четверг, 7 января 2016 г.

ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է ԱՐԴՅՈ՞Ք «ՉԵԼՍԻՆ» ՀԻԴԻՆԿԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո «Չելսին» 4 խաղ առանց պարտության անցկացրեց, որն ի դեպ այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբի համար ամենահաջող շրջանն էր: Սա լավ պատճառ դարձավ  քննարկելու թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել «Չելսիում» մարզչական փոփոխությունից հետո: 




ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է ԱՐԴՅՈ՞Ք «ՉԵԼՍԻՆ»

Վիճակագրական տվյալներով այո՛, իսկ խաղի որակով ո՛չ: Փորձենք ավելի մանրամասն անդրադառնալ այս հարցին:

«Չելսին» բոլոր առումներով ձախողեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը և կարող էր հայտնվել ավելի ծանր վիճակի մեջ: Բայց, այնուամենայնիվ մրցաշրջանի առաջին հատվածի վերջնամասում Ժոզե Մոուրինյոն կարողացավ ինչ-որ չափով  փոխել թիմի խաղը դեպի լավը: Այդ ժամանակահատվածում արդեն «Չելսին» ավելի շատ տուժում էր ստեղծված բազում գոլային իրադրությունների իրացման ցածր տոկոսի պատճառով, բացի այդ շատ դեպքերում հաջողությունը ևս չէր ժպտում «արիստոկրատներին»:



Ժոզե Մոուրինյոյի «Չելսիի» ղեկին անցկացրած վերջին մի քանի հանդիպումներում` բացառությամբ «Լեսթերի» դեմ խաղի (որտեղ պորտուգալացի մասնագետը մեղադրեց իր թիմի ֆուտբոլիստներին դավաճանության մեջ) երևում էր, որ համեմատած մրցաշրջանի սկզբի, թիմի խաղը զգալիորեն բարելավվել է:



Բայց այս խաղային առաջխաղացումը կարելի է ասել չանդրադարձավ թիմի ցուցադրած արդյունքների վրա: Օրինակ. նկարում նկատի առնված 5 խաղային առումով վստահ խաղերը «Չելսիին» բերեցին ընդամենը 4 միավոր: Եթե մրցաշրջանի սկբում «Չելսիի» անհաջողությունները բացատրվում էին տակտիկական սխալներով, ֆիզիկական վիճակի անպատրաստությամբ, սկանդալներով և թիմի ներսում տիրող վատ մթնոլորտով, ապա Մոուրինյոյի վերջին խաղերում «Չելսիից» հաջողությունը երես էր թեքել:

Ցանկության դեպքում կարելի է այս իրադրությունը համարել հոգեբանական խնդիրների հետևանք: Եթե ընդունենք, որ կա նման բան, ապա հենց դրա լուծումն էլ եղավ մարզչական փոփոխությունը: Հիմա «Չելսիին» ավելի լավ է հաջողվում իր ցուցադրած լավ խաղը վերածել պահանջվող արդյունքի և դա արվում է մեծ մասամբ հանդերձարանում կոնֆլիկտի բացակայության շնորհիվ:

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ:
 «Սանդերլենդի»  և «Կրիստալ Փելասի» դեմ խաղերը և՛ արդյունքով, և՛ խաղով  կարելի է համարել «Չելսիի» անցկացրած լավագույն հանդիպումները Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում: Եթե հաշվի առնենք միայն խաղային գործոնը ապա դա տեղի է ունեցել մինչ մարզչական փոփոխությունը, որի մասին արդեն նշեցի վերևում:


ՑԱԾՐ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒՅՈՒՆ

Իսպանացի լրագրող Դիեգո Տորեսը, ով Ժոզե Մոուրինյոյի վերաբերյալ գիրք է հրապարակել, հենց այդ գրքում նշել է, որ պորտուգալացի մասնագետը  պրեսինգ բաժանում է 3 մասի` (ինչը ուղղակիորեն կապված է պաշտպանության գծի տեղեկայման հետ) բարձր, միջին և ցածր: Մոուրինյոն շատ դեպքերում ընտրում է միջին պրեսինգը: Այս դեպքերում պաշտպանական գիծը սովորականից ավելի բարձր է տեղեկայված լինում, որը շնորհիվ կենտրոնական կիսապաշտպանների արագաշարժության ավելի անխոցելի է դառնում: Սակայն այս մրցաշրջանում Մոուրինյոյի այս տակտիկական գաղափարը չէր տալիս դրական արդյունք, քանզի թերանում էին հենց կենտրոնական կիսապաշտպանները: Նեմանյա Մատիչը անչափ հեռու էր իր երբեմնի լավագույն մարզավիճակից, իսկ Սեսկ Ֆաբրեգասը պաշտպանությանն ավեի շատ ուշադրություն դարձնելուց աչքաթող էր անում իր հիմնական պարտականությունները: Այդ պարագայում արդեն առանց Ֆաբրեգասի  «Չելսիի» խաղը տուժում էր դիրքային գրոհներ կազմակերպելիս:

Նախորդ չեմպիոնական մրցաշրջանում «Չելսիի» պաշտպանությունը ավելի ետ էր տեղեկայված: Դա բացատրվում էր այն հանգամանքով, որ թիմը հանձնում էր գնդակը մրցակցին և ամբողջ կազմով պաշտպանվելով փորձում էր օգտագործել հակագրոհների տարբերակը: Այս մրցաշրջանում արդեն Ժոզեն որոշեց խաղալ ավելի ազատ, ինչն էլ կարծում եմ այսպիսի ձախողումների պատճառներից մեկը հանդիսացավ: Եթե թիմը ֆիզիկապես լավ  պատրաստված չէ, ապա նման քայլերը կարող են վատ հետևանքների բերել:

Իսկ ահա «Չելսիի»  նորանշանակ գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը իր առաջին հանդիպումից սկսած շեշտը դրեց ցածր տեղակայված պաշտպանության վրա:

 Այս դեպքում համեմատած Մոուրինյոյի, Գուս Հիդինկը ազատություն է տալիս միայն մեկ եզրային պաշտպանի: Շատ դեպքերում այդ ազատությունը հարձակման ժամանակ ստանում է ձախ պաշտպան Սեզար Ասպիլիկուետան: Մոուրինյոյի մոտ երկու եզրային պաշտպաններն էլ գրեթե չէին մասնակցում թիմի գրոհներին:



ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԳՈՏՈՒ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ


Գուս Հիդինկը չնայած այս կարճ ժամանակահատվածի, այնուամենայնիվ կարողացավ առանցքային փոփոխություններ կատարել թիմում: Դրանցից մեկն էլ Ջոն Օբի Միկելին ավելի շատ խաղաժամանակ տրամադրելն է: Նույն պատկերն էր նաև 2009 թվականին, երբ Գուս Հիդինկն առաջին անգամ գլխավորեց «Չելսին»: Այդ ժամանակ անցկացրած 25 խաղերից 16-ում Ջոն Օբի Միկելը եղել է մեկնարկային կազմում: Այդ հանդիպումներից 14-ում թիմը հաղթանակ է տոնել, իսկ  այդ խաղերից ամենահիշարժանը` Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչն է:



Վերջին երկու խաղերում Ջոն Օբի Միկելը հայտնվում է մեկնարկային կազմում, կիսապաշտպանության կենտրոնում զույգ կազմելով մե՛կ Ֆաբրեգասի, մե՛կ Մատիչի հետ:

Հաշվի առնելով Մատիչի վատ մարզավիճակը, Հիդինկը փորձեց ամրապնդել դաշտի հենակետային գոտին` խաղացնելով Ջոն Օբի Միկելին: Նիգերիացի ֆուտբոլիստը իրեն բավականին լավ դրսևորեց հատկապես «Ուոթֆորդի» և «Կրիստալ Փելասի» դեմ խաղերում:


Այս ամենին հետևելով կարելի է միանշանակ ասել, որ Գուս Հիդինկի գալուց ի վեր, «Չելսիի» ֆուտբոլիստների մոտ ավելացավ պատասխանատվության զգացումը, ինչը կարծում եմ վերջին շրջանում բացակայում էր: Բացի այդ, Հիդինկը կարողացավ այսպիսի ծանր իրավիճակում մոտիվացնել իր ֆուտբոլիստներին: Սակայն պետք է հաշվի առնել, որ  մրցաշրջանի ամենակարևոր   հատվածը դեռևս առջևում է:



                                                                                        Միհրան Ալեքսանյան

Комментариев нет:

Отправить комментарий