»: Բայց, ամեն դեպքում ՖԻՖԱ-ն մեծ ուշադրություն է դարձնում իսպանական ակումբներին, որը զարմանալի չէ: Պատճառն այն է, որ Իսպանիայում հայտնված անչափահաս խաղացողների թիվը զգալիորեն գերազանցում է մյուս եվրոպական երկրներում հայտնված խաղացողների թվաքանակին:

ՖԻՖԱ-ի պաշտոնական հետաքննության տվյալներով, անչափահաս խաղացողների ձեռքբերման ընդհանուր թվի 22 %-ը կատարվում է Իսպանիայում:


                                   ՖԻՖԱ-ի պաշտոնական հետաքննության արդյունքները 2014 թվականին


Մադրիդյան ակումբների երկրպագուներին մնում է միայն սպասել և հավատալ իրենց սիրելի թիմերի անմեղությանը:







Комментариев нет:

Отправить комментарий